Հայաստանն ԱՊՀ երկրների համեմատ կիրառում է ինտերնետ թրաֆիկի ռեկորդային քանակություն

ՏՏ և հեռահաղորդակցությունների ոլորտում հունվարի 17-23-ի հիմնական իրադարձությունների ամփոփում

PanARMENIAN.Net - Հայաստանը «ՎիմպելԿոմի» ներկայության ԱՊՀ երկրներում առաջատար է ինտերնետ-թրաֆիկի օգտագործման ծավալներով: Այդ մասին լրագրողներին հայտնել է ընկերության գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն: Նրա խոսքերով, «ԱրմենՏելի» բաժանորդներն ամսական օգտագործում են 300 տերաբայթ թրաֆիկ` առաջ անցնելով Ղազախստանից: Ինչպես նշել է Իգոր Կլիմկոն, ընկերության ինտերնետ-կապի բաժանորդների մոտ նվազագույն արագությունը կազմում է 3 Մբթ/վ: «Beeline-ի ժամանումով Հայաստան արտաքին ուղիների անցումային կարողությունն ավելացել է 127 անգամ: 2010-ին երկրի ողջ տարածքով կառուցվել է օպտիկամանրաթելային կապի երկու օղակ, այսօր մենք հնարավորություն ունենք զարգացնել մինչև 60 Գբթ/վ արագություն»,- ասել է Կլիմկոն:

Միաժամանակ, ընկերությունը նախընտրում է զարգացնել 3G ցանցերի հզորություն, քան կառուցել LTE ցանց: Տվյալ պահին «ԱրմենՏելը» շարունակում է համագործակցել ՀԾԿՀ հետ LTE ցանցի կառուցման հաճախականություններ տրամադրելու համար, սակայն հաճախականությունների ազատ դիապազոն դեռևս չկա: «Չեմ կարծում, որ 4G-ի կառուցումն արդի կլինի առաջիկա կես տարում, քանի որ 4G-ի համար նույնիսկ չկա սարքավորումների զանգվածային արտադրություն»,- ասել է Կլիմկոն: Նրա խոսքերով, ընկերության 3G կապի բաժանորդների ինտերնետի միջին արագությունը կազմում է 1 Մբթ/վ, իսկ մեկ տարում 3G կայանների քանակը հասել է 220-ի:

Առաջիկայում Հայաստանի ինտերնետ-պրովայդերների միջև կհայտարարվի 100 Մբիտ/ վ թողունակությամբ Ազգային հեռահաղորդակցային ցանցի շինարարության մրցույթ: Այդ մասին PanARMENIAN.Net ի թղթակցին է հաղորդել Տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման աջակցության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը: Ըստ նրա, ներդրումներն այդ նախագծում կկազմեն 60-100 մլն դոլար: Մրցույթը շահող օպերատորը պետք է պարտավորվի ցանցը վարձակալության հանձնել այլ շահագրգիռ ընկերություններին, իսկ միայն մեկ ընկերության կողմից ցանցն օգտագործելու փորձերը կկասեցվեն: Ըստ Արմեն Գրիգորյանի, նախատեսվում է, որ ցանցի շինարարության աշխատանքները կմեկնարկեն արդեն 3 ամիս անց:

Մինչդեռ, ինչպես այսօր լրագրողների հետ զրույցում հայտարարել է «ԱրմենՏել» ընկերության գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն, ընկերությունը մտադիր է մասնակցել մրցույթին: «ԱրմենՏելն» արդեն ունի նման ցանց: Եթե կան լրացուցիչ օպտիկամալուխային մայրուղիներ կառուցելու պահանջներ , մենք պատրաստ ենք դա անել»,-ասել է Կլիմկոն: Միևնույն ժամանակ, նա նշել է, որ ներդրումները գնահատվում են շուրջ 500 մլն դոլար:

Հայաստանում գերարագ լայնաշերտ ինտերնետի ցանցի կառուցումը ՀԲ հետ համատեղ իրականացվող տեխնոլոգիաների մրցունակության բարձրացման ծրագրի մաս է կազմում: Նոյեմբերին ՀԲ-ն հաստատեց 24 մլն դոլարի հատկացումն այդ ծրագրի համար:

Orange Armenia բջջային կապի բաժանորդների թիվը վերջին տվյալների համաձայն կազմում է 500 հազ.: Ինչպես լրագրողներին է հաղորդել Orange Armenia ընկերության գլխավոր տնօրեն Բրունո Դյութուան, միայն 2010 թվականի վերջին եռամսյակում օպերատորի բաժանորդների բազան ավելացել է 2 անգամ:

Orange Armenia-ն, որը հանդիսանում է France Telecom Ընկերությունների խմբի մասը, Հայաստանում բջջային և Ինտերնետ կապի ծառայություններ է սկսել մատուցել 2009 թվականի նոյեմբերից:

Ոչ պաշտոնական տվյալների համաձայն «ԱրմենՏելի» բջջայից կապից օգտվում է շուրջ 643 հազար մարդ: Այդ մասին, ամփոփելով անցնող տարվա արդյունքները,հայտարարել է ընկերության գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն: Նրա խոսքերով, ընկերությունը կհրապարակի 2010-ի վերջին եռամսյակի պաշտոնական ցուցանիշները փետրվարին: «ԱրմենՏել» ընկերության 2010-ի երրորդ եռամսյակի տվյալների համաձայն, բջջային կապի բաժանորդների թիվը կազմել է 581 հազար:

Հայաստանի ազգային փոխադրող«Արմավիա» ընկերությունը դիտարկում է բջջային և ինտերնետ կապի տրամադրման հնարավորությունն իր ինքնաթիռներում, սակայն ոչ առաջիկա ամիսներին: Այդ մասին PanARMENIAN.Net ի թղթակցին է ասել «Արմավիայի» մամլո քարտուղար Նանա Ավետիսովան:

Մինչդեռ ՌԴ «ՄեգաՖոն» օպերատորը սահմանել է «Աէրոֆլոտի» ինքնաթիռներում բջջային կապի սակագները: Ինչպես հայտնում են ռուսական ԶԼՄ-ները, հղում անելով օպերատորի մամլո ծառայությանը, SMS -հաղորդագրությունների արժեքը 10 ռուբլի է, GPRS-ը՝ 44 ռուբ. 100 Կբյատի համար: Ձայնային կապի սակագինը կլինի հավանաբար 74 ռուբ. 1 րոպեի դիմաց: Ձայնային ծառայություններ ինքնաթիռներում դեռ չեն մատուցվում: «Աէրոֆլոտն» ու «ՄեգաՖոնը» հայտարարել են ավիաուղևորների համար բջջային կապի տրամադրման մասին 2010թ. դեկտեմբերի 24-ին: Մինչ հունվարի ավարտը այդ ծառայություններն անվճար կլինեն, իսկ փետրվարի 1-ից կգործեն հաստատված սակագները:

«Համակարգիչ բոլորի համար» ծրագրի լայնածավալ իրագործման համար 2011-ին պետբյուջեից հատկացվելու է 1 մլրդ դրամ:Այդ մասին կառավարության նիստում հաղորդել է ՀՀ ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանը:

«Համակարգիչ բոլորի համար» ծրագրի լայնածավալ իրագործման թողարկման պաշտոնական արարողությունը կայացել է 2010-ի դեկտեմբերի 8-ին, որն առաջնահերթ է համարվում երկրի կառավարության համար: Ծրագրին միացել են «ԱրմենՏել» ընկերությունը և Microsoft-ը:

Դրա հետ կապված` նախարարը նշել է, որ այդ որոշումը պայմանավորված է նրա փորձնական մասի հաջող իրագործման հետ: Ծրագրի փորձնական մասի ընթացքում 15 ամսում իրացվել է շուրջ 17 հազար համակարգիչ: 2010-ին ծրագրի ընդհանուր արժեքը կազմել է 6 մլն դոլար, ընդ որում 3 մլն դոլարը հատկացրել է ՀԲ-ն, մնացած մասը` ՀՀ կառավարությունը:

2010-ի նոյեմբերի վերջից Հայաստանում կասեցվել է iPad-ի վաճառքը: Այդ մասինPanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է Orange Armenia-ի մամլո քարտուղար Լիլիթ Մարտիրոսյանը` մեկնաբանելով այն փաստը, որ Orange Armenia-ն վաճառքից հանել է Apple iPad պլանշետային համակարգիչները, ինչպես նաև այդ արտադրանքի գովազդը: Նրա խոսքերով, iPad-ի վաճառքի դադարեցումը կապված է նրա հետ, որ France Telecom ըննկերությունների խումբը բանակցություններ է վարում Apple ընկերության հետ արտադրանքի գնի մասին:

«Մենք վաճառքից չենք հանել iPad-ը, ուղղակի համակարգիչների ոչ մեծ խմբաքանակը, որը բերվել է պարզելու համար iPap-ի պահանջարկը, իրացվել է: Բնականաբար, եթե ապրանքը վաճառքում չկա, հանվում է նաև գովազդը»,- ասել է Լիլիթ Մարտիրոսյանը:

2010-ի նոյեմբերի վերջին Orange Armenia-ն հայտարարել է Apple iPad-ի վաճառքի մասին: Ընկերությունը ներկայացրել է համակարգչի 4 մոդել. iPad Wi-Fi 16GB 290 հազար դրամ, iPad Wi-Fi + 3G 16GB` 365 հազար դրամ, iPad Wi-Fi + 3G 32GB` 415 հազար դրամ, iPad Wi-Fi + 3G 64GB` 470 հազար դրամ:

ԻՏՁՄ-ն (UITE) ձեռնարկում է նոր նախագիծ` «IT to Business» գործնական հանդիպումների շարք: Ինչպես PanARMENIAN.Net ին հաղորդեցին UITE մամլո ծառայությունից, նախագծի շրջանակներում յուրաքանչյուր ամիս անց է կացվելու առաջադեմ ՏՀՏ ընկերությունների և համապատասխան ոլորտի շահագրգիռ բիզնես ձեռնարկությունների թեմատիկ հանդիպում, որի ընթացքում ՏՀՏ ընկերությունները կներկայացնեն իրենց գործնական լուծումները: Յուրաքանչյուր հանդիպում նվիրված կլինի տնտեսության որոշակի ոլորտի: Նախնական նախատեսված ոլորտներն են` շինարարություն, բժշկություն, հանքաարդյունաբերություն, ոսկերչություն, առևտուր (պահեստավորում, բանկեր) ապահովագրություն, սննդային և ոչ սննդային արդյունաբերություն, հեռահաղորդակցություն, տպագրական գործ և այլն:

2011 թվականի ծրագրերի մեջ մտնում է նաև DigiTec Business 4-րդ ամենամյա ցուցահանդես-ֆորումը, որը նվիրված է տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառմանը բիզնեսում, ներկայացվում են ՏՀՏ լուծումներ բիզնեսի հաջող կառավարման, բիզնես պրոցեսների ավտոմատացման և ընդհանրապես բիզնեսի առօրյա խնդիրների լուծման համար: Ակնկալվում է, որ 2011թ.-ին ֆորումը կունենա շուրջ 40 ցուցադրվող ընկերություն և 1800-2000 այցելու: Ֆորումը կանցկացվի հունիսի 17-18-ը:

Նախատեսված է նաև Digitec Expo 7-րդ ամենամյա ՏՀՏ/ԲՏ ցուցահանդես, որի հիմնական նպատակն է ստեղծել գործարար միջավայր Տեղեկատվական և հեռահաղորդակցական (ՏՀՏ) և բարձր տեխնոլոգիաների (ԲՏ) ոլորտի կազմակերպությունների և պետական, գործարար ու անհատ սպառողների միջև, ներկայացնել հայաստանյան և միջազգային ՏՀՏ/ԲՏ ընկերությունների վերջին ձեռքբերումները, նպաստել հայաստանյան և միջազգային ընկերությունների միջև գործարար կապերի ընդլայնմանը: Հայաստանի ճանապարհային ոստիկանության ավտոմեքենաների 99%-ը պարտադիր ապահովագրության միասնական տեղեկատվական բազային մուտքի համար համակարգիչներ ունեն, և ներկա պահին այդ գործընթացը թեստավորման փուլում է: այդ մասին լրագրողներին է հայտնել Հայաստանի Կենտրոնական բանկի ֆինանսական կայունության և ֆինանսական համակարգի քաղաքականության կառավարման պետ Վահե Վարդանյանը:

Նրա խոսքով` արդեն մի քանի օր անց ոստիկանության ներկայացուցիչներն on-line ռեժիմով կկարողանան ԱՊՊԱ տվյալների միասնական բազայից տեղեկատվություն ստանալ պարտադիր ապահովագրության ապահովագրական պոլիսների իսկության մասին:

Գայանե Միրզոյան / PanARMENIAN News
 Ամենաընթերցվողը բաժնում
Ջեյմս Ուեբի աստղադիտարանը Տիեզերքի խորքային ուսումնասիրության ընթացքում խիստ անսովոր օբյեկտներ է գտնում
Instigate Mobile-ը հանդես է գալիս նոր` zealous բրենդով
Մեծ ադրոնային կոլայդերում սկսել են ռեկորդային էներգիայով մասնիկների բախումները
Որոնք էին Summer Game Fest 2022-ի գլխավոր անոնսները
 Ուշադրության կենտրոնում
Փորձագետ․ Տելեգրամով նոր վիրուս են տարածում, զգուշացեք

Փորձագետ․ Տելեգրամով նոր վիրուս են տարածում, զգուշացեք Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում

 Բաժնի այլ նյութերը
Revolut-ը՝ ՀՀ-ում Արագ և անվճար դրամական փոխանցումներ՝ առանց «թաքնված» վճարների
Վերջին սլոուփոքը Internet Explorer-ի «մահն» ու դրա հետևանքները
Սոֆթը շատ, երկաթը՝ քիչ WWDC 2022-ին Apple-ի գլխավոր նորույթները
---