18 փետրվարի 2010 - 17:17 AMT
ՀՈԴՎԱԾ
Մի քանի տարի հետո «ART-EXPO» ցուցահանդեսը կարող է անցկացվել Հայաստանից դուրս
Շաբաթվա հիմնական մշակութային իրադարձությունները` փետրվարի 8-15-ը
Անցած շաբաթ Երեւանում անցկացվեց «ART-EXPO» երկրորդ մշակութային ցուցահանդեսը: Այն յուրօրինակ հաշվետվություն էր ավելի քան 50 հայկական մշակութային կազմակերպությունների 2009 թ-ում կատարված աշխատանքի մասին: Ցուցահանդեսի կազմակերպիչները, մասնավորապես ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը, նշել էին առաջին եւ երկրորդ ցուցահանդեսների միջեւ եղած տարբերությունը. «Նախորդ տարի ցուցահանդեսին մասնակցել էր 20 կազմակերպություն, իսկ այս տարի նրանց թիվը հասել է 50-ի: Ես հույս ունեմ, որ մի քանի տարի հետո մենք կկարողանանք այդ ցուցահանդեսն անցկացնել արտասահմանում, ինչը մեզ համար մեծ նվաճում կլինի»:

Ցուցահանդեսի բացման արարողությանը ներկա էր նաեւ Սերժ Սարգսյանը:

«ART-EXPO 11» ցուցահանդեսը հավակնում է լինել եթե ոչ ավելի լավը, ապա առնվազն չի զիջի 2010 թ-ի ցուցահանդեսին, քանի որ տարբեր հայկական մշակութային կազմակերպություններ արդեն նվաճումներ եւ նախագծեր ունեն ընթացիկ տարվա համար:

Նրանցից առաջինը` Հայաստանում մայրենի լեզվին տարվան նվիրված միջոցառումներն են, որի շրջանակներում ՀՀ-ի սփյուռքի նախարարությունը կազմակերպում է տարբեր միջոցառումներ` սկսած Մեսրոպ Մաշտոցի շիրիմին այցելությունից եւ ավարտած «Մեր լեզուն մեր Հայրենիքն է» թեմայով դպրոցական շարադրությունների մրցույթով:

Եւս մեկ ուրախալի իրադարձություն դարձավ փետրվարի 21-ը` այն հռչակվեց «Մայրենի լեզվի օր»:

«ART-EXPO» ցուցահանդեսի ընդլայնման վերաբերյալ մշակույթի նախարարի հույսերը կարող են իրականություն դառնալ, եթե հաշվի առնենք Հայաստանի եւ Իրանի միջեւ մշակութային կապերի զարգացման թափը: Երկու երկրների միջեւ անցած շաբաթ ստորագրվել է մշակութային համագործակցության ծրագիր 2010-2012 թթ. համար:

Ցուցահանդեսն ընդլայնելու գործին կնպաստի նաեւ Ռուսաստանի հայերի տարբեր մշակութային միջոցառումների ակտիվ կազմակերպումը: Ապրիլի 3-ին Մոսկվայում տեղի կունենա «Վերելք: Հայ երիտասարդ տաղանդները» երկրորդ ամենամյա փառատոնը, որտեղ մինչեւ 18 տարեկան պատանիները եւ աղջկները կմրցեն 5 տարբեր անվանակարգերում. հայկական ժողովրդական երգի լավագույն կատարում, հայկական էստրադային երգի լավագույն կատարում, օտար լեզվով լավագույն երգի կատարում, ջազի լավագույն կատարում, հայկական ժողովրդական պարի լավագույն բեմադրություն:

Մոտավորապես այդ ժամանակահատվածում կսկսվեն հայ-ռուսական «Ալավերդի» գեղարվեստական ֆիլմի նկարահանումները, հաղորդում է Հայաստանի ազգային կինոկենտրոնի տնօրեն Գեւորգ Գեւորգյանը: Ֆիլմի ֆինանսավորման մի մասը իր վրա կվերցնի ռուսական կինոհանձնաժողովը, որը վերջնական գնահատական կտա ֆիլմի սցենարին: Ֆիլմի ռեժիսորն է Մարինե Սահակյանը: Ֆիլմը կֆինանսավորեն նաեւ հայկական եւ ֆրնասիական կողմերը:

«ART-EXPO» ցուցահանդեսում հատուկ ուշադրության կենտրոնում էին Կոմիտասի եւ Հովհաննես Թումանյանի հոբելյանական միջոցառումների տաղավարները: 2010 թ-ը հարուստ է հոբելյաններով, եւ ցուցահանդեսում այդ թեմայով ներկայացված էին շատ նյութեր:

Լրացավ գրող եւ հրապարակախոս Հրանտ Մաթեւոսյանի 75-ամյակը: ՀՀ-ի վարչապետը, գրողի ընկերները, բարեկամներն ու նրա տաղանդի երկրպագուները հարգանքի տուրք մատուցեցին նրա հիշատակին: Փետրվարի 12-ին տեղի ունեցավ գրողի հուշ-երեկոն, որի ժամանակ կայացավ «Հրանտ Մաթեւոսյան» ֆիլմի շնորհանդեսը:

Վարչապետը նաեւ ծաղիկներ դրեց Վահան Տերյանի շիրիմին, որի 125-ամյակը նշվելու է այս տարի: Պոետի հոբելյանի կապակցությամբ կառավարական հոբելյանական հանձնաժողովը ավանդական «Տերյանական օրերը» կանցկացնի նրա հայրենի գյուղում` Գանձայում, ինչպես նաեւ Օրենբուրգում: Օրերի շրջանակներում կկազմակերպվի ուսանողական մրցույթ փառատոն, կհրատարակվի հուշանվեր ժողովածու, «Վահան Տերյան» հանրագիտարանը, կսահմանվի Վահան Տերյանի անվան ուսանողական կրթաթոշակ, կթողարկվեն դրոշմանիշներ եւ «Բարին հիշեք ինձ ձեր սրտերում» գիրք-օրացույցը եւ այլն: Այսպիսով, այդ տաղավարը հավակնում է դառնալ լավագույնը որեւէ անվանակարգում, ինչպես այս տարի դարձավ Հովհաննես Թումանյանի տուն-թանգարանը ներկայացնող տաղավարը:

Եվս մեկ նորույթ 2011 թ-ի ցուցահանդեսում կարող է դառնալ հայկական ռոքը ներկայացնող տաղավարը: Փետրվարի 26-ին տեղի կունենա «Rock star»թերթի շնորհանդեսը: Դա առաջին թերթն է Հայաստանում, որը կպատմի ռոքի եւ նրա հայկական ու արտասահմանյան կատարողների մասին: Եվ անկասկած, թերթի հեղինակները անուշադրության չեն մատնի այնպիսի իրադարձություն, ինչպիսին է System of a Down խմբի նախկին մենակատար Սերժ Թանկյանի Elect hte Dead Symphony նոր ալբոմի շնորհանդեսը, որը թողարկվեց անցյալ տարվա մարտի 16-ին, որի ժամանակ Թանկյանը երգեր էր կատարում Օքլենդի ֆիլհարմոնիկ նվագախմբի ուղեկցությամբ:

2006 թ-ից ի վեր Հայաստանը եվրոպական հանրությանը ներկայացնելու եւս մեկ հնարավորություն դարձավ Եվրատեսիլ երաժշտական մրցույթը: Տաղավարներից մեկում կարելի էր տեսնել բուկլետ, որտեղ ներկայացված էր Եվրատեսիլ 2009-ին Ինգա եւ Անուշ Արշակյանների մասնակցությունը: Այս տարի Հայաստանը Եվրատեսիլում կներկայացնի Եվա Ռիվասը, որը հանդես կգա «Apricot Stone» երգով:

Ելնելով միջոցառումների քանակից, կարելի է եզրակացնել, որ «ART-EXPO 11» ցուցահանդեսի այցելուները կտեսնեն տաղավարների ավելի մեծ բազմազանություն, որոնք կներկայացնեն տարբեր մշակութային կազմակերպությունների գործունեությունը ինչպես Հայաստանում, այնպես էլ արտերկրում:

Մանե Ամիրջանյան / PanARMENIAN News