10 օգոստոսի 2010 - 11:50 AMT
ՀՈԴՎԱԾ
Անցյալի վտանգավոր միֆերը
Սևրի պայմանագիրը չվավերացվեց կողմերից ոչ մեկի կողմից, այդ թվում նաև` Հայաստանի
1920թ. օգոստոսի 10-ին ստորագրվեց Սևրի հաշտության պայմանագիրը, որը դարձավ հայկական ամենահաստատուն միֆերից մեկը: Խոսելով այդ պայմանագրի մասին` գրեթե բոլորը խոսում են դրույթների մասին, որոնց համաձայն Արևմտյան Հայաստանը պետք է անկախություն ստանար, բայց ոչ ոք, չգիտես ինչու, չի խոսում այդ պայմանագրի անվավերության մասին: Թեպետ հենց այդ մասին պետք է խոսել առաջին հերթին և մոլորության մեջ չգցել ժողովրդին, որը մինչև հիմա կարծսում է, որ Սևրի պայմաններով պատմական Հայաստանի նկատմամբ իրավունքներ ունի:

Սևրի պայմանագիրը չի վավերացվել կողմերից ոչ մեկի կողմից, այդ թվում նաև` Հայաստանի: Ստացվում է այնպես, որ հայերը հերթական անգամ սկսում են սփոփել իրենց պատրանքներով այդ պայմանագրի հետ կապված ինչ-որ իրավունքների վերաբերյալ: Խոսք չկա, Արևմտյան Հայաստանը պատկանում է հայերին, սակայն հույսը դնելը դրա վերադարձի վրա համաձայն 90-ամյա վաղեմություն ունեցող փաստաթղթերի, վտանգավոր մոլորություն է: Ընդհանրապես ցանկացած տարածքի վերադարձին հավատալը խաթարում է ազգի ոգին և հանգեցնում պարտության, ինչը մենք տեսանք Արցախի ազգային-ազատագրական պայքարի օրինակով: Եթե հայերը թեկուզ մի ակնթարթ մտքով անցկացնեն ազատագրված տարածքներից հեռանալը, մեզանից երես կթեքի ողջ աշխարհը, որը հիմա կոչ է անում «վերադարձնել 7 կամ 5, կամ թեկուզ 2 շրջան»:

Վերադառնանք պատմությանը: Սևրի պայմանագիրը կնքվեց Առաջին համաշխարհային պատերազմում հաղթած Անտանտայի և Օսմանյան Թուրքիայի միջև: Հայաստանի Հանրապետության անունից պայմանագիրը ստորագրեց Ավետիս Ահարոնյանը, սակայն Թուրքիայի հետ սկսած պատերազմը թույլ չտվեց վավերացնել պայմանագիրը: Սևրի հաշտության պայմանագրի «Հայաստան» բաժինն ընդգրկում էր 88-93-րդ հոդվածները: Թուրքիան ճանաչում էր Հայաստանն իբրև «ազատ և անկախ» պետություն: Թուրքիան ու Հայաստանը համաձայնում էին Էրզրումի, Տրապիզոնի, Վանի և Բիթլիսի նահանգներում երկու պետությունների միջև սահմանազատումը թողնել ԱՄՆ որոշմանը և ընդունել ինչպես նրա որոշումը, նույնպես և բոլոր առաջարկները Հայաստանին դեպի Սև ծով ելք տալու և հիշյալ սահմանագծին հարող օսմանյան բոլոր տարածքների ապառազմականացման վերաբերյալ: Ընդհանուր առմամբ այդ տարածքը կազմելու էր շուրջ 110 հազ. քառ. կմ, իսկ Առաջին Հայաստանի Հանրապետության հետ հայկական անկախ պետությունը կունենար շուրջ 150 հազ. քառ. կմ տարածք` ելք ունենալով դեպի Սև ծով: Սակայն դրանից ոչինչ դուրս չեկավ. Վուդրո Վիլսոնի որոշումն այդպես էլ մնաց բարի ցանկություն, քանի որ այն չվավերացրեց ԱՄՆ Սենատը: Նույն Սենատը հրաժարվեց վերցնել Հայաստանի մանդատը, միևնույն ժամանակ Մեծ Բրիտանիային տրվեց Պաղեստինի մանդատը, իսկ Ֆրանսիային` Լիբանանի: Հայ-թուրքական սահմանը որոշվեց 1921թ. հոկտեմբերի 13-ի Կարսի պայմանագրի համաձայն, որը ստորագրվեց և վավերացվեց Թուրքական հանրապետության և Անդրկովկասի խորհրդային հանրապետությունների կողմից: Կարսի պայմանագիրը, որի շուրջ շատ առասպելներ են պտտվում, ոչ ոք չեղյալ չի հայտարարել, և ԽՍՀՄ տապալումը դրա հետ ընդհանրապես կապ չունի: Հնարավոր է, տվյալ հոդվածում արտահայտված կարծիքը վիճելի է, բայց միջազգային իրավունքը հստակ որոշում է` որ պայմանագրերն են գործող, որոնք` ոչ:

Ուղղակի հիշեցնենք, որ Հայաստանի և Թուրքիայի միջև որոշիչ պայմանագիր է 1923թ. Լոզանի հաշտության պայմանագիրը, որով ճանաչվել է Թուրքիայի նոր կառավարությունը Մուսթաֆա Քեմալ Աթաթուրքի գլխավորությամբ: Դրա հետ կապված կարելի է հիշեցնել Պաղեստինի վերաբերյալ Բալֆուրի հռչակագրի պատմությունը, որի շնորհիվ վերջապես հրեաները հռչակեցին Իսրայել պետությունը: Ինչպես գրում է իր «Ռազմական հիշողություններում» Լլոյդ Ջորջը, երբ 1916թ-ին բրիտանական բանակը բախվեց կորդիտի (անծուխ վառոդ) դեֆիցիտի հետ, նրան խորհուրդ տվեցին դիմել փայլուն քիմիկոս, Մանչեսթրի համալսարանի պրոֆեսոր Հայմ Վեյցմանին, որն ավելի ուշ դարձավ Իսրայելի առաջին նախագահը և մահացավ 1952թ-ին: Վեյցմանը լուծեց խնդիրը: «Երբ մեր դժվարությունները հաղթահարվեցին դոկտոր Վեյցմանի հանճարի շնորհիվ, ես ասացի նրան». «Դուք մեծ ծառայություն մատուցեցիք պետությանը, և ես կցանկանայի խնդրել վարչապետին ներկայացնել ձեզ Ձերդ Գերազանցությանը մեր երախտագիտությունը հայտնելու համար»: Նա պատասխանեց. «Ինձ ոչինչ հարկավոր չէ: Բայց ես կցանկանայի, որպեսզի դուք ինչ-որ բան անեք իմ ժողովրդի համար»,- գրում է Լլոյդ Ջորջը` Մեծ Բրիտանիայի վարչապետը 1918թ-ին: Այդ «ինչ-որ» բանը հրեաների հայրենադարձությունն էր Պաղեստին: Ճիշտ է, այդ ժամանակ ոչ ոք չէր մտածում, որ Բալֆուրի հռչակագիրը կդառնա Մերձավոր Արևելքի ամենաերկար և անլուծելի հակամարտություններից մեկի աղբյուրը…

Կարինե Տեր-Սահակյան / PanARMENIAN News