28 դեկտեմբերի 2010 - 14:43 AMT
ՀՈԴՎԱԾ
Անհանգիստ տարածաշրջանում ապագան կանխագուշակելը նման է սուրճի մրուրով գուշակություն անելուն
Միշտ կգտնվի պետության ղեկավար, որը մի խոսքով կամ կրակոցով ուղղակի կոչնչացնի ողջ Հարավային Կովկասը
Անցնող տարին Հայաստանի համար ոչ մի նոր բանով աչքի չընկավ. բոլոր հին հակամարտությունները սահուն կերպով անցան 2011, և, դատելով, տարածաշրջանի գործընթացներից, կարող են անցնել 2012, եթե չլինի ֆորս մաժորային իրավիճակ: Իսկ դա լիովին կարող է տեղի ունենալ Երևանից անկախ հանգամանքներով: Ընդհանրապես պետք է նշել, որ ոչ Հայաստանից, ոչ Հարավային Կովկասի մյուս երկրներից ոչինչ կախված չէ, որքան էլ Ադրբեջանի և Վրաստանի նախագահները փորձեն իրենց ներկայացնել տարածաշրջանում որպես «ճակատագիր որոշողներ»:

2010-ին բարձրացավ Թուրքիայի` որպես տարածաշրջանային առաջատարի դերը, այն ժամանակ, երբ Անկարային դուրս մղելու Իրանի փորձերը ոչնչի չհանգեցրին, ավելին, Թեհրանը հիմա որոշ առումով կախված է Թուրքիայից: Ինքնամեկուսացման քաղաքականությունը, որն Արևմուտքին մատուցվում է որպես «իսլամական արժեք», ավելի ու ավելի շատ հարվածում է Իրանին: Երևում է, այդ երկրի համար լավագույն մոդել լինելու է հենց պետության թուրքական ձևը. աշխարհիկություն` խոսքով, իսլամիզմ` գործով: Ցավոք սրտի, կամ, երևի, բարեբախտաբար, Իրանն Աթաթուրքի նման կերպար չունի: Հանգուցյալ այաթոլլա Հոմեյնին ուղղակի կրոնական առաջնորդ էր, որը խաղում էր ուղղափառ մահմեդականների զգացմունքների և ԱՄՆ նկատմամբ ատելության վրա: Իսկ Մահմուդ Ահմադինեժադը կարող է կիսել Սադամ Հուսեյինի ճակատագիրը` դրա համար նա բոլոր «հնարավորություններն ունի»: 2011-ին տարածաշրջանի զարգացման վատատեսական տարբերակներից կարող է դառնալ ԱՄՆ պատերազմն Իրանի հետ: Ինչպես արդեն գրել ենք, Վաշինգտոնն ուղղակի չի կարող թույլ տալ, որպեսզի նա վերահսկողություն չունենա աշխարհի որևէ կետում գտվող նավթի և գազի պաշարների վրա, առավել ևս, երբ դրանք շատ են: Իրանին է պատկանում բնական գազի համաշխարհային պաշարների 16 տոկոսը և նավթի պաշարների` շուրջ 10 տոկոսը: Նշենք, որ իրանյան միջուկային ծրագրի հետ պատմությունը շատ է հիշեցնում Իրաքին ուղղված մեղադրանքներն այն մասին, որ նա ունի զանգվածային ոչնչացման զենք: Երբ պարզվեց, որ ոչ մի զենք էլ չկա, արդեն ուշ էր` Իրաքն արդեն գոյություն չուներ, նավթի վերահսկողությունն ԱՄՆ ձեռքում էր, իսկ Սադամը` ենթարկված մահապատժի: Սցենարն օրիգինալությամբ աչքի չի ընկնում, բայց դրա կրկնությունը հնարավոր է, ինչու ինչ-որ նոր բան հորինել…

Հայաստանի մյուս հարևանը` Թուրքիան, ամենայն հավանականությամբ, գրեթե հրաժեշտ է տվել ԵՄ մտնելու հույսներին և հիմա փորձում է դրա նմանօրինակը ստեղծել Արևելքում: Դե ինչ, պետք է խոստովանել, որ որոշ առումով սկսել է ստացվել: 2011-ի ընտրությունները վերջնականապես կամրապնդեն իշխող Արդարություն և զարգացում կուսակցության դիրքերը, իսկ Էրդողանը, հնարավոր է, դառնա Թուրքիայի հաջորդ նախագահը: Հայաստանի հետ հարաբերությունները կմնան նույն սառած կետում, առնվազն ևս մի քանի տարի: Վրաստանն ինչպես միշտ կփորձի «վերականգնել տարածքային ամբողջականությունը» և խաղալ հակառուսական տրամադրությունների վրա: Այդ ուղին արդեն դատապարտված է կործանման, և պարոն Սահակաշվիլիի հայտարարությունները, որոնք հաճախ արվում են ոչ տեղին, կարող են նրա հետ չար կատակ խաղալ. նա վերջնականապես կվերածվիչլսող երեխայի, որին պետք է պատժել: Ի միջի այլոց, նրանք կպատժեն Ռուսաստանի օգնությամբ, և դրանից պատիժն ավելի ցավոտ կլինի:

Դե հիմա անդրադառնանք մեր «ոխերիմ բարեկամ» Ադրբեջանին: Միգուցե Իլհամ Ալիևը փորձի պատերազմ սկսել Լեռնային Ղարաբաղում և հնարավոր է` դիմանա մեկ օր, ոչ ավել: Իսկ թե ինչ կլինի հետո, նա ավելի լավ է չպատկերացնի, որովհետև չնայած սպառազինությունների և փողերի հսկայական քանակությանը, ադրբեջանական բանակն ի վիճակի չէ պատերազմել: Իհարկե, կրկին կլինեն վարձու զինվորներ, և, ցավոք սրտի, ոչ միայն իսլամական երկրներից…Բայց միևնույն է, Բաքուն հաղթանակի երես չի տեսնի, թեկուզ այն պատճառով, որ 5 օրում նա ոչինչ չի կարողանա անել, իսկ ավելի երկար ժամանակ նրան համաշխարհային առաջնորդները չեն տա: Ահա այսպես էլ կստացվի հերթական «բեռ 200»-ը, հերթական կորցրած շրջանները և, որպես հետևանք, հեռացում նավթային կերակրամանից: Իսկ դա Ալիևի կլանի համար հավասարազոր է մահվան:

Ահա մոտավորապես այն, ինչ մեզ սպասում է հաջորդ տարի: Բայց միգուցե մենք սխալվում ենք, և ամեն ինչ լրիվ հակառակը ստացվի: Անհանգիստ տարածաշրջանում ապագան կանխագուշակելը նման է սուրճի մրուրով գուշակություն անելուն: Միշտ կգտնվի պետության ղեկավար, որը մի խոսքով կամ կրակոցով ուղղակի կոչնչացնի ողջ Հարավային Կովկասը: Ինչն էլ պատրաստվում են անել Իլհամ Ալիևը և Միխայիլ Սահակաշվիլին: Հուսանք, որ նրանց մոտ ոչինչ չի ստացվի:

Կարինե Տեր-Սահակյան / PanARMENIAN News