26 փետրվարի 2010 - 16:09 AMT
ՀՈԴՎԱԾ
Թուրքիայում այժմ հաստատ Արձանագրությունների ժամանակը չէ
Եթե ռազմական հեղաշրջումն իսկապես տեղի ունենա, ապա Հայաստանը շատ անկանխատեսելի եւ վտանգավոր հարեւան ձեռք կբերի, որը, թերեւս, միշտ էլ այդպիսին է եղել
Եվ այսպես, հայ-թուրքական Արձանագրությունները փակուղում են հայտնվել, իսկ ավելի ճիշտ` ծուղակում, որը նրանց համար պատրաստել էին Ադրբեջանն ու Թուրքիայի կառավարող Արդարության եւ զարգացման կուսակցությունը (AKP): Բարձրաստիճան զինվորականների ձերբակալությունները, ում մեղադրում են 2003 թվականին հեղաշրջում կատարելու փորձի մեջ, կարող են երկու հետեւանքների հանգեցնել. կամ Թուրքիայում իսկապես ռազմական հեղաշրջում տեղի կունենա, կամ էլ նա վերջնականապես կփոխի աշխարհիկ իշխանությունը իսլամականի: Թե մի, եւ թե մյուս դեպքում երկրին անկայունություն եւ հետընթաց է սպառնում, ինչն անմիջապես կանդրադառնա թուրքական խորհրդարանի կողմից Արձանագրությունների վավերացման վրա:

Տեղին կլինի ասել, որ, ըստ երեւույթին, Թուրքիայի խորհրդարանը չէր էլ պատրաստվում վավերացնել Արձանագրությունները: Անկարան, ինչպես միշտ, հույս դրել էր եւ շարունակում է դնել շանտաժի եւ սպառնալիքների վրա` չխորանալով խնդրի էության մեջ: Իսկ էությունը կայանում է նրանում, որ հենց Արձանագրություններն էին, որ կարող էին Թուրքիայի համար ճանապարհ բացել դեպի Եվրոպա: Այն, որ հայ-թուրքական հարաբերությունները կկարգավորվեն, դա երկրորդ հարցն է: Գլխավորը սահմանի բացումն էր, սակայն Անկարան դա չհասկացավ կամ էլ չցանկացավ հասկանալ: Բանակում ձերբակալությունները սկսվեցին հենց այն ժամանակ, երբ երկրի ղեկավարությունը հանգեց այն եզրակացությանը, որ միջազգային հանրության վրա արդեն ոչինչ չի ազդում, եւ այն հաստատակամորեն որոշել է հասնել Արձանագրությունների վավերացմանը: Եթե ռազմական հեղաշրջումն իսկապես տեղի ունենա, ապա Հայաստանը շատ անկանխատեսելի եւ վտանգավոր հարեւան ձեռք կբերի, որը, թերեւս, միշտ էլ այդպիսին է եղել: Բայց այժմ վտանգը շատ ավելի մեծ է, եւ ոչ ոք չի կարող ենթադրել, թե ինչով կվերջանա գեներալների եւ AKP դիմակայությունը: Հնարավոր հեղաշրջման արդյունքում մենք քրդա-թուրքական դիմակայության նոր ոլորք կստանանք հայկական սահմանի անմիջական հարեւանությամբ: Իրադրությունն ավելի մանրամասն զննելու դեպքում մի շարք հարցեր են առաջանում, եւ ամենաառաջինը` ինչու 2003 թվականին պատրաստվող հեղաշրջումը չկասեցվեց հենց այն ժամանակ: Թե՞ AKP-ն այն «պահեստում» էր պահում տարածաշրջանում իրադրության չնախատեսված զարգացման դեպքի համար: Քանի դեռ Թուրքիան սրընթաց կերպով թափ էր հավաքում եւ Ռուսաստանի ու ԱՄՆ օգնւթյամբ մոտ ապագայում իսկապես կարող էր տարածաշրջանային տերություն դառնալ, բանակը կառավարության կողմից էր: Համենայնդեպս, այդպես էր թվում: Ավելին, քեմալիզմի պատգամներին հավատարիմ բանակը բոլորովին էլ դեմ չէր Թուրքիայի անդամակցությանը ԵՄ-ին: Ավելին, Հարավային Օսեթիայում օգոստոսյան պատերազմից հետո Թուրքիան հեղինակ էր դարձել այժմ արդեն վերջնականապես մոռացված Կովկասի կայունության Պլատֆորմին: Եւ հենց Թուրքիան էր, որը չգիտես ինչու որոշեց, որ կարող է լուծել ղարաբաղյան հակամարտությունն ու ԵԱՀԿ ՄԽ համանախագահ դառնալ:

Անկարայի նման վարքի մեղավորներից են նաեւ գերտերությունները, որոնք շտապեցին այդ երկիրն Արեւելքից դեպի Արեւմուտք, իսլամից քրիստոնեություն կամուրջ հայտարարել: Եվ միայն Ֆրանսիայի նախագահն է մնացել իր համոզմունքին. Եվրոպան Թուրքիայի տեղը չէ: Իրերի դրությունը մոտավորապես նույնն էր նաեւ 100 տարի առաջ, երբ այն ժամանակվա տերությունների` Գերմանիայի, Ռուսաստանի եւ Մեծ Բրիտանիայի թողտվությամբ Օսմանյան կայսրությունը ներքաշվեց Առաջին աշխարհամարտի մեջ:

Արդյունքում երիտթուրքերը կոտորեցին կայսրության գրեթե ողջ քրիստոնյա բնակչությանը, իսկ դա ոչ միայն հայերն էին, այլեւ հույներն ու ասորիները: Այնուհետեւ եկավ Աթաթուրքը, եւ Թուրքիան կարծես սկսեց «քաղաքակիրթ» պետություն կառուցել, որի վերջը եկավ 50 տարի առաջ` առաջին ռազմական հեղաշրջման ժամանակ: Դրանից հետո եղավ եւս երեք հեղաշրջում` 1971, 1980 եւ 1997 թվականներին: Այնպես որ առանձնապես զարմանալու ոչինչ չկա. Թուրքիայում ռազմական հեղաշրջումներն ավանդույթ են, որ գալիս են դեռեւս ենիչերիներից, որոնք կարող էին գահընկեց անել սուլթանին:

Հենց ռազմական հեղաշրջումները ստիպեցին տերություններին Թուրքիային ավելի զուսպ վերաբերվել. չէ՞ որ ոչ ոք չգիտի, թե ինչ հետեւանքներ կունենա հերթական հեղաշրջումը: Բայց, ամեն դեպքում, այս անգամ միգուցե եւ ոչինչ էլ չկատարվի: Բանակը հայ-թուրքական սահմանի բացման սպառնալիքի առջեւ, իսկ ավելի ճիշտ գերտերությունների կողմից Հայաստանի օժանդակությունը հաշվի առնելով, կարող է եւ բացահայտ դիմակայության չդիմել: Սակայն Արձանագրությունների համար ընտրված առիթն ուղղակի գերազանց է: Ճիշտ է, Անկարան չպետք է մոռանա, որ Երեւանն Արձանագրությունները չեղյալ հայտարարելու համար առիթ չի փնտրելու: Նախօրեին «Միջազգային պայմանագրերի մասին» օրենքի համար ընդունված լրացումները երկրի նախագահին ընձեռում են այդ իրավունքը: Այնպես էր Արձանագրությունների ապագան բավական աղոտ է: Եթե Անկարայի վրա այլեւս չեն ազդում Վաշինգտոնի ուղղակի ազդանշանները, նշանակում է Թուրքիան իսկապես որոշել է, որ կարող է անել այն, ինչ ցանկանում է: Նման դիրքորոշումը հիմնովին խոցելի է եւ հեռահար հետեւանքների կհանգեցնի: Տվյալ դեպքում` ոչ մի լավ բան Անկարայի համար: Եւ որքան էլ հենց Բաքվի լրատվամիջոցները ջանան ցանկալին իրականի տեղ ներկայացնել, թուրքական մամուլն այդ առումով ավելի զգոն է, եւ երբ Մեհմետ Ալի Բիրանդը գրում է, որ Թուրքիան ու Ադրբեջանը դիվանագիտական մեկուսացման մեջ են հայտնվել, նա գիտի, թե ինչ է խոսում:

Կարինե Տեր-Սահակյան / PanARMENIAN News