Շաբաթվա թեման ղարաբաղյան հիմնախնդիրն էր

Օգոստոսի 28-ից սեպտեմբերի 3-ն ընկած ժամանակահատվածում ներքաղաքական իրադարձությունների վերլուծություն

Անցյալ շաբաթ Հայաստանի ներքաղաքական իրադարձությունները հիմնականում ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջն էին կատարվում: Երևանում օգոստոսի 30-ին տեղի ունեցած մամլո ասուլիսի ժամանակ ՀՀԿ խորհրդարանական խմբակցության պատգամավոր Արտակ Զաքարյանը հայտարարել է, որ Հարավային Կովկասը շարունակում է մնալ համաշխարհային գործընթացների ուշադրության կենտրոնում: Նրա խոսքերի համաձայն, տարածաշրջանի քաղաքականությունը բազմակողմ է և Հարավային Կովկասում կարևոր է ուժերի հավասարակշռությունը: Այդ առումով Զաքարյանն ասել է, որ կարևոր դեր են խաղում վերջերս ձեռք բերված հայ-ռուսական պայմանագրերը, որոնք երկարացնում են տարածաշրջանում հավասարակշռության պահպանման հնարավորությունը, ինչպես նաև պաշտպանում են Հայաստանն արտաքին սպառնալիքներից: «Գաղտնիք չէ, որ Ադրբեջանն իր ապակառուցողական քաղաքականությամբ շարունակում է մնալ տարածաշրջանում կայունության պահպանման գլխավոր սպառնալիքը»,- ասել է ՀՀԿ խմբակցության պատգամավորը և հավելել, որ այդ քաղաքականությանը դիմակայելու տարբերակներից մեկը հայ-ռուսական պայմանագրերն են:

PanARMENIAN.Net - «Ես համաձայն չեմ, որ Հայաստանում ռուսական ռազմակայանի տեղակայման ժամկետը երկարացնելու մասին արձանագրությունը դարձել է «դարի պայմանագիրը»,- Երևանում մամլո ասուլիսում ասել է Երվանդ Բոզոյանը: Նրա խոսքերի համաձայն, Հայաստանը պետք է հույսը դնի միայն սեփական ուժերի վրա և ձերբազատվի իր սեփական ռազմական ուժի վերաբերյալ ունեցած բարդույթից: Նա հիշեցրել է, որ ռազմավարական դաշինքի մասին նման պայմանագիր կնքվել է Ադրբեջանի և Թուրքիայի միջև: «Սեփական ուժերի նկատմամբ անվստահությունը վնասում է Հայաստանին, չնայած, որ մեր բանակը հզոր է ադրբեջանականից»,- ընդգծել է Բոզոյանը:

Հայաստանը կարևորում է Գյումրիում ռուսական ռազմակայանի տեղակայման ժամկետի երկարացումը: Այդ մասին լրագրողներին սեպտեմբերի 1-ին հայտնել է ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը: Նրա խոսքերի համաձայն, բացի ռազմական համագործակցությունից, թիվ 5 արձանագրությունն ամրապնդում է ՀՀ և ՌԴ միջև ռազմաքաղաքական դաշինքը: «Դա Հայաստանին հնարավորություն է տալիս ապագայում Ռուսաստանի հետ զարգացնել բանակը, որոշել անվտանգության աստիճանը և դիմակայել սպառնալիքներին: Ռուսական ռազմակայանը գտնվում է վերակազմավորման փուլում, և մենք պատրաստ ենք համատեղ իրագործել արձանագրության բոլոր դրույթները: Բայց այլ ռազմակայաններ Հայաստանի տարածքում չեն լինի»,- ասել է Օհանյանը:

Անցյալ շաբաթ բուռն քննարկումների առիթը Ղարաբաղի հարցով ՄԱԿ-ին ներկայացրած Ադրբեջանի բանաձևն էր: Օգոստոսի 30-ին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Ստեփանակերտ կատարած աշխատանքային այցի ժամանակ հայտարարել է, որ հավաստի տեղեկություն կա այն մասին, որ հավանական է սեպտեմբերի 9-ին «Ադրբեջանը ՄԱԿ-ի գլխավոր նստաշրջանի քննարկմանը ներկայացնի մի բանաձև, որի ընդունումը կամ չընդունումը չի կարող էական ազդեցություն ունենալ Արցախի և Հայաստանի ո′չ քաղաքական, ո′չ տնտեսական կյանքում, ո′չ էլ անվտանգության բնագավառում: Այդ բանաձևին, հավանաբար, կողմ կքվեարկեն մի քանի տասնյակ երկրներ: Թերևս, այն երկրները, որոնք մշտապես համերաշխություն են ցուցաբերում Ադրբեջանի հետ. առաջին հերթին, դրանք Իսլամական կոնֆերանսի կազմակերպության երկրներն են: Բայց վստահ եմ, որ բոլոր այն երկրները, որոնք ցանկանում են, որպեսզի այդ հարցը լուծվի խաղաղ ճանապարհով և բանակցությունների միջոցով, դեմ են քվեարկելու այս բանաձևին: Առնվազն, գոնե ձեռնպահ են մնալու, որովհետև նրանք շատ լավ գիտակցում են, որ այդպիսի բանաձևերի ընդունումը չի կարող որևէ դրական ազդեցություն ունենալ բանակցային գործընթացի վրա:

Սա` մի հանգամանք, և երկրորդ հանգամանքը` կարծում եմ, որ շատ շատերի համար պարզ է, որ Ադրբեջանը հերթական անգամ կոպիտ սխալ է թույլ տալիս, և այդ կոպիտ սխալը մենք պետք է օգտագործեք մեր նպատակներին հասնելու համար: Ակնհայտ է, որ մեր կողմից ևս քայլեր կլինեն, և այդ քայլերը մեզ կմոտեցնեն մեր նպատակին», - ասել է Սերժ Սարգսյանը Ստեփանակերտում: Ղարաբաղի մասին ՄԱԿ-ին ներկայացվող վերջին բանաձևում, ի տարբերություն նախորդի, Ադրբեջանը նոր քայլ է կատարում «բռնազավթիչին» բացահայտելու ուղղությամբ, քանի որ այդ փաստաթղթում հղում է արվում Միջազգային հակամարտությունների մասին Ժնևի կոնվենցիային: Այս մասին PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցի ժամանակ ասել է ՀԱԿ ներկայացուցիչ Վլադիմիր Կարապետյանը:

Կարապետյանի խոսքերի համաձայն, Ադրբեջանն այդ բանաձևով հակամարտության բուն էությունը խեղաթյուրելու նպատակ է հետապնդում: « Նկատելի են Ադրբեջանի փորձերը` ԼՂՀ ինքնորոշման հարցը վերածելու Հայաստանի և Ադրբեջանի միջև տարածքային միջազգային վեճի: Քանի որ միջազգային հասարակայնությունը ԼՂՀ-ի մերձակա շրջանները համարում է բռնազավթած, ապա այդ բանաձևի ընդունման դեպքում զավթիչը նույնպես կբացահայտվի», - ասել է ՀԱԿ ներկայացուցիչը: Մեկնաբանելով Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հայտարարությունն այն մասին, որ «Հայաստանը որոշակի քայլեր կձեռնարկի այդ բանաձևի դեմ», Վլադիմիր Կարապետյանն ընդգծել է, որ հայկական կողմը դեռևս այդ փաստաթղթի ձևավորման փուլում պետք է ՄԱԿ-ի գլխավոր գագաթաժողովի քննարկմանը հանձներ իր բանաձևն այն մասին, որ Ադրբեջանը չի պահպանում պայմանավորվածությունը և մշտապես խախտում է հրադադարի կանոնները: «Ցավոք, Էդվարդ Նալբանդյանի ղեկավարած կառույցը դա չի արել, ինչը ամոթալի բացթողում է», - նշել է նա:

1991թ. աշունը Հայաստանի նորագույն պատմության ամենանպաստավոր շրջաններից մեկն էր, հայտարարել է Կովկասի ինստիտուտի քաղաքական հետազոտությունների բաժնի ղեկավար Սերգեյ Մինասյանը: Ըստ նրա, այդ շրջանում հռչակվեց Արցախի Հանրապետությունը և ստեղծվեցին քաղաքական ու ռազմական իշխանության լեգիտիմ մարմիններ, ինչպես նաև բավականին լուրջ իրավական դաշտ, որը չունեին նույնիսկ հետխորհրդային երկրները: Ընդ որում, նա նշել է, որ գլխավոր քաղաքական գործոնն այն է, որ ԼՂՀ-ն արդեն 19 տարի է ինչ գոյություն ունի:

Մեկնաբանելով ՄԱԿ-ում Լեռնային Ղարաբաղի ու Հայաստանի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկած բանաձևի հնարավոր ընդունումը` Մինասյանն ասել է, որ, հավանաբար, այդ բանաձևը նման կլինի 2008-ին ընդունած բանաձևին և որևէ նշանակություն չի ունենա: «Եթե այդ բանաձևը նույնիսկ ընդունվի, ապա երկու շաբաթ անց նույնիսկ Ադրբեջանում նրա մասին չեն հիշի»,- ասել է հայ փորձագետը:

Իր հերթին Երևանի Բրյուսովի անվան լեզվաբանական պետական համալսարանի ռեկտոր Սուրեն Զոլյանն անդրադառնալով Արցախի Հանրապետության անկախության հռչակմանը, ասել է, որ Հայաստանն արդեն բազմաթիվ պատեհ առիթներ է բաց թողել: Ըստ նրա, այս պահի դրությամբ, եթե Հայաստանը ճանաչի Ղարաբաղի անկախությունը, դա կարող է առիթ լինել միջազգային ատյանների շահարկումների համար: Այդ համատեքստում նա ասել է, որ ճիշտ կլիներ, եթե Հայաստանը ռազմաքաղաքական դաշինք կնքեր և համադաշնային հարաբերություններ հաստատեր Ղարաբաղի հետ:

ՀՅԴ-ն կոչ է արել իր բոլոր կառույցներին ուժեղացնել լոբբինգային աշխատանքները բոլոր երկրների հետ`թույլ չտալու համար, որ ընդունվի Ադրբեջանի բանաձևը Լեռնային Ղարաբաղի ու Հայաստանի վերաբերյալ, որը քվեարկության է ներկայացվելու ՄԱԿ-ում: Այդ մասին Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը: Ըստ նրա, շատ երկրներ սատարում են նման բանաձևերին` ելնելով սեփական քաղաքական շահերից և գիտակցելով, որ երբեմն քվեարկում են անհեթեթ բանաձևերի օգտին: Ընդ որում, անդրադառնալով այն բանին, որ Ադրբեջանը փորձում է նոր բանակցային գործընթաց նախաձեռնել ղարաբաղյան հակամարտության շուրջ, որը զուգահեռ կլինի ներկա բանակցային գործընթացին, Արմեն Ռուստամյանն ասել է, որ ի պատասխան` Հայաստանը պետք է սկսի Արցախի Հանրապետության միջազգային ճանաչման գործընթացը: «Ի պատասխան Թուրքիայի ու Ադրբեջանի տանդեմի, մենք պետք է ստեղծենք Հայաստանի ու Ղարաբաղի տանդեմը»,-նշել է նա` հավելելով, որ դրանով իսկ Հայաստանը կկարողանա գործընթացներն ուղղորդել ինչպես ուզում է: Անդրադառնալով Հայաստանի տարածքում ռուսական ռազմակայանի տեղակայման ժամկետի երկարաձգմանը` Ռուստամյանն ասել է, որ Դաշնակցությունը հավանություն է տալիս հայ-ռուսական համաձայնություններին: «Ռուսաստանն ապահովում է Հայաստանի անվտանգության շուրջ 80 տոկոսը»,-ասել է նա` հավելելով, որ այս պահի դրությամբ Երևանը չունի անվտանգության համակարգի ձևավորման այլընտրանքային տարբերակ: «Իսկ եթե չկա նոր համակարգ, ապա հարկավոր է ամրապնդել հինը»,-ասել է նա` ընդգծելով, որ ձեռք բերված հայ-ռուսական համաձայնագրերը նոր մակարդակի են բարձրացնում երկրի ռազմական անվտանգության երաշխիքների մակարդակը:

Մեկնաբանելով ժամկետի երկարացման պատճառները` Ռուստամյանը նշել է, որ հնարավոր պատճառը հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման ձախողումն է, որի արդյունքում տարածաշրջանում ռազմական գործողությունների վերսկսման հավանականությունն աճել է:

ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովում Բաքվի ներկայացրած բանաձևը իրավական տեսակետից սպառնալիք չի ներկայացնում հայկական կողմի համար: Այդ մասին Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է միջազգային իրավունքի փորձագետ Վլադիմիր Վարդանյանը:

Ըստ նրա, ՄԱԿ-ի ԳՎ-ում ներկայացված բանաձևը կարող է ինչպես դրական, այնպես էլ բացասական քաղաքական ֆոն ստեղծել խնդրի կարգավորման բանակցային գործընթացի շուրջ, սակայն իրավական հարթության վրա, նույնիսկ եթե այն ընդունվի, կդառնա խորհրդատվական բնույթի փաստաթուղթ: «Այս բանաձևը շատ տկար բանաձև է, որը մի շարք թերություններ ունի: Օրինակ, բանաձևում Ադրբեջանը հղում է անում այնպիսի միջազգային փաստաթղթերի, որտեղ ուղղակիորեն ասվում է ազգերի ինքնորոշման իրավունքի մասին»,-ասել է փորձագետը:

Մեկնաբանելով այն հաղորդագրությունը, թե Ադրբեջանին կհաջողվի առաջ տանել բանաձևը ՄԱԿ-ի ԱԽ-ում այդ կառույցում նախագահող Թուրքիայի շնորհիվ` Վլադիմիր Վարդանյանն ասել է, որ ՄԱԿ-ի ԱԽ-ն չի կարող դիտարկել այս բանաձևը, քանի որ ղարաբաղյան հակամարտության կարգավորմամբ արդեն զբաղվում է ԵԱՀԿ Մինսկի խումբը:

Հայկական բանակը հստակ կատարում է սահմանի պահպանության իր խնդիրը: Այդ մասին լրագրողներին է հայտարարել ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը: Ըստ նրա, ադրբեջանական ջոկատի երեկվա դիվերսիոն հարձակումը արժանի հակահարված ստացավ: «Ադրբեջանը մեկ անգամ ևս ցույց տվեց իր իսկական դեմքը: Այն բանից հետո, երբ մեր դիրքապահները համարժեք պատասխան տվեցին, դիվերսանտները փախուստի դիմեցին: Բաքուն կրկին ապատեղեկատվություն է տարածել, թե իբր հայկական կողմից կա 2 սպանված, իսկ ադրբեջանական կողմից` 1 վիրավոր: Ամեն ինչ ճիշտ հակառակն է: Հակառակորդն է կորուստներ կրել, իսկ մենք մեկ վիրավոր ունենք: Պետք է նշել, որ մեր բանակը միշտ իր պայմաններն է պարտադրում շփման գծում և ցանկացած հարձակում համաարժեք պատասխան է ստանում»,-ասել է Սեյրան Օհանյանը: Oգոստոսի 31-ի լուսաբացին, մոտավորապես ժամը 6:30-ի սահմաններում ղարաբաղա-ադրբեջանական զորքերի շփման գոտու հյուսիս-արևելյան ուղղությամբ (Վերին Չայլու գյուղի շրջանում) տեղակայված հայկական դիրքերից մեկի վրա հակառակորդը ձեռնարկել է դիվերսիոն գործողություն: Հայ դիրքապահները, ժամանակին հավաստանշելով թշնամու հատուկ նշանակության ջոկատայինների առաջխաղացումը, առանց վարանելու դիմել են համապատասխան քայլերի և հակառակորդին պատճառելով կորուստներ` հետ են շպրտել ելման դիրքեր: Ծավալված մերձամարտի ընթացքում հրազենից վիրավորվել է նաև ՊԲ շարքային զինծառայող, 1991թ. ծնված Ռուդիկ Թովմասի Մանասերյանը:

Ղարաբաղա-ադրբեջանական զորքերի շփման գծում իր իսկ կազամկերպած դիվերսիայի ձախողումից հետո ադրբեջանական կողմը շարունակում է կեղծ քարոզչությունը` համոզելով իր երկրի հասարակությանը, որ դիվերսիայի արդյունքում զոհեր չի կրել: Բացի այդ, ադրբեջանական կողմը պնդում է, որ Հայաստանի զինված ուժերն են սադրիչ գործողություններ կազմակերպել, ինչը բացարձակապես իրականությանը չի համապատասխանում: Այս մասին PanARMENIAN.Net ի թղթակցին հայտնել է ՀՀ ՊՆ լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Վարդան Ավետիսյանը:

Նրա խոսքերի համաձայն, իրականում մոտ 8 հոգուց կազմված Ադրբեջանի դիվերսիոն մի խումբ հարձակում է գործել ԼՂՀ պաշտպանական դիրքերի վրա, իսկ հայ սահմանապահների աչալրջության շնորհիվ այդ խումբը ոչնչացվել է: «Մեր տվյալների համաձայն, խմբի 4 անդամները սպանվել են, իսկ մյուսները ծանր վիճակում են գտնվում: Սակայն ադրբեջանական կողմը դեռևս չի հայտարարում այդ մասին, որպեսզի չոչնչացնի ադրբեջանական հասարակության մոտ ձևավորված իր անհաղթելի բանակի մասին պատրանքները: Դա քարոզչության պարզունակ միջոց է», ասել է Վարդան Ավետիսյանը:

Նա ավելացրել է նաև, որ մի քանի օր անց Ադրբեջանի ղեկավարությունը համարձակություն կունենա խոստովանելու, թե իրականում քանի զոհ է տվել, «…սակայն զինծառայողների մահվան մասին մեկ այլ սցենար կհորինի», - ընդգծել է վարչության պետը: Վ. Ավետիսյանն ասել է նաև, որ հայկական կողմը մեկ վիրավոր է տվել, որի կյանքը վտանգված չէ:

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախության տոնի առթիվ: Ուղերձում, մասնավորապես, ասվում է.

«Սիրելի` հայրենակիցներ, շնորհավորում եմ ձեզ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախության տոնի առթիվ: Արցախի անկախությունը հայոց նորագույն պատմության ամենավառ էջերից է և մեր ժողովրդի մեծագույն ձեռքբերումը: Մենք խորն ենք գիտակցում անկախության գինը, որի համար իրենց կյանքով վճարեցին հազարավոր հայորդիներ: Հավերժ փա` ռք նրանց անմահ հիշատակին:

Մեր ողջ ժողովրդի պայքարով կերտած քաղաքական ազատությունն այսօր իրողություն է: Ավելին, Լեռնային Ղարաբաղն իր պետական կուռ կառույցով ու պաշտպանության բանակով լուրջ գործոն է տարածաշրջանում: Արցախի ներքին կայունությունը, արցախահայության միակամ ու վճռական կեցվածքը, երկրամասի համակողմանի զարգացումը որևէ իրատես մարդու մեջ կասկած չեն հարուցում նրա ազատ ու բարգավաճ ապագայի վերաբերյալ: Մենք առաջ ենք շարժվում Հայաստան, Արցախ և Սփյուռք եռամիասնությամբ` մեր պատմական ընտրությանը հավատարիմ:

Լեռնային Ղարաբաղի խնդրի խաղաղ կարգավորումը կարող է ունենալ միայն մեկ լուծում, և այդ լուծումը Արցախի միջազգայնորեն ճանաչված անկախությունն է: Ինչ վերաբերում է խնդրի լուծման ռազմական ճանապարհին, ապա այդ ուղին, սիրելի` արցախցիներ, մենք ձեզ հետ միասին արդեն անցել ենք, և այդ տարբերակի արդյունքները բոլորի աչքի առաջ են: Դուք ամեն օր, ամեն ժամ ձեր ստեղծագործ աշխատանքով ու պաշտպանության երկաթյա վահանով կրկին ու կրկին ապացուցում եք, որ սրբորեն եք պահում մեր նահատակների հիշատակն ու պատգամները:

Կրկին շնորհավորում եմ բոլորիս այս փառապանծ տոնի կապակցությամբ: Մաղթում եմ խաղաղություն, շենություն ու նոր հաղթանակներ, իսկ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությանը` ամրություն և առաջընթաց»,- ասվում է ՀՀ նախագահի ուղերձում: Ադրբեջանի նախաձեռնությունը` բանաձեւի ներկայացումը Գլխավոր ասամբլեայում ապակառուցողական քայլ է, որը կարող է լուրջ վնաս հասցնել բանակցային գործընթացին: Այս մասին հայտարարել է Հայաստանի ԱԳՆ ղեկավար Էդվարդ Նալբանդյանը Երևանի պետական համալսարանի ուսանողների հետ հանդիպմանը: «ՄԱԿ-ի անդամ պետությունների մեծամասնությունը գտնում է, որ այս կարգի հարցերը չպետք է տեղափոխել Գլխավոր ասամբելա, պետք է քննարկել հաստատված բանակցային ձևաչափերի շրջանակներում: Հենց դա էր պատճառը, որ 2008 թ.. Ադրբեջանի կողմից ներկայացված բանաձեւը աջակցություն ստացավ 192 երկրից միայն 39-ի կողմից, այն էլ մեծամասնությունը Իսլամական կոնֆերանս կազմակերպությունից: Անվտանգության խորհրդի հինգ մշտական անդամներից եւ ոչ մեկը կողմ չքվեարկեց, իսկ եռանախագահող երկրները դեմ քվեարկեցին: Ադրբեջանը օգտագործում է Իսլամական կոնֆերանս կազմակերպությունը` չարաշահելով իսլամական համերաշխության գործոնը: Շատ վտանգավոր են այս կարգի հիմնախնդիրներին կրոնական բնույթ հաղորդելու փորձերը»,-ասել է ԱԳ նախարարը:

Էդվարդ Նալբանդյանը նշել է, որ հնարավոր քայլերն արվում են, որ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը բանակցությունների միջոցով կարգավորվի, խաղաղ լուծում ստանա` միջազգային իրավունքի սկզբունքների եւ նորմերի հիման վրա: Գլխավոր սկզբունքներից մեկը հենց ինքնորոշման իրավունքն է, որի միջոցով պետք է լուծվի հիմնախնդրի ամենակարեւոր հարցը` Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի խնդիրը:

Այս ժամանակահատվածում ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման վերաբերյալ ընդունվեցին ԵԱՀԿ անդամ երկրների ԱԳ նախարարների աթենքյան հայտարարությունը, Մեծ Ութնյակի Մուսկոկայում կայացած գագաթաժողովի ընթացքում եռանախագահող երկրների համանախագահներ Մեդվեդեւի, Սարկոզիի եւ Օբամայի հայտարարությունը, ԵԱՀԿ արտգործնախարարների Ալմաթիի հանդիպման շրջանակներում Մինսկի խմբի համանախագահող երկրների պատվիրակությունների ղեկավարների` արտգործնախարարներ Լավրովի, Քուշների եւ ԱՄՆ փոխպետքարտուղարի տեղակալ Սթայնբերգի հայտարարությունը: Վերջին հայտարարություններում ամրագրվում է ինքնորոշման իրավունքը, որը պետք է իրականացվի իրավական պարտադիր ուժ ունեցող Լեռնային Ղարաբաղի ժողովրդի կամարտահայտությամբ:

«Եթե հիշում եք, երկու տարի առաջ այս նույն սրահում, մենք խոսում էինք այն մասին, որ բանակցությունները պետք է ընթանան մադրիդյան առաջարկների հիման վրա` միջազգային իրավունքի երեք սկզբունքների` ուժի եւ ուժի սպառնալիք չկիրառելու, ինքնորոշման եւ տարածքային ամբողջականության հիման վրա: Այն ժամանակ Ադրբեջանը հերքում էր մադրիդյան փաստաթղթի գոյությունն անգամ: Այս վերջին երկու տարվա ընթացքում հենց միջազգային հանրությունը, ԵԱՀԿ-ն, եռանախագահները մեր դիրքորոշմանը համահունչ բազմաթիվ հայտարարություններ արեցին: Վերջին երկու տարվա ընթացքում բանակցություններ ընթացել են հենց մադրիդյան առաջարկությունների, հենց այդ սկզբունքների հիման վրա: Իսկ Ալմաթիում հայտարարության մեջ եռանախագահ երկրները հայտարարեցին, որ հիմնախնդրի կարգավորման առաջարկված սկզբունքները եւ դրույթները մշակված եւ ներկայացված են որպես մեկ ամբողջություն եւ չի կարելի առաջնություն տալ մեկ սկզբունքի: Դա էլ է համահունչ մեր դիրքորոշմանը»,-ասել է նախարարը, հաղորդում է ԱԳՆ մամլո ծառայությունը:

1991թ. աշունը Հայաստանի նորագույն պատմության ամենանպաստավոր շրջաններից մեկն էր, հայտարարել է Կովկասի ինստիտուտի քաղաքական հետազոտությունների բաժնի ղեկավար Սերգեյ Մինասյանը: Ըստ նրա, այդ շրջանում հռչակվեց Արցախի Հանրապետությունը և ստեղծվեցին քաղաքական ու ռազմական իշխանության լեգիտիմ մարմիններ, ինչպես նաև բավականին լուրջ իրավական դաշտ, որը չունեին նույնիսկ հետխորհրդային երկրները: Ընդ որում, նա նշել է, որ գլխավոր քաղաքական գործոնն այն է, որ ԼՂՀ-ն արդեն 19 տարի է ինչ գոյություն ունի:

Մեկնաբանելով ՄԱԿ-ում Լեռնային Ղարաբաղի ու Հայաստանի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկած բանաձևի հնարավոր ընդունումը` Մինասյանն ասել է, որ, հավանաբար, այդ բանաձևը նման կլինի 2008-ին ընդունած բանաձևին և ոչ մի նշանակություն չի ունենա: «Եթե այդ բանաձևը նույնիսկ ընդունվի, ապա երկու շաբաթ անց նույնիսկ Ադրբեջանում նրա մասին չեն հիշի»,- ասել է հայ փորձագետը:

Իր հերթին Երևանի Բրյուսովի անվան լեզվաբանական պետական համալսարանի ռեկտոր Սուրեն Զոլյանը, անդրադառնալով Արցախի Հանրապետության անկախության հռչակմանն, ասել է, որ Հայաստանն արդեն բազմաթիվ պատեհ առիթներ է բաց թողել: Ըստ նրա, այս պահի դրությամբ, եթե Հայաստանը ճանաչի Ղարաբաղի անկախությունը, դա կարող է առիթ լինել միջազգային ատյանների շահարկումների համար: Այդ համատեքստում նա ասել է, որ ճիշտ կլիներ, եթե Հայաստանը ռազմաքաղաքական դաշինք կնքեր և համադաշնային հարաբերություններ հաստատեր Ղարաբաղի հետ:

«Արցախի անկախության մասին խոսելով, անհրաժեշտ է պատասխանել այն հարցին, թե ԼՂՀ-ն ումի՞ց է տարանջատվել և անկախություն ձեռք բերել: Այստեղ հատուկ ուշադրություն պետք է դարձնել այն իրադարձություններին, որոնք տեղի են ունեցել նախքան Արցախի անկախության հռչակումը», - Երևանում տեղի ունեցած մամլո ասուլիսի ժամանակ ասել է քաղաքագետ Արմեն Աղայանը:

Նրա խոսքերի համաձայն, ԽՍՀՄ փլուզումից որոշ ժամանակ առաջ, 1990 թ. մայիսին, ՀԽՍՀ-ում տեղի ունեցան Գերագույն խորհրդի ընտրություններ, որին մասնակցում էր նաև Լեռնային Ղարաբաղի ազգաբնակչությունը: «Այդ ժամանակ Ղարաբաղից ընտրվեց 11 պատգամավոր: Այսինքն` դեռևս ԽՍՀՄ տարիներին դե ֆակտո և դե յուրե Ղարաբաղը Հայաստանի մասն էր կազմում: Սակայն երկրի քաղաքական ղեկավարությունը կոպիտ սխալ է գործում, երբ սկսում է հայկական երկու առանձին պետությունների ստեղծման գործընթաց: Քաղաքական այդ «հիմարությունը» մեր պետականության հիմքում դրված ռումբի ազդեցություն գործեց», - ընդգծել է Աղայանը:

Նա ավելացրել է նաև, որ նույնիսկ այսօր հայկական իրականության մեջ զգացվում է 1990-ականներից սկիզբ առած քաղաքական այդ «հիմարության» հետևանքները: «Հիմա, օրինակ` «Ժառանգություն» կուսակցությունը հանդես է գալիս Հայաստանի կողմից ԼՂՀ անկախության ճանաչման օրենսդրական նախաձեռնությամբ: ԼՂՀ-ն Հայաստանին միավորելու ուղղությամբ քայլեր ձեռնարկելու փոխարեն մենք հակառակ միտումն ենք նկատում», - ասել է քաղաքագետը:

Հայաստանին ԼՂՀ միավորման նպատակին հասնելու համար քաղաքագետն առաջարկում է հետևյալ քայլերը` ԼՂՀ գործող նախագահի նախագահության ժամկետը լրանալուց հետո Արցախը պետք է ղեկավարի Հայաստանի նշանակած մարզպետը: «Հայաստանը Լեռնային Ղարաբաղին վարկի փոխարեն պետք է դոտացիա տրամադրի, ինչպես իր բոլոր մարզերին: Այդպիսով, ԼՂՀ-ն առանձին պետությունից աստիճանաբար կդառնա Հայաստանի մարզերից մեկը», - ընդգծել է նա և շարունակել, որ այդ քայլերի իրագործման դեպքում միջազգային կազմակերպությունները Հայաստանի վրա ճնշում չեն գործադրի, քանի որ վերը նշված գործողություններով իրավաբանորեն ամրագրվում է 20 տարի դե ֆակտո գոյություն ունեցող իրավիճակը:

Արշալույս Մղդեսյան / PanARMENIAN News
 Ամենաընթերցվողը բաժնում
ՀՀԿ-ն «աղքատացել է», ՔՊ-ն՝ «հարստացել»
Հայաստանի բազմաթիվ կառույցներ մնացել են առանց ղեկավարի
Ով ինչպիսի աղմուկով հեռացավ և ինչու
Հայաստանը նոյեմբերի 10-ից հետո՝ թվերով
 Ուշադրության կենտրոնում
Կոստանյան․ Բաքվին ենք փոխանցել համաձայնագրի 8-րդ խմբագրությունը, սպասում ենք պատասխանի

Կոստանյան․ Բաքվին ենք փոխանցել համաձայնագրի 8-րդ խմբագրությունը, սպասում ենք պատասխանի Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա

 Բաժնի այլ նյութերը
«Խաղի» մեջ վերադառնալու ցանկությամբ ՌԴ-ն փորձում է չմարգինալացվել ՀՀ-Ադրբեջան բանակցային գործընթացում
Դրագոմանների ժամանակը Դեպի արդիականացված արտաքին քաղաքականություն
---