25 հունիսի 2010 - 18:30 AMT
ՀՈԴՎԱԾ
Դավադրությունների տեսությա՞մբ ենք տարվել
Կեղծ դրույթների վրա հիմնված համակարգ կառուցելը հայ «քաղաքական գործիչների ու քաղաքագետների» մեծամասնության նախընտրած զբաղմունքն է
Վերջերս անհասկանալի և ակնհայտորեն անհամարժեք լրատվության «լցոնումը» Հայաստանի ԶԼՄ-ներ, ըստ իս, մի քանի նպատակ է հետապնդում, որոնցից գլխավորը հայ հանրությանն ապակողմնորոշելն է և վստահեցնելը, որ կան որոշ ուժեր, որոնք շահագրգռված են ոչնչացնել հայկական պետությունը: Այդ ամենը մոտավորապես տեղավորվում է դավադրությունների տեսության շրջանակներում, որի մասին այսօր խոսում են գրեթե բոլորն նրանք, ով որոշ չափով հետևում է տարածաշրջանի իրավիճակին:

Դավադրությունների տեսությունը հիպոթեզների հավաքածու է, որոնց վրա հիմնվելով փորձ է արվում ներկայացնել այս կամ այն իրադարձությունը կամ գործընթացը որպես ինչ-ինչ բարձրյալ ուժերի դավադրություն: Հարկ է նշել, որ դավադրությունների տեսությունը զուրկ է սթափ իմաստից, այն չի կիրառում ապացույցներ կամ ազբյուրների հավաստիության գնահատականներ: Ավելին, ըստ մի շարք հետազոտողների, դավադրությունների տեսությունը պարանոիկի մտածելակերպ է հիշեցնում, որն ամենուր իր դեմ ուղղված ինչ-որ դավադրություններ է տեսնում: Այդ տեսության հետևորդները կարծում են, որ ամեն ինչ ուղղված է այն խմբերի դեմ, որոնց իրենք պատկանում են կամ ում հետ իրենց նույնացնում են: Դավադրությունների տեսությունը հերքելու ցանկացած փորձ նրա կողմնակիցները կարող են մեկնաբանել որպես դավադրության մի մաս: Հայկական տարբերակով դա մոտավորապես այսպես կլինի` դուք ոչինչ չգիտեք, հետևում է ինչ-որ անհասկանալի կենտրոնի ու փորձագիտական խորհրդի անվանում`նրանք ամեն ինչ գիտեն, իսկ հայերն, ըստ սովորության, ոչ մի բանի չեն հավատում…

Հատկապես հաճախ է նման տեղեկատվության արտահոսք լինում Ռուսաստանից, սակավ դեպքերում` ԱՄՆ-ից և գրեթե բացակայում է Եվրոպայի պարագայում: Երկու վերջին դեպքում հրապարակվող նյութերը մի փոքր հանգամանալից ուսումնասիրության դեպքում քննադատության չեն դիմանում և անհետանում են նույնքան արագ, որքան հայտնվում են: Սակայն մյուս բոլոր հրապարակումներն ուղղակի կամ անուղղակի ազդում են արտաքին ցանկացած ազդեցության հակված հայկական վերնախավի տրամադրությունների վրա և արդյունքում մենք ստանում ենք խուճապ և հուսալքություն: Անդրադառնանք մեկ օրինակի` երկու հայտարարություն նույն թեմայի վերաբերյալ: Առաջինը ինչ-որ «եվրոպական» գաղտնի ծառայություններից, երկրորդը` ինչ-որ անհայտ կենտրոնից: Հիշեցնեմ, որ Եվրոպայի հայկական կազմակերպությունների ֆորումը (FAAE) հայտարարություն էր տարածել, որտեղ ոչ ավել, ոչ պակաս խոսվում է ղարաբաղյան հակամարտության գոտում ամերիկացի ու ռուս խաղաղապահների տեղակայման մասին: Իսկ Մեդվեդևն ու Էրդողանը, բնականաբար հանդես են գալիս Լենինի ու Աթաթուրքի դերերում: Անշուշտ, պատմությունը կրկնվելու միտում ունի, սակայն իրականում դա ընդամենը տարածված ասացվածք է: Այն, ինչ իրողություն էր անցյալ դարում, հազիվ թե իրական կլինի 21-րդ դարում: Տարածաշրջանի աշխարհաքաղաքական դասավորությունը փոխվել է, փոխվել են նաև Թուրքիան ու Ռուսաստանը: Հայաստանն էլ արդեն այն չէ, ինչ 1918 թվականին: Սակայն կեղծ դրույթների վրա հիմնված համակարգ կառուցելը հայ «քաղաքական գործիչների ու քաղաքագետների» մեծամասնության նախընտրած զբաղմունքն է: Ճիշտ է, ամենավատն այն է, որ այդ հեքիաթներին հավատում են և սկսում են իրենց սխեմաները կառուցել` հետևելով նույն այդ դավադրությունների տեսությանը` ողջ աշխարհը Հայաստանի դեմ է…

Միակ նորությունն, որ ի հայտ եկավ Սանկտ Պետերբուրգի հանդիպումից հետո, դա իրոք նոր առաջարկներն են ղարաբաղյան կարագավորման վերաբերյալ, որի պատճառով Իլհամ Ալիևը հոխորտաց և ուզում էր փոքր պատերազմ սկսել: Այս անգամ չստացվեց: Ցավոք, երշխիքներ չկան, որ առաջիկայում նման փորձերը չեն կրկնվի: Եվ ևս մեկ բան` ԵԱՀԿ Մինսկի խմբի արձագանքն ավելորդ անգամ հաստատեց, որ այս կամ այն կողմի գործողությունների ճիշտ գնահատականն իր խնդիրը չէ: Երբ 2007 թվականին նման միջադեպ տեղի ունեցավ, ԵԱՀԿ ՄԽ-ի գնահատականն առավել խիստ էր:

Այս օրերին միայն մեկ ազնիվ քաղաքական գործիչ ի հայտ եկավ` Ավստրիայի ԱԳՆ ղեկավար Միխայել Շպինդելեգերը, որն ուղղակի ասաց, որ ավստրիական դեսպանությունը Բաքվում նրանց հարկավոր է զուտ Nabucco-ի պատճառով: Հուսանք, որ հենց ածխաջրածինները կդառնան այն լծակը, որի օգնության ճնշում կգործադրվի Ալիևի հանդեպ: Սակայն դա այն դեպքում, եթե Nabucco նախագիծը «հօդս չցնդի»: Իսկ եթե չստացվի, ապա Բաքուն արդեն բան չի ունենա կորցնելու: Ինչպես պատերազմից առաջ, այնպես էլ` հետո:

Կարինե Տեր-Սահակյան / PanARMENIAN News