30 հունվարի 2010 - 14:14 AMT
ՀՈԴՎԱԾ
Այս շաբաթ Հայաստան այցելեցին երեք երկրների` Իրանի, Վրաստանի ու Իտալիայի պատվիրակությունները
Հունվարի 25-31 ընկած շաբաթվա տնտեսական հիմնական իրադարձությունների ամփոփում
Այս շաբաթ Հայաստան այցելեցին երեք երկրների` Իրանի, Վրաստանի ու Իտալիայի պատվիրակությունները, րոնց հետ մեր երկիրը որոշակի առեւտրատնտեսական ու քաղաքական հարաբերություններ ունի: Յուրաքանչյուր երկրի պատվիրակությունն իր շահերն է հետապնդում, Հայաստանը` իր: Հայ-իրանական հարաբերություններում հանրապետության ամենագլխավոր առաջնահերթություններից մեկը Իրան-Հայաստան երկաթուղու շինարարությունն է: Այդ մասին, ընդունելով Իրանի ԱԳ նախարար Մանուչեհր Մոթթաքիին եւ նրա գլխավորած պատվիրակությանը, հայտնեց Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը:

«Երկաթուղու կառուցումը մեր առաջնահերթություններից մեկն է: Երկու երկրների նախագահների միջեւ արդեն ձեռք բերված պայմանավորվածություններ կան: Այդ ծրագրը լուրջ սոցիալական, տնտեսական ու քաղաքական նշանակություն ունի»,- ասաց ՀՀ վարչապետը:

Կողմերն ընդգծեցին նաեւ Հայաստանի ու Իրանի կոմերցիոն կառույցների, պետական ու մասնավոր կազմակերպությունների միջեւ համագործակցության ամրապդնման, համատեղ ներդրումների խրախուսման, զանազան խորհրդաժողովների, բիզնես-ֆորումների եւ այլ միջոցառումների կազմակերպման ակտուալությունը: Սարգսյանն ու Մոթթաքին անդրադարձան նաեւ երկկողմ ապրանքաշրջանառության հետ կապված հարցին եւ այդ առիթով կարեւոր համարեցին մաքսային ընթացակարգերի պարզեցումը:

Երեւանում հայ-իրանական միջկառավարական հանձնաժողովի 9-րդ նիստի ընթացքում անդրադարձ եղավ երկու երկրների միջեւ իրականացվող այնպիսի կարեւոր նախագծերին, ինչպիսիք են Մեղրիում ՀԷԿ կառուցումը, ինչպես նաեւ Հայաստան-Իրան նավթատարի ու հեղուկ վառելիքի տերմինալի կառուցումը: Իսկ Հայաստան-Իրան երկաթուղու շինարարության ոլորտում կողմերը որոշեցին տեխնիկատնտեսական հարցերի ավարտից եւ ֆինանսական հարցերի լուծումից հետո սկսել երկաթուղային ճանապարհի կառուցումը` հայկական կողմը` Հայաստանի, իրանական կողմը` Իրանի տարածքում:

Այդ կապակցությամբ Իրանի ԱԳ նախարար Մանուչեհր Մոթթաքին հայտնեց, որ այդ երեք ռազմավարական իմաստով կարեւոր նախագծերի իրականացումը զգալիորեն կփոխի Իրանի եւ Հայաստանի միջեւ հարաբերությունները: «Մենք ուրախ ենք, որ Հայաստանն այդ նախագծերի միջոցով առանցքային դեր կստանա տրանսպորտա-էներգետիկ հաղորդակցության տեսակետից»,- ասաց Իրանի ԱԳՆ ղեկավարը:

Երեւանում հայ-իրանական միջկառավարական հանձնաժողովի 9-րդ նիստի արդյունքներով հայ-իրանական ներդրումային կոմիտեի ստեղծման վերաբերյալ փոխըմբռնման մասին Հուշագրեր են ստորագրվել: Ինչպես նշեց Հայաստանի էներգետիկայի ու բնական ռեսուրսների նախարար Արմեն Մովսիսյանը, ստորագրված փաստաթղթերը նոր հնարավորություններ են ընձեռում Հայաստանի ու Իրանի միջեւ համագործակցության ընդլայնման համար եւ ներառում են բազմաթիվ ոլորտներ` դրանով իսկ հեռանկարներ ստեղծելով երկկողմ հարաբերությունների խորացման համար: «Վստահ եմ, որ ստորագրված փաստաթղթերի միջոցով հանձնաժողովի 10-րդ նիստում, որը տեղի կունենա Իրանում, մենք դրական տեղաշարժեր կարձանագրենք»,- ասաց Հայաստանի նախարարը:

