15 փետրվարի 2010 - 17:32 AMT
ՀՈԴՎԱԾ
Երեւանի փողոցներում ու խաչմերուկներում շուրջ 3000 ճանապարհային նշան է պակասում
Հայաստանում գողերը հետաքրքրություն են դրսեւորո՞ւմ ճանապարհային նշանների հանդեպ
Ճանապարհային նշանների ու լուսանշանների բացակայությունը խաչմերուկներում, սխալ գծշանշումները, որոնք երբեմն մեկ գիշերվա մեջ են հայտնվում եւ հանգեցնում են ճանապարհային երթեւեկության կանոնների խախտմանը, արդեն սովորական են դարձել Երեւանի վարորդների համար: Անհեթեթ ճանապարհային նշանների լուսանկարները հեգնանքի առարկա են դարձել զգոն երեւանյան վարորդների բլոգերում: Սակայն հումորը հումորով, իսկ Երեւանի ճանապարհներին, ըստ ՀՀ ճանապարհային ոստիկանության, պակասում է շուրջ 3000 ճանապարհային նշան, իսկ շարքից դուրս եկած լուսանշանները խցանումների ու վթարների պատճառ են դառնում:

«2009թ. մենք կատարեցինք եւ նույնիսկ գերակատարեցինք ճանապարհային ոստիկանության սահմանած պլանը` տեղադրելով 2500 ճանապարհային նշան, 7 լուսանշանային օբյեկտներ եւ կատարելով 1,3 մլն մետր գծանշումներ»,-հաղորդում է «Լուսանշան» ընկերության գլխավոր ինժեներ Հակոբ Ալթունյանը, որը զբաղվում է լուսանշանների եւ ճանապարհային նշանների շահագործման հարցերով: Իսկ ընթացիկ տարում պետք է անել ավելին` տեղադրել 3500 ճանապարհային նշան եւ 17 լուսանշանի օբյեկտ, որը ներառում է 139 լուսադիոդային լուսացույցներ տրանսպորտային միջոցների համար եւ 110 լուսանշան հետիոտնի համար, ինչպես նաեւ 300 ժամային մեխանիզմով լուսանշան` հետհաշվարկով:

Սակայն այս բոլոր աշխատանքները, գտնում է «Աքիլես» վարորդների իրավունքների պաշտպանության հասարակական կազմակերպության ղեկավար Էդուարդ Հովհաննիսյանը, լոկալ բնույթ են կրում: Նա պատմել է, որ 1987թ. ի վեր Հայաստանում երթեւեկության կանոնակարգման ոչ մի համալիր միջոցառում չէր անցկացվել, այսինքն վերջին անգամ դա կատարվել է դեռ խորհրդային տարիներին: «Մենք չունենք կանոնակարգված ճանապարհային երթեւեկության կանոններ եւ բախվում ենք խնդիրների հետ արդեն քաղաքի փոքր կենտրոնում, էլ չասած ծայրամասերի մասին»,-գտնում է Է.Հովհաննիսյանը:

«Անցյալ տարվանից ի վեր մենք տարբերություն չենք դնում լուսանշանների եւ ճանապարհային նշանների տեղադրման հարցում, լինի դա կենտրոնում, թե ծայրամասերում: 2010-ին մենք արդեն տեղադրել ենք 41 նշան տարբեր շրջաններում: Սակայն մենք չենք որոշում, թե որտեղ է դրվելու նշանը: Ամեն ինչ կատարվում է ճանապարհային ոստիկանության պատվերով` ճանապարհի լայնության, հետիոտների թվաքանակի չափումների առումով»,-ասել է «Լուսանշանի» գլխավոր ինժեներ Հակոբ Ալթունյանը: Ըտ նրա, 2010թ. նախատեսվում է կատարել շուրջ 2 մլն մետր գծանշում: Սակայն գծանշումները եւս վեճերի առիթ են դառնում վարորդների եւ ոստիկանների միջեւ: Օրինակ, Արշակունյաց պողոտայում, տրամվայի հին պարկի մոտ երրորդ գծում շրջադարձի նշան կա: Սակայն իրականում այդ տեղով ընթացող վարորդը չի կարող շրջադարձ կատարել, իսկ անցնել այլ գիծ նա չի կարող գծանշման պատճառով: Եվ նման օրինակները բազում են»,-ասել է Է.Հովհաննիսյանը:

Սակայն Հ.Ալթունյանը եւս օրինակներ ունի, որոնք հաստատում են վարորդի մեղքը սխալ գծանշումների հայտնվելու եւ ճանապարհային նշանների անհետացման գործում: «Երբ մենք ավարտում ենք աշխատքնը, մարդիկ վերցնում են սեւ ներկը եւ ներկում են նշված գծերը: Նրանք կարող են նույնիսկ փոխել ճանապարհային նշաննների տեղերը կամ ուղղակի վերացնել դրանք: Այդպես Խորենացու եւ Քրիստոփորի փողոցների խաչմերուկում մարդիկ փոխել են մուտքը արգելող նշանը, իսկ Մաշտոց-Պուշկին խաչմերուկում պարբերաբար ներկվում է դեպի աջ շրջադարձ ցույց տվող գծանշումը: Իսկ գլխավորն այն է, որ ոչ ոքի ձեռքը չես կարող բռնել եւ պատժել էլ չես կարող: Ուստի նշաններն անընդհատ անհետանում են, իսկ գծանշումը ջնջվում է»:

Այսպիսով ստացվում է, որ կամ մեղավորներ չկան, կամ բոլորն են մեղավոր, չէ որ մեղքը իրար վրա բարդելով չի կարելի աշխատել: Մինչդեռ Հայաստանում գրանցվում են նոր ճանապարհատրանսպորտային պատահարներ: Արդեն հունվարին ՀՀ-ում գրանցվել է 153 ճանապարհատրանսպորտային պատահար, այդ թվում երթուղային տաքսու վթար: Սա պաշտոնական վիճակահանությունն է, որը ներկայացրել է ՀՀ ոստիկանությունը:

Մանե Ամիրջանյան / PanARMENIAN News