18 ապրիլի 2009 - 23:17 AMT
ՀՈԴՎԱԾ
Բաբաջանը Երեւանում. արեւմտյան մամուլի չիրականացված կանխատեսումները
Բաքուն հերթական անգամ փորձում է շահարկել ածխաջրածնի իր պաշարներով. 1918 թվականին դա նավթն էր, այժմ` գազը:
Անցած շաբաթը հագեցված էր իրադարձություններով, որոնց մեծ մասն ակնկալելի էր: Խոսքը հատկապես վերաբերում է Թուրքիայի ԱԳՆ ղեկավարի «կռահիր» խաղին` կժամանի, չի ժամանի, թեեւ բոլորին պարզ էր, որ Բարաք Օբամայի հետ Ստամբուլում կայացած հանդիպումից հետո Ալի Բաբաջանը չէր կարող չժամանել Երեւան: Սակայն նրա այցը գրեթե ոչինչ չփոխեց հայ-թուրքական հարաբերություններում: Արեւմտյան մամուլի կողմից ապրիլի 16-ին կանխագուշակվող Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ դիվանագիտական հարաբերությունների վերականգնման մասին պայմանագիրը չի ստորագրվել:
Ընդհանրապես, այն չէր էլ կարող ստորագրվել, կողմերի դիրքորոշումները չափազանց հեռու են միմյանցից, եւ գեթ մեկ հարցի շուրջ պայմանավորվածություն ձեռք բերելուց: Որքան էլ որ մեզ Հայաստանի եւ Թուրքիայի նախարարները հակառակում համոզեն, բանակցություններում փակուղային իրավիճակ է ստեղծվել:

Այն, որ Թուրքիան չի զիջի իրեն ներկայացված նախապայմաններից եւ ոչ մեկում, պարզ էր դեռեւս այն ժամանակ, երբ բանակցությունները նոր էին սկսվում Շվեյցարիայում 2007 թվականին: Միամտություն կլիներ ենթադրել, որ Հայաստանն այլ կերպ կվարվի: Բայց խնդիրը նույնիսկ զիջումների մեջ չէ:

Խնդիրն այն նույն Կարսի պայմանագիրն է, որի իրականացումը պահանջում է Թուրքիան, ավելի որոշակի, Հայաստանի կողմից սահմանների ճանաչումը: Ճիշտ է, այդ նույն Կարսի պայմանագրին հետեւելու դեպքում կարելի է խոսել ոչ թե հայ-թուրքական, այլ ռուս-թուրքական սահմանի մասին, առավել եւս, որ մինչ օրս այն հայերի հետ միասին պաշտպանում են նաեւ ռուս սահմանապահները: Դրանից ելնելով, այնքան էլ մտացածին չեն ենթադրություններն այն մասին, որ սահմանի բացումն ու դիվանագիտական հարաբերությունների հաստատումը, կամ էլ հակառակը, ոչ մի տարբերություն չկա, բխում են առաջին հերթին Մոսկվայից: Այդպիսով, վերջինս խախտում է փխրուն, բայց արդեն կայացած ստատուս-կվոն: Գոյություն ունեցող ստատուս-կվոյի խախտման առնչությամբ շահագրգռված է նաեւ Իրանը: Խոսքով նշելով, որ տարածաշրջանում չպետք է փակ երկրներ լինեն, Թեհրանը, միեւնույն ժամանակ, հասկանալ է տալիս, որ հենց ինքն է անհրաժեշտ իսլամական շրջապատում մնացած Հայաստանին: Այստեղ հարկ է պարզաբանել, որ իսլամ էլ կա իսլամ էլ: Պարսիկները տանել չեն կարողանում օսմանցի թուրքերին, առավել եւս Կովկասի թաթարներին: Եվ այդ առնչությամբ, Մահմուդ Ահմադինեժադի Հայաստանի նախագահին ընդունելու վերաբերյալ Բաքվի վերջին «դժգոհ» հայտարարությունները պարզապես անտեսվում են պարսկական կողմից: Եվ, սկզբունքորեն, ճիշտ են անում:

Բաքուն հերթական անգամ փորձում է շահարկել ածխաջրածնի իր պաշարներով. 1918 թվականին դա նավթն էր, այժմ` գազը: Ալիեւի կլանը միայն մի բան հաշվի չի առնում` ժամանակները փոխվել են, եւ միայն ադրբեջանական գազի վրա աշխարհում ոչ ոք հույսը չի դնի` հիանալի գիտակցելով, որ այդ հարցում Ալիեւը կգործի ռուսական օրինակով, այսինքն` իր համար ամենահարմար պահին կփակի խողովակը: Եվրոպան էլ այդ մասին գիտի եւ հենց այդ պատճառով շտապում է հարաբերությունները կարգավորել Իրանի հետ, ով պակաս կամակորն է, եւ եթե իրեն վստահեցնեն, որ չեն խանգարի ատոմային էներգետիկայի զարգացման հարցում, ապա ամեն ինչ կարգին կլինի: Բացի այդ, փորձագետներն ուղղակիորեն ասում են, որ ադրբեջանական գազի պաշարները ոչ մի կերպ բավարար չեն Nabucco-ն ամբողջությամբ լցնելու համար, անհրաժեշտ է իրանական եւ թուրքմենական գազը:

Այս շաբաթ Երեւանում տեղի է ունեցել նաեւ ՀԱՊԿ ԱԳՆԽ գագաթնաժողովը: Նորություն էր Ուզբեկստանի չմասնակցելը գագաթնաժողովին: Սկսեցին խոսել այն մասին, որ Ուզբեկստանը պատրաստվում է դուրս գալ Կազմակերպության կազմից: Սակայն ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան կարծես բոլորին հանգստացրել է, ասելով, որ Ուզբեկստանը դուրս չի գալիս Կազմակերպության կազմից: «Ուզբեկստանի դուրս գալու մասին լուրերը կապված են այն բանի հետ, որ երկիրը ժամանակավորապես դադարեցրել է իր անդամությունը ԵվրԱզԷՍ-ին: Ուզբեկստանի պատվիրակությունը չէր ժամանել ներկա գագաթնաժողովին օբյեկտիվ պատճառներով, եւ ՀԱՊԿ ղեկավարությունը տեղեկացվել էր այդ մասին», - ասել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան: Դրա հետ մեկտեղ, նա նշել է, որ Ուզբեկստանի ներկայացուցիչները, ներառյալ երկրի ղեկավարությունը, մշտապես հաստատել են իրենց շահագրգռվածությունը ՀՊԿ գործունեության հարցում:

Մինչդեռ, հարկ է նշել, որ Ուզբեկստանը պաշտոնապես չի մտնում ՀԱՊԿ կազմի մեջ, քանի որ այն այդպես էլ չի ստորագրել անդամության վերաբերյալ հիմնական փաստաթղթերը: Սակայն ոչ պաշտոնական տեսանկյունով մոտենալու դեպքում, Ուզբեկստանի այս «մուտքերն ու ելքերը» բավականին երկար կշարունակվեն:

Ինչ վերաբերում է մյուս, ոչ պակաս հետաքրքիր հարցին, մասնավորապես Իրանին, ապա, Բորդյուժայի խոսքերով, Իրանը չի պատրաստվում անդամակցել ՀԱՊԿ-ին, սակայն շահագրգռված է համագործակցության հարցում: «Իրանը շահագրգռված է կազմակերպության հետ գործնական համագործակցության, մասնավորապես թմրանյութերի ապօրինի շրջանառության դեմ պայքարի հարցում: Իրանը մասնակցում է թմրանյութերի շրջանառության դեմ պայքարի ուղղությամբ ՀԱՊԿ-ի կողմից անցկացվող բոլոր գործողություններին, մասնավորապես նա իրեն շատ լավ է դրսեւորել «Կանալ 2008» գործողության ժամանակ», - ընդգծել է Բորդյուժան:

Մոսկվայում կայացել է Ռուսաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպումը, որի ընթացքում Իլհամ Ալիեւը, հերթական անգամ, փորձել է ղարաբաղյան հակամարտությունը կապել տարածաշրջանի բոլոր հակամարտությունների եւ չլուծված խնդիրների հետ, սակայն, ինչպես երեւում է, դա նրան չի հաջողվել, եթե հաշվի չառնենք «Ռուսաստանի համար Ադրբեջանի նահրաժեշտության» մասին մի քանի ակնհայտ պատվիրված հոդվածները, ինչը, արդեն նույնիսկ ծիծաղելի չէ:

Եվ վերջում, ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի իսկապես սենսացիոն խոսքերն այն մասին, որ ԱՄՆ-ը չպետք է միջամտի այլ երկրների ներքին քաղաքականությանը: «Ճիշտ է, դա նաեւ նշանակում է, որ մենք չենք կարող ԱՄՆ-ին մեղադրել այս կիսագնդում ծագող բոլոր խնդիրների մեջ, այդպիսին է պայմանավորվածությունը: ԱՄՆ-ը ցանկանում է ընդունել անցյալի սխալները: Եվ մենք գործընկերներ կդառնանք... », - ասել է Օբաման, հաղորդում է AP-ը :

Վրացական ընդդիմությունը շարունակում է հանրահավաքներ անցկացնել, ընդ որում, անհաջող, իսկ մեղքն ավանդաբար բարդում է Ռուսաստանի վրա: Ուրիշը չկա:


Կարինե Տեր-Սահակյան
Կարինե Տեր-Սահակյան / PanARMENIAN News