15 օգոստոսի 2009 - 21:20 AMT
ՀՈԴՎԱԾ
Իրանի միջուկային ծրագրի շուրջ իրանա-իսրայելական դիմակայությունը փակուղի է մտել
Որպես միջնորդ Հայաստանը կարող է օգտագործվել որոշ նրբանկատ իրադրություններում, երբ ավելի լավ է դիմել թույլ երկրին, քան ուժեղին
Հայաստանում Իսրայելի դեսպան Շեմի Ցուրը «գաղտնի» հանդիպում է ունեցել ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Արման Կիրակոսյանի հետ: Թերեւս, գաղտնիքը ոչ թե ինքը` հանդիպումն էր, այլ բանակցությունների բովանդակությունը, որոնք, մեր կարծիքով, վերաբերում էին զուտ տարածաշրջանային խնդիրներին: Եթե ավելի խորանանք կանխատեսվող թեմայի շուրջ, ապա կարելի է ասել, որ բանակցությունները վերաբերում էին Իրանին: Նկատենք, որ դիվանագետների բանակցությունները գրեթե միշտ գաղտնի են եւ ամենամեծ բանը, որի հույսը կարող է ունենալ մամուլը, ոչինչ չասող մամլո հաղորդագրությունն է: Երբեմն դա էլ չի լինում:

Իրանի միջուկային ծրագրի շուրջ իրանա-իսրայելական դիմակայությունը փակուղի է մտել, ինչի մասին վկայում է Իրանի դիմումը ՄԱԿ: «Իրանը պահանջում է միջուկային օբյեկտների վրա հարձակումներն արգելելու հարցի շուրջ ՄԱԿ Գլխավոր վեհաժողովի հրատապ խորհրդակցություն հրավիրել: Իրանի ղեկավարության դիմումը կապված է այն բանի հետ, որ նա մտավախություններ ունի իրանական ռեակտորների վրա իսրայելական հարձակման հաշվով: Ավելի վաղ Իսրայելը բազմիցս զգուշացրել է, որ չի հանդուրժի միջուկային Իրանի հետ հարեւանությունը, եթե միջազգային հանրության դիվանագիտական ջանքերը չկարողանան հասնել ԻԻՀ միջուկային ծրագրի դադարեցմանը»,- հաղորդում է իրանական Fars գործակալությունը: Թեհրանի դիմումը ՄԱԿ արտակարգ երեւույթ է, քանի որ մինչ օրս իրանի կողմից ոչ մի նման բան չէր ձեռնարկվել: Փորձը ցույց է տալիս, որ նման դիմումներից հետո պետությունների միջեւ պատերազմի հավանականությունն անխուսափելիորեն աճում է: Եւս մեկ պատերազմը տարածաշրջանում զոհերից եւ ավերածություններից բացի ուրիշ ոչինչ չի բերի, եւ այդ մասին միանշանակ գիտեն ինչպես Իրանում, այնպես էլ Իսրայելում: Սակայն Թել-Ավիվը, գտնելով, որ ամեն դեպքում ունենալու է ԱՄՆ-ի ու միգուցե նաեւ Թուրքիայի օժանդակությունը, կարող է «հիմարություն» անել, ինչը չի կարելի ասել Իրանի մասին, որը, չնայած Ահմադինեջադի ոչ այնքան միանշանակ կերպարին եւ Երկրի երեսից Իսրայելը բնաջնջելու մասին նրա հայտարարություններին, դժվար թե կսկսի ռմբակոծել Երուսաղեմը: Բավական սկանդալային նախագահական ընտրություններից հետո Մահմուդ Ահմադինեջադը բոլոր հնարավոր միջոցներով պետք է իրեն ավելի քաղաքակիրթ ցույց տա, քան իրականում կա: Իսկ դրա համար, նախ եւ առաջ, հարկավոր է լեզու գտնել Իսրայելի հետ:

Ցավոք, իսկ միգուցե եւ բարեբախտաբար, Հայաստանը միակ երկիրն է, որն Իրանի հետ նորմալ եւ անգամ բարեկամական հարաբերություններ ունի: Գրեթե նույնը կարելի է ասել հայ-իսրայելական հարաբերությունների մասին, որոնք գրեթե չկան, բայց կան հեռանկարներ: Դժվար թե Երեւանն ու Թել-Ավիվը չկարողանան ընդհանուր հայտարարի գալ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ, առավել եւս, որ նրանք միմյանց չեն խանգարում: Այդ հարաբերությունների միակ մինուսն Ադրբեջանի ներկայությունն է, որը բավական ցավոտ է արձագանքում աշխարհի ցանկացած երկրի հետ հայ դիվանագետների ցանկացած հաղորդակցությանը: Բայց դա արդեն Բաքվի խնդիրն է...

Ով գիտի, միգուցե իսրայելցի դիվանագետն ինչ-որ ուղերձ է բերել Երեւան` այն Թեհրան փոխանցելու համար: Նման դիրքորոշումը շահեկան է բոլոր կողմերի համար. Իսրայելն ու Իրանն իրենց խնդիրները լուծում են Հայաստանի «օգնությամբ»: Երեւանն էլ իր հերթին որոշակի օգուտներ է քաղում այս կամ այն կողմից: Հայաստանը, իհարկե, ձայնի իրավունք չի ստանա տարածաշրջանում, բայց որպես միջնորդ կարող է օգտագործվել որոշ նրբանկատ իրադրություններում, երբ ավելի լավ է դիմել թույլ երկրին, քան ուժեղին: Ուժեղ երկիրը միշտ ձգտելու է սեփական շահն ունենալ միջնորդական ծառայություններից եւ օրինակ բերելու համար հեռու պետք չէ գնալ. Իսրայելը երկար ու անարդյունք բանակցություններից հետո հրաժարվեց Թուրքիայի միջնորդությունից Սիրիայի հետ հարաբերությունների կարգավորման գործում: Ամբողջ հարցը նրանում է, թե արդյոք հայկական ԱԳՆ-ն կկարողանա օգտվել ստեղծված իրադրությունից, թե ոչ: Ցավալի փորձը ցույց է տալիս, որ Երեւանի գործունեությունը հաճախ սկսվում է այն ժամանակ, երբ գնացքն արդեն շարժվել է: Թերեւս, լավի հույսով պետք է մնանք...

Այդ միջոցին, օգոստոսի 18-ին եւ 19-ին Իսրայելի նախագահ Շիմոն Պերեսը Սոչի է մեկնելու Դմիտրի Մեդվեդեւի մոտ: Հանդիպումների ընթացքում ենթադրվում է քննարկել Իսրայելի եւ Ռուսաստանի փոխգործակցության ու ռազմավարական երկխոսության ընդլայնման հարցերը: Այն, որ գլխավոր թեմաներից մեկը լինելու է իրանա-իսրայելյան հակամարտությունը, կասկածելու առիթ չի տալիս: Ամեն դեպքում գալիք շաբաթվա ընթացքում կարող են նշմարվել համաձայնագրի ուրվագծերը, որին կարող են հանգել (կամ չհանգել) Իրանն ու Իսրայելը Ռուսաստանի եւ, միգուցե, Հայաստանի միջնորդությամբ:

Կարինե Տեր-Սահակյան / PanARMENIAN News