18 դեկտեմբերի 2009 - 22:03 AMT
ՀՈԴՎԱԾ
Եգիպտոսն իսկապես կարող է դառնալ Մեծ Մերձավոր Արեւելքի առաջատար երկիրը
Այն հանգամանքը, որ հենց Եգիպտոսը դարձավ Իսրայելի հետ խաղաղ բանակցությունների նախաձեռնողն ու ուղեկիցը, պատահական չէ: Այդպիսով, նա որոշ ժամանակով դարձավ մի երկիր, որի հետ հաշվի նստել է պետք
Թուրքիան ակտիվացրել էր տարածաշրջանում ղեկավար դիրք գրավելու իր ջանքերը` օգտվելով Եգիպտոսի թուլությունից: Եգիպտական ընդդիմության կարծիքով, Թուրքիան եւ Իրանը օգտագործում են արաբական աշխարհի թուլությունը, որպեսզի իսլամի միջոցով գրավեն ողջ տարածաշրջանը: «Շաբաթ» ընդդիմադիր թերթի գլխավոր խմբագիր Մուստաֆա Բաքրիի խոսքերով, Իրանն ուզում է, որ ամբողջ տարածաշրջանը դառնա շիայական, իսկ Թուրքիայի ցանկություններն ավելի առաջ են գնում: «Իրաքը վաղ թե ուշ Քրդստան է դառնալու, այնպես որ մենք պետք է հույսներս դնենք միայն արաբական միասնության վրա: Մենք նախագահ Նասերի ավանդներով ենք առաջնորդվում: Դրանք , առաջին հերթին, վերաբերում են պաղեստինա-իսրայելական հակամարտությանը: Համալ Աբդել Նասերն ասում էր` այն ինչ ուժով է վերցված, պետք է վերադարձնել միայն ուժով», - ընդգծել է Բաքրին:

Այստեղ պաղեստինա-իսրայելական եւ ղարաբաղյան հակամարտությունների նմանությունն ավելի մեծ է, քան թվում է: Նախ` չորս միլիոն հրեաները արդեն 60 տարուց ավելի է հակամարտում են կեսմիլիարդանոց արաբական աշխարհի հետ: Այսինքն` նույն գործընթացն է, ինչ-որ Լեռնային Ղարաբաղում` 140 հազ. հայերը պայքարում են 8 միլիոնանոց Ադրբեջանի դեմ: Բայց սա ամբողջը չէ. այս հակամարտությունն ընթանում է փոքրամասնության հաջողություններով, չնայած հակառակը պետք է լիներ: Հավանաբար պատճառն այն է, որ ե'ւ հայերը, ե'ւ հրեաները պետականաստեղծ ժողովուրդներ են, եւ անկախություն ձեռք բերելով` այն պաշտպանելու են մինչեւ վերջ:

Ի դեպ, այն հարցին, թե ինչու պաղեստինցիները 1947 թ., ՄԱԿ-ի բանաձեւի համաձայն, պետություն չստեղծեցին, այլ պատերազմ սկսեցին Իսրայելի դեմ, խելամիտ պատասխան այդպես էլ չստացանք: Անմիջապես մշուշոտ բացատրություններ էին հետեւում այն մասին, որ պաղեստինցիներն այդպիսի բանաձեւ չէին ուզում, որ հրեաները ակտիվորեն բնակություն հաստատեցին ու տիրեցին արաբական հողերին եւ այլն: Այն, որ հենց Եգիպտոսը դարձավ Իսրայելի հետ խաղաղ բանակցությունների նախաձեռնողն ու ուղեկիցը, պատահական չէ: Այդպիսով նա դարձավ մի երկիր, որի հետ պետք է հաշվի նստել, առաջին հերթին, դա հասկացավ ԱՄՆ-ն, որը հենց Կահիրեին համարում է իր դաշնակիցը, չնայած, որ եգիպտական ընդդիմությունը խիստ հակաամերիկյան տրամադրություններ ունի:

Համենայն դեպս, պետք է խոստովանել, որ Քեմփ Դեւիդի համաձայնագիրը եւ ԱՄՆ վարչակազմի հետագա քայլերը ինչ-որ կերպ աջակցում են տարածաշրջանում խաղաղությունը պահպանելուն: Մանր- մունր ռազմական գործողություններն, իհարկե, հաշվի չեն առնվում: Նույնիսկ «Ձուլածո պողպատ» գործողությունը չէր ստանա այնքան մեծ հնչեղություն, եթե Թուրքիան, ապա նրան հետեւելով նաեւ այլ արաբական երկրները չմիջամտեին:

Դրա հետ միասին, ինչպես նշել ենք արդեն, արաբական աշխարհը բավական մեկուսացած եւ անջատ են միմյանցից, եւ այդ մեկուսացվածության արմատները ցեղական թշնամանքն է միմյանց միջեւ, որը հազարամյակներ է տեւում եւ թույլ չի տալիս ազգային գաղափարախոսությանը հասունանալ: Ինչպես պարզվեց, իսլամը նույնպես կապող օղակ չդարձավ: Իսկ հրեաները, ինչպես նաեւ հայերը միասնական են վերջնական արդյունքներին հասնելու հարցում:

Այս ամենից բացի, արաբները նաեւ բավականին դանդաղաշարժ են: Հնարավոր է դա անապատի ազդեցությունից է, որտեղ մարդը մշտապես ապրում է ջրին, սննդին երկար սպասելով: Հավանաբար, հենց այդ է պատճառը, որ Եգիպտոսում ընտրություններն անցնում են շատ հանգիստ, որ արդեն տասնյակ տարիներ է, ինչ երկիրը ղեկավարում է Ազգային-դեմոկրատական կուսակցությունը` երկրի նախագահի գլխավորությամբ: Եվ, ի դեպ, երկրի Սահմանադրությունը բոլոր կուսակցություններին ազատ գործելու իրավունք է տալիս, բացի այն կուսակցություններից, որոնք իսլամական արմատականությանն են հարում: Ծայրահեղական գաղափարախոսության կուսակցություններ նույնպես չկան: Հավանաբար, այդ է պատճառը, որ Եգիպտոսը իսկապես կարող է դառնալ Մեծ Մերձավոր Արեւելքի առաջատար երկիրը:

Կարինե Տեր-Սահակյան / PanARMENIAN News