23 ապրիլի 2009 - 18:49 AMT
ՀՈԴՎԱԾ
Թուրքական գամը հայ իրականության մեջ
Հայկական սփյուռքի ներկայացուցիչները գտնում են, որ Երեւանը պետք է իմանա, որ Ֆրանսիայի հայերը հերքում են ցանկացած համաձայնություն, որը ձեռք է բերվել հայ ժողովրդի ազգային շահերի հաշվին
Ճանապարհային քարտեզի վերաբերյալ հայ-թուրքական համաձայնագիրը, վերջին հաշվով, կարող էր հրապարակվել ապրիլի 24-ից հետո` գոնե հարգելով սիրիական անապատներում մեկուկես միլիոն տանջված ու սպանված եւ աշխարհով մեկ սփռված կես միլիոնի հիշատակը: Ի վերջո, դա նույնիսկ համաձայնագիր չէ, այլ պարզապես փոխըմբռնման մասին հուշագիր, որը կարող էր ստորագրվել ցանկացած ժամանակ` սկսած 2008թ. սեպտեմբերի 6-ից «ֆուտբոլային դիվանագիտության» շրջանակներում մինչեւ այս տարվա հոկտեմբերը, երբ կկայանա Թուրքիա-Հայաստան պատասխան հանդիպումը:
Բայց քանի որ փաստաթղթում խոսք անգամ չկա նախապայմանների մասին, ապա Թուրքիան որոշել է ամեն դեպքում կորզել մի կտոր հաղթանակ` հրապարակման ամսաթիվը, ինչով պառակտման եզրին դրեց Հայաստանն ու Սփյուռքը: Եւ արդեն ոչ ոք չի հիշելու, թե այնտեղ` համաձայնագրում, ինչ է եղել, կարեւորը, որ այն ստորագրվել է ապրիլի 24-ի նախօրեին...

Անկախ ֆրանսիացի լրագրող Ժան Էքիյանի խոսքով, հայերն իրենց խորագույն մտահոգությունն են հայտնում Հայաստանի եւ Թուրքիայի ԱԳՆ հայտարարության կապակցությամբ: Այդ հայտարարությունն անցանկալի է հետեւյալ պատճառներով. այն կատարվել է ապրիլի 24-ի նախաշեմին, երբ ողջ աշխարհում հայերը հիշում եւ հարգում են Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը եւ երկրորդը` այն կարող է Հայաստանին պարտադրել` որոշակի զիջումների գնալու Հայոց ցեղասպանության ճանաչման եւ ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցերում:

Հայկական սփյուռքի ներկայացուցիչները գտնում են, որ պաշտոնական Երեւանը, մասնակցելով այդպիսի «կասկածելի եւ վտանգավոր բանակցություններին», պետք է իմանա, որ Ֆրանսիայի հայերը հերքում են ցանկացած համաձայնություն, որը ձեռք է բերվել հայ ժողովրդի ազգային շահերի հաշվին:

Դժվար թե Հայաստանի ցանկացած ղեկավարություն կարող է ստորագրել Կարսի պայմանագրին համարժեք փաստաթուղթ, ինչի մասին ստորեւ կխոսվի:

Տեքստում ոչ մի հիշատակություն չկա Թուրքիայի կողմից առաջադրվող նախապայմանների մասին, այն է` հրաժարվել Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումից, լուծել ղարաբաղյան հիմնախնդիրը եւ ճանաչել ներկայիս թուրքական պետության սահմանները, այսինքն` հաստատել 1921թ. Կարսի պայմանագիրը: Եւ եթե առաջին երկու կետերը Թուրքիայի համար այնքան էլ կարեւոր չեն, ապա Կարսի պայմանագրի ստորագրումն Անկարային այնքանով է հարկավոր, որ նա պատրաստ է զիջել ամեն հարցում, եւ առավել եւս ղարաբաղյան հիմնախնդրում, որն, ըստ էության, միայն խանգարում էր Թուրքիային վերջին 15 տարիներին: Ավելորդ չի լինի հիշեցնել, որ Բաքուն այժմ շատ նյարդային` խուճապին մոտ վիճակում է գտնվում: Բայց դա, ըստ էության, նրանց գործն է:

Իսկ ինչ վերաբերում է Կարսի պայմանագրին, ապա նրա ազդեցությունը սպառվել է 1946թ., ինչի մասին մենք արդեն գրել ենք: Փաստորեն, հենց այդ պատճառով ԽՍՀՄ արտգործնախարար Վյաչեսլավ Մոլոտովը 1951թ. հայտարարեց, որ ԽՍՀՄ տարածքային բողոքներ չունի Թուրքիայի հանդեպ` «մոռանալով», որ պայմանագիրն արդեն կորցրել է իր ուժը: Հետեւաբար, Կարսի մարզը, որը մտնում էր Ռուսական կայսրության կազմի մեջ, մեքենայորեն վերադառնում էր Ռուսաստանին, այսինքն` Խորհրդային Միությանը: Սակայն սկսվեց «սառը պատերազմը», Թուրքիան պետք է չեզոքացվեր, եւ մենք ստացանք այն, ինչ ունենք` ծայրահեղ վտանգավոր հարեւան, որը ցանկացած գնով ուզում է իրավաբանորեն ամրագրել իր սահմանները:

Երեւի` պետք է հիշեցնել, որ հայ-թուրքական բանակցություններն ընթանում են Շվեյցարիայում 2007-ից, պարզապես վերջին ժամանակներս դրանք ակտիվացել են, հատկապես Վրաստանի աճող անկայունության կապակցությամբ: Կարգավորման հարցում շահագրգռված են թե' Ռուսաստանը, եւ թե' ԱՄՆ-ն ու Եվրոպան: Մի խոսքով` ամեն ինչ տանում էր նրան, որ վաղ, թե ուշ որեւէ փաստաթուղթ պիտի ստորագրվեր: Անգամ հնչեցվում էր ամսաթիվը` ապրիլի 16-ը, երբ Թուրքիայի ԱԳՆ ղեկավար Ալի Բաբաջանը ժամանեց Երեւան: Սակայն Երեւանում ոչինչ չստորագրվեց, բայց դատելով պաշտոնական աղբյուրների որոշ արտահոսած տեղեկություններից, համաձայնագրի նախնական տարբերակը պատրաստ էր:

Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ ճանապարհային քարտեզն ընդամենը նախնական փաստաթուղթ է: Այն դեռեւս մշակված չէ, մենք չգիտենք, թե ինչպիսին կլինի այն: Համաձայնագիրն, ըստ երեւույթին, կոչված է հաստատելու, որ հայ-թուրքական բանակցությունները նորմալ են ընթանում, սակայն ոչ պակաս ակնհայտ է, որ բոլոր վիճելի հարցերը վերջնական լուծում են ստացել:

Կարինե Տեր-Սահակյան
Կարինե Տեր-Սահակյան / PanARMENIAN News