23 մարտի 2010 - 10:33 AMT
ՀՈԴՎԱԾ
Համաշխարհային հանրությունը լի է հայ-թուրքական հարաբերությունները կարգավորելու վճռականությամբ, բայց կստացվի՞ արդյոք
Հայ-թուրքական նախագծի նախաձեռնողները հաշվի չեն առել, որ նման դարավոր խնդիրները հնարավոր չէ լուծել մի քանի տարում
Յուրաքանչյուր տարվա հետ Թուրքիայի համար գնալով ավելի դժվար է դառնում չճանաչել Հայոց ցեղասպանությունը: Երբեմն թվում է, թե Անկարան իր բոլոր ուժերն ուղղում է երիտթուրքերի կողմից 1915-23թթ. գործած հանցագործության ճանաչումը կանխելուն: Առաջին հայացքից թվում է, թե ամեն տարի ապրիլի 24-ից հետո Անկարան, թեթեւությամբ շունչ քաշելով, լծվում է նույն գործին: Սակայն, այս անգամ ամեն ինչ շատ ավելի լուրջ է` խաղասեղանի վրա է տերությունների հեղինակությունը, որոնք հանդես եկան որպես Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մասին արձանագրությունների ստորագրման ու վավերացման երաշխավորը:

Տերությունների դիրքորոշումներն այս հարցում ընդհանուր առմամբ մոտ են, սակայն, ինչպես նախորդ տարիներին, Թուրքիան կրկին փորձում է ստիպել ԱՄՆ-ին հաշտվել «անխուսափելիին», այն է` ճանաչելով Հայոց ցեղասպանությունը, Վաշինգտոնը «մահացու հարված» կհասցնի ինչպես ամերիկա-թուրքական հարաբերություններին, այնպես էլ Հայ-թուրքական արձանագրություններին: Եվ ինչն է ամենահետաքրքիրը, ամեն տարի ԱՄՆ-ն կուլ է գնում այդ պատրվակին, ինչը չես ասի, օրինակ, Ռուսաստանի կամ Ֆրանսիայի մասին: Կրկրնեմ եւս մեկ անգամ. երկու երկրները խորհրդարանական մակարդակով ճանաչել են Հայոց ցեղասպանությունը, սակայն Թուրքիայի հետ հարաբերություններում ոչինչ չի փոխվել: Կրկնենք նաեւ, որ Անկարայի նման վարքագիծն արդեն ոչ ոքի համար նորություն չէ: Սակայն ԱՄՆ-ն չգիտես իինչու ամեն տարի անցնում է նույն «փորձության» միջոցով եւ պատվով տապալում այն: Այստեղ տեղին կլինի հիշեցնել ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնի վերջին հայտարարությունը` թե Հայաստանի ու Թուրքիայի միջեւ պատմական անցյալի ուսումնասիրման հանձնաժողովը ձեւավորման փուլում է գտնվում: Դժվար թե ԱՄՆ պետքարտուղարը չգիտի այն մասին, որ Արձանագրության այն կետերը, որտեղ ասվում է միջկառավարական հանձնաժողովի ստեղծման մաիսն, կատարվելու են միայն վավերացումից հետո: Ընդ որում, բուն Արձանագրություններում հիշատակում չկա հենց պատմական հանձնաժողով ստեղծելու մասին: Նույնը հայտարարել է նաեւ ՀՀ ԱԳՆ մամլո քարտուղար Տիգրան Բալայանը. «Հայաստանի ու Թուրքիայի միջեւ միջկառավարական հանձնաժողովի ստեղծումը նախատեսված է Ցյուրիխում ստորագրված Արձանագրություններով, միայն դրանց վավերացումից հետո»: Ըստ Բալայանի, միայն Արձանագրությունների վավերացումից հետո կարվեն այն քայլերը, որոնք նախատեսում են հարաբերությունների կարգավորում եւ հայ-թուրքական սահմանի բացում:

Հազիվ թե Վաշինգտոնը մոռացած լինի հաշտեցման պատմական հանձնաժողովի անհաջող փորձի մասին: Նման ճակատագիր է սպասում նաեւ հերթական պատմական հանձնաժողովին: Նման, եւ ցանկացած այլ հայ-թուրքական հանձնաժողովի հաջողությունը հնարավոր է միայն այն դեպքում, եթե Թուրքիան որոշակի պայմաններ կատարի, որոնք առաջ է քաշում ոչ թե հայկական կողմը, այլ հենց շահագրգիռ խաղացողները: Պայմաններն այնքան էլ շատ չեն` Թուրքիան հնարավորինս պետք է հեռու մնա ղարաբաղյան հակամարտությունից, ճանաչի Հայոց ցեղասպանությունը Օսմանյան կայսրությունում (հենց Օսմանյան կայսրությունում, չնույնացնելով այն ժամանակակից Թուրքիայի հետ) եւ, վերջապես, առավել հանդուրժող լինի երկրի ազգային փոքրամասնությունների հանդեպ: Դա ավելի շատ հարկավոր է ԵՄ-ին, քան Թուրքիային, եթե վերջինս, իրոք, ցանկանում է անդամակցել եվրոպական ընտանիքին: Դե իսկ եթե չի ցանկանում, ուրեմն խոսելու բան էլ չկա:

Այնուամենայնիվ, դատելով առաջատար պետությունների նախագահների հայտարարություններից, նրանք վճռական են տրամադրված հայ-թուրքական խնդրի կարգավորման հարցում: Եվ հազիվ թե ինչ-որ բան փոխվի ապրիլի 24-ին, եթե Բարաք Օբաման արտասանի կամ չարտասանի «ցեղասպանություն» բառը: Աշխարհում պարզամիտներն այնքան էլ շատ չեն մնացել, իսկ Հայաստանում ու Թուրքիայում` առավել եւս: Ուղղակի հայ-թուրքական նախագծի նախաձեռնողները հաշվի չեն առել, որ նման դարավոր խնդիրները հնարավոր չէ լուծել մի քանի տարում: Եվ, այստեղ հարկ է նշել, որ այնուամենայնիվ Թուրքիան մտավախություն ունի, որ իրեն կարող են ստիպել վճարել Օսմանյան կայսրության գործողությունների համար: Ճիշտ է, ԱՄՆ-ն, ԵՄ-ն, ՌԴ-ն եւ բազում այլ երկրներ ասում են, թե մի բան է ճանաչել անցյալի հանցագործությունները, այլ բան է` նոր հարաբերություններ կառուցել, միեւնույն է` վախը մնում է: Եվ, հավանաբար, այն միշտ կլինի...Առնվազն այնքան ժամանակ, քանի դեռ Հայաստանը չի հրաժարվել Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումից, ինչն անհնար է:

Կարինե Տեր-Սահակյան / PanARMENIAN News