Մոսկվան որոշել է հիշեցնել Արևմուտքին, թե ով է տերը Հարավային Կովկասում

ՀՀ-ում ռուսական ռազմակայանի տեղակայման ժամկետի երկարացումը կարող է լուրջ հարված հասցնել Հայաստանի միջազգային հեղինակությանը որպես անկախ պետության և անդրադառնալ Իրանի հետ նրա հարաբերությունների վրա

Երևանի հետ արձանագրություն ստորագրելով Հայաստանում գտնվող ռուսական ռազմակայանի տեղակայման ժամկետը ևս 49 տարով երկարացնելու մասին` Մոսկվան վերջնականապես իր տիրապետությունը կհաստատի Հարավային Կովկասում: Տարածված տեղեկատվությունն այն մասին, որ ռուսական ռազմակայանի մասին պայմանագրում հնարավոր են փոփոխություններ, որն ըստ արձանագրության, Ռուսաստանի շահերը պաշտպանելուց բացի ՀՀ զինված ուժերի հետ համատեղ կապահովի նաև Հայաստանի անվտանգությունը, բազում մեկնաբանությունների առիթ է տվել հայ-ռուսական ռազմավարական համագործակցության և դարավոր բարեկամության վերաբերյալ:

PanARMENIAN.Net - Անշուշտ, դժվար է հակառակվել այն իրողությանը, որ հայ հանրության պատկերացմամբ Ռուսաստանը, պատկերավոր ասած, հանդես է գալիս «ավագ եղբոր»դերում, որը պատրաստ է պաշտպանել հայկական պետությունը Ադրբեջանի և Թուրքիայի պոտենցիալ ագրեսիայի դեպքում: Սակայն, եթե ավելի խորը նայենք ստեղծված իրավիճակին և չսահմանափակվենք միայն «հայ-ռուսակասն դարավոր բարեկամության ֆոնով», կնկատենք, որ Մոսկվան մեկ հարվածով երկու նապաստակ է ցանկանում սպանել:

Վերջերս ռուսական մամուլում հայտնված հաղորդագրությունն այն մասին, թե ՌԴ-ն մտադիր է Բաքվին վաճառել C-300 զենիթահրթիռային համալիրների երկու «Ֆավորիտ» տիպի դիվիզիոն, հայկական կողմի մոտ կասկածներ է հարուցում ՌԴ մտադրությունների անկեղծության առումով: Մի կողմից Մոսկվան զինում է Ադրբեջանին, մյուս կողմից առաջարկում է երկարացնել Հայաստանում ռազմակայանի ներկայության ժամկետը` կանխելու համար Ադրբեջանի ռազմական ագրեսիան: Ռուսաստանի երկակի խաղը տարածաշրջանում նոր չէ: Հայաստանի ու Ադրբեջանի հետ հարաբերություններում որոշակի բալանսի պահպանումը միշտ եղել է Մոսկվայի տարածաշրջանային քաղաքականության գլխավոր առանձնահատկություններից մեկը: Անկախ նրանից, թե հավաստի է տեղեկատվությունը Մոսկվայի ու Բաքվի միջև 300 մլն դոլարի պայմանագրի մասին, որը կարող է ստորագրվել ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևի սեպտեմբերին Ադրբեջան կատարելիք այցի ժամանակ, Հայաստանի ղեկավարությունն ու հասարակությունը վաղուց պետք է յուրացնեին այն դասը, որի համաձայն «չկան հավերժ դաշնակիցներ, կան հավերժ շահեր»: Ցավոք, ներկա պայմաններում ՌԴ-ի կողմից առաջարկվող անվտանգության երաշխիքներն անփոխարինելի են: Սակայն Մոսկվայի հետ ՀՀ տարածքում ռուսական ռազմակայանի ներկայության երկարացման մասին փաստաթուղթ ստորագրելուց առաջ, ճիշտ կլիներ, եթե Հայաստանի ղեկավարությունը մտահոգություն հայտներ ՀԱՊԿ իր դաշնակցի վարքագծի վերաբերյալ և պնդեր, որպեսզի նա դադարեցնի զինել Ադրբեջանին: Սակայն, չպետք է մոռանանք ևս մեկ չգրված ճշմարտություն` դա ուղղակի բիզնես է, ոչ մի անձնական բան: Զենքի առևտուրը միշտ եղել է ռուսական, իսկ մինչ այդ` խորհրդային բյուջեի համալրման հիմնական միջոցը: Հիշենք, որ ԽՍՀՄ զենք էր վաճառում արաբական աշխարհի ու Աֆրիկայի բավականին կասկածելի ռեժիմներին:

Հայաստանում շատերն են հասկանում, որ Մոսկվայի ձգտումը շուտափույթ կերպով հզորացնել իր ռազմական ներկայությունը Հայաստանում հենց այժմ ոչ այնքան հիմնավորված է «ռազմավարական դաշնակցի» պաշտպանությունն ու անվտանգությունն ապահովելու մտադրությամբ, որքան նպատակ է հետապնդում կանխել Ռուսաստանի համար անբարենսպաստ սցենարները, որոնք կարող են կիրառվել Իրանի շուրջ լարվածության աճին համընթաց: Այն դեպքում, երբ արևմտյան խաղացողները փորձում են խոսքից գործի անցնել և հարված հասցնել Իրանին, մեր ռազմավարական գործընկերը հզորացնում է իր ռազմական ներկայությունը Հարավային Կովկասում և շտապում է հիշեցնել Արևմուտքին, թե ով է իրականում տերը այս տարածաշրջանում:

Բացի այդ, ՀՀ-ում ռուսական ռազմակայանի տեղակայման ժամկետի երկարացումը կարող է լուրջ հարված հասցնել Հայաստանի միջազգային հեղինակությանը որպես անկախ պետության և անդրադառնալ Իրանի հետ նրա հարաբերությունների վրա, որը, թեև, լռություն է պահպանում, սակայն կարող է կտրուկ արձագանքել Մոսկվայի ռազմական ներկայության ընդլայնմանը: Ճիտ է, հարկ է հիշեցնել, որ Հարավային Կովկասի հետխորհրդային հանրապետությունների անկախությունը բավականին մշուշոտ հասկացություն է: Կարելի է ասել, որ Հայաստանը նույնքան «անկախ է» Ռուսաստանից, որքան Վրաստանն` Արևմուտքից, իսկ Ադրբեջանը` Թուրքիայից ու նավթից:

Եկատերինա Պողոսյան / PanARMENIAN News
 Ամենաընթերցվողը բաժնում
Ինչ է իրենից ներկայացնելու Սաուդյան Արաբիայում կառուցվելիք աշխարհի խոշորագույն շինությունը
Իրադարձություններ, որոնք զարգացել են 1 ամսից էլ քիչ ժամանակում
 Ուշադրության կենտրոնում
Բաքուն հայտնել է զոհերի թիվը՝ 192, ընդդիմադիրները պնդում են 200–ից ավելի զոհի մասին

Բաքուն հայտնել է զոհերի թիվը՝ 192, ընդդիմադիրները պնդում են 200–ից ավելի զոհի մասին Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական

 Բաժնի այլ նյութերը
Բայրաքթարից պակաս աղմկահարույց, բայց ավելի փորձառու Իրանական ԱԹՍ-ների չբացահայտված պոտենցիալը
Հին վիրուսի նոր բռնկումը Ինչ է հայտնի կապիկի ծաղկի դեպքերի աճի մասին
---