29 հունվարի 2010 - 14:17 AMT
ՀՈԴՎԱԾ
Թեհրանն այժմ չի կարող ազդել այն գործընթացների վրա, որոնց մասնակցում են ԱՄՆ-ն եւ ԵՄ-ն
Հայաստանը եւ Ադրբեջանը բարեկամական երկրներ են Իրանի համար, եւ Իրանը, որպես բարեկամական երկիր, ցանկանում է, որ տարածաշրջանում խաղաղություն եւ կայունություն հաստատվի
Իրանը տարածաշրջանում երեւի միակ պետությունն է, որը հարեւանների հետ խնդիրներ չունի: Նա հավասարապես լավ հարաբերություններ ունի բոլորի հետ, առանց որեւէ մեկին նախապատվություն տալու: Ավելին, Իրանն այլ պայմաններում կարող էր ունենալ բավականին լուրջ դեր ղարաբաղյան հակամարտության խնդրի խաղաղ կարգավորման ընթացքում:

Ինչպես հայտարարել է Երեւանում Իրանի ԱԳ նախարար Մանուչեհր Մոթթաքին, Հայաստանը եւ Ադրբեջանը բարեկամական երկրներ են Իրանի համար, եւ Իրանը, որպես բարեկամական երկիր ցանկանում է, որպեսզի տարածաշրջանում խաղաղություն եւ կայունություն հաստատվի: «Մենք բոլորս լավ ենք հիշում Վրաստանում տեղի ունեցած 2008 թ-ի իրադարձությունները: Նման բաներ չպետք է այլեւս կատարվեն, քանի որ նրանք ազդեցին տարածաշրջանի անվտանգության, էներգետիկ եւ տրանսպորտային ենթակառուցվածքների վրա», - ասել է Իրանի ԱԳ նախարարը: Նրա խոսքերով, Իրանը կողմ է ղարաբաղյան խնդրի խաղաղ եւ դիվանագիտական լուծմանը: «Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցերը մեր քննարկումների մասն են կազմում Հայաստանի իշխանությունների հետ: Իրանը պատրաստ է այդ հարցում աջակցել Երեւանին եւ Բաքվին», - ասել է Մանուչեհր Մոթթաքին:

Դժբախտաբար, իր միջուկային ծրագրի պատճառով վտարանդի երկրի իրավիճակում հայտնված Թեհրանը ներկա ժամանակ չի կարող որեւէ կերպ ազդել այն գործընթացների վրա, որոնց մասնակցում են ԱՄՆ-ն եւ ԵՄ-ն: Եվ եթե Իրանը կարող է պայմանավորվել Եվրոպայի եւ Ռուսաստանի հետ, ապա Վաշինգտոնի հետ դա դեռ չի ստացվում: Ամենից հեշտ է մեղադրել Իսրայելին երկխոսության բացակայության մեջ, ինչպես դա փորձում են ներկայացնել պարսիկները ինչպես պետական, այնպես էլ փորձագիտական մակարդակով: Բանն նույնիսկ հրեական լոբբիի ամենազորության մեջ չէ, որը պաշտոնական Թեհրանի կարծիքով, ամեն կերպ խանգարում է իրանական միջուկային ծրագրի իրականացմանը: Իհարկե, կարելի է հասկանալ հրեաների դիրքորոշումը. Մահմուդ Ահմադինեժադի մշտական սպառնալիքներն Իսրայելի հասցեին քչերին կարող են մոլորեցնել: Ի վերջո կողմերի մոտ համբերության բաժակը կարող է լցվել, եւ արդյունքում մենք կստանանք լայնածավալ տարածաշրջանային պատերազմ, որում ինչպես միշտ չի լինի հաղթող, այլ միայն պարտվածներ: Տվյալ դեպքում Իրանի համար զսպող գործոն կարող է լինել իր ձգտումը դառնալ տարածաշրջանային տերություն, առանց արյունահեղության: Սակայն եթե Թուրքիան սկսի իրականացնել Հայ-թուրքական արձանագրությունները, ապա դա կարող է հարված հասցնել Իրանի ռազմավարական ծրագրերին: Գուցե եւ ոչ, տվյալ դեպքում ամեն ինչ կախված է տարածաշրջանի մնացած երկրներից, մասնավորապես Հայաստանից եւ Ադրբեջանից:

Իսկ ինչ վերաբերվում է հայ-իրանական կապերին, ապա նրանք ընդհանուր առմամբ բավականին հաջող են զարգանում: Երկու երկրների համար կարեւոր է Էներգետիկայի ոլորտում ծրագրերի իրականացումը, մասնավորապես Արաքս գետի վրա հիդրոէլեկտրակայանի, Իրան-Հայաստան երկաթուղու եւ նավթամուղի կառուցումը: ՀՀ էներգետիկայի նախարար Արմեն Մովսիսյանի խոսքերով, այդ օբյեկտների կառուցումը ռազմավարապես կարեւոր նախագծեր են: Նրա խոսքերով, ավարտվել են Մեղրիում ՀԷԿ-ի կառուցման տեխնիկատնտեսական հիմնավորման հիմնական աշխատանքները: «Արդեն մշակվել է ֆինանսական եւ կառուցման սխեմայի նախնական փաստաթուղթը: Երկու ամիսների ընթացքում հաստատման համար պետք է ներկայացվեն վերջնական որոշումները», - ասել է Մովսիսյանը: Ինչ վերաբերվում է Հայաստան-Իրան նավթամուղի եւ տերմինալի կառուցմանը, նախարարը նշել է, որ արդեն ավարտվել են տեխնիկական սխեմայի մշակման աշխատանքները:

Հայաստան-Իրան երկաթուղու կառուցման մասով, կողմերը որոշել են տեխնիկատնտեսական եւ ֆինանսական հարցերը լուծելուց հետո, միաժամանակ սկսել երկաթուղու կառուցումը` հայկական կողմը Հայաստանի տարածքում, իրանականը` Իրանի: «Ունենալով մեծ փորձ երկաթուղիների կառուցման գործում, Իրանը պատրաստակամություն է հայտնել աջակցել Հայաստանին այդ հարցում: Բացի այդ, նախորդ հանդիպման ընթացքում Իրանը պատրաստակամություն է հայտնել նաեւ ֆինանսավորել երկաթուղու կառուցումը Հայաստանի տարածքում», - ասել է Արմեն Մովսիսյանը:

Իր հերթին, Իրանի ԱԳ նախարար Մանուչեհր Մոթթաքին հայտարարել է, որ այդ երեք ռազմավարական նախագծերի իրականացումը որակապես կփոխի Իրանի եւ Հայաստանի միջեւ հարաբերությունները: «Մենք ուրախ ենք, որ Հայաստանն այդ նախագծերի միջոցով ձեռք կբերի առանցքային դեր տրանսպորտային եւ էներգետիկ հաղորդակցությունների տեսակետից»,-ասել է Իրանի ԱԳ նախարարը:

Կարինե Տեր-Սահակյան / PanARMENIAN News