2 ապրիլի 2010 - 16:43 AMT
ՀՈԴՎԱԾ
Որքան մոտենում է ապրիլի 24-ը, այնքան նյարդային են դառնում քաղաքական գործիչներն օվկիանոսի երկու կողմերում
ԱՄՆ-ն իր` ամեն ինչ այժմ եւ միանգամից ստանալու մոլուցքով, ամենից քիչ է համապատասխանում միջնորդի դերին նման նրբանկատ հարցերում
Այնպես է ստացվել, որ ԱՄՆ-ի գրեթե ցանկացած միջամտություն տարածաշրջանային հակամարտությանը, լավագույն դեպքում անհաջողության է մատնվում: Դա սկսվեց դեռեւս նախագահ Ջորջ Բուշ-կրտսերի օրոք, որը «ժողովրդավարություն» էր կառուցում Իրաքում եւ Աֆղանստանում: Ճիշտ է, Իրանում նա դա անել չհասցրեց, եւ փառք Աստծո: Սակայն այդ նորօրյա պատերազմները, որտեղ չեն կարող լինել հաղթողներ եւ պարտվողներ, քանի որ կանոնավոր բանակը չի կռվում, այլ իսկական պարտիզանական շարժում է ծավալվել, որտեղ ԱՄՆ-ն դատապարտված է պարտության: Այդպես էր Վիետնամում, այդպես էր, երբ ԽՍՀՄ-ը կռվում էր Աֆղանստանում, այդպես է նաեւ այժմ:

Նույնը վերաբերում է նաեւ արաբ-իսրայելյան կամ ղարաբաղյան տիպի հակամարտությունների կարգավորման փորձերին, էլ չենք խոսում հայ-թուրքական կարգավորմանն «աջակցելու» մասին, որտեղ ԱՄՆ վարչակազմը կրկին տանուլ է տալիս: Հասկանալի է, որ ցանկացած հակամարտության մեջ ընդունում ես կողմերից մեկին, սակայն ավելորդ է քողարկվել «հավասարության եւ խաղաղասիրության» մասին խոսքերով: Ի դեպ, այդ բառերին վաղուց արդեն ոչ ոք չի հավատում: Հայ-թուրքական հարաբերություններին անցնելուց առաջ, նշենք, որ նախագահ Օբաման, կարծես, արեց անհնարինը` վանեց Իսրայելին եւ հրեական լոբբիին, որն, ի դեպ, ամեն ինչ արեց, որպեսզի նա ընտրվի: Երուսաղեմի տեսակետից անհասկանալի «խաղերը» արաբական աշխարհի հետ կարող են թանկ նստել ԱՄՆ-ի վրա: Այո, արաբները շատ ավելի մեծաթիվ են, քան հրեաները, սակայն դեռ մեծ հարց է, կկարողանան արդյոք նրանք, նույնիսկ ԱՄՆ-ի օգնությամբ, պաղեստինյան պետություն ստեղծել»:

Սակայն Հայաստանին առավելապես հետաքրքրում է Վաշինգտոնի դիրքորոշումը Լեռնային Ղարաբաղի եւ հայ-թուրքական հարաբերությունների հարցում: Որքան մոտենում է ապրիլի 24-ը, այնքան նայրդային են դառնում քաղաքական գործիչները օվկիանոսի երկու կողմերում: Թուրքիայի հետ ամեն ինչ պարզ է` նա անում է այն, ինչ վերջին 10 տարիներին էր անում` մեկ դեսպանների է ետ կանչում, մեկ վերադարձնում է: Վաշինգտոն մեկնելու իր ցանկության բացակայությունը Էրդողանը բացատրում է թուրքական ընդդիմության գործողություններով եւ չի ասում այն, ինչ իրենից ակնկալում է համաշխարհային հանրությունը: Մի խոսքով, պահում է իրեն ինչպես քմահաճ երեխա: Իսկ չէ որ եթե անցյալ տարի Դավոսի գագաթնաժողովում Իսրայելի նախագահի հետ «լեզվակռվի» ժամանակ Թուրքիայի վարչապետին իր տեղը ցույց տային, ամեն ինչ այլ կերպ կընթանար: Սակայն, ինչպես միշտ, անպատժելիությունը ծնում է մեկ այլ անպատժելիություն եւ ով գիտի, թե ինչ է թաքնված Անկարայի կողմից Հայոց ցեղասպանությունը համառորեն չճանաչելու ետեւում: Կարելի է ենթադրել, որ այդ դեպքում նրա ձեռքերը կապված կլինեն քրդական հարցի լուծման առումով:

ԱՄՆ-ն իր ամեն ինչ այժմ եւ միանգամից ստանալու մոլուցքով ամենից քիչ է համապատասխանում միջնորդի դերին նման նրբանկատ հարցերում: Ամեն տարի կրկնվում է նույնը` ընդ որում մոլորակի ցանկացած անկյունում եւ ցանկացած մակարդակի դիմակայության դեպքում, միեւնույն է` գերտերությունն իր իրավունքներն է թելադրում: Ոչինչ, որ նույնն անում է Ռուսաստանը, ուստի առաջին տեղի համար պայքարում այս դեպքում շահում է հենց նա, ում համար էլ «ընթանում է կռիվը»: Այդ դեպքում հարկավոր է ակնկալել կամ պատերազմ, կամ ահաբեկչական գործողություններ: Իսկ գուցե եւ մեկը, եւ մյուսը` կախված հակամարտության լրջությունից եւ նրա «կարգավորման» համար ներդրվող ուժերից: Այնպես որ ԱՄՆ-ի համար հայ-թուրքական այդքան ցանկալի կարգավորումը կարծես թե չի ստացվում: Ուղղակի հետաքրքիր է, թե դա ինչին է պետք նախագահ Օբամային, որը միեւնույն է դեմ չի գնա իր երկրի ազգային շահերին, որտեղ Թուրքիան, նաեւ Իսրայլեը, բավականին լուրջ դիրքեր են գրավում:

Կարինե Տեր-Սահակյան / PanARMENIAN News