Հայաստանի կողմից ԼՂՀ անկախության ճանաչման հարցն ակտիվացավ ՀԱԿ-ի կողմից հանրահավաքների սեզոնի բացմամբ

Սեպտեմբերի 11-17-ը տեղի ունեցած ներքաղաքական իրադարձությունների ամփոփում

Անցած շաբաթ քաղաքական քննարկումները սկսվեցին բանավեճից այն մասին, թե որքանով է նպատակահարմար ԼՂՀ անկախության ճանաչումը Հայաստանի կողմից: Սեպտեմբերի 11-ին քաղաքագետ, Կովկասի ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտարարեց, որ Հայաստանի կողմից Ղարաբաղի անկախության ճանաչումը ոչինչ չի փոխի ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացում: «Սակայն, այն շատ բան կփոխի Հայաստանի ներքաղաքական կյանքում և քաղաքական գործիչների հարաբերությունների մեջ»,-ասել է քաղաքագետը:

PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 14-ին աշխատանքն է սկսել ՀՀ խորհրդարանի չորրորդ գումարման աշնանային նստաշրջանը: Խորհրդարանի խոսնակ Հովիկ Աբրահամյանը ներկայացնելով քառօրյա նիստերի օրակարգը` նշել է, որ աշնանային նստաշրջանի մեծ օրակարգում ընդգրկված է նաեւ «Ժառանգություն» խմբակցության օրինագիծը` «ԼՂՀ անկախության ճանաչման մասին»: ՀՀ ԱԺ նախագահը նշել է, որ այդ օրինագծի վերաբերյալ պրոֆիլային հանձնաժողովը դրական եզրակացություն չի տվել: «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ստեփան Սաֆարյանն, իր հերթին, ասել է, որ խմբակցությունը համաձայն է օրինագիծը ներառել մեծ օրակարգում, սակայն այդպես հապճեպ չքննարկել:

«Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը դեմ չէ ՀՀ կողմից Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախության ճանաչմանը, սակայն դեմ է քվեարկելու ԼՂՀ անկախության ճանաչման մասին «Ժառանգության» ներկայացրած օրինագծին: Այդ մասին PanARMENIAN.Net ի խորհրդարանական թղթակցին է հայտարարել խմբակցության քարտուղար Արամ Սաֆարյանը:

«ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկրները հայտարարել են, որ ղարաբաղյան հակամարտության կարգավորումն ընթանալու է միայն ԵԱՀԿ ՄԽ ձևաչափում, այսինքն, եթե մենք այժմ ճանաչենք ԼՂՀ անկախությունը, դա դուրս կլինի բանակցային գործընթացի տրամաբանությունից և էապես կբարդացնի ՄԽ աշխատանքը: Ճիշտ է, եթե ինչ-որ պատճառներով Մինսկի գործընթացը փակուղի մտնի, ապա մենք չենք բացառում օրինագծի ընդունումը»,-ասել է Սաֆարյանը: Նա նշել է նաև, որ անձամբ ինքը դեմ չէ այս օրինագծին:

Քանի դեռ բանակցային գործընթացը գնում է և հույս կա, որ խաղաղ ճանապարհով հնարավոր կլինի կարգավորել ղարաբաղյան հակամարտությունը, անհրաժեշտություն չկա այլ միջոցների դիմել: Այդ մասին սեպտեմբերի 17-ին հայտարարել է ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը: «Մենք մինչ օրս չենք ճանաչել Լեռնային Ղարաբաղի անկախությունը, իսկ չճանաչելով Լեռնային Ղարաբաղը, մենք, օրինակ, չենք կարող ճանաչել Կոսովոն, որն իրավունք ունի անկախ լինել, բայց ոչ ավելի շատ, քան Ղարաբաղը»,-ասել է նախարարը:

Անցած շաբաթ քաղաքական ուժերը անդրադարձան նաև հայ-թուրքական արձանագրություններին: «Կարծում եմ, որ ՀՀ ԱԺ մեծ օրակարգից Հայ-թուրքական արձանագրությունները հանելը բխում է մեր երկրի շահերից: Թողնելով արձանագրությունները օրակարգում, մենք մանևրելու հնարավորություն ենք տալիս թուրքական կողմին»,-ասել է «Ժառանգության» խորհրդարանական խմբակցության պատգամավոր Արմեն Մարտիրոսյանը լրագրողների հետ հանդիպմանը խորհրդարանում:

«Դիվանագիտական հարաբերությունների հաստատումը, Անկարայի հետ սահմանի բացումը օգուտ կբերեն ոչ միայն Հայաստանին և Թուրքիային, այլ նաև մեր ողջ տարածաշրջանին»,- ասել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը: Նրա խոսքերով, Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման մասին որոշումը իր կյանքի ամենադժվար որոշումներից մեկն է եղել, սակայն նա գիտակցաբար է գնացել դրան: «Այո, թուրքերը Ցեղասպանություն են գործել: Այո, նրանք խլել են մեր կենսական կարևոր տարածությունը: Այո, նրանք հանցագործությունից հետո հարյուր տարվա ընթացքում հերքել են այն և շարունակում են հերքել: Իսկ հանցագործության ժխտումը, հնարավոր է, ավելի սարսափելի հանցագործություն է: Բայց մյուս կողմից, ժամանակակից աշխարհում գրեթե չկա պետություն, որը չունենա պատմական խնդիր, միմյանց հետ հարաբերություններում չլուծված հարցեր: Նման մարտահրավերներին քաղաքակիրթ պատասխանն առանց նախապայմանների լայնածավալ համագործակցությունն է»,-նշել է ՀՀ նախագահը, ավելացնելով, որ սխալ է վիրավորվածի կեցվածքում սպասել, թե երբ թուրքերը կճանաչեն Հայոց ցեղասպանությունը, և միայն դրանից հետո վերականգնել հարաբերությունները: «Իմ մոտեցումը միանշանակ չի ընդունվել մեր հասարակության կողմից, առավել ևս սփյուռքահայերի կողմից: Եվ դա հասկանալի է. մեր ժողովուրդն էմոցիոնալ է, այդ տարիներին տուժել է յուրաքանչյուր հայ ընտանիք»,- ասել է ՀՀ նախագահը և հավելել, որ այսօր շատ քիչ մարդ է մնացել, որոնք համարում են, որ Հայաստանի իշխանություններն այդ հարցում սխալ են եղել:

Սեպտեմբերի 17-ին խորհրդարանական ճեպազրույցի ժամանակ ՀՅԴ պատգամավոր Հրայր Կարապետյանը հայտարարեց, որ Հայաստանում շատ քչերն են հավատում, որ Թուրքիան կբացի սահմանը Հայաստանի հետ: Նա ընդգծեց, որ հայ-թուրքական արձանագրությունները հարկավոր է հանել ԱԺ մեծ օրակարգից, քանի որ Թուրքիան պատրաստ չէ հարաբերություններ հաստատել Հայաստանի հետ:

ՀՀ ՊՆ-ն հայտարարություն է տարածել սեպտեմբերի 11-ին, «YouTube» ցանցում շրջանառվող մի տեսանյութի վերաբերյալ, որտեղ ճնշումների, ծեծի և ստորության են ենթարկվում ՀՀ ԶՈւ համազգեստով երիտասարդներ: ՀՀ պաշտպանության նախարարությունը խստագույն դատապարտում է ՀՀ զինված ուժերի վարկաբեկմանն ու հեղինակազրկմանն ուղղված նման կարգի նյութերի պատրաստումը և կանխամտածված տարածումը: ՀՀ պաշտպանության նախարարությունը համապատասխան միջոցներ է ձեռնարկել տեսանյութի հավաստիությունը ճշտելու, պատկերվածների ինքնությունը պարզելու և հեղինակներին հայտնաբերելու, բռնություններ կիրառողներին պատժելու ուղղությամբ, հաղորդում է ՀՀ ՊՆ մամլո ծառայությունը:

«Ցավոք, մինչ օրս մեզ չի հաջողվել պարզել այն մարդու անձը, որը նման սադիստական վերաբերմունք ունի զինվորի հանդեպ»,-հայտարարել է պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը՝ մեկնաբանելով YouTube կայքում զետեղված տեսահոլովակը, որտեղ ՀՀ ԶՈւ համազգեստով երիտասարդներ ենթարկվում են ծեծի ու ստորացումների: Ըստ նախարարի, այժմ տեսահոլովակը ուսումնասիրում են մասնագետները, սակայն հնարավոր չեղավ նույն սեղմ ժամկետում պարզել տեսահոլովակի մասնակիցների անձը, քանի որ նրանց դեմքերը չեն երևում:

Սեպտեմբերի 17-ին ՀՀ ՊՆ մամլո ծառայությունը հայտնեց, որ դեպքի բոլոր մասնակիցները բացահայտվել են և բերման են ենթարկվել ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանություն: Դեպքի կապակցությամբ նախապատրաստված նյութերը ՊՆ ռազմական ոստիկանության կողմից 2010թ. սեպտեմբերի 17-ին փոխանցվել են ՀՀ զինվորական դատախազություն: Հարուցվել է քրեական գործ: Դեպքի մանրամասները պարզվում են:

Նույն օրը տեղեկատվություն տարածվեց այն մասին, որ Վրաստանը փակել է Վերին Լարս սահմանային անցակետը հայկական բեռանփոխադրումների համար: «Վրաստանը չի փակել «Վերին Լարս» հսկիչ-անցագրային կետը, որքան գիտեմ, նման բան չկա: Հնարավոր է` այնտեղ սահմանապահները ինչ-որ բան են հայտնաբերել, բայց պաշտոնական Թբիլիսին ոչինչ չի ձեռնարկել»,- PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում ասել է Հայաստանում Վրաստանի գործերի ժամանակավոր հավատարմատար Գոչա Գվարամաձեն: Նրա խոսքերով, եթե ՀԱԿ-ը փակվեր, ապա դեսպանատունն այդ մասին կտեղեկացվեր:

Հայ-վրացական հարաբերությունները չի կարելի նույնիսկ բարիդրացիական համարել, ուր մնաց թե՝ բարեկամական: Այդ մասին ՀՀ ԱԺ ճեպազրույցում հայտարարել է «Ժառանգություն»խմբակցության ղեկավար Ստեփան Սաֆարյանը՝ մեկնաբանելով Վերին Լարսի փակումը: Իր հերթին խմբակցության անդամ Արմեն Մարտիրոսյանը նշել է, որ Հայաստանը հստակ քաղաքականություն չունի հարևանների հարցում, ուստի, միշտ խնդիրներ են առաջանում: Իր հերթին, «Օրինաց երկրի» ներկայացուցիչ Հովհաննես Մարգարյանը չբացառեց, որ սահմանային անցակետը կարող էր փակվել քաղաքական պատճառներով: «Նման խնդիրներ հաճախ են առաջանում, սակայն հայկական կողմը միշտ այլընտրանքային ուղիներ գտնում է սեփական բեռները տեղափոխելու համար»,-ասել է նա:

«Ես չգիտեմ, տեղյա՞կ են արդյոք մեր դիվանագետները Վերին Լարսի փակման մասին: Սակայն, եթե պարզվի, որ այն իրոք փակ է, շատ վատ կլինի: Թբիլիսին պետք է հասկանա, որ Հայաստանն ընդամենը 2 ելք ունի դեպի արտաքին աշխարհ՝ Իրանն ու Վրաստանը»,-ասել է ՀՅԴ անդամ Հրայր Կարապետյանը:

Հետաքրքիր ներքաղաքական թեմաներից էր նաև ՀԱԿ-ի հանրահավաքը: «Ես ոչ մի սպասելիք չունեմ ՀԱԿ սպասվող հանրահավաքից, քանի որ այդ ընդդիմադիր դաշինքը սխալ մարտավարություն է վարում, այսինքն` գնում է արտահերթ կամ հերթական ընտրությունների, այն դեպքում, երբ գիտակցում է, որ ընտրությունների միջոցով ոչինչ փոխել հնարավոր չէ», - ասել է Ժիրայր Սեֆիլյանը:

Սեպտեմբերի 17-ին Երևանում տեղի ունեցավ Հայ ազգային կոնգրեսի (ՀԱԿ) հանրահավաքը: Հնագույն ձեռագրերի ինստիտուտ Մատենադարանի մոտ շուրջ 2000 հոգի էր հավաքվել: Ցույցը բացեց ՀԱԿ անդամ Արամ Մանուկյանը: Ինչպես PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում հաղորդել է ՀԱԿ համակարգող Լևոն Զուրաբյանը, սրանով բացվում է ցույցերի նոր սեզոնը: ՀՀ գլխավոր դատախազի նախկին տեղակալ, ՀԱԿ ներկայացուցիչ Գագիկ Ջհանգիրյանը հայտարարեց, որ ՀԱԿ-ը որոշել է միավորել մարտի 1-ի գործով քաղաքացիների բոլոր հայցերը մեկ միասնական պետության դեմ հայցի մեջ: «Մենք առանձնակի սպասումներ չունենք ՀՀ դատական համակարգից, ուստի, կհասնենք նրան, որ հարցը քննարկվի եվրոպական կառույցներում»: «Հայաստանի ղեկավարության հիմնական խնդիրը կաշառակերությունն է: Եվ ԱՄՆ-ն, հիանալի իմանալով հայկական իշխանությունների կոռումպացվածությունը, կարողացավ ՀՀ ղեկավարության կողմից զիջումների հասնել ղարաբաղյան հարցում և հայ-թուրքական հարաբերություններում»,- հայտարարել է ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանը ՀԱԿ-ի հանրահավաքի ժամանակ: Ըստ նրա, երբ գա ժամանակը, և Սերժ Սարգսյանը չկատարի իր խոստումները, այդ խոստումները նրա դեմ կաշխատեն: ՀԱԿ-ի առաջնորդը նշել է, որ հարկավոր է կենտրոնանալ ղարաբաղյան հակամարտության կարգավորման վրա, քանի որ երկրին փորձում են պարտադրել այդ խնդրի լուծումը: Լևոն Տեր-Պետրոսյանը Հայաստանի և ԼՂՀ փրկության հիմնական միջոցը համարել է իշխանափոխությունը: Հաջորդ համապետական հանրահավաքը տեղի կունենա հոկտեմբերի 15-ին, այն նվիրված կլինի կոռուպցիայի խնդրին:

Արշալույս Մղդեսյան / PanARMENIAN News
 Ամենաընթերցվողը բաժնում
ՀՀԿ-ն «աղքատացել է», ՔՊ-ն՝ «հարստացել»
Հայաստանի բազմաթիվ կառույցներ մնացել են առանց ղեկավարի
Ով ինչպիսի աղմուկով հեռացավ և ինչու
Հայաստանը նոյեմբերի 10-ից հետո՝ թվերով
 Ուշադրության կենտրոնում
Կոստանյան․ Բաքվին ենք փոխանցել համաձայնագրի 8-րդ խմբագրությունը, սպասում ենք պատասխանի

Կոստանյան․ Բաքվին ենք փոխանցել համաձայնագրի 8-րդ խմբագրությունը, սպասում ենք պատասխանի Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա

 Բաժնի այլ նյութերը
«Խաղի» մեջ վերադառնալու ցանկությամբ ՌԴ-ն փորձում է չմարգինալացվել ՀՀ-Ադրբեջան բանակցային գործընթացում
Դրագոմանների ժամանակը Դեպի արդիականացված արտաքին քաղաքականություն
---