10 ապրիլի 2010 - 14:56 AMT
ՀՈԴՎԱԾ
Գազը շարունակում է մնալ ամենամատչելի՞ էներգակիրը
Անհասկանալի իրավիճակ է ստեղծվում` մի կողմից բնակչությունը դժգոհում է սակագնի բարձրացումից, մյուս կողմից` շարունակում է միանալ համակարգին
Գազի սակագնի բարձրացման հարցը շարունակում է մտահոգել ինչպես Հայաստանի բնակչությանը, այնպես էլ այն քաղաքական շրջանակներին, որոնք դեմ են իշխանությունների վարած քաղաքականությանը: Մասնավորապես, Հայաստանի վարչական դատարան հայց է ներկայացվել ընդդեմ “ՀայՌուսգազարդի”` գազի սակագնի բարձրացման առնչությամբ: Հայցի տակ ստորագրել է 7200 բաժանորդ, այսինքն` մոտ 30 000 մարդ: ՀԱԿ-ի ներկայացուցիչը հավաստիացնում է, որ բավական երկար է ուսումնասիրել սակագնի բարձրացման սկզբունքը և դրա համար հիմքեր չի գտել` համարելով այդ որոշումն անգրագետ և ի շահ անարդյունավետ գործող “ՀայՌուսգազարդի”: ՀԱԿ-ը քննադատել է նաև այն քաղաքական գործիչներին, որոնք չկարողացան հիմնավորել գազի սակագնի բարձրացման պատճառները:

Իր կարծիքը ստեղծված վիճակի մասին հայտնել է ՀՀ Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանը: Նրա խոսքերով, գազի գների թանկացման վերաբերյալ եզրակացությունում կան կետեր, որոնք քննարկման կարիք ունեն:

Գազի սակագնի բարձրացման պատճառներն ակտիվորեն փորձում է գտնել նաև ՀՅԴ խմբակցությունը, որը հարցապնդում է հղել ՀՀ կառավարությանը` պահանջելով հիմնավորումներ ներկայացնել այդ հարցի վերաբերյալ: ՀՅԴ փորձագետները համարում են, որ թանկացման հիմնական պատճառը այդ ոլորտի մենաշնորհային լինելն է:

Շատ հետաքրքիր տվյալներ էր ներկայացրել ՀՀ ֆինանսների փոխնախարար Վարդան Արամյանը` մայիսի 1-ից նպաստների 3,5 հազ. դրամ բարձրացումը ոչ միայն փոխհատուցում է գազի սակագների բարձրացումը, այլև ծածկում է արժեզրկման հետևանքով առաջացած այլ ապրանքների գների բարձրացման պայմաններում կատարվող ծախսերը: “Սպառողական նվազագույն զամբյուղից, որը կազմում է 28,8 հազ. դրամ, կոմունալ ծախսերին բաժին է ընկնում 2,6 հազ դրամ, որից էլ գազի ծախսը 500 դրամ էր, իսկ 37,5 տոկոսով գազի սակագների բարձրացումից հետո այդ ծախսը կազմում է 700 դրամ”, - ճշտել է ֆինանսների նախարարի տեղակալը: “ՀայՌուսգազարդը” շարունակում է պաշտպանել իր դիրքորոշում և թելադրում է շուկայական պայմաններ:

Անկախ գազի գնի բարձրացումից եւ բնակչության մի մասի դժգոհությունից, “ՀայՌուսգազարդ” ՓԲԸ-ի անցկացրած հետազոտությունները վկայում են այն մասին, որ գազը շարունակում է մնալ ամենամատչելի եւ պահանջված էներգակիրը Հայաստանում: Այդ մասին PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում ասել է ընկերության մամլո քարտուղար Շուշան Սարդարյանը: “Կարող եմ նշել, որ ընկերությունը բազմիցս է հանդես եկել հայտարարությամբ այն մասին, որ իրեն մտահոգում է սոցիալ-տնտեսական իրավիճակը, կապված գազի սակագնի աճի հետ, սակայն ապրանքը չի կարող վաճառվել ինքնարժեքից ցածր գնով”,-ասել է նա:

Այնուամենայնիվ, ըստ պաշտոնական տվյալների, ընկերության բաժանորդների քանակը 2009 թվականի նոյեմբերից մինչեւ 2010 թվականի ապրիլի 1-ը ավելացել է շուրջ 10 հազարով, եւ այսօրվա դրությամբ դրանց թիվը շուրջ 600 000 է: Ընդ որում, հասարակությունը տեղեկացված է եղել գազի գնի աճի մասին: Արդյունքում, անհասկանալի իրավիճակ է ստեղծվում` մի կողմից բնակչությունը դժգոհում է սակագնի բարձրացումից, մյուս կողմից` շարունակում է միանալ համակարգին:

Վիկտորիա Արարատյան / PanARMENIAN News