15 հունիսի 2010 - 10:00 AMT
ՀՈԴՎԱԾ
Բաքուն այլընտրանք է որոնում ԵԱՀԿ ՄԽ –ին ամենուր` նույնիսկ Սոցինտերնում
Վաղը մենք կարող ենք դառնալ այն բանի վկաները, որ ղարաբաղյան հակամարտությունը պետք է լուծի UNICEF-ը կամ մեկ այլ կազմակերպություն, փառք Աստծո դրանց քանակը մոլորակում բավականին մեծ է
Բաքվում, հավանաբար, նորմ է դարձել ցանկացած միջազգային համաժողովում «ԵԱՀԿ ՄԽ անգործության և ձևաչափը փոխելու անհրաժեշտության մասին» խոսելը: Ընդ որոմ փաստարկները անլուրջ են` «ոչ մի կերպ չի ստացվում կարգավորել ղարաբաղյան հակամարտությունը, վերադարձնել տարածքները, պատժել Հայաստանին» և էլի նման անհեթեթություններ: Վերջին նման բացահայտումը Բաքվից հնչեց Երևանում` Սոցիալիստական ինտերնացիոնալի խորհրդաժողովում: Ադրբեջանի ներկայացուցիչ Սալահադդին Ալլահվերդիևի ղարաբաղյան կարգավորումը ստաձնելու Սոցինտերնին ուղղված խնդրանքից հետո, այլ կերպ չես ասի, կազմակերպության գլխավոր քարտուղար Լուիս Այալան միայն ուսերը թափահարեց: Ճիշտ է, հետո նա բացատրեց, որ Սոցինտերնը չի կարող նման հարցերով զբաղվել, դա նրա իրավասությունից դուրս է, սակայն, Բաքվում հավանաբար, դա չեն հասկանում:

Հակառակ դեպքում նման անհեթեթ առաջարկ ուղղակի չէր հնչի: Հավանաբար, հույս չունենալով գործընթացը խլել Մինսկի խմբից և անհաջողության մատնվելով ՄԱԿ-ում, Ադրբեջանը որոշեց բախտը փորձել այլ կազմակերպություններում: Եվ վաղը մենք կարող ենք դառնալ այն բանի վկաները, որ ղարաբաղյան հակամարտությունը պետք է լուծի UNICEF-ը կամ մեկ այլ կազմակերպություն, փառք Աստծո դրանց քանակը մոլորակում բավականին մեծ է:

Իսկ եթե լուրջ, Բաքուն բոլորովին չի ցանկանում կարգավորել հակամարտությունը և նրա «բոլոր առաջարկներն ու համաձայնությունը նորացված Մադրիդյան սկզբունքների հետ» ուղղակի խոսքի բանաձևեր են, որոնց ետևում թաքնված է երկրի տոտալ ռազմականացումը: Ի դեպ, հարկ է նշել, որ նույնիսկ տարածքային ամբողջականության սկզբունքը Լեռնային Ղարաբաղի հարցում չի կարող կիրառվել: Ադրբեջանն, ինչպես հայտնի է, ՄԱԿ-ի անդամ է դարձել 1992 թվականին և հենց ներկա իր սահմաններում: Սակայն 1989 թվականին Լեռնային Ղարաբաղն, ըստ ԽՍՀՄ օրենսդրության, դուրս եկավ Ադրբեջանի կազմից, իսկ 1991թ. տեղի ունեցավ անկախության հանրաքվեն: Այնպես որ ոչ մի օրենքով Ադրբեջանը չի կարող բողոքել, որ խախտվել է նրա տարածքային ամբողջականությունը: Եվ այստեղ մենք կրկին բախվում ենք Խորհրդային Միության ժառանգության հետ, որը մի հսկայական խարույկի վերածեց ողջ հետխորհրդային տարածքը, որտեղ մնացել է 1-2 հանգիստ շրջան: Սակայն ինչ կլինի վաղը, ոչ ոք չգիտի: Եվ այս ամենի պատճառը «կուսակցության ու կառավարության և անձամբ ընկեր Ստալինի կամայական որոշումն էր», որը խաղ էր անում ժողովրդների հետ, կարծես գործ ուներ անագե զինվորիկների հետ: Արդյունքում, սեփական հողում ապրող մարդիկ հայտնվեցին մեկ այլ հանրապետությունում այլ ժողովրդի հետ, որը նորեկներին, մեղմ ասած, չէր սիրում: Եվ այժմ էլ չի սիրում և իրադարձությունները Ղրղզստանում դրա վառ ապացույցն են: Իսկ չէ որ վերակառուցման շեմին, փլուզումից անմիջապես առաջ Օշում արդեն եղան բախումներ, ինչպես բացատրեց ԽՍՀՄ Գերագույն Խորհրդի նախագահության նախագահ Ռաֆիկ Նիշանովը «ելակի պատճառով»…

Սակայն, վերադառնանք մեր հակամարտությանը, քանի որ իրադարձությունները Ղրղզստանում եթե վերաբերում էլ են Հայաստանին, ապա միայն ՀԱՊԿ-ի, մի փոքր էլ ԱՊՀ-ի առնչությամբ: Ինչն, ի դեպ, չի խանգարում հայ «քաղաքագետներին» մեկնաբանել իրավիճակը, չիմանալով, թե իրականում այնտեղ ինչ է կատարվում: Ի դեպ, թե իրականում ինչ է կատարվում, Հայաստանում գուցե մի երկու հոգի իմանան…

Վերադառնանք տարածքային ամբողջականությանը: Այժմ նման հասկացություն գոյություն չունի, քանի որ հետպատերազմյան աշխարհակառուցվածքի Յալթայի մոդելը չի գործում: 1975թ. Հելսինկյան ակտը հաստատեց ամբողջականության մասին դրույթը, սակայն հավելեց ազգերի ինքնորոշման իրավունքը: Հետո արդեն, անցյալ տարի, հավելվեց խնդրի խաղաղ լուծումը: Թե ինչ շտկումներ են մեզ սպասում ապագայում, ոչ ոք չգիտի: Այնպես որ, Յալթայի մոդելը չէր կարող երկար աշխատել`հաշվի առնելով իրենց ստորագրությունը դրած երկրների` ԽՍՀՄ-ի, Մեծ Բրիտանիայի ու ԱՄՆ-ի դիրքորոշումները: ԽՍՀՄ-ը բարեհաջող կերպով փլուզվեց, փլատակների տակ թողնելով ժողովրդների բարեկամությունը, ինտերնացիոնալիզմն ու աշխարհում բոլորովին ավելորդ շատ բաներ, քանի որ աշխարհի համար ամենակարևորը սեփական շահն է: ԱՄՆ-ն ու Մեծ Բրիտանիան վաղուց արդեն մոտավորապես նույն դիրքորոշումներն ունեն լուրջ միջազգային հարցերում: Մնացին ժողովրդները, որոնք ուղղակի ցանկանում են հաշտ ու խաղաղ ապրել սեփական տանը: Բայց, հենց դա էլ չի ստացվում:

ԵԱՀԿ Մինսկի խումբը դա աշխարհի հզորների փակ ակումբ է, որին ամենից քիչ հետաքրքրում է ղարաբաղյան հակամարտության լուծումը: Կարևորը սեփական շահերն են, ուստի առաջ են քաշվում կարգավորման տարբեր սխեմաներ և միջնորդները հիանալի գիտեն, որ կողմերից մեկը միշտ «ոչ» է ասելու: Մինչդեռ, Ադրբեջանը կորոնի նոր կազմակերպություններ, առաջարկելով դրանցով փոխարինել ԵԱՀԿ ՄԽ-ն, մինչև որ կզգա, որ պատրաստ է մեկօրյա պատերազմի: Ավելի երկար Իլահմ Ալիևին պատերազմել ոչ ոք թույլ չի տա` Աֆղանստանից զորքերը դուր բերել է պետք: Այնպես որ, ըստ ամենայնի, քանի դեռ ԱՄՆ-ն չի հեռացել Աֆղանստանից, մեծ պատերազմ Ղարաբաղում չի լինի: Իսկ երբ ամերիկացիները կհեռանան, չգիտի ոչ ոք, նույնիսկ Օբաման:

Կարինե Տեր-Սահակյան / PanARMENIAN News