12 մարտի 2010 - 15:10 AMT
ՀՈԴՎԱԾ
Հայոց ցեղասպանության մասին բանաձեւերը Թուրքիային իր տեղը միջազգային հանրության մեջ ցույց տալու միջոց է
Առանց կայսերական Գերմանիայի օգնության Թուրքիան չէր կարողանա իրագործել այն, ինչ նա արեց 1915 թվականին` գնդակահարել մի քանի ժողովուրդներ, որոնց ողջ մեղքը կայանում էր նրանում, որ նրանք «անհավատ» էին
Քաղաքականությունը չի առաջնորդվում բարոյական չափանիշներով, նրա համար գոյություն ունեն ցանկացած` օրենսդրական կամ գործադիր մակարդակում ընդունված այս կամ այն որոշման նպատակահարմարության եւ կարեւորության հասկացություններ: Սովորաբար այդ որոշումներն ուղղված են միջանկյալ նպատակին հասնելուն եւ մեծ մասամբ ոչ պարտադիր բնույթ են կրում:

Միանգամայն հնարավոր է, որ մենք Հայոց ցեղասպանության ճանաչման «շքերթի» եւ զանազան երկրներից «խորհրդատվության» համար Թուրքիայի դեսպաններին հետ կանչելու վկան դառնանք: Ճշմարտության աչքերին համառորեն նայել չցանկացող թուրքական կառավարության դիրքորոշումը կարող է հանգեցնել այն բանին, որ նա ստիպված կլինի փակել դեսպանությունները զանազան երկրներում: Թերեւս, դա թուրքական դիվանագիտության արդեն հին եւ փորձված հնարք է` հետ կանչել դեսպանին, իսկ որոշ ժամանակ անց ձեւացնել, թե ոչինչ չի պատահել: Դրա վառ օրինակն է Ֆրանսիան, որի հետ Թուրքիան 2001թ. երկու ամիս շարունակ փորձում էր «կռվել», բայց հետո ամեն ինչ կրկին իր հունի մեջ ընկավ:

Շվեդական խորհրդարանի բանաձեւը նույնանման հայտարարություններից տարբերվում է նրանով, որ դրանում առաջին անգամ հիշատակվում են ոչ միայն հայերը, այլեւ Օսմանյան կայսրության ողջ քրիստոնյա բնակչությունը, որը Ցեղասպանության է ենթարկվել: Ավելին, հենց շվեդերն են առաջին անգամ ճանաչել ասորիների, սիրիացիների եւ քաղդեցիների ցեղասպանությունը, ինչը ինքնին արժանի է հարգանքի: Սակայն բոլոր այդ ճանաչումները, ինչպես մենք արդեն գրել ենք, Թուրքիային իր տեղը միջազգային հանրության մեջ ցույց տալու միջոց է: Չնայած, որ բարձրաստիճան եվրոպացի պաշտոնատարներն ասում են, որ իրենք դեմ ենք նման բանաձեւերին, իրականում նման որոշումներն ազատում են ձեռքերը, եւ նրանք հանգիստ խղճով մերժում են Թուրքիային Եվրամիությանն անդամակցելու հարցում: Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը որոշ իմաստով տրամաբանական չէ, քանի որ դա նույնն է, ինչ ճանաչել Երկրորդ աշխարհամարտը: Դա պատմություն է, դա փաստ է, որի հետ Անկարան ստիպված է լինելու հաշտվել: Բանը նրանում է, որ Թուրքիայի ներկայիս ղեկավարությունը, չգիտես ինչու, զուգահեռներ է անցկացնում իր եւ Օսմանյան կայսրության միջեւ, եւ այն ամենը, ինչ արվում էր այն ժամանակ, հայտարարվում է որպես տաբու կամ ճշմարտություն, որը կասկածի ենթակա չէ:

Աշխարհը Հոլոքոստի մասին իմացավ Նյուրնբերգյան ընթացակարգի եւ հազարավոր մազապուրծ եղած վկաների շնորհիվ: Նյուրնբերգյանի պես մի ընթացակարգ եղավ նաեւ երիտթուրքերի հանդեպ 1919 թվականին: Թալեաթին, Էնվերին ու Ջեմալին մահապատժի դատապարտեցին այն բանի համար, որ նրանք կայսրությունը պատերազմի մեջ ներքաշեցին եւ ոչնչացրեցին վեց վիլայեթների գրեթե ողջ հայ բնակչությունը: Վճիռը կյանքի կոչեցին հայ վրիժառուները` ջարդերի մեղավորների ոչնչացման օպերացիան կոչելով «Նեմեսիս»: Այն ժամանակ «ցեղասպանություն» տերմին գոյություն չուներ, այն հայտնվեց 1944 թվականին եւ իր գոյությամբ պարտական է հենց Օսմանյան կայսրության հայերի զանգվածային գնդակահարություններին: Եւ այժմ` 95 տարի անց, Թուրքիան նույն կերպ վախենում է այդ տերմինից` չհասկանալով, որ բանը ոչ թե տերմինների, այլ իրագործվածի մեջ է: Այն բանից, թե ինչ կասի ԱՄՆ նախագահն ապրիլի 24-ին, ոչինչ չի փոխվի: Ոչինչ չի փոխի նաեւ Հայոց ցեղասպանության համատարած ճանաչումը: Մինչեւ այդ չարագործությունը հարկի գնահատական չստանա Գերմանիայի եւ Թուրքիայի կողմից, ոչինչ չի փոխվի: Չգիտես ինչու մոռացվում է, որ առանց կայսերական Գերմանիայի օգնության Թուրքիան չէր կարողանա իրագործել այն, ինչ նա արեց 1915 թվականին` գնդակահարել մի քանի ժողովուրդներ, որոնց ողջ մեղքը կայանում էր նրանում, որ նրանք «անհավատ» էին: Բոլորը լռում են գերմանացի գեներալների ոչ դրական դերի մասին, որոնք վարժեցնում էին թուրքական բանակը եւ, ըստ էության, այդ ոճրին ուղորդեցին երիտթուրքերին: Այնպես որ, սկզբունքորեն, Հայոց ցեղասպանության, ինչպես նաեւ Օսմանյան կայսրության մյուս քրիստոնյա ժողովուրդների ցեղասպանության ճանաչումը պետք է պահանջել Գերմանիայից, իսկ հետո արդեն` Թուրքիայից:

Գոյություն ունի նաեւ մեկ այլ կարծիք, ըստ որի, եթե ԱՄՆ-ն ճանաչի Հայոց ցեղասպանությունը, ապա Իսրայելն ու Թուրքիան անմիջապես կհետեւեն նրա օրինակին: Ինչ վերաբերում է Իսրայելին, դա միանգամայն հնարավոր է, սակայն Թուրքիայի դեպքում ամեն ինչ այդքան էլ հեշտ չէ. Անկարան մինչեւ «հաղթական ավարտը» կշարունակի շանտաժի քաղաքականությունը: Միայն թե դժվար այդ ավարտն իսկապես հաղթական լինի Թուրքիայի համար, քանզի մարդկության դեմ զանգվածային հանցագործությունների թեման բարոյական հարթությունից աստիճանաբար տեղափոխվում է իրավական: Այսինքն, Հայոց ցեղասպանության ճանաչման դեպքում պետք է բարոյական ու նյութական հատուցում պահանջել ոչ թե խորհրդարաններից կամ կառավարություններից, այլ անմիջապես դիմել Հաագայի Միջազգային դատարան, ինչպես դա արվեց Սուդանի նախագահի դեպքում: Միգուցե հենց դրանի՞ց է վախենում Անկարան:

Կարինե Տեր-Սահակյան / PanARMENIAN News