17 դեկտեմբերի 2010 - 11:54 AMT
ՀՈԴՎԱԾ
Եթե ազգը դադարել է ընդունակ լինել ինչ-որ արդյունավետ բանի հանդեպ, ապա նրա տեղը զբաղեցնում են «այլազգիները»
Թշնամու կերպարը պետք է ցանկացած երկրում, որը վստահ չէ իր քաղաքացիների և սեփական իշխանության մեջ
Ինչ-ինչ, բայց ապստամբություններով և ջարդերով Ռուսաստանին չես վախեցնի` վերջին 200 տարին նա միայն դրանով էլ զբաղված է: Ընդ որում, զբաղվում է հիմնովին` իշխանությունների թողտվությամբ և դրդմամբ, և ապստամբությունը, ցավոք սրտի, «իսկական ռուսների» կարծիքով միշտ ուղղված է հասարակության առավել խոցելի հատվածին: Կոտորել են հրեաներին, «այլազգիներին», բոլոր նրանց, ով չի համապատասխանել և չի համապատասխանում «ռուս մարդու» կերպարին: Նրանք` աղքատները, չեն հասկանում, որ հենց նման կերպով էլ կործանվում է այն Ռուսաստանը, որի համար նրանք իբր պայքարում են:

«Ռուսաստանը ռուսների համար», «Կովկասցիներ, հեռացեք» ներկա կարգախոսների սկիզբը տխրահռչակ «ծեծիր ջհուդներին, փրկիր Ռուսաստանը» կարգախոսն է: Բայց ահա, թե ինչ փրկել և ումից, և, գլխավորը, ինչու, անհասկանալի է: Այզգայնամոլության բռնկումը և այլազգի քաղաքացիների ոչնչացումը` պարտադիր չէ ֆիզիկական, հանգեցնում է պետության և ազգի կաթվածի: Բայց եթե ազգը դադարել է ընդունակ լինել ինչ-որ արդյունավետ բանի հանդեպ, ապա նրա տեղը զբաղեցնում են նույն այդ «այլազգիները»:

«Եթե բնիկ բնակչությունը չի ցանկանում աշխատել, աշխատավարձ ստանալուց հետո նրանք կորում են 15-20 օրով, և այդ ժամանակ գործը կանգնում է, այդ աշխատողների հետ անհնար է ինչ-որ բան արտադրել»,- հինգշաբթի օրը Մոսկվայում Ռուսաստանի միջկրոնական խորհրդի պրեզիդիումի ժամանակ հայտարարել է Ռուսաստանի մուֆտիների խորհրդի ղեկավար Ռավիլ Գայնուդտինը: Որքան էլ ցավալի լինի ռուսների համար, նա ճիշտ է: Նրա խոսքերով, հենց այդ պատճառով Ռուսաստանը ստիպված է հրավիրել միգրանտների. «նրանք չեն հարբում, նրանք կարգապահ են, աշխատասեր, եթե աշխատավարձ են ստանում, ապա այն ուղարկում են տուն` իրենց ընտանիքներին կերակրելու համար: Միգրանտները հարկադրված միջոց են: Այսօր ռուսական գյուղերը վերանում են: Մեղքը պետք չէ գցել միգրանտների վրա. նրանք համարյա ստրուկներ են, գալիս են մեզ համար աշխատելու: Մենք ինքներս պետք է աշխատենք հանուն մեր հայրենիքի բարօրության»: Այնուհետև մուֆտին նշում է, որ «մենք 20 տարվա ընթացքում այնպիսի սերունդ ենք դաստիարակել, որը չի սիրում աշխատել, սիրում է պոռնոգրաֆիկ ֆիլմեր դիտել, հարբել, թմրանյութեր ընդունել, ակումբներում զվարճանալ. նրանցից ոչ մեկը դաշտում չի աշխատի, բերք չի հավաքի»:

Անգամ ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևն է հայտարարել, որ առանց աշխատանքային միգրանտների Ռուսաստանը չի կարող: Բայց նրանց պետք է անընդհատ վախի և լարվածության մեջ պահել, առանց դրա չի կարելի: Թշնամու կերպարը պետք է ցանկացած երկրում, որը վստահ չէ իր քաղաքացիների և սեփական իշխանության մեջ: Մոսկվան այդ առումով հսկայական ընտրություն ունի. կովկասցիներն այնտեղ շատ են: Տարօրինակն ինչ է` միջինասիական ազգությունների ներկայացուցիչներ, չգիտես ինչու, չկան, չկան նաև հրեաներ, ուկրաինացիներ և մերձբալթյան երկրների ներկայացուցիչներ: Միգուցե այդ պատճառով Մոսկվայում բնակվող աշխատանքային միգրանտները գտնվելու են իշխանությունների և իրավապահ մարմինների հատուկ հսկողության տակ: Ահա թե ինչ է ասում Մոսկվայի ոստիկանության պետերից մեկը` Դմիտրի Դեյնիչենկոն. «Ամանորյա տոների շրջանում միգրանտները չեն աշխատում և հավաքվում են քաղաքի կենտրոնի հրապարակում, որոնք արդյունքում վերածվում են միջինասիական հրապարակի»: Ըստ Դայնիչենկոյի տրամաբանության, աշխատանքային միգրանտները պետք է բոլոր տոների ժամանակ, նույնիսկ ֆուտբոլային խաղերի ժամանակ նստեն տանը և դուրս չգան: Եվ նրանց համար է հանգիստ, և` ոստիկանության:

Նման հայտարարություններից հետո ամբոխը` ձեռքը մենկած նացիստական ողջույնի համար, արդեն ընդունվում է որպես բնական շարունակություն, հատկապես երբ այն համարյա կանգնած է Հայրենական մեծ պատերազմի զոհերի հիշատակի Հավերժական կրակի մոտ: Այդ երիտասարդների համար պատերազմը դեռ չի ավարտվել, այն, ինչպես և Երրորդ ռեյխի ժամանակ, ուղղված է ռասայի մաքրությանը և գերազանցությանը: Բայց ոչ ռասայի մաքրությամբ, ոչ գերազանցությամբ երիտասարդները չեն կարող հպարտանալ, գուցե միայն ոչ սլավոնական արտաքինով անցորդներին ծեծելու կարողությամբ: Եվ կրկին անհաջողություն. Ռուսաստանում մաքուր սլավոնական արտաքինով մարդ չկա, իսկ իրենց «իսկական ռուսներ» համարող մարդիկ համարյա մոնղոլոիդներ են, իզուր չէ, որ թաթարական լուծը Ռուսիայում տևել է 300 տարի…Բայց սա այնպես, տեղեկացնելու համար: Բայց ընդհանուր առմամբ իրավիճակը բավական լարված է ու վտանգավոր: Եթե միգրանտներին վտանգ է սպառնում, ապա ավելի մեծ վտանգ է սպառնում այն պատանիներին, որոնք ծայրահեղական կազմակերպությունների նման որդեգրել են ռասայական տեսությունները:

Իսկ Պուտինի և Մեդվեդևի իշխանությունը, բնականաբար, «լի է մեղավորներին պատժելու վճռականությամբ»: Ճիշտ է, ռուս վարչապետը հանկարծ հայտարարեց, որ իսլամը Ռուսաստանին ավելի մոտ է, քան կաթոլիկները...Քրիստոնյայի համար ավելի քան տարօրինակ հայտարարություն: Եթե Վլադիմիր Պուտինը ցանկանում էր դրանով հանգստացնել ռուս մահմեդականներին, ապա կարելի է նրան հասկանալ: բայց ամեն դեպքում նման հայտարարությունները նաև խտրականություն և անհանդուրժողականություն են նշանակում: Բայց խոսքը նրա մասին չէ: Մեր դեպքում խոսքը երկումիլիոնանոց հայ համայնքի մասին է, որն ինչպես միշտ առաջիններից մեկն է ընդունում հարվածը:

Կրակի վրա յուղ լցրեց նաև ՌԴ նախագահի աշխատակազմի ղեկավար Վլադիսլավ Սուրկովը: Նա պատմեց կովկասյան երիտասարդության ներկայացուցիչների հետ իր հանդիպման մասին, որը կայացել էր այս աշնանը: «Մենք անկեղծորեն զրուցել ենք այն մասին, որ Ռուսաստանի շատ շրջաններում նրանց համար դժվար է ապրելը: Նաև այն մասին, որ ռուսները Կովկասում միշտ չէ և ամենուր չէ, որ հանգիստ ապրում են: Հարավից այստեղ եկածները պետք է հասկանան, որ նրանց նկատմամբ վերաբերմունք ձևավորվում է նաև հենց նրանց կողմից: Նրանք, ովքեր գալիս են այստեղ աշխատելու, սովորելու, պետք է պաշտպանված լինեն, և պետությունն այստեղ լիովին պատասխանատու է նրանց համար»,- ասել է Սուրկովը:

«Նրանք, ովքեր համալրում են հանցավոր էթնիկական խմբավորումների շարքերը և կրակում մեր տղաների վրա, արմատախիլ են արվելու: Մենք չենք տա մեր քաղաքը տարբեր նորելուկ «դեդ հասաններին» և նրանց հետնորդներին: Մոսկվայում և Ռուսաստանում անհրաժեշտ է քաղաքացիական խաղաղություն»,- ասել է Սուրկովը: Թվում է` իշխանությունն ինքն է հրահրում բախումներ, բայց չի կարող դրանք պահել վերահսկողության տակ: Աստված տա, դա սխալ լինի:

Եվ վերջինը: Պարզվում է, ամեն ինչում մեղավոր են ԶԼՄ-ները և սոցիալական ցանցը, որոնք անմեղ քաղաքացիներին հրահրում են հակաօրինական գործողությունների: Բացատրությունը շատ հեշտ է և ապացույց չունեցող: Իզուր չէ, որ Պուշկինի խոսքերը դարձել են խիստ արդիական. «Աստված չտա տեսնել ռուսական ապստամբությւոնը` անգութ և անիմաստ»:

Կարինե Տեր-Սահակյան / PanARMENIAN News