Անվտանգության ոչ մի միջոց չի կարող կանգնեցնել «շահիդի գոտիով» մահապարտին

Մոսկվայի «Դոմոդեդովո» օդանավակայանում տեղի ունեցած պայթյունը ևս մեկ անգամ ցույց տվեց բարբարոսության առաջ քաղաքակրթության անզորությունը

Երբ մի քանի տասնյակ տարի առաջ Իսրայելը նախազգուշացրեց արաբական ահաբեկիչների և մահապարտների մասին, ողջ աշխարհը կարծում էր, որ հրեաները չափազանցնում են: Երբ Օկլահոմայում 1995-ի ապրիլին ահաբեկիչների ձեռքով սպանվեց 168 մարդ, իսլամիստների կողմից ողջ աշխարհին ջիհադ հայտարարելու վերաբերյալ արձագանք նույնպես չեղավ: Արմատական ֆունդամենտալիստների նկատմամբ նկատվում էր կասկածելի բարեհոգություն:

PanARMENIAN.Net - Այդ բարեհոգությունն առկա է մինչև հիմա: Յուրաքանչյուր ահաբեկչական գործողությունից հետո ձեռնարկվում են անվտանգության նոր միջոցներ, արտահայտվում է դատապարտում, և վերջ, դրանով ամեն ինչ վերջանում է: Քանի որ անվտանգության ոչ մի միջոց չի կարող կանգնեցնել «շահիդի գոտիով» մահապարտին: Մոսկվայի «Դոմոդեդովո» օդանավակայանում տեղի ունեցած պայթյունը ևս մեկ անգամ ցույց տվեց բարբարոսության առաջ քաղաքակրթության անզորությունը: Ռուսաստանին վերջին 20 տարում ահաբեկչություններով զարմացնելը դժվար է, կարելի է արդեն ձեռնարկել ինչ-որ նախազգուշական միջոցներ: Առավել ևս, որ ԶԼՄ-ների չհաստատված տեղեկությունների համաձայն, հատուկ ծառայություններն անհաջող փորձում էին գտնել կասկածյալներին ահաբեկչությունից առաջ: Հատուկ ծառայություններին հայտնի էր, որ օդանավակայաններից մեկում պատրաստվում է ահաբեկչական գործողություն: ԶԼՄ-ները նաև հայտնում են, որ ահաբեկչական գործողության նախօրեին ԱԴԲ-ն մահապարտ- ահաբեկիչ էր որոնում Զելենոգրադում: Կրկնվում է 2001-ի սեպտեմբերի 11-ի պատմությունը` բոլորը ենթադրում էին, կամ, ավելի վատ, գիտեին, որ պատրաստվում է ահաբեկչական գործողություն, բայց չկարողացան ժամանակին կանգնեցնել կատարողներին: Հազիվ թե դա կարելի է վերագրել անփութության: Եթե հավատալ որոշ փորձագետների, ապա ժողովրդին խուճապի, իսկ երկիրը քաոսի մեջ գցող նման ակցիաները քաղաքական գործիչներին օգնում են ավելի հեշտ և արագ հասնել ցանկալիին` իշխանության: Այդպես եղել է 2001-ի սեպտեմբերի 11-ին, այդպես շարունակվում է նաև հիմա: Ռուսաստանում 1999-ից սկսած տեղի է ունեցել ավելի քան 30 ահաբեկչական գործողություն, մահացել է 815 մարդ և տուժել ավելի քան 2,5 հազար:

1979-ին Խորհրդային Միության կողմից Հոմեյնիի տեսքով բաց թողնված ջինը և խորհրդային զորքերի ներխուժումն Աֆղանստան ծնեց մահապարտ-ահաբեկիչների տեսքով հրեշալի սերունդ, որոնց համար կյանքը գին չունի: Իսլամական ջիհադը վաղուց է սկսվել, բայց հիմա նրա նպատակներն են ոչ թե առանձին երկրները կամ մարդիկ, այլ ողջ աշխարհը: Երբ ասում են, որ «գլխավոր նպատակը Մարգարեի կանաչ նշանի տակ աշխարհը միավորելն է», դրանք դատարկ խոսքեր չեն: Եվրոպական քաղաքներում մահմեդականների բազմությունները, լիակատար անտարբերությունը ոչ միայն սեփական, այլ նաև ուրիշների կյանքերի նկատմամբ, հնարավոր են դարձնում նման գործողությունները: Ավելին, եվրոպական պետությունների չարաբաստիկ քաղաքական կոռեկտությունը և հանդուրժողականությունը հանգեցրել են նրան, որ Շվեյցարիայում մզկիթների շինարարության վրա արգելք դնելը գնահատվում է որպես ոտնձգություն ազատության նկատմամբ:

«Դոմոդեդովոյում» ահաբեկչության արդյունքում տուժածների թիվը հասել է 35-ի: ՌԴ Քննչական կոմիտեի տվյալներով, «Դոմոդեդովո» օդանավակայանի ժամանման գոտում մահապարտ-ահաբեկիչը պայթուցիկ սարքը գործարկել է հունվարի 24-ին` մոտ 16:30-ին: Նախնական տվյալներով, մահապարտն իրեն պայթեցրել է «Ասիա» սրճարանի հարևանությամբ, որտեղ սովորաբար հավաքվում են դիմավորողները: Դա եղել է 30-35 տարեկան արաբական արտաքինով տղամարդ: Նախնական տվյալների համաձայն, նա Հյուսիսային Կովկասից է եղել, ինչը ոչ մի կասկած չի հարուցում: Հյուսիսային Կովկասը, ավելի ճիշտ, Չեչնիան ավելի քան 200 տարի Ռուսաստանի գլխացավն է, և այդ դիմակայության վերջը դեռ չի երևում: Այստեղ միշտ աշխատելու է «ակն ընդ ական» սկզբունքը: Եվ այդ պատճառով Մոսկվայում և Ռուսաստանի այլ քաղաքներում կրկնվելու են ահաբեկչական գործողությունները` չնայած ռուսական իշխանությունների բարձրագոչ հայտարարություններին: Եվ դրանում կրկին «մեղավոր» է ԽՍՀՄ-ը, որն ի դեմս ԱՄՆ-ի և Իսրայելի ֆլիրտ էր անում արաբական աշխարհի հետ: Արդյունքը, ինչպես տեսնում ենք, սփոփելի չէ:

Կարինե Տեր-Սահակյան / PanARMENIAN News
 Ամենաընթերցվողը բաժնում
Ինչ է իրենից ներկայացնելու Սաուդյան Արաբիայում կառուցվելիք աշխարհի խոշորագույն շինությունը
Իրադարձություններ, որոնք զարգացել են 1 ամսից էլ քիչ ժամանակում
 Ուշադրության կենտրոնում
 Բաժնի այլ նյութերը
Բայրաքթարից պակաս աղմկահարույց, բայց ավելի փորձառու Իրանական ԱԹՍ-ների չբացահայտված պոտենցիալը
Հին վիրուսի նոր բռնկումը Ինչ է հայտնի կապիկի ծաղկի դեպքերի աճի մասին
---