14 հուլիսի 2010 - 11:05 AMT
ՀՈԴՎԱԾ
Հայաստան-ԵՄ հարաբերությունները «Արևելյան գործընկերություն» ծրագրի շրջանակներում` նոր հնարավորություններ և մարտահրավերներ
Հայ հանրության շրջանում Եվրոպան, այսինքն ԵՄ-ն, պատկերավոր ասած, հաճախ ընկալվում է որպես յուրօրինակ մի «Ձմեռ պապ», որը շատ նվերներ ունի
«Արևելյան գործընկերությունը» լրացնում է «Հյուսիսային տարածք» ու «Միջերկրական միություն» ծրագրերը և հարթակ է հանդիսանում մուտքի արտոնագրերի շուրջ բանակցությունների, ազատ առևտրի ու արևելյան հարևանների հետ ռազմավարական գործընկերության մասին համաձայնագրերի քննարկման համար` փոխարինելով Եվրամիության ընդլայնման և նշված պետությունների անդամակցության մասին բանակցությունները:

Ծրագրին մասնակցում են Հայաստանը, Ադրբեջանը, Վրաստանը, Մոլդովան, Ուկրաինան և Բելառուսը: Քանի որ «Արևելյան գործընկերությունը» սեփական քարտուղարություն չունի, այն վերահսկվելու է անմիջապես Եվրահանձնաժողովի կողմից: Փորձում ենք պարզել, թե ինչ հնարավորություններ է տրամադրում ԵՄ «Արևելյան գործընկերություն» ծրագիրը և ինչ մարտահրավերներ է այն պարունակում: Սկզբից հարկավոր է հասկանալ, որ այդ ծրագիրը բոլորովին չի երաշխավորում մասնակից երկրներին, որ նրանք կդառնան ԵՄ լիարժեք անդամ: Այդ մասին բազմիցս հայտարարել են նաև ԵՄ բարձրաստիճան պաշտոնյաները: Քանի որ սկզբում ծրագիրը նման նպատակներ չէր հետապնդում, այն որոշակի տարածք էր և հարթակ ծրագրի մասնակից երկրների ու ԵՄ-ի միջև երկխոսության համար:

Հարկ է նշել, որ վեց երկրների քաղաքական ու օրենսդրական համակարգերի նույնացումը տեղի է ունենալու Արևելյան գործընկերության միջոցով: Այդ ձևաչափը պետք է ունենա նաև խաղի որոշակի կանոններ: Հենց այդ հարաբերությունների ինստիտուցիոնալիզացիայի նպատակով էլ ստեղծվեց «Եվրանեստ» Խորհրդարանական վեհաժողովը Արևելյան գործընկերության շրջանակներում: Մի կողմից «Եվրանեստը» կլինի այն հարթակը, որտեղ մասնակից երկրները կկարողանան քննարկել միմյանց հուզող հարցերը ինչպես իրար հետ, այնպես էլ ԵՄ-ի: Սակայն, մյուս կողմից այն կարող է մրցակցության դաշտ դառնալ այն երկրների համար, որոնք խնդիրներ ունեն միմյանց հետ, օրինակ, Հայաստանի ու Ադրբեջանի համար: Այդ մրցակցությանը նպաստում է նաև ԵՄ-ն իր բանաձևերով, որի վառ օրինակը կարող է հանդիսանալ Եվրախորհրդարանի վերջին բանաձևը Ղարաբաղի վերաբերյալ, որի ընդունումից հետո Ադրբեջանի ռազմատենչ հռետորությունը կտրուկ ակտիվացավ:

Վերոնշյալից բացի, հարկավոր է հասկանալ նաև, արդյոք Հայաստանն ու ԵՄ-ն համարժեք են ընկալում միմյանց: Հայ հանրության շրջանում Եվրոպան, այսինքն ԵՄ-ն, պատկերավոր ասած, հաճախ ընկալվում է որպես յուրօրինակ մի «Ձմեռ պապ», որը շատ նվերներ ունի դրամական միջոցների, ներդրումների, ծրագրերի տեսքով: Դրանք կարելի է ստանալ «լավ» վարքի համար: Միանգամայն նորմալ հարց է առաջանում` ինչո՞ւ: Մեր կարծիքով, հայ հանրության շրջանում ԵՄ նման կերպարի ձևավորմանը նպաստեց Եվրամիությունն ինքը, քանի որ նա հաճախ հենց հանդես է գալիս «Ձմեռ պապի» դերում, որը, կոպիտ ասած, դրամը փոխանակում է մասնակից երկրների քաղաքական համակարգում օրենսդրական փոփոխությունների կամ այլ բարենորոգումների հետ: Գուցե, ԵՄ-ն դա չի ցանկանում, սակայն հաճախ դա ընկալվում է հենց այդ կերպ, քանի որ օրենսդրական փոփոխությունները կամ պետկառավարման ոլորտում բարեփոխումներն առանց հասարակության մոտ համապատասխան մտածողության ձևավորման և իշխանությունների մոտ քաղաքական կամքի առկայության, չեն կարող իրական տեղաշարժ ապահովել: Այստեղ հարկ է նշել, որ ԽՍՀՄ Սահմանադրությունը ամենաժողովրդավարականներից էր աշխարհում, սակայն իրականում այդ երկրում բռնատիրություն էր: Գործընթացի արդյունավետության համար հարկավոր է դիվերսիֆիկացնել գործընթացն ու հաշվի առնել նաև այն երկրի հանրության կարծիքը, որի հետ աշխատում է ԵՄ-ն: Հակառակ դեպքում բոլոր բարեփոխումներն ու փոփոխությունները, թելադրված լինելով վերևից, առանց համապատասխան սոցիալական բազայի, հանգեցնում են նույն հասարակության դիմադրության: Բարեփոխումներն, անկախ նրանց արդյունավետությունից, կընկալվեն որպես օտարածին մի երևույթ, և շարքային քաղաքացու ընկալմամբ սպառնալիք կհանդիսանան կյանքի բնականոն ընթացքին: Դրա համար, մինչ օրս, բոլոր միջազգային կառույցները` ԵՄ-ն, ԵԱՀԿ-ն, Եվրոպայի խորհուրդը, հանդես գալով զեկույցներով, առաջընթաց են արձանագրում Հայաստանի հասարակական կյանքի այս կամ այն ոլորտում, որն ուղղակի համադրելի չէ իրականության հետ: Քանի որ գրեթե բոլոր զեկույցներում շեշտը դրվում է ոչ թե իրեի իրական վիճակի վրա, այլ այն փոփոխությունների, որոնք կատարվում են փաստաթղթերում:

Ամփոփելով վերոնշյալը, կարելի է նշել, որ ԵՄ-ի հետ արդյունավետ երկխոսության համար Հայաստանը պետք է ճիշտ գնահատի առկա իրավիճակն ու միմյանց համարժեք ընկալումը: Ընդհանուր առմամբ հայ-եվրոպական հարաբերությունները, ինչպես ամեն ինչ Հայաստանում, զարգանում է էվոլյուցիոն ճանապարհով, ոչ այնքան արագ, սակայն ինտեգրմանն ուղղված առաջընթաց գրանցելով:

Մի կողմից, «Արևելյան գործընկերոթյունը. որևէ գործողություն կամ խնդիրների լուծում չի նախատեսում, սակայն, հնարավորություն է տալիս ամրապնդել երկխոսությունը, տնտեսական կապերրը` չշաղկապելով այդ ամենը տարածաշրջանային, արտաքին քաղաքական գործոնների հետ, ինչպիսին է, օրինակ, ղարաբաղյան հակամարտությունը: Թե որքան արդյունավետ կաշխատի այդ գործընթացը, դա այլ հարց է, սակայն գործընթացը շարունակվում է:

Արշալույս Մղդեսյան / PanARMENIAN News