7 օգոստոսի 2010 - 16:26 AMT
ՀՈԴՎԱԾ
Հայաստանի կառավարությունը շեշտը դնում է տուրիզմի զարգացման վրա
Միջազգային փորձագետները գտնում են, որ Հայաստանը հսկայական տուրիստական ներուժ ունի, բայց դրա զարգացման համար հարկավոր է բազմազան դարձնել երկրի տուրիստական սեկտորը
Հայաստանում նոր օրենք է մշակվում, որը կարգավորելու է տուրիստական գործակալությունների, տուրօպերատորների, գիդերի աշխատանքը և կպաշտպանի տուրիստների շահերը: Տուրիզմի մասին օրինագծի մշակումն իրականացվում է պետական և մասնավոր սեկտորների համագործակցությամբ` միջազգային փորձագետների մասնակցությամբ: Նոր օրենքում կշեշտվեն կառավարության և իշխանության տեղական մարմինների համագործակցության ոլորտները, տուրիզմի ոլորտում լիազորված մարմնի իրավասությունը, պետական և մասնավոր սեկտորների համագործակցության սկզբունքները, ազգային տուրիստական մարմնի իրավասությունը:

Միջազգային փորձագետները գտնում են, որ Հայաստանն ունի զբոսաշրջության հզոր ներուժ, սակայն այդ գաղտնիքը բացահայտելու համար պետք է երկրի զբոսաշրջությունը բազմազան դարձնել և բարձրացնել մատուցվող ծառայությունների մակարդակը: Զբոսաշրջության բնագավառում հայկական փորձի և մեթոդների ու համաշխարհային փորձի միջև մեծ ճեղք կա, որը վերջին տարիներին ջանում է կրճատել երկրի կառավարությունը:

Հայաստանի ամենամասշտաբային նախագիծը Տաթևի վանքային համալիրի վերակառուցումն ու դեպի վանքը տանող` աշխարհում ամենաերկար ճոպանուղու կառուցումն է: «Տաթևի վերածնունդը» ծրագիրն ուղղված է Հայաստանում տարածաշրջանային տուրիզմի զարգացմանը: Նախագծի արժեքը կազմում է $45 մլն, որից $20 մլն-ը հատկացրել են բարերարները` ի դեմս Ռուբեն և Վերոնիկա Վարդանյանների: Իսկ մնացած մասի ներգրացման համար համապատասխան բիզնես-ծրագիր կմշակվի:

Պետությունը ևս մասնակցում է «Տաթևի վերածնունդը» ծրագրին և իր միջոցներով վերակառուցելու է գլխավոր մայրուղուց մինչև ճոպանուղու կայարան` ընդհուպ մինչև Տաթևի վանք տանող ճանապարհը:

Բացի դրանից, Սյունիքի մարզպետարանին հատկացրել է 32,3 դրամ` Հալիձոր և Շինուհայր համայնքներին տրամադրելու նպատակով: Մեկ այլ որոշմամբ ՀՀ էկոնոմիկայի նախարարությանը հատկացվել է 65,5 հազար դրամ` Տաթևի վանական համալիրի և Տաթև-Հալիձոր ճոպանուղու բացման արարողությունը ներկայացնող տեսահոլովակների պատրաստման և Եվրանյուզ հեռուստաալիքով հեռարձակելու, 27,7 հազար դրամ` Հայաստանում «Նեշնըլ Ջեոգրաֆիք Թրևլեր» ամսագրի տարածաշրջանային ներկայացուցիչների «Ճամփորդություն առանց սահմանի» գիտաժողովի կազմակերպման նպատակով:

Ճոպանուղու կառուցման աշխատանքները կավարտվեն հոկտեմբերի 16-ին, իսկ Տաթևի վանքային համալիրի վերակառուցումը կմեկնարկի 2011 թվականին: Վանքին կից կա նաև խնոցի, որը շահագործման կհանձնվի և տուրիստների ուշադրությանը կներկայացվի ճոպանուղու բացման օրը:

Ճոպանուղու երկարությունը 5, 7 կմ է, իսկ ամենաբարձր կետը` 330 մ է: Ճոպանուղիով միաժամանկ կերթևեկի 2 վագոն, յուրաքանչյուրը 25 մարդ տարողությամբ: Վագոնները կհասցնեն ուղևորներին մինչև Տաթևի վանք 11 րոպե 25 վայրկյանում: Ճոպանուղին կարող է ապահովել 5 ուղևորություն հաճախականությունը, սակայն այն կաշխատի օրը երկու անգամ կամ ըստ պահանջարկի:

Ճոպանուղու գործարկման ու անվտանգության ապահովման փորձարկման համար կհրավիրվի հատուկ հանձնաժողով Եվրոպայից, որն իր եզրակացությունը կտա միջազգային չափանիշներին ճոպանուղու համապատասխանության վերաբերյալ:

Հայաստանի կառավարությունը երկրում տուրիզմի զարգացման հայեցակարգի շրջանակներում երեք տարով երկարացրել է «Աղթամար» ընկերության հանդեպ կիրառված «ժամանակավոր ներմուծում» մաքսային ռեժիմի ժամկետը: Ընկերությունը ապրանք է ներմուծում Սևանա լճի թերակղզում ճոպանուղու կառուցման և շահագործման նպատակով, որի բացումը մոտ 100 նոր աշխատատեղ կապահովի:

Բացի դրանից, Հայաստանի Վայոց Ձորի մարզում ծրագրվում է մասնագիտացված ագրոզբոսաշրջային համալիր կառուցել, ինչն ուղղված է Վայք քաղաքում տուրիզմի զարգացմանը, տեղի բնակչության զբաղվածության ապահովմանը, ինչպես նաև գյուղատնտեսական տեղական արտադրանքի իրացմանը: Համալիրի տարածքի ընտրության հարցում հաշվի են առել քաղաքին մոտ լինելու, գյուղացիական տնտեսությունների ապրանքների վաճառքի համար բարենպաստ պայմանների առկայության, տեղի բնակչությանը սպասարկման աշխատանքներում հնարավորինս ներգրավելու հանգամանքները: Նախատեսված է համալիրը կառուցել էկոլոգիապես մաքուր նյութերով, իսկ շահագործումն ապահովել արևային էներգիայով:

Նոր օրինագծի մշակումն ու տուրիստական օբյեկտների կառուցման բազմաթիվ նախագծերը կհանգեցնեն Հայաստանի տուրիստական ծառայությունների որակի բարձրացմանն ու Հայաստանի` որպես տուրիստական երկրի իմիջի բարձրացմանը:

ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության տվյալներով, 2010թ. հունվար-հունիսին հանրապետություն են ժամանել 230154 զբոսաշրջիկներ` 2009թ. նույն ժամանակաշրջանի 206994 զբոսաշրջիկների դիմաց:

Հռիփսիմե Հայրապետյան / PanARMENIAN News