9 փետրվարի 2010 - 18:15 AMT
ՀՈԴՎԱԾ
Իսրայելն անմասն չի մնա Մեծ Մերձավոր Արեւելքում ընթացող գործընթացներից
Տեսականորեն Թուրքիան ու Իսրայելը դեռեւս ռազմավարական գործընկերներ են, քանի դեռ Անկարան վերջնականապես չի որոշել, թե ո՞րն է կարեւոր` արաբական աշխարհը թե հրեական պետությունը
Գազայի հատվածում «Ձուլածո արճիճ» գործողությունից հետո Իսրայելը զգալիորեն ակտիվացել է տարածաշրջանում: Եթե հաշվի չառնենք Թուրքիայի հետ «վատթարացող» հարաբերությունները, ապա պաշտոնական Թել Ավիվի քաղաքականությունը միանգամայն հասկանալի է` տարածաշրջանում զգալի փոփոխություններ են նախանշվում, որոնք կապված են ինչպես բուն հրեական պետության, այնպես էլ` Մեծ Մերձավոր Արեւելքի հետ: Այդ ֆոնի վրա ԱԳՆ ղեկավար Ավիգդոր Լիբերմանի հայտարարությունները Բաքու կատարելիք այցից առաջ ընկալվում են շատ ավելի լուրջ, քան կան իրականում:

Միեւնույն ժամանակ, հարկ է նշել, որ ոչ մի բարձրաստիճան քաղաքական գործչի այց Բաքու չի անցնում առանց ղարաբաղյան հակամարտության կարգավորման հիշատակման: Ահա եւ Լիբերմանն որոշեց իր լուման ներդնել եւ հայտարարեց, որ «ղարաբաղյան հակամարտությունը չափազանց նուրբ խնդիր է, որը չպետք է քննարկվի հասարակությունում եւ ԶԼՄ-ներում»: Ավելին, նա անբավարար է համարում միջազգային կազմակերպությունների գործունեությունը ղարաբաղյան կարգավորման գործում: Նրա բոլոր արտահայտություններն ի վերջո հանգեցին մեկ եզրահանգման` Ադրբեջանն Իսրայելի լուրջ ու հուսալի գործընկերն է: Այդ երկրներն, ըստ նրա, շատ նմանություններ ունեն, նրանց երկկողմ հարաբերությունները զարգանում են արագ տեմպերով:

Լիբերմանի հայտարարությունները պետք է դիտարկել ոչ միայն իսրայելա-ադրբեջանական հարաբերությունների համատեքստում, այլ նաեւ, ինչն առավել կարեւոր է, իսրայելա-թուրքական հարաբերությունների տեսակետից: Տեսականորեն Թուրքիան ու Իսրայելը դեռեւս ռազմավարական գործընկերներ են, քանի դեռ Անկարան վերջնականապես չի որոշել, թե ո՞րն է կարեւոր` արաբական աշխարհը թե հսկայական նկրտումներ ունեցող փոքր հրեական պետությունը: Ընդ որում, Թուրքիայի կառավարությունն այս դեպքում ոչինչ կարող է չձեռնարկել` երկրում աճող հակասեմիթիզմն իրենը կանի: Սակայն թուրքական կողմի «գլխավոր փաստարկը», անշուշտ, ԱՄՆ-ի, եւ հետեւաբար, Իսրայելի կողմից Հայոց ցեղասպանության հնարավոր ճանաչումը կլինի: Ճիշտ է, կա եւս մի բան, դեռեւս անհավանական թվացող` Իսրայելը եւս կարող է տարածաշրջանային տերություն դառնալ միայն այն պատճառով, որ միջուկային ռումբ ունի, իսկ Թուրքիան ու Իրանը` դեռ ոչ: Պետք է նշել նաեւ, որ ռազմական առումով թուրքական բանակի համեմատ, փոքրաթիվ իսրայելյան բանակը բավականին հզոր եւ մոբիլ է: Դե գրեթե ինչպես հայկական բանակն ադրբեջանական բանակի համեմատ...

Այս առնչությամբ Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանի առաջիկա այցը Երուսաղեմ նոր իմաստ է ստանում: Նման այցը, նույնիսկ եթե այն բնորոշվում է որպես մասնավոր, հաճախ շատ ավելի մեծ նշանակություն եւ արդյունավետություն կարող է ունենալ, քան պաշտոնական հանդիպումները: Ամեն դեպքում, ՀՀ վարչապետը հավանաբար կհանդիպի Իսրայելի ղեկավարության ներկայացուցիչների, եւ գուցե, նաեւ իր պաշտոնակից Բինյամին Նեթանյահուի, ինչպես նաեւ Ավիգդոր Լիբերմանի հետ: Չէ որ ի վերջո, հրավերը ստացվել է Իսրայելի ԱԳՆ-ից:

Հնարավոր է, որ քննարկվի Երեւանում Իսրայելի դեսպանատան բացման հարցը: Թե որքան է դա անհրաժեշտ, դեռեւս դժվար է ասել, սակայն Հայաստանն Իսրայելի համար կարող է օգտակար լինել Իրանի հետ հարաբերությունների սրման դեպքում: Իսկ այն, որ դա այդպես էլ կլինի, կասկած չի հարուցում: Իրանի հետ պատերազմի մասին Երուսաղեմում խոսվում է բացահայտ կերպով: Իսրայելը պետք է ապահովի իր թիկունքի անվտանգությունը, որովհետեւ դեռեւս պարզ չի, թե ինչպես կվարվեն Թուրքիան ու Ադրբեջանը ռազմական գործողությունների ծավալման դեպքում: Այսինքն ինչը կգերակշռի` իսլամական համերաշխությունը, թե դարավոր բարեկամության հավաստիացումները: Ահա այստեղ է, որ կարող է պետք գալ Երեւանը, առավել եւս, որ երկու պետություններն այդքան նմանություններ ունեն: Եվ Ամերիկայից ստացվող օգնության քանակով զբաղեցնում են ԱՄՆ բյուջեի վերին հորիզոնականները: Մի խոսքով, կապրենք` կտեսնենք: Մի բան միայն պարզ չէ` Հայաստանը ի՞նչ կստանա, եթե այստեղ Իսրայելի դեսպանատուն բացվի: Իսրայելում հայերը շատ ավելի շատ են, քան հրեաները` Հայաստանում, սակայն Երեւանն այնտեղ կարծես թե չի պատրաստվում դեսպանատուն բացել:

Կարինե Տեր-Սահակյան / PanARMENIAN News