Իրանի արտգործնախարար Մանուչեհր Մոթթաքին նշեց, որ Հայաստանն ու Իրանը ձգտում են որքան հնարավոր է արագ արդյունքի հասնել բանակցություններում եւ համագործակցություն հաստատել նոր ոլորտներում: Այդ առիթով նա ավելացրեց, որ Հայաստանի ու Իրանի ղեկավարներն անհրաժեշտ քաղաքական կամք ունեն երկկողմ հարաբերությունների զարգացման ու խորացման համար:

Այս շաբաթ Երեւանում անցկացվեց հայ-վրացական տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 8-րդ նիստը: Նիստի ընթացքում կողմերը կքննարկեն հարցեր, որոնք վերաբերվում են հանձնաժողովի 7-դ նիստի արձանագրությունների կատարման ընթացքին, երկրների միջեւ պայմանագրային-իրավական բազայի զարգացմանը, Հայաստանի եւ Վրաստանի միջեւ պետական սահմանազատմանը, եւ առեւտրա-տնտեսական, տարածաշրջանային համագործակցության զարգացման ապագա հեռանկարները: «Ես ուրախ եմ հայտնել, որ մենք համաձայնության ենք եկել Հայաստանի եւ Վրաստանի միջեւ միջկառավարական նիստի օրակարգում ընդգրկված բոլոր հարցերի շուրջ»,- հայտարարել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը Վրաստանի վարչապետ Նիկա Գիլաուրիի հետ համատեղ Երեւանում տեղի ունեցած մամլո ասուլիսում: Ըստ ՀՀ վարչապետի, այդ հանդիպումը կաջակցի երկկողմ հարաբերությունների զարգացմանը:

Իր հերթին Վրաստանի վարչապետ Նիկա Գիլաուրին նկատեց, որ 8-րդ նիստի ժամանակ տեղի է ունեցել արդյունավետ քննարկում հարցերի լայն շրջանակի շուրջ եւ հույս է հայտնել, որ 9-րդ նիստը նույնքան արդյունավետ կլինի: «9-րդ նիստը տեղի կունենա Վրաստանում եւ ես հաճույքով հրավիրում եմ Հայաստանի վարչապետին մեր երկիր»,- ընդգծեց նա:

Համատեղ մամլո ասուլիսում անդրադարձ եղավ տարածաշրջանային հակամարտությունների կարգավորման հարցին: «Վրաստանը ողջունում է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումն ու երկու պետությունների միջեւ սահմանի բացումը, ինչպես նաեւ տարածքային բոլոր հակամարտությունների կարգավորումը», - հայտարարել է Վրաստանի վարչապետ Նիկա Գիլաուրին: Վրաստանի վարչապետի խոսքերի համաձայն, հայ-թուրքական սահմանի բացումը չի ազդի Վրաստանի միջով հայկական բեռների փոխադրման սակագների վրա: «Սակայն ճանապարհների դիվերսիֆիկացումն ու հաղորդակցությունը օգուտ կբերեն բոլորին», - ընդգծել է Նիկա Գիլաուրին:

Ինչպես հաղորդել է Գիլաուրին, Հայաստանի ու Վրաստանի հարաբերություններն էներգետիկայի ոլորտում բարձր մակարդակի վրա են եւ արդեն համաձայնագիր է ստորագրվել 400 կՎտ հզորության բարձր լարման էլեկտրահաղորդիչ գծերի մասին:

Բացի դրանից, Հայաստանի եւ Վրաստանի միջեւ տեղի ունեցած տնտեսական հարցերով հանձնաժողովի միջկառավարական նիստի ժամանակ քննարկվել է Ջավախքից Բաթումի տանող ճանապարհի վերականգնման հարցը: Այդ հարցը «Հյուսիս-Հարավ» մայրուղու կառուցման ծրագրի մասն է կազմում:

Հայաստանի էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանի հրավերով Հայաստանում երկօրյա աշխատանքային այցով գտնվու էր Իտալիայի տնտեսական զարգացման նախարարի տեղակալ Պաուլո Ռոմանիի գլխավորած պատվիրակությանը: Պատվիրակության կազմի մեջ մտնում էին հեռուստատեսության ներկայացուցիչներ, հեռուստա- եւ ռադիոհեռարձակման թվայնացման, լայնաշերտ Ինտրնետի եւ փոստային ծառայությունների փորձագետներ` Elsag Datamat of Finmeccanica իտալական խոշորագույն ընկերության ներկայացուցիչները:

Իր այցի շրջանակներում իտալական պատվիրակության ներկայացուցիչները հանդիպեցին Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանի, էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանի, տրանսպորտի եւ կապի նախարար Գուրգեն Սարգսյանի, Հասարակական ծառայությունների կարգավորման հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանի եւ նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Միքայել Մինասյանի հետ:

«Հայաստանը չի կարող հետ մնալ աշխարհից հեռուստա- եւ ռադիոհեռարձակման թվայնացման ոլորտում, իսկ մեր փորձը կօգնի պաշտպանելու սպառողների իրավունքները»,- Երեւանում կայացած հայ-իտալական համատեղ մամլո ասուլիսում հայտնեց Իտալիայի տնտեսական զարգացման նախարարի տեղակալ Պաուլո Ռոմանին: Այդ առիթով Իտալիայի պաշտոնյան նշեց, որ թվային հեռուստա- եւ ռադիոհեռարձակման ներմուծումը մեծ հեղաշրջում է, որը դեռեւս լիարժեք չի ավարտվել նույնիսկ ինքնին Իտալիայում, որը 56 մլն բնակչություն ունի:

Հայաստանի էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանն իր հերթին ավելացրեց, Իտալիայի փորձը մեծ հետաքրքրություն է ներկայացնում Հայաստանի համար, քանի որ Իտալիան Եվրոպայի առաջատար երկրների շարքին է դասվում, որը զգալի արդյունքների է հասել այդ ոլորտում: «Իտալացի մասնագետներն այնքան ազնիվ էին, որ կիսվեցին անգամ հեռուստա- եւ ռադիոհեռարձակման թվայնացման ճանապարհին կատարած իրենց սխալներով»,- նկատեց նա:

Հայաստանում գտնվելու երկրորդ օրը իտալական պատվիրակությունն այցելեց Գյումրի, որտեղ ծանոթացավ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի զարգացման, այդ թվում` լայնաշերտ Ինտերնետ-ցանցի զարգացման հեռանկարներին:

Հանդիպման ընթացքում, որին մասնակցում էին նաեւ ՀՀ էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանը, քննարկվեցին երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր, որոնք վերաբերում են, մասնավորապես, ինտերնետ հասանելիությանը, երկաթուղուն, ճանապարհաշինարարությանը: Իտալական պատվիրակությանը ներկայացվեց Գյումրիում տեխնոպարկի զարգացման ծրագիրը:

Պ. Ռոմանին նշել է, որ Հայաստանին օժանդակություն ցուցաբերելու համար ստեղծված են բոլոր պայմանները, որ Իտալիայում կան ճանապարհաշինարարության ոլորտում հայտնի խոշոր ընկերություններ, որոնք կմասնակցեն «Հյուսիս-Հարավ» ավտոմայրուղու կառուցման համար հայտարարվելիք միջազգային մրցույթին: Փոխնախարարը չբացառեց իտալական ընկերությունների մասնակցությունը նաեւ Հայաստանում երկաթուղային շինարարությանը:

Շաբաթվա վերջին ՀՀ կառավարության նիստում երկրի վարչապետ Տիգրան Սարգսյանն ամփոփեց 2009թ. նախարարությունների եւ կառավարությանն առընթեր մարմինների գործունեությունը` նշելով հաջողությունները չորս ոլորտներում` տնտեսական, սոցիալական, առողջապահության, ինչպես նաեւ ոստիկանության աշխատանում:

2010թ. հունվարի 29-ին կառավարության նիստում հավանություն տրվեց «Հասանելի բնակարան երիտասարդ ընտանիքներին» ծրագրին: «Տվյալ կառավարական որոշմամբ սկսվում է երիտասարդ ընտանիքներին աջակցության լայնամասշտաբ փուլը, որը նաեւ պետության ղեկավարի նախընտրական ծրագրի առաջնային ուղղությունն է»,- լրագրողներին հայտնեց ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերով նախարարի տեղակալ Արսեն Քարամյանը կառավարությունում կայացած ճեպազրույցի ընթացքում: Նրա խոսքով, Հայաստանի կառավարության համար մոտակա տարիներին առաջնահերթ խնդիր է հանդիսանում երիտասարդ ընտանիքներին բնակարանով ապահովելը: Բացի դրանից Արսեն Քարամյանը նկատեց, որ կառավարության ընդունած ծրագիրը թույլ կտա զգալի կերպով բարելավել երկրի ժողովրդագրությունը, որի արդյունքները պարզ կլինեն 2013 թվականին:

Այս շաբաթ իր տարեկան գործունեութան արդյունքներն ամփոփեց նաեւ հայկական ֆոնդային բորսան: «Դժվարին տարի լինելով աշխարհի գրեթե բոլոր երկրների բիզնեսների համար` 2009 թվականն, այնուամենայնիվ, բավականին հաջող էր NASDAQ OMX Արմենիա ֆոնդային բորսայի համար. բորսայի որոշ հարթակներում նույնիսկ աճ է գրանցվել 2008 թվականի համեմատ», - լրագրողներին է հայտնել NASDAQ OMX Արմենիա ֆոնդային բորսայի գլխավոր տնօրեն Արմեն Մելիքյանը` ամփոփելով նախորդ տարվա արդյունքները:

Հայաստանի Պետեկամուտների կոմիտեն հրապարակել է երկրի 300 խոշոր հարկատուների ցուցակը: Առաջատարների ցուցակը գլխավորում է ,ՀայՌուսգազարդե ընկերությունը, որը 2009թ. 18 մլրդ 414 մլն դրամ հարկ է վճարել, ինչը 3 տոկոսով ավելի է 2008թ. ցուցանիշից` 17 մլրդ 881 մլն դրամ: Երկրորդ տեղում է «Ալեքս-Գրիգ» ընկերությունը, որը բյուջե է մուծել 16 մլրդ 120 մլն դրամ: 2008-ին ընկերությունը վճարել էր 12 մլրդ 535, ինչը պակաս է գրեթե 29 տոկոսով: Երրորդ տեղում է «Ղ-Տելեկոմ» ընկերությունը (ՎիվաՍել-ՄՏՍ), որը վճարել է 15 մլրդ 916 մլն դրամ: Անցյալ տարի ընկերությունը առաջատարի դիրքում էր` վճարելով 30 մլրդ 796 մլն դրամ:

2009թ. հունվար-դեկտեմբեր ամիսներին Հայաստանում տնտեսական անկումը 14,4% կազմեց` ի համեմատ 2008թ. նույն շրջանի հետ: Հայաստանի Ազգային վիճակագրական ծառայության պաշտոնական տվյալների համաձայն, նշված շրջանում ՆՀԱ ծավալը կազմեց 3165,5 մլրդ դրամ: 2009թ. հունվար-դեկտեմբեր ամիսներին ամենամեծ անկումն արձանագրվել է շինարարության ոլորտում` 37,4%, արտադրական արդյունաբերության մեջ անկումը կազմեց 7,8%, գյուղատնտեսության մեջ` 0,1%: Ընդ որում, ծառայությունների ոլորտում 1,3% աճ է արձանագրվել, իսկ մանրածախ առեւտրում աճը կազմել է 1%:

2009թ. հունվար-դեկտեմբեր ամիսներին Հայաստանում գնաճը կազմեց 3,4%` ի համեմատ 2008թ. նույն շրջանի հետ, ամսական կտրվածքով նրա աճը կազմեց 2%:

Հայաստանի արտաքին ապրանքաշրջանառությունը 2009 թվականի հունվար-դեկտեմբերին կրճատվել է 27 տոկոսով 2008թ. թվականի նույն ժամանակահատվածի համեմատ: Ըստ ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության պաշտոնական տվյալների, արտաքին ապրանքաշրջանառության ծավալը կազմել է 1466,8 մլրդ դրամ: Արտահանման ծավալը 2009թ. հունվար-դեկտեմբերին կրճատվել է 34 տոկոսով 2008թ. նույն ժամանակահատվածի համեմատ եւ կազմել է 256,7 մլրդ դրամ: Ներմուծումը նշված ժամանակահատվածում կրճատվել է 25,3 տոկոսով` կազմելով 1210,1 մլրդ դրամ: Արտաքին ապրանքաշրջանառության հաշվեկշռի բացասական սալդոն 2009թ. հունվար-դեկտեմբերին կազմել է 953,4 մլրդ դրամ:

Հայաստանում 2009 թ. հունվար-դեկտեմբերին միջին ամսական աշխատավարձը 2008 թ. նույն ժամանակահատվածի համեմատ բարձրացել էր 9.8 տոկոս: Հայաստանի ազգային վիճակագրական ծառայության պաշտոնական տվյալների համաձայն, այն կազմել է 101. 895դրամ: 2009 թ. դեկտեմբերին` նոյեմբերի համեմատ ամսական միջին աշխատավարձը բարձրացել է 27.5 տոկոս:

2009 թ. հունվար-դեկտեմբեր ամիսներին բյուջետային հիմնարկներում աշխատավարձը բարձրացել է 15.5 տոկոս` 2008 թ. նույն ժամանակահատվածի համեմատ կազմելով 84.845 դրամ: Ընդ որում, ոչ բյուջետային հիմնարկներում միջին ամսական աշխատավարձը նույն ժամանակահատվածում բարձրացել է 5.3 տոկոս` 2008 թ. նույն ժամանակահատվածի համեմատ եւ կազմել է 126.407 դրամ:

Երեւանում այս շաբաթ նշեցին ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակի միամյակը: Հայաստանի ֆինանսական համակարգի հաշտարար Փիրուզ Սարգսյանի խոսքով, 2009 թվականի վերջին գրասենյակ 400 հայտ է ներկայացվել, որոնցից 60-ը գրավոր, ընդ որում` այդ բողոքների 70% լուծվել են հօգուտ հաճախորդների, ինչը կազմել է հաճախորդներին վերդարաձված 23,5 մլն դրամ գումար:

Անդրադառնալով 2010 թվականին գրասենյակի ծրագրերին` PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում Փիրուզ Սարգսյանը հաղորդեց, որ ապրիլի սկզբին գրասենյակը մտադիր է անցկացնել մեծ միջազգային խորհրդաժողով, որին կմասնակցի մոտ 100 մարդ: Մասնակիցները հիմնականում ֆինանսական կազմակերպությունների ներկայացուցիչներ են: Խորհրդաժողովի դասախոսները կլինեն Եվրոպայի երկրների հաշտարարները: Խորհրդաժողովում ներկա կլինեն Մեծ Բրիտանիայի հաշտարարի տեղակալը, Նիդեռլանդների, Ֆրանսիայի հաշտարարները, Ղազախստանի հաշտարարը, որը զբաղվում է միայն ապահովագրական ոլոտով, ինչպես նաեւ ներկայացուցիչներ Ռուսաստանից, Ուկրաինայից եւ Բելառուսից:

Իսկ ինչ վերաբերում է Հայաստանի բանկային սեկտորին, ապա Հայաստանի Բանկերի միության նախագահ Արարատ Ղուկասյանի կարծիքով, 2010-ին բանկային գործունեության ակտիվացման շրջան է սպասվում: «Այն անորոշ իրադրությունը, որն առկա էր 2009-ին` կապված ֆինանսական ճգնաժամի հետ, հաղթահարված է, եւ 2010-ին մենք այդ փոփոխությունների ականատեսը կլինեն` դա սպասարկման որակի բարձրացումն է, վարկավորման ծավալների ավելացումը:

Հունվարի 25-29 Հայաստանում անցկացվեց «Պատրաստվածություն ճգնաժամին» թեմայով միջազգային սեմինար, որի կազմակերպիչներն են` Կանադայի Տորոնտո կենտրոնը, Համաշխարհային բանկը եւ ՀՀ կենտրոնական բանկը: Սեմինարին մասնակցում են 12 երկրների` Չեխիայի, Ռուսաստանի, Լիտվայի, Բելառուսի, Մոլդովայի, Ուկրաինայի, Թուրքիայի, Վրաստանի, Տաջիկստանի կենտրոնական ազգային բանկերի, ֆինանսական վերահսկողության մարմինների ներկայացուցիչներ:

Ֆինանսատնտեսական ճգնաժամի պայմաններում Ամերիբանկին հաջողվեց ապահովել 2009թ. ծրագրված ցուցանիշների աճը: Այդ մասին Երեւանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է բանկի գլխավոր տնօրեն-տնօրինության նախագահ Արտակ Հանեսյանը` ամփոփելով 2009 թվականի արդյունքները: Ըստ նրա, դեռեւս 2008թ. սեպտեմբերին բանկի ղեկավարությունը վերանայեց իր ռազմավարությունը, եւ, հաշվի առնելով մակրոտնտեսական ցուցանիշներն ու բանկի զարգացման հնարավորությունները, ընդունեց զարգացման երեք սցենար` բազային, հոռետեսական եւ առավել հոռետեսական: «Պետք է նշել, որ 2009-ին մենք աշխատել ենք ըստ բազային սցենարի եւ կարողացել ենք աճ ապահովել բոլոր ցուցանիշներով»,-ասել է նա:

2010 թ. Ամերիաբանկը ծրագրում է ապահովել իր ակտիվների մինչեւ 25 տոկոս աճը, վարկային պորտֆելինը` մինչեւ 30 տոկոս, իսկ կապիտալի աճը` մինչեւ 10 տոկոս: «Կապիտալի աճը պայմանավորվելու է ընթացիկ շահույթի ցուցանիշով, որը մոտավոր կանխատեսումներով կազմում է 2 մլրդ դրամ», - ասել է նա: Նա ավելացրել է նաեւ, որ ընթացիկ տարում բանկը փորձելու է չաշխատող ակտիվների ծավալը պահել 1 տոկոսի մակարդակում` ընդհանուր վարկային պորտֆելում, չբացառելով նաեւ 2 տոկոս մակարդակը: .Սակայն, սա այն սահմանագիծն է, որին կարող են հասնել մեր չաշխատող վարկերը», - ընդգծել է նա: (Չգործող ակտիվները բանկի 2009 թ. ընդհանուր վարկային պորտֆելում կազմել են 0,17 տոկոս)

2010 թ. բանկի ծրագրերի մեջ են մտնում նաեւ մասնաճյուղերի ցանցի ընդլայնումը, մասնավորապես մարտի 5-ին ծրագրվում է մասնաճյուղ բացել Դիլիջանում, որը ներկայում գրանցման ընթացքում է, մեկ այլ մասնաճյուղ է բացվելու Վանաձորում կամ Գյումրիում, եւս մեկը` Երեւանի փոքր կենտրոնում:

2010 թվականի հունվարի 27-ին Արմսվիզբանկն ու Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկը (EBRD) 8 մլն դոլար ընդհանուր գումարով երկու պայմանագիր կնքեցին, որոնք ուղղված կլինեն փոքր եւ միջին բիզնեսի վարկավորմանը (5 մլն դոլար) եւ առեւտրի ֆինանսավորմանը (3 մլն դոլար):

Հայաստանում անոմալ տաք ձմեռը, ինչպես նաեւ հավանական ցուրտը կարող են 2010թ. բերքի ծավալների կրճատման պատճառ դառնալ, Երեւանում կայացած մամլո ասուլիսում լրագրողներին է հայտնել Հայաստանի ագրարա-գյուղացիական միավորման նախագահ Հրաչյա Բերբերյանը: Ըստ նրա, ցրտահարությունը լուրջ խնդիրներ կհարուցի գյուղատնտեսության ոլորտում, քանի որ Արարատյան դաշտավայրում արդեն սկսել են բողբոջել պտղատու ծառերը: «Եթե -10-12 աստիճան ցուրտ լինի, ապա Հայաստանում բերքի կորուստ կգրանցվի, մասնավորապես, կտուժեն վաղահաս ծիրանը, դեղձը, խնձորը եւ կեռասը, ընդ որում խաղողը չի տուժի»,-ասել է նա:

«Եթե ցրտահարություն չլինի մարտ-ապրիլ ամիսներին, ապա ծիրանը Հայաստանում կհասնի մայիսի վերջին»,-հայտարարել է Բերբերյանը: Նա նաեւ հավելել է, որ եղանակային պայմանների ջերմացման դեպքում Հայաստանը կարող է 2 տարուց 5 բերք ստանալ:

Վիկտորիա Արարատյան / PanARMENIAN News