Twitter-ը` քարի փոխարեն: Հնարավո՞ր է արդյոք Հայաստանում թվիթերային հեղափոխություն

Twitter-ը` քարի փոխարեն: Հնարավո՞ր է արդյոք Հայաստանում թվիթերային հեղափոխություն

Եթե Լենինը պլանավորեր Հոկտեմբերյան հեղափոխությունը 21-րդ դարում, ապա փոստերի, հեռագրատների և կայարանների փոխարեն առաջին հերթին կմտածեր Twitter-ը և Facebook-ը գրավելու մասին

Եգիպտոսում և Թունիսում վերջին դեպքերը ցույց տվեցին այն հսկայական դերը, որը կարող են ժամանակակից քաղաքական գործընթացներում խաղալ սոցիալական ցանցերը: Վերջիններիս շնորհիվ նույնիսկ ավանդական ԶԼՄ-ների վրա լիովին հսկողության պայմաններում ընդդիմադիր ուժերը կարողացել են համակարգել իրենց բողոքի ակցիաները և փողոց դուրս բերել իշխանություններից և իրենց սոցիալական դրությունից դժգոհ միլինավոր մարդկանց:

PanARMENIAN.Net - Եթե 20-րդ դարի սկզբին պրոլետարիատի զենքը համարվում էր քարը, ապա 21-րդ դարը նախընտրում է Twitter, Facebook, Youtube և Livejournal: Եգիպտոսի, Թունիսի և 2009-ի նախագահական ընտրություններից հետո Իրանի դեպքերը վկայում են այն մասին, որ «գունավոր հեղափոխություն» հասկացությունը սահուն կերպով փոխարինվեց «թվիթերայի հեղափոխություն» հասկացությամբ: Քաղաքագետները և փորձագետներն արդեն սկսել են քննարկել, թե հեղափոխության համար որ երկրի հերթն է գալիս, իսկ որոշ հայ փորձագետներ և ընդդիմության ներկայացուցիչներ արդեն հայտարարել են, որ չեն բացառում Հայաստանում Եգիպտոսի դեպքերի կրկնությունը:

Հայ ազգային կոնգրեսի (ՀԱԿ) համակարգող Լևոն Զուրաբյանը հայտարարել է, որ իշխանությունն իր գործողություններով ամեն ինչ անում է դրա համար: Նա նաև հավելել է, որ սոցցանցերի ազդեցության աստիճանը հասարակական-քաղաքական կյանքի վրա որոշվում է այնպիսի ցուցանիշներով, ինչպիսին է երկրում ինտերնետից օգտվողների տոկոսը, և եթե Թունիսում այն կազմում է 35 տոկոս, Եգիպտոսում` 25 տոկոս, ապա Հայաստանում այդ ցուցանիշը մինչև վերջին ժամանակները չէր գերազանցում 10 տոկոսը: «10 տոկոսը լուրջ չէ սոցիալ-քաղաքական իրադարձությունների վրա ազդելու համար: Բայց եթե հաղթահարվի 25-30 տոկոս սահմանը, դա արդեն լուրջ գործոն կդառնա»,- նշել է նա:

Հայ բլոգերներ Սեդրակ Մկրտչյանը և Տիգրան Քոչարյանը նույնպես չեն բացառել Հայաստանում Եգիպտոսի և Թունիսի օրինակով «թվիթերային հեղափոխություն» կազմակերպելու հնարավորությունը: Մկրտչյանն ընդգծել է, որ յուրաքանչյուր հասարակությունում, նույնիսկ ամենազարգացած, ընդվզում կա և անհրաժեշտ նախապատրաստական աշխատանքի դեպքում դա կարելի է օգտագործել նախապես մշակված սխեմայով: Ըստ նրա, իրադարձություններն Եգիպտոսում ցույց տվեցին, որ դա արդեն մինչև վերջին մանրուքները հղկված սխեմա է, որի օգնությամբ կարելի է հեղափոխություններ անել, իշխանափոխություն կատարել:

Իր հերթին, Տիգրան Քոչարյանը նշել է, որ Հայաստանում հեշտ չի լինի «թվիթերային հեղափոխություն» կատարել: Իրադարձությունների նման զարգացմանը կարող են խանգարել ինչպես իշխանության որոշ ներկայացուցիչների իրազեկվածությունը սոցցանցերի հետ աշխատանքի մեթոդների մասին, ինչպես նաև ազդեցիկ բլոգերների հզոր խմբի առկայությունը, որոնք դեմ են տրամադրված այժմյան արմատական ընդդիմությանը:

Ընդ որում, նա նշել է, որ, եթե դատելու լինենք բլոգերի ոլորտում Հայաստանում դրամաշնորհների զանգվածային ներդրումների քանակից, բնակչության շրջանում Twitter-ի и Facebook-ի տարածումից բնակչության շրջանում, կարելի է անուղղակիորեն կանխագուշակել, որ հնարավոր են ընդդիմության ելույթներ Թունիսի և Եգիպտոսի սցենարներով: Քոչարյանը նշել է, սակայն, որ Հայաստանի դեպքում սոցցանցերի միջոցով զանգվածային ելույթների կազմակերպումը բարդանում է նաև նրանով, որ ոչ բոլոր մասնակիցները իրականում դուրս կգան փողոց պաշտպանելու համար այն գաղափարները, որ իրենք պաշտպանում են ինտերնետում:

Փորձագետները նաև նշել են, որ Եգիպտոսի օրինակը, որը նույնիսկ ինտերնետի լիովին բացակայության դեպքում չի կարողացել դիմակայել «թվիթերային հեղափոխությանը», ցույց է տվել, որ դրանց պետք է նախօրոք դիմակայել սոցիալական ցանցերում դիտարկման և իրավիճակի վերահսկման օգնությամբ:

Փորձագետների և քաղաքագետների շրջանում մեծ տարաձայնություններ է առաջացնում այն հարցը, թե սոցցանցերում սկսված բողոքի ակցիաները տարերային երևույթ են եղել, թե պլանավորվել և իրականացվել են արտաքին ուժերի, մասնավորապես, ԱՄՆ վարչակազմի կողմից: Այսպես, Քոչարյանը և Մկրտչյանը կարծում են, որ ԱՄՆ իշխանությունների հետ երկու կայքերի համակարգված քաղաքականության մասին վկայում են Եգիպտոսում տեղի ունեցած դեպքերը, որտեղ Օբամայի վարչակազմի կողմից Հոսնի Մուբարաքի վրա ճնշում գործադրելու հետ մեկտեղ Twitter-ը և Facebook-ը ամեն ինչ արել են ցուցարարներին աջակցելու համար: Նա հիշեցրել է, որ այդ ցանցերն օգնել են ընդդիմադիրներին շրջանցել Եգիպտոսի իշխանությունների կողմից ինտերնետի արգելափակումը:

Նման պնդման հետ կտրականապես համաձայն չեն Լևոն Զուրաբյանը և Կովկասի ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Արզումանյանը: Զուրաբյանի խոսքերով, Մուբարաքի արևմտամետ ռեժիմի տապալումը չէր բխում ԱՄՆ, Եվրոպայի ու Իսրայելի շահերից: «Նման վարկածն, ըստ իս, ավելի շատ վկայում է այն մասին, որ չարդարացված կերպով ցանկանում են կիրառել «դավադրությունների տեսությունը»: Իր հերթին, Իսկանդարյանը հայտարարել է, որ սոցցանցերը միայն տեխնիկական միջոց են: «Հեղափոխությունները 16-րդ դարում կարող էին տեղի ունենալ նամակների օգնությամբ, 19-րդ դարում` թերթերի օգնությամբ, 20-րդ դարում` հեռուստատեսության, ապագայում` ինտերնետի օգնությամբ, բայց դրանք բոլորը տեխնիկական միջոցներ են, գործիքներ»:

Թունիսի և Եգիպտոսի իրադարձությունները ցույց տվեցին նոր քաղաքական իրողությունը` ինտերնետ-հեղափոխության հնարավորությունը, որը, կազմավորվելով առանց առաջնորդներիի և ղեկավարների, կարող է տապալել նույնիսկ տասնամյակներով հաստատված անսասան թվացող իշխանությունը: Ինտերնետը, որը մտել է մարդկային կյանքի գրