28 մարտի 2009 - 23:03 AMT
ՀՈԴՎԱԾ
Թուրքիան խորամանկ աղվեսի պես երկու թաթերով ընկել է թակարդը
1915թ. իրադարձությունները լավ փորձառություն դարձան Հոլոքոստի համար, եւ Հայոց ցեղասպանությունը համառորեն ժխտող Իսրայելի համար ավելորդ չի լինի հիշել այդ մասին
2009թ. երեք ամսվա ընթացքում աշխարհում շատ բան փոխվեց եւ առաջին հերթին այդ փոփոխությունների համար մենք պարտական ենք ԱՄՆ նախագահ Բարակ Օբամային: Նախագահի պաշտոնում Գուանտանամոյի բանտը փակելու մասին նրա առաջին որոշումը աշխարհին թույլ տվեց հասկանալ, որ Վաշինգտոնում հայտնվել է իր խոստումները կատարող մարդ: Օբամայի բոլոր հետագա քայլերը դեռեւս ապացուցում են դա` սկսած Իրաքից զորքերի դուրսբերումից եւ վերջացրած Աֆղանստանում ռազմավարության վերանայմամբ:

Գլխավոր փոփոխությունները` ճիշտ է, դեռ հռչակագրային, արտաքին քաղաքականության մեջ են: Իրանի հետ «բարեկամությունը» եւ Ռուսաստանի հետ հարաբերությունների «վերաբեռնավորումը»` արդեն դա էլ բավական էր, որպեսզի իսկապես հավատայինք Սպիտակ տան վարչակազմի մտադրությունների լրջությանը: Ակնհայտորեն պատահական չէր, որ Բարակ Օբաման Ֆիլիպ Գորդոնի թեկնածությունն առաջարկեց Եվրոպայի ու Եվրասիայի հարցերով ԱՄՆ Պետքարտուղարի տեղակալի պաշտոնում, որը մինչ այդ զբաղեցնում էր Դենիել Ֆրիդը: ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների գծով Հանձնաժողովում կայացած լսումների ժամանակ սենատոր Ռոբերտ Մենենդեսը մի շարք հարցեր տվեց Բրուկինգսի համալսարանի դասախոս, ԱՄՆ արտաքին քաղաքականության մասնագետ Ֆիլիպ Գորդոնին, որը 2007թ. նոյեմբերին հրապարակված հոդվածում նշել էր Թուրքիայի կարեւորությունը ԱՄՆ համար եւ կասկածի տալ դրել Հայոց ցեղասպանության ճանաչման անհրաժեշտությունը: Մասնավորապես, Մենենդեսը անհանգստություն էր հայտնել այն փաստի հարցում, որ օտարազգի պետությունը փորձում է խանգարել ԱՄՆ ներքին քաղաքականությանը, այդ թվում` Կոնգրեսի գործունեությանը: «Առանձնահատուկ անհանգստություն է առաջացնում այն փաստը, որ ղեկավարող պաշտոններ զբաղեցնելու մտադրություն ունեցող մարդիկ փորձում են աջակցել դրան»,- նշել է նա: «Դուք խոսում եք հավասարակշռության անհրաժեշտության մասին, եւ ես ձեզ հետ միանգամայն համաձայն եմ: Ես համաձայն եմ նաեւ այն բանի հետ, որ ԱՄՆ, Կոնգրեսը եւ քաղաքացիները, այդ թվում` Թուրքիայի, պետք է ճանաչեն, որ տեղ է գտել սարսափելի ողբերգություն, որ ավելի քան մեկուկես միլիոն մարդ վտարվել են իրենց տներից եւ սպանվել: Մարդիկ պետք է ճանաչեն դա եւ հարգեն այդ ողբերգության զոհերին: Եւ այդպիսի հավասարակշռությունն անհրաժեշտ է ոչ միայն ԱՄՆ-ին, այլեւ Թուրքիային»,- հայտնել է Ֆիլիպ Գորդոնը: Միգուցե հայերին կարելի է մեղադրել ներկայումս թուրք-ամերիկյան հարաբերություններում կատարվող իրադարձությունների հանդեպ չափազանց մեծ ուշադրության մեջ, բայց չարժե մոռանալ, որ հենց ԱՄՆ-ն է երկար տարիներ շարունակ նպաստել Հայոց ցեղասպանության ժխտման թուրքական քաղաքականությանը: Անվիճելի է, որ Թուրքիան իսկապես մեծ դեր է խաղում Մերձավոր Արեւելքում, նա ՆԱՏՕ-ի անդամ է եւ կարծես թե ռազմավարական դաշնակից, առանց որի «անհնար է թե' ամերիկյան զորքերի դուրսբերումը Իրաքից, թե' պայքարը քուրդ ահաբեկիչների դեմ, թե', առհասարակ, խաղաղությունը տարածաշրջանում»: Առաջին հայացքից դա հենց այդպես է: Բայց Վա շինգտոնը չպետք է մոռանա, թե քանի անգամ է Թուրքիան մերժել այս կամ այն նախագծի հարցում` վկայակոչելով «հայկական լոբբին, որը մեխ է գամում ԱՄՆ եւ Թուրքիայի, Թուրքիայի ու Հայաստանի միջեւ»:

Ընդհանուր առմամբ, այն բանից, թե Օբաման ինչ կասի ապրիլի 24-ին, արդեն ոչինչ կախված չէ: Թուրքիան խորամանկ աղվեսի պես երկու թաթերով ընկել է թակարդը: Անկարան չափազանց շատ է պնդել, որ 1915թ. եղել է տեղահանություն, այլ ոչ թե` Ցեղասպանություն: Իսկ արդյունքում ստացվում է, որ մեկուկես միլիոն հայերի տանջալից մահվան մեղքը կրում է ոչ միայն Թուրքիան, այլեւ կայսերական Գերմանիան, որն այդպես անհաջող կերպով Օսմանյան կայսրությանը ներքաշեց Առաջին աշխարհամարտի մեջ: ւ կրկին մեջբերում անենք Մորգենթաուի գրքից. «... Դարեր շարունակ հայերի եւ այլ ենթակա ազգերի հանդեպ թուրքերի վերաբերմունքը բարբարոսական է եղել: Նրանց մեթոդները միշտ դաժան, կոպիտ եւ ոչ գիտական են եղել: Նրանք հայերի ուղեղը դուրս են թափել մահակով. այդ տհաճ համեմատությունն ամենաճշգրիտ պատկերազարդումն է այն պրիմիտիվ մեթոդների, որոնցով լուծվում էր հայկական հարցը: Թուրքերը սպանության օգուտը գիտեին, բայց նրանց կատարմամբ սպանությունն արվեստ չէր: 1915-1916թթ. իրադարձությունները ցույց տվեցին նոր գծերի դրսեւորումը: Խոսքը գնում է տեղահանության կոնցեպցիայի մասին: Անցած հինգ դարերի ընթացքում թուրքերը հայտնագործել են իրենց քրիստոնյաների սպանության անթիվ մեթոդները, բայց նրանք երբեք չեն մտածել, որ նրանց կարելի է դուրս հանել տներից, որտեղ ապրել են նրանց հայրերը, պապերը, նախապապերը եւ աքսորել անկենդան անապատ: Որտե՞ղ է ծնվել այդ գաղափարը: Ադմիրալ Ուզեդոմը` Թուրքիայում ՌԾՆ գերմանացի խոշոր փորձագետներից մեկը, ինձ պատմել է, որ գերմանացիներն են թուրքերին խորհուրդ տվել այդ տեղահանությունը: Բայց ամենագլխավոր պահը կայանում է նրանում, որ en masse մարդկանց տեղահանության այդ գաղափարն այսօր սկզբունքորեն գերմանական է համարվում: Դրան կարող է հանդիպել ցանկացած մարդ, որը կարդում է համագերմանական գրականություն...»:

Կան բազմաթիվ արխիվային փաստաթղթեր, որոնք հաստատում են Գերմանիայի մասնակցությունը Օսմանյան կայսրության հայ բնակչության ոչնչացմանը: Հասկանալի է, որ հայերի գլխին, ինչպես եւ միշտ, պսակվել են մեծ տերությունների շահերը, բայց պետք է նշել, որ ԱՄՆ 1915թ. իրենց առավել կարգապահ էին դրսեւորում, քան Գերմանիան: «...Էնվեր փաշան մտադիր է հայկական լրտեսությունն արգելակելու եւ հայերի նոր զանգվածային ապստամբության ալիքները կանխելու նպատակով, զենք կիրառելով, փակել հայկական դպրոցների, թերթերի մեծ մասը, արգելել փոստային թղթակցությունը եւ Միջագետքում վերաբնակեցնել բոլոր ոչ անթերի ընտանիքներին: Նա հանգամանորեն խնդրում է, որպեսզի իրեն այդ հարցում ոչ ոք չխանգարի... Իհարկե, թուրքական միջոցներն իրենց հետ դաժանություն են կրում հայ բնակչության հանդեպ: Բայց ես այն կարծիքին են, որ այդ միջոցները մենք պետք է մեղմացնենք ըստ ձեւի, բայց չխոչընդոտել սկզբունքորեն: Վանգենհայմ, Ստամբուլում Գերմանիայի դեսպան, 1915թ. մայիսի 31»:

Հայերի ջարդերին եւ տեղահանությանը կայսերական Գերմանիայի մասնակցության մասին շատ է գրվել: Մասնավորապես, Երեւանում 1995թ. հրատարակվել է «Հայկական հարցը եւ Հայոց ցեղասպանությունը Թուրքիայում: Կայսերական Գերմանիայի ԱԳՆ քաղարխիվի նյութերը» փաստաթղթերի ժողովածուն: 1915թ. իրադարձությունները լավ փորձառություն դարձան Հոլոքոստի համար, եւ Հայոց ցեղասպանությունը համառորեն ժխտող Իսրայելի համար ավելորդ չի լինի հիշել այդ մասին:

Ինչ վերաբերում է 2005թ. հունիսի 15-ին Բունդեստագի ընդունած «1915թ. ապրիլի 24-ի ջարդերի 90-ամյա տարելիցի առիթով հայերի հիշատակի օր. Գերմանիան պետք է նպաստի թուրքերի ու հայերի հաշտեցմանը» բանաձեւին, ապա դրանում ասվում է. «Զանազան հաշվարկներով, աքսորի ու տեղահանության զոհ են դարձել ավելի քան 1 մլն հայեր: Բազմաթիվ անկախ պատմաբաններ, խորհրդարաններ եւ միջազգային կազմակերպություններ հայերի վտարումն ու ոչնչացումը ցեղասպանություն են անվանում»: Թուրքիան դեռեւս նման ճանաչման խիզախություն չունի, բայց չէ՞ որ Գերմանիան ճանաչել է նաեւ Հոլոքոստը, այսինքն` 6 միլիոն հրեաների մահը..

Կարինե Տեր-Սահակյան / PanARMENIAN News