«Խոսքը գնում է ընդամենը 500 տոննա պանրի մասին, ընդ որում, պանրի դեֆիցիտը կազմել է շուրջ 5000 տոննա»,- ասել է նա: Այն հարցին, թե ինչու կաթնամթերքից թանկացել է միայն պանիրը, Գիգոյանն ասել է, որ պանիրը պատրաստում են միայն բնական կաթից, իսկ մնացած մթերքները կարելի է արտադրել փոշի կաթից: Փորձագետը կարծում է, որ առաջիկայում պանրի գները կկայունան, բայց դրանց կտրուկ անկում պետք չէ սպասել:
Միաժամանակ, մեկ այլ փորձագետ` գյուղատնտեսական գիտությունների թեկնածու Գառիկ Պետրոսյանը կարծում է, որ Հայաստանի կառավարությունը խթանում է պանրի արտահանումը, ինչը հանգեցրել է դրա գների բարձրացմանը: Նրա տվյալների համաձայն, 2010-ին արդեն արտահանվել է 400 տոննա պանիր 2009-ի 200 տոննայի փոխարեն: «Իմ տեղեկությունների համաձայն, դեռ 350 տոննա պանիր պատրաստվում է արտահանման»,- ասել է նա: Միաժամանակ մասնագետն ավելացրել է, որ ողջունում է կառավարության քայլերը, որոնք ուղղված են արտահանման ծավալների ավելացմանը, սակայն «պետք չէ մոռանալ ներքին շուկայի պահանջմունքների և խնդիրների մասին»: Բացի դրանից, Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը (ՏՄՊՊՀ), արձագանքելով ԶԼՄ-ների հրապարակումներին պանրի գների կտրուկ բարձրացման վերաբերյալ, որոշել է սեփական դիտարկումն անցկացնել `այդ երևույթի պատճառները բացահայտելու համար: Միաժամանակ հանձնաժողովը դիմում է բոլոր այն ԶԼՄ-ներին, փորձագետներին և ՀԿ-ներին, որոնք հանդես են գալիս այս հարցի և մրցակցության խնդիրների վերաբերյալ մեկնաբանություններով, աջակցել ՏՄՊՊՀ ուսումնասիրություններին` ներկայացնելով կոնկրետ փաստեր և հանգամանքներ:
Այնուամենայնիվ, արդեն մի քանի շաբաթ տեղական ԶԼՄ-ներն ահազանգում են ժողովրդի կողմից այդքան սիրված մթերքի գների կտրուկ բարձացման մասին, սակայն ոչ ոք վստահ չէ, որ ինչ-որ քայլներ կձեռնարկվեն իրավիճակը փոխելու համար, հատկապես, նախատոնական շրջանում: