15 ապրիլի 2009 - 00:47 AMT
ՀՈԴՎԱԾ
Իլհամ Ալիեւին օդի պես հարկավոր է Թուրքիայի աջակցությունը
Ճանաչելով Թուրքիայի սահմանները` Հայաստանն անուղղակիորեն կընդունի, որ չի պնդում Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման հարցում
Դատելով վերջին հրապարակումներից, ադրբեջանական հասարակությունը, Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ դիվանագիտական հարաբերությունների հնարավոր հաստատման պատճառով, հասել է հիստերիայի գագաթնակետին: Բանը նույնիսկ նրանում չէ, որ կեղտաջրի մի ամբողջ հեղեղ է թափվում Հայաստանի վրա, դրան մենք վաղուց արդեն ընտելացել ենք անդարձ հեռացած Ակպեր Հասանովի եւ ողջ-առողջ Վուղար Սեիդովի ջանքերի շնորհիվ: Ի դեպ, վերջինիս իրոք դավաճանել է չափի զգացողություհնը, իսկ գուցե նաեւ էլի ինչ-որ բան` Աստված գիտի..
Պարզամտություն կլիներ կարծել, թե Բաքվում չեն հասկանում, որ հայ-թուրքական հարաբերություններում Ադրբեջանը տեղ չունի, ուղղակի 20 տարի առաջ Հեյդար Ալիեւի ասած «Մեկ ժողովուրդ, երկու պետություն» արտահայտությունն, այժմյան ադրբեջանցի քաղաքական գործիչների համար դարձել է վերջին ատյանի ճշմարտություն, որը հարկավոր է պաշտպանել բոլոր միջոցներով: Այս առնչությամբ նշենք, որ Հայաստանի իշխանությունների ու առանձին գերատեսչությունների ջայլամային քաղաքականությունն արտաքին քաղաքականության հարցերում լավ ավարտ չի ունենա: Հայտարարությունները, թե «մենք չենք կարող մեզ թույլ տալ իջնել Ադրբեջանի մակարդակին եւ պատասխանել նրանց հիմարություններին», քննադատությանը չեն դիմանում: Ինչպես նաեւ ԶԼՄ-ներին տեղեկատվություն չտրամադրելու համառ ցանկությունը, ինչն արդեն ողջ աշխարհին է հայտնի: Հենց այդ մասին էր նախօրեին ասում Հայ Դատի գրասենյակի ղեկավար Կիրո Մանոյանը` մեկնաբանելով ՀՀ ԱԳՆ ղեկավարի այցը Ստամբուլ: «Ոչ մի բացատրություն, նախարարը մեկ մեկնում է, մեկ չի մեկնում, սակայն նա հանդիպել է երեք նախարարների հետ, հետո պարզվում է, որ առանձնազրույց է եղել Օբամայի հետ: Միթե՞ այդքան դժվար էր հստակ պարզաբանել իրավիճակը»,-ասում է Մանոյանը: Հավանաբար, դժվար չէր, ուղղակի ցանկություն չկար:

Սակայն եթե լուրջ խոսենք, ապա Բաքվի մտահոգությունը հասկանալի է` չէ որ ԼՂՀ-ն «վերադարձնելու» աղոտ հույսերը ի չիք են դառնում: Այս առումով Իլհամ Ալիեւին օդի պես հարկավոր է Թուրքիայի աջակցությունը: Եթե հավատանք Էրդողանին, ապա նման աջակցություն կա, սակայն թե որքանով են նրա խոսքերը ճշմարիտ: Եվ որքան էլ ասեն Բաքվում, որ առանց ղարաբաղյան հակամարտության կարգավորման թույլ չեն տա հայ-թուրքական հարաբերությունների կարգավորում, Թուրքիայի համար այդ հարցն երկրորդական է: Գլխավորը նրա համար Հայաստանի կողմից ժամանակակից Թուրքիայի սահմանների ճանաչումն է: Սակայն Երեւանը դա ոչ մի դեպքում չպետք է անի: Ճանաչելով Թուրքիայի սահմանները` Հայաստանն անուղղակիորեն կընդունի, որ չի պնդում Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման հարցում: Ցավոք սա Հայաստանի միակ հաղթաթուղթն է, որը նա կարող է խաղարկել, սակայն, ցավոք, նախադրայլներ չկան, որ հայկական կողմն այն ճիշտ կօգտագործի...

Իսկ առայժմ «եղբայրական» Ադրբեջանից բազում պատվիրակություններ են մեկնում Թուրքիա: Նրանց այնտեղ ընդունում են ընդդիմադիր ու ազգայնական կուսակցությունները, որոնք ոչ այնքան դեմ են հայ-թուրքական սահմանի բացմանը, որքան Էրդողանի կառավարությանը: Ընդ որում, ադրբեջանական ԶԼՄ-ները հաճախ, ցանկալին ներկայացնելով որպես իրողություն, կեղծում են թուրքական մամուլի հրապարակումները: Հասկանալի է, որ միայն այդպես կարելի է համոզել սեփական ժողովրդին, որ «ազգի հոր» ընտրած ուղին ճիշտ է: Եվ ի պատիվ թուրքական մամուլի պետք է ասել, որ այն երեբք թույլ չի տալիս իրենց կոպիտ կամ անպարկեշտ արտահայտություններ անել Հայաստանի եւ հայերի հասցեին: Այ եթե Բաքվի քարոզչամեքենան սովորեր մի քիչ «եղբայրներից»: Սակայն ատելությունը փակում է նրանց աչքերը...

Ըստ Մերձավոր Արեւելքի գծով մասնագետ Ալեքսանդր Սոտնիչենկոյի, Թուրքիայի այժմյան ղեկավարությունը բավականին պրագմատիկ մտածելակերպ ունի եւ պատրաստ է դիվանագիտական հարաբերություններ հաստատել Հայաստանի հետ: «Հարաբերությունները Թուրքիայի եւ Հայաստանի միջեւ կարող են լինել մոտավորապես այնպիսին, ինչպիսին են Ռուսաստանի եւ Ճապոնիայի միջեւ: Կան տարածքային հավակնություններ, խաղաղ պայմանագիրն մինչ օրս կնքված չէ, սակայն կան դիվանագիտական հարաբերություններ եւ ապրանքային շրջանառություն: Ես կարծում եմ, որ հենց նման մոդելն է ամենից շատ ընդունելի հայ-թուրքական հարաբերությունների համար»,-ասել է նա:

Նա նաեւ նշել է, որ հայ-թուրքական պայմանագրի կնքումը չափազանց դուր կգա ԵՄ-ին, ուր շատ է ձգտում Թուրքիան եւ ուր նրան երբեք չեն ընդունի: «Սակայն, ինչն ավելի կարեւոր է, դա կամրապնդի ռուս-թուրքական հարաբերությունները եւ մենք արդեն կկարողանանք խոսել պայմանագրի մասին Ռուսաստանի, Թուրքիայի եւ Հայաստանի միջեւ: Ճիշտ է, դա դուր չի գա Բաքվին, սակայն, ճիշտն ասած, նրան ոչ ոք չի էլ հարցնում: Էրդողանի կառավարությունը ճկուն է եւ մտածում է համաշխարհային քաղաքականության այսօրվա իրողություններին համահունչ, այն դեպքում երբ Բաքուն հենվում է ազգայնականների վրա»,-գտնում է Սոտնիչենկոն: Շատ հնարավոր է, որ Հայաստանն ու Թուրքիան վերականգնեն դիվանագիտական հարաբերությունները, այլ կերպ ասած, վերադառնան մինչ 1993թ. կարգավիճակը: Իսկ հետո՞: Հազիվ թե դրանք լինեն բարիդրացիական հարաբերություններ, ինչպես, օրինակ, Ֆրանսիայի եւ Գերմանիայի միջեւ: «Քաղաքակրթությունների դաշինք» հայ-թուրքական կատարմամբ չի ստացվի, եւ ով գիտի, լավ է դա թե վատ: Ցավոք, այդ թեման բավականին ցավոտ է Հայաստանի ու Թուրքիայի համար եւ նրա մշտական արծարծումը մամուլում եւ ամենատարբեր մակարդակներով ոչ մի լավ բանի չի հանգեցնի:

Կարինե Տեր-Սահակյան
Կարինե Տեր-Սահակյան / PanARMENIAN News