10 հուլիսի 2010 - 13:39 AMT
ՀՈԴՎԱԾ
Զբոսաշրջային ընկերություններն ու հյուրանոցների ամրագրման ծառայություններն ամփոփում են առաջին կիսամյակի արդյունքները
Ընթացիկ տարվա առաջին եռամսյակում Հայաստան այցելած զբոսաշրջիկների քանակը ավելացել է 9,4 տոկոսով 2009 թվականի նույն ժամանակաշրջանի համեմատ
Ամռան ամենաթեժ ժամանակն է և Հայաստանը հյուրեր է ընդունում աշխարհի բոլոր ծայրերից: Զբոսաշրջային ընկերություններն ու հյուրանոցների ամրագրման ծառայություններն ամփոփում են առաջին կիսամյակի արդյունքները և գրանցում են զբոսաշրջիկների հոսքի զգալի աճ, մասնավորապես, Ռուսաստանից:

Hotels.com օնլայն-ամրագրման համակարգի տվյալներով Երևանի հյուրանոցներում համարներ ամրագրող Ռուսաստանից ժամանած զբոսաշրջիկների քանակն աճել է 385 տոկոսով, այսինքն չորս անգամ: Նույն աղբյուրի համաձայն, Երևանը ռուսաստանցիների համար երկու անգամ ավելի հետաքրքիր է քան Ռիո դե Ժանեյրոն: Անցյալ տարի Հայաստան էր այցելել շուրջ 300 հազար ռուսաստանցի, այս տարի նրանց հոսքն, ըստ կանխատեսումների կհասնի 500 հազարի:

Հայաստան այցելած զբոսաշրջիկների քանակն ընթացիկ տարվա առաջին եռամսյակում ավելացել է 9,4 տոկոսով 2009 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ: Ըստ ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության, նշված ժամանակահատվածում երկիր այցելած զբոսաշրջիկների քանակը կազմել է 92 955 մարդ` 2009 թվականի նույն ժամանակահատվածի ցուցանիշի համեմատ:

Միևնույն ժամանակ, ինչպես վկայում են վիճակագրության տվյալները, հաշվետու ժամանակաշրջանում Հայաստանի սահմաններից դուրս մեկնած զբոսաշրջիկների քականը 2009թ. առաջին եռամսյակի համեմատ աճել է 7,1 տոկոսով` կազմելով 90 950 մարդ: Օրինակ, S7 ավիաընկերությունում պնդում են, որ ուղևորահոսքը դեպի Հայաստան վերջին 5 ամսում ավելացել է: 2010 թվականի առաջին հինգ ամիսներին անցյալ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ուղևորափոխադրումները աճել են 4 տոկոսով, իսկ չվերթերի քանակն ավելացել է 10 տոկոսով: Նույն կարծիքին է «Երևան թրավելի» գլխավոր տնօրեն Հովհաննես Խաչատրյանը: Դեռևս 3 տարի առաջ, ըստ նրա, նման հետաքրքրություն երկրի հանդեպ չկար: Ըստ գլխավոր տնօրենի, զբոսաշրջիկներին գրավում են ցածր գները: Հայաստանում մեկ շաբաթ տևողությամբ շրջայցը, ըստ «Երևան թրավելի» գլխավոր տնօրենի, կազմում է շուրջ 600-700 դոլար (25 000 ռուբլի)` ներառյալ ավիափոխադրումը, ապրելավարձը, էքսկուրսիաները, ապահովագրությունը, նախաճաշերն ու ճաշերը: Զբոսաշրջիկների մեծ մասը միջին տարիքի կամ մի փոքր ավելի մեծ տարիքային խմբի մարդիկ են, որոնք ամռանը մեկնում են էքսկուրսիաների կամ առողջարաններ, օրինակ, Սևան կամ Ջերմուկ:

«Երևան Թրավելի» ներկայացուցիչների կանխատեսմամբ, ձմռանն աճում է երիտասարդ զբոսաշրջիկների հոսքը, որոնք նախընտրում են Հայաստանի լեռնադահուկային հանգստավայրերը: Հայաստանի էկոնոմիկայի նախարարության տուրիզմի վարչության պետ Մեխակ Ապրեսյանը, Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամի (ՀԱՄՀ) գործադիր տնօրեն Բեկոր Փափազյանը եւ հայկական տուրիստական ընկերությունների ներկայացուցիչները Թբիլիսիում մասնակցեցին Հարավային Կովկասում լեռնային տուրիզմի զարգացման հարցերին նվիրված միջազգային կոնֆերանսին: Կոնֆերանսն անցավ Վրաստանի էկոնոմիկայի եւ կայուն զարգացման նախարարության տուրիզմի եւ հանգստավայրերի դեպարտամենտի նախաձեռնությամբ` ավստրիացի եւ գերմանացի մասնագետների մասնակցությամբ: Կոնֆերանսի ընթացքում մասնակիցները ծանոթացան մարքեթինգի եւ լեռնային տուրիստական կենտրոնների կառավարման ոլորտներում Ավստրիայի եւ Գերմանիայի փորձին:

Միջազգային զբոսաշրջությունը խթանելու նպատակով Հայաստանում կառուցում են եվրոպական մակարդակի հյուրանոցներ, որոնցից մեկի բացմանը ներկա էր նաև Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը: Նոր «Աղվերան հոթել» հյուրանոցը գտնվում է Երևանից 50 կմ հեռավորության վրա Դալար գետի ափին: «Էլիտ գրուպ» շինարարական ընկերությունը ձեռք էր բերել հյուրանոցը կիսակառույց վիճակում 2006 թվականին: Այսօրվա դրությամբ դա 60 հազար քմ տարածքի վրա գտնվող հանգստյան տուն է 8 մասնաշենքով: Հյուրանոցի տարածքում կա բոուլինգ-կենտրոն, լողավազան, թենիսի կորտ: Հյուրանոցի կառուցման համար ներդրվել է 5 մլն դոլար:

Ավելին, օրերս երևանյան հյուրանոցներից մեկու տեղի կունենա զբոսաշրջության ոլորտի ներկայացուցիչների անդրանիկ «առանց փողկապների հանդիպումը»: Ոչ պաշտոնական հանդիպման ընթացքում զբոսաշրջային ընկերությունների միությունների և զբոսաշրջային մոտ 40 ընկերությունների ղեկավարներ և պետական կառավարման մարմինների ներկայացուցիչներ, հավաքվելով կլոր սեղանի շուրջ, մանրամասն կքննարկեն զբոսաշրջության ոլորտի զարգացման հեռանկարները և առկա խոչընդոտները, օրենսդրության և գործնականում դրա կիրառման հետ կապված խնդիրները, որոնք համատեղ նախաձեռնություններով, պետական աջակցությամբ և օրենսդրական փոփոխություններով հնարավոր է լուծել:

Վիկտորիա Արարատյան / PanARMENIAN News