Ինչպիսի՞ն կլինի ԱՄՆ-ի դերը Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ հարաբերությունների կարգավորման գործում

«Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման» ներկայացման ռեժիսորներն այժմ մշակում են Երեւանի, Անկարայի եւ Բաքվի պահվածքի տարբեր մոդելները:

Եվրոպա ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի այցն ավարտվել է լավատեսական նոտայով. նա այցելել է Այա-Սոֆիա, շփվել է Թուրքիայի կրոնական գործիչների եւ ուսանողների հետ: Սեփական հեղինակության պահպանման տեսանկյունից այցն ակնհայտորեն հաջողվել է: Ե'վ Եվրոպայում, ե'ւ Թուրքիայում Օբամային ընդունել են որպես ԱՄՆ նոր դեմքը, ով ցանկանում է հնարավորինս շուտ ազատվել Բուշ կրտսերի ժառանգությունից: Առայժմ դժվար է ասել, թե նրան դա որքանով է հաջողվել: Բայց ահա այն, որ ԱՄՆ նախագահն արտաքին քաղաքականության որոշ հարցերում շարունակում է «ամերիկյան ոճով» առաջնորդվել, անկասկած է:

PanARMENIAN.Net - Ամեն ինչ արժեր նրա հայտարարությունը Եվրամիության կազմում Թուրքիայի անդամակցության անհրաժեշտության մասին: Ընդ որում, հազիվ թե Օբաման չիմանար, թե ինչպիսին է լինելու նախագահ Սարկոզիի եւ կանցլեր Մերկելի արձագանքը: Սակայն ասել է` ակնհայտորեն «միգուցե ստացվի» միտումով: Չստացվեց: Թուրքիային Եվրամիության կազմում ընդգրկելը նշանակում է խաչ դնել Եվրոպայի վրա` վերջինիս ներկա իրավիճակով հանդերձ, եւ եթե դա ԱՄՆ նախագահին չեն բացատրել իր խորհրդականները, ապա այդ դեպքում խոսելն էլ է ավելորդ...

Ինչպես գրում է Մարք Ալմոնդը The Times ում, Օբամայի օրակարգում գլխավոր խնդիրը հին ընկերների հետ Ամերիկայի հարաբերություններում առաջացած ճեղքվածքների վերացումն է, որոնք Ջորջ Բուշը նրան է թողել որպես ժառանգություն: «Երբ 2003 թվականին Թուրքիայի խորհրդարանը հրաժարվել էր աջակցել Իրաք ամերիկյան ներխուժմանը, Պետքարտուղարության ներկայացուցիչը պարզապես ապշել էր: «Թուրքերն ի՞նչ են արել»,- բացականչել էր նա` պատառոտելով Սադամ Հուսեյնի դեմ պատերազմին կողմնակից ՆԱՏՕ-ի գծով ԱՄՆ հուսալի գործընկերոջ մասին նախապես պատրաստված ճառը: Սակայն Օբամայի համար շատ ավելի վատ է թվում Միացյալ Նահանգների, Թուրքիայի եւ Եվրամիության միջեւ փոխհարաբերությունների վտանգավոր եռանկյունին: Անկարան մի քանի տասնյակ տարի է, փորձում է անդամակցել Եվրամիությանը, իսկ արդյունքում, միայն անօգնական նայում է, թե ինչպես են իրենից առաջ անցնում Արեւելյան Եվրոպայի նախկին կոմունիստական պետությունները», - նշում է Ալմոնդը:

Հայաստանի համար Օբամայի այցը հետաքրքիր է, նախեւառաջ, Երեւանի եւ Անկարայի միջեւ հարաբերությունների կարգավորման գործում ԱՄՆ-ի դերի առումով: Ի վերջո, Բարաք Օբաման արդարացրել է հայերի հույսերը. Թուրքիայի խորհրդարանում չասելով «ցեղասպանություն» բառը, նա, այնուամենայնիվ, ընդգծել է, որ պահպանում է իր դիրքորոշումը, եւ Թուրքիային կոչ արել «առերեսվել իր անցյալի հետ»: Բնականաբար, ոչ ապրիլի 16-ին, ոչ էլ ապրիլի 24-ից հետո սահմանի բացում չի լինի, եւ այդ մասին չեն գրել միայն ծույլերը:«Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման» ներկայացման ռեժիսորներն այժմ մշակում են Երեւանի, Անկարայի եւ Բաքվի պահվածքի տարբեր մոդելները: «Գլխավոր փորձը» կարող է ավարտվել ինչպես միշտ անարդյունք. կզրուցեն, կպարզեն կողմերի դիրքորոշումներն ու լուծումները կթողնեն մինչեւ հաջորդ ֆուտբոլային խաղը, որը տեղի կունենա հոկտեմբերին Թուրքիայում: Իսկ մինչ այդ շատ բան կարող է տեղի ունենալ, եւ առջեւում է մայիսի 7-ին Պրահայում կայանալքի «Արեւելյան գործընկերություն» գագաթնաժողովում Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպումը: Այսինքն` ամեն ինչ կրկին հանգում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը, որը Հայաստանի համար իր նշանակությամբ հավասարազոր է ԱՄՆ-ի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանը:

Գոյություն ունի նաեւ ադրբեջանական գործոնը, որի մասին մենք բազմիցս գրել ենք: Սակայն Օբամայի այցի եւ Ստամբուլում կայացած հանդիպումների առնչությամբ, Բաքուն սկսել է հայ-թուրքական սահմանի բացումը թույլ չտալու աննախադեպ քարոզարշավ: Նամակներ, պահանջներ` կիրառվում է ամեն ինչ: Եվ նույնիսկ Իլհամ Ալիեւը հրաժարվել է մասնակցել «Քաղաքակրթությունների երկխոսություն» գագաթնաժողովին... Ադրբեջանցի քաղաքականագետ Զարդուշտ Ալիզադեի խոսքերով, Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ սահմանի բացումը երկու անկախ պետությունների գործն է, որին Ադրբեջանը չի կարող միջամտել: «Ադրբեջանն ինքը պետք է լուծի իր խնդիրները, մասնավորապես ղարաբաղյան հիմնախնդիրը, այլ ոչ թե այդ մասին խնդրի Թուրքիային: Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ սահմանի բացումն այդ երկրների ներքին գործն է, որտեղ Արդբեջանը երրորդ կողմ է եւ ոչ մի առնչություն չունի սահմանի բացմանը: «Սահմանի բացման որոշակի ժամկետը եւս դժվարանում եմ հայտնել, քանի որ դա կախված է այդ երկրների միջեւ բանակցային գործընթացից», - ասել է Ալիզադեն, գրում են ադրբեջանական ԶԼՄ-ները:

Մինչդեռ, հայ-թուրքական սահմանի բացումը լուրջ հետեւանքներ ունի Կովկասում ուժերի հավասարակշռության համար: Այդ մասին նշվում է Stratfor վերլուծական կենտրոնի շաբաթական զեկույցում: «2008 թվականի օգոստոսին տարածաշրջանում Ռուսաստանի համար կենսական կարեւորություն ունեցող ռուս-վրացական պատերազմի ընթացքում անկայուն իրավիճակ է ստեղծվել: Այդ առումով, Թուրքիայի եւ Հայաստանի միջեւ հարաբերությունների կարգավորումը չափազանց կարեւոր է: Հայաստանը Թուրքիային մեղադրում է Առաջին համաշխարհային պատերազմի ընթացքում եւ հետո հայերի զանգվածային սպանությունների մեջ, Թուրքիան չի ընդունում մեղադրանքները: ԱՄՆ Կոնգրեսը մի քանի տարի է սպառնում է ընդունել Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձեւը: Թուրքերը չափազանց զգայուն են այդ հարցում, եւ այդպիսի բանաձեւի ընդունումը կնշանակեր կապերի խզում Միացյալ Նահանգների հետ», - նշվում է զեկույցում:

Նույնիսկ եթե ընդունենք, որ այժմ Թուրքիան ինչ-որ չափով հեռանում է Ամերիկայից եւ փորձում է իր դերը խաղալ տարածաշրջանում, եւ նաեւ աշխարհում, ԱՄՆ Կոնգրեսի կողմից Հայոց ցեղասպանության մասին բանաձեւի ընդունումն իրոք կազդի ոչ միայն Մեծ Մերձավոր Արեւելքը, այլ նաեւ Կենտրոնական Ասիան, ավելի ճիշտ` թյուրքական աշխարհն ընդգրկող տարածաշրջանում հավասարակշռության վրա: Հայաստանը կմնա լիակատար մեկուսացման մեջ եւ ստիպված կլինի զիջումներն կատարել, որոնք կարող են երկիրը կանգնեցնել ոչնչացման եզրին: Դա վատթարագույն, բայց կանխատեսելի սցենար է: Ցավոք սրտի:

Կարինե Տեր-Սահակյան / PanARMENIAN News
 Ամենաընթերցվողը բաժնում
Ինչ է իրենից ներկայացնելու Սաուդյան Արաբիայում կառուցվելիք աշխարհի խոշորագույն շինությունը
Իրադարձություններ, որոնք զարգացել են 1 ամսից էլ քիչ ժամանակում
 Ուշադրության կենտրոնում
Բաքուն հայտնել է զոհերի թիվը՝ 192, ընդդիմադիրները պնդում են 200–ից ավելի զոհի մասին

Բաքուն հայտնել է զոհերի թիվը՝ 192, ընդդիմադիրները պնդում են 200–ից ավելի զոհի մասին Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական

 Բաժնի այլ նյութերը
Բայրաքթարից պակաս աղմկահարույց, բայց ավելի փորձառու Իրանական ԱԹՍ-ների չբացահայտված պոտենցիալը
Հին վիրուսի նոր բռնկումը Ինչ է հայտնի կապիկի ծաղկի դեպքերի աճի մասին
---