23 փետրվարի 2010 - 16:33 AMT
ՀՈԴՎԱԾ
Ի՞նչ է սպասվում տարածաշրջանին Թուրքիայում հնարավոր ռազմական հեղաշրջման դեպքում
Վերջին օրերի իրադարձությունները ցույց են տալիս, որ Թուրքիան գրեթե մոտեցել է ճակատագրական սահմանին, որից այն կողմ ռազմական հեղաշրջումն է, կառավարության տապալումն ու զինվորականների իշխանությունը
Թուրքիայի եւ Իսրայելի միջեւ հարաբերությունների սրումը գնալով աճում է, եւ Իսրայելի համար ամենատհաճն այն է, որ նա ոչինչ չի կարող անել: Դավոսի տխրահռչակ պատմությունից հետո տարուց ավել է անցել, սակայն Անկարան այդպես էլ չի կարողանում «ներել» Երուսաղեմին «Ձուլած արճիճ» օպերացիայի համար: Դժվար թե Էրդողանի կառավարությունն այդքան մտահոգված է Գազայում կատարված «հումանիտար աղետով». Մեծ խաղում բոլոր այդ բարության դրսեւորումները ոչ մի նշանակություն չունեն, եթե չեն ծառայում որոշակի նպատակների:

Իսկ Թուրքիայի նպատակը, դատելով նրա վարքից, մեկն է` ստիպել Իսրայելին խոնարհվել, ինչն էլ բավական ակնհայտ կերպով ցուցադրվեց Ստամբուլում: Ստամբուլի արվարձաններից մեկում կռունկի վրա ամրացվել է մի ցուցապաստառ, որում պատկերված Իսրայելի նախագահ Շիմոն Պերեսը մինչեւ գոտկատեղը խոնարհվում է վարչապետ Էրդողանի առջեւ: Ցուցապաստառի տեղադրումն ուղեկցվել է զանգվածային ազգային երթով:

Թուրքիայի վարչապետը պետք է այդ նույն շրջան ժամաներ նոր ճանապարհը շահագործման հանձնելու արարողությանը մասնակցելու համար: Նախքան իր ժամանելը Պերեսին պատկերող ցուցապաստառը վերացրեցին:

Թուրքական թերթերը պնդում են, որ ցուցապաստառի ցուցադրությունը Թել-Ավիվում թուրք դեսպանի հրապարակային ստորացման պատասխանն էր, երբ Իսրայելի արտաքին գործերի նախարարի տեղակալ Դանի Այալոնը կանխամտածված կերպով նրան ցածր ոտքերով աթոռ տրամադրեց նստելու համար, հաղորդում է MIGnews-ը:

Բայց արդյո՞ք դա այդպես է: Ըստ ամենայնի, Անկարան պարզապես Իսրայելի հաշվին փորձում է շահել հայ-թուրքական Արձանագրությունների վերաբերյալ ԱՄՆ դիրքորոշման հարցում: Առավել եւս, որ Իսրայելի վրա ճնշում գործադրելու շատ հզոր լծակ ունի` ջուրը: Ջուրը Մերձավոր Արեւելքում շատ ավելի բարձր է գնահատվում, քան նավթը, գազը եւ այլ բնական պաշարները: Իսրայելին կարելի է շատ արագ ծնկաչոք անել` փակելով Եփրատը: Հենց այդ պատճառով Երուսաղեմն այդքան զգուշավոր է Թուրքիայի համար խիստ ցավոտ հարցերում, հատկապես Հայոց ցեղասպանության ճանաչման հարցում: Մեծ անակնկալ կլինի, եթե Քնեսեթը, այնուամենայնիվ, ընդունի Հայոց ցեղասպանության ճանաչման մասին Հայիմ Օրոնի ներկայացրած բանաձեւը, չնայած, որ Իսրայելում բոլորն էլ գիտեն, թե իրականում ինչ է տեղի ունեցել 1915 թվականին Օսմանյան կայսրությունում: Գրեթե նույն մակարդակում է իրերի դրությունը նաեւ իսրայելա-ադրբեջանական հարաբերություններում: Թուրքիան ջուրն է, Ադրբեջանը` նավթը: Փոքր երկրի համար թշնամական արաբական աշխարհի օվկիանոսում դա ֆիզիկական գոյատեւման հարց է: ԱՄՆ-ն` իր ողջ աջակցությամբ հանդերձ հեռու է, իսկ Թուրքիան կողքն է, եւ եթե նա վերջնականապես Իրանի եւ ողջ իսլամական աշխարհի կողմն անցնի, Իսրայելի բախտը չի բերի: Հենց դրանով են բացատրվում Իսրայելի ղեկավարության` հաճախակի դարձած այցերը Մոսկվա:

Սակայն Երուսաղեմը, այնուամենայնիվ, չպետք է այդպես լուրջ հույսեր կապի Անկարայի հետ: Վերջին օրերի իրադարձությունները ցույց են տալիս, որ Թուրքիան գրեթե մոտեցել է ճակատագրական սահմանին, որից այն կողմ ռազմական հեղաշրջումն է, կառավարության տապալումն ու զինվորականների իշխանությունը: Նման բան արդեն պատահել է, եւ նման սցենարով Թուրքիայում ոչ մեկին չես զարմացնի: Ճիշտ է նաեւ այն, որ քեմալիզմի գաղափարներն արդեն հնացել եւ սպառել են իրենց, քանի որ Թուրքիան, այդուհանդերձ, մահմեդական երկիր է, որքան էլ դրան հակառակվում էր Աթաթուրքը: Բայց հարկ է նաեւ նշել, որ գաղափարը կանգուն է արդեն ավելի քան 70 տարի, իսկ դա Արեւելքի համար բավական շատ է: Արդարության եւ զարգացման կուսակությունը, բնականաբար, օժանդակություն ունի ժողովրդի շրջանում, բայց ոչ պակաս աջակցություն ունի նաեւ բանակը: Ամբողջ հարցը նրանում է, թե ով կկարողանա ավելի լավ օգտվել ոչ մեծ առավելությունից: 50 բարձրաստիճան սպաների ձերբակալությունը շատ բան է ասում: Եւ եթե Թուրքիայի Գլխավոր շտաբի պետը` մի մարդ, առանց որի չի ընդունվել եւ այժմ էլ չի ընդունվում ոչ մի կարեւոր որոշում, բանակին համբերության է կոչ անում, ապա դա նույնպես շատ բանի մասին է խոսում:

Մերձավոր Արեւելքում սպասվող փոփոխությունները, իսկ այն հարցում, որ դրանք կատարվելու են, կասկածելու առիթ չկա, բնականաբար, առաջին հերթին կանդրադառնան Հայաստանի վրա: Եւ անմիջապես հարց է ծագում` եթե Թուքիան ընդհանուր հաշվով կայուն պետություն չէ, ապա ինչու է պետք վավերացնել Արձանագրություններն ու բացել սահմանը: Երեւանն ավելորդ գլխացավի կարիք բոլորովին չունի: Արդյո՞ք ավելի լավ չի լինի սպասել Թուրքիայի արտահերթ համընդհանուր ընտրություններին, որոնք, ըստ ամենայնի, հեռու չեն: Եւ արդեն նոր խորհրդարանի հետ որոշել` արդյոք արժե վավերացնել փաստաթղթերը, թե ոչ: Դրանից պարզ կլինի նաեւ` ինչպես կառուցել հարաբերություններն Իսրայելի հետ, որոնց կարիքը Հայաստանն այնքան էլ չունի, բայց առանց դրա էլ չի կարելի: Մի խոսքով, մենք ինչպես միշտ ավելի շատ կախված ենք Թուրքիայից, քան Ռուսաստանից կամ ԱՄՆ-ից: Եւ դարձյալ պարզ աշխարհագրության շնորհիվ...

Կարինե Տեր-Սահակյան / PanARMENIAN News