10 հուլիսի 2010 - 12:44 AMT
ՀՈԴՎԱԾ
Շաբաթվա թեման` ղարաբաղյան կարգավորումն ԱՄՆ պետքարտուղարի Հայաստան կատարած այցելության համատեքստում
Հուլիսի 2-8-ի հիմնական քաղաքական իրադարձությունների ամփոփում
Հայաստանում հիմնական քաղաքական իրադարձությունները սկսվեցին ԵԱՀԿ ՄԽ համանախագահների այցլելությունից Հայաստան: Հուլիսի 2-ին Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն ընդունեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունից ժամանած ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին: Հանդիպման ընթացքում քննարկվեցին Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ներկա փուլի ընթացքն ու առկա հնարավորությունները:

Հուլիսի 3-ին արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց տարածաշրջանային այցի շրջանակներում Երեւան ժամանած ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Բեռնար Ֆասիեին, Ռոբերտ Բրադկեին, Իգոր Պոպովին եւ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկին: Համանախագահները արտգործնախարար Նալբանդյանին ներկայացրեցին նախօրեին Ստեփանակերտում ԼՂՀ իշխանությունների հետ ունեցած իրենց հանդիպումները: Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը նշեց, որ ԼՂՀ լիակատար մասնակցությունը խաղաղ կարգավորման բանակցություններին անհրաժեշտություն է և գործընթացի արդյունավետության երաշխիք, քանի որ առանց Արցախի անհնար է համաձայնության գալ: Նույն օրը ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը ևս հանդիպեց ԵԱՀԿ ՄԽ հետ: Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկեցին ղարաբաղյան հակամարտության կարգավորման ներկա փուլին վերաբերվող հարցեր, այդ թվում` Մադրիդյան սկզբունքների վերջին տարբերակը:

Հուլիսի 4- ն ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը ժամանեց Երևան: Թռիչքուղու վրա նրան դիմավորել են ՀՀ ԱԳՆ ղեկավար Էդվարդ Նալբանդյանը, Երևանում ԱՄՆ դեսպան Մարի Յովանովիչը, ՀՀ ԱԳ փոխնախարար Արման Կիրակոսյանը, ԱՄՆ-ում Հայաստանի դեսպան Թաթուլ Մարգարյանը: Նույն օրը Երևանում ճեպազրույցում նա հայտարրաեց, որ ղարաբաղյան կարգավորման սկզբունքները մնում են անփոփոխ և հիմնված են Հելսինկյան ակտի վրա. ուժի չկիրառում, տարածքային ամբողջականություն և ազգի ինքնորոշման իրավունք: Միաժամանակ նա ընդգծել է, որ ԱՄՆ-ը բազմիցս անհանգստություն է հայտնել խնդիրը ռազմական ճանապարհով լուծելու փորձի նկատմամբ: «Մենք ասել ենք երկու նախագահներին. ուժն անընդունելի է, և ԱՄՆ-ը, ինչպես և համանախագահները դատապարտում են վերջին միջադեպը, որի ընթացքում զինծառայողներ են մահացել: Մենք կոչ ենք անում կողմերին հետևել հրադադարի ռեժիմին: Այդ ռեժիմի խախտումը միայն հետաձգում է խաղաղ գործընթացը, որն այլընտրանք չունի»,- ընդգծել է Հիլարի Քլինթոնը:

Խոսելով հայ-թուրքական հարաբերություններից` Հիլարի Քլինթոնն ասաց, որ ԱՄՆ-ն հավատում է, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը տարածաշրջանին կբերի խաղաղություն, կայունություն և բարգավաճում: «Ճիշտ է, Արձանագրությունները դեռ վավերացված չեն, սակայն, ինչպես հիշում եք, նախագահ Սարգսյանը հայտարարել է, որ Հայաստանը պատրաստ է շարունակել Թուրքիայի հետ բանակցային գործընթացն այն ժամանակ, երբ նա ընդառաջ գա, և մենք ողջունում ենք այդ հայտարարությունը: ԱՄՆ-ն համաձայն է այդ տեսակետի հետ, և մենք դրական ենք գնահատում Հայաստանի նախագահի հայտարարությունը»,- ասել է Քլինթոնը:

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնին և նրան ուղեկցող պատվիրակությանը: Հանրապետության նախագահը, ողջունելով բարձրաստիճան հյուրին, ասել է. «Ես վստահ եմ, որ Միացյալ Նահանգների պետքարտուղարի երկար սպասված այցը Հայաստանի Հանրապետություն մեծ նպաստ կբերի հայ-ամերիկյան հարաբերությունների խորացման գործում, նաև կնպաստի մեր տարածաշրջանում խաղաղության եւ փոխվստահության մթնոլորտի ամրապնդմանը: Միացյալ Նահանգները երկար տարիների ընթացքում իր ներդրումն է բերել ԼՂ խնդրի կարգավորման գործում Այսօր հայ ժողովրդի առջև ծառացած ամենակարևոր խնդիրը ԼՂ հիմնահարցի` միջազգային իրավունքի սկզբունքներին համապատասխան լուծումն է: Լեռնային Ղարաբաղի ժողովուրդն իրավունք ունի իր պատմական տարածքում ազատ տնօրինելու իր ճակատագիրը և զարգանալու»,- ասել է ՀՀ նախագահը:

Ի պատասխան, ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնն ասել է. «Ես անձամբ իմ անունից ցանկանում եմ Ձեզ շնորհակալություն հայտնել Թուրքիայի հետ Ձեր երկրի հարաբերությունները բարելավելու գործում Ձեր անձնական ներդրման համար: Մենք շարունակում ենք հավատացած լինել, որ այդ հարցերի լուծումը, ընդհանրապես նաև տարածաշրջանի զարգացման ու նոր հնարավորությունների ստեղծման տեսանկյունից, բխում է Հայաստանի ժողովրդի շահերից»:

Հուլիսի 5-ին Հայաստան կատարած այցի շրջանակներում Հիլարի Քլինթոնն այցելեց Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր` «Ծիծեռնակաբերդ» և ծաղիկներ դրեց Հավերժական կրակի մոտ` հարգանքի տուրք մատուցելով 1915-1923թթ. Օսմանյան կայսրությունում կոտորված մեկուկես միլիոն հայերի հիշատակին:

ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնի տարածաշրջանային այցի ամենակարևոր արդյունքներից մեկն այն է, որ նա բավական կոշտ արտահայտվեց ԱՄՆ դիրքորոշումը ԼՂՀ հիմնախնդրի խաղաղ լուծման այլընտրանքի բացակայության մասին: Այդ մասին PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում հայտնել է Կովկասի Ինստիտուտի գիտության բաժնի տնօրեն Սերգեյ Մինասյանը: Նրա խոսքով, այդ հայտարարությունը կատարվեց ոչ այնքան Երևանի, որքան Բաքվի համար:

ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնի այցը Հայաստան կնպաստի այն բանին, որպեսզի տարածաշրջանային հիմնախնդիրների հարցով կողմերի դիրքորոշումներն ավելի մերձենան: Այս մասին PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցի ընթացքում ասել է ՀՀԿ խմբակցության պատգամավոր Կարեն Ավագյանը:

«Ժառանգություն» կուսակցությունը կարևորում է ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնի այցը Հայաստան և այդ այցի շրջանակներում նշում է 3 հանգամանք: Այս մասին Երևանում լրագրողների հետ զրույցում ասել է «Ժառանգություն» խորհրդարանական խմբակցության ղեկավար Ստեփան Սաֆարյանը: Նրա խոսքերով, առաջին հանգամանքն այն է, որ Հիլարի Քլինթոնն իր արևելաեվրոպական շրջագայության ժամանակ չայցելեց Թուրքիա, որով ցույց տվեց, որ ԱՄՆ-ն չի դիտարկում Թուրքիան որպես Արևելյան Եվրոպայի մի մաս: «Երկրորդը Հիլարի Քլինթոնի այն հայտարարությունն է, որ հայ-թուրքական գործընթացում առաջընթացը կախված է Թուրքիայից: Դա ցույց է տալիս, որ գործընթացի վերջնական տապալման դեպքում Թուրքիան է լինելու պատասխանատուն: Երրորդը`իր այցելությամբ Ծիծեռնակաբերդ Քլինթոնն արտահայտեց այս պահին ԱՄՆ-ի վրդովված վերաբերմունքը Թուրքիայի տարածաշրջանային քաղաքականության հանդեպ»,-ասել է պատգամավորը:

Ադրբեջանը հասկանում է, որ ժամանակն իր դեմ է գործում և որ Հայաստան-ԼՂՀ Ադրբեջան եռանկյունին թույլ չի տալիս Բաքվին փոխել ստատուս-կվոն: Այդ մասին Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է Կովկասի ինստիտուտի գիտության դեպարտամենտի ղեկավար, քաղաքագետ Սերգեյ Մինասյանը: Միևնույն ժամանակ Մինասյանը նշել է, որ ԵԱՀԿ ՄԽ համանախագահների նախագահների վերջին հայտարարության մեջ առաջին անգամ դե-ֆակտո խոսվում է Ղարաբաղի ժողովրդի մասին: «Այդ հայտարարությունը առավել շահավետ է Հայաստանի համար»,- ասել է նա:

Ակտիվ բանակցություններից հետո ռազմական գործողությունների վերսկսման հնարավորությունը նվազեց: Այդ մասին Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է Հայաստանի Հանրապետական կուսակցության խորհրդարանական խմբակցության անդամ Գագիկ Մելիքյանը: Ընդ որում, նա նշել է, որ Հայաստանը միշտ պետք է պատրաստ լինի պատերազմի: Անդրադառնալով ԼՂՀ ինքնորոշման իրավունքի ճանաչման հնարավորությանը միջազգային հանրության կողմից`Մելիքյանը նշել է, որ կճանաչի միջազգային հանրությունը Ղարաբաղը որպես ինքնիշխան պետություն թե ոչ, Արցախն արդեն 20 տարի է գոյություն ունի ու զարգանում է որպես ժողովրդավարական երկիր:

Ադրբեջանի բարձրաստիճան պաշտոնյաների վերջին եւ դրան նախորդած հայտարարությունները եւ քայլերը հունիսի 17-ի լույս 18 –ի գիշերը իրենց կողմից կազմակերպած սադրանքի շարունակությունն են: Այս մասին հայտարարել է ԱԳՆ մամլո քարտուղար Տիգրան Բալայանը` մեկնաբանելով Ադրբեջանի նախագահի վերջին մի շարք ռազմատենչ հայտարարությունները, բանակցային գործընթացի յուրովի մեկնաբանություններով: Ըստ նրա, դրանք ակնհայտորեն միտված են բանակցային գործընթացի ձախողմանը: «Փորձելով հետ կանգնել Սանկտ-Պետերբուգում ձեռք բերված պայմանավորվածություններից, Ադրբեջանի ղեկավարները թոզ են փչում սեփական ժողովրդի աչքերին` նենգափոխելով բանակցությունների եւ ձեռք բերված համաձայնությունների էությունը»,- ասել է նա:

Ղարաբաղյան հարցի շուրջ բանակցություններում կտրուկ փոփոխություններ սպասելու նախանշաններ չկան: Այս մասին Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտարարեց ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի տնօրեն, պրոֆեսոր Ռուբեն Սաֆրաստյանը: Գնահատելով ԱՄՆ պետքարտուղարի այցը տարածաշրջան և նրա այցը Ծիծեռնակաբերդ Ռուբեն Սաֆրաստյանն ասաց, որ սա բացահայտ ուղերձ էր Թուրքիային, ըստ որի ԱՄՆ-ն մի օր կճանաչի Հայոց ցեղասպանությունը: Նրա խոսքերով, Քլինթոնի այցը նպատակ էր հետապնդում զսպելու Ադրբեջանին հնարավոր ռազմական գործողություններից Ղարաբաղում:

Հայաստանի ղեկավարությունը պետք է համաձայնություն տա ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկրների նախագահների հայտարարությանը: Այդ մասին Երևանում մամլո ասուլիսում հայտարարել է Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի ղեկավար Ստեփան Գրիգորյանը: Նրա խոսքերով, վերջնական խաղաղ համաձայնություն նախապատրաստելուց առաջ անհրաժեշտ է, որպեսզի հակամարտության բոլոր կողմերը, ներառյալ Լեռնային Ղարաբաղը, ստորագրեն Մադրիդյան սկզբունքները: «Հայաստանը պետք է ԵԱՀԿ ՄԽ բոլոր երկրների երաշխիքները ստանա, ներառյալ Թուրքիայի, որ եթե Ադրբեջանը չհամաձայնվի թեկուզ մի կետի հետ, ապա այդ երկրները միակողմանի կարգով պետք է ճանաչեն ԼՂՀ անկախությունը: ՀՀ իշխանությունները նույնպես պետք է միջոցներ ձեռնարկեն ադրբեջանական քարոզչության դեմ` համաշխարհային հանրության հիշողության մեջ ղարաբաղյան հակամարտության սկիզբը թարմացնելու համար: Մենք պետք է հիշեցնենք, թե ով է իրականում պատերազմ սկսել, և չի կարելի խոսել Հայաստանի կողմից Ադրբեջանի տարածքի «բռնազավթման» մասին»,- ասել է Գրիգորյանը: Նա նաև ընդգծեց, որ եթե Ադրբեջանը չհամաձայնվի ԼՂՀ միջանկյալ կարգավիճակի հետ, ապա Հայաստանը պետք է այն ընդունի: «Իսկ եթե Բաքուն չհամաձայնվի այդ կարգավիճակի հետ, ապա համաշխարհային հանրությունը պետք է ճանաչի ԼՂՀ անկախությունը»,- նշել է փորձագետը:

Հուլիսի 8-ին ԱԳՆ-ում անցկացվեց ՀՀ գործադիր իշխանության մարմինների արտաքին կապերի և միջազգային համագործակցության պատասխանատու պաշտոնյաների համար հանդիպում` «ՀՀ արտաքին քաղաքականության առաջնահերթություններ և ընթացիկ հարցեր» խորագրով: Հանդիպումը Հայաստանի արտաքին քաղաքականության հիմնական ուղղությունների ներկայացմամբ բացեց արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը: Իր խոսքում Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը կարևորեց պետական իշխանության մարմինների կողմից իրականացվող արտաքին կապերի և միջազգային համագործակցության համակարգումը` որպես Նախագահի կողմից իրականացվող միասնական արտաքին քաղաքականության ապահովման գրավական:

Արշալույս Մղդեսյան / PanARMENIAN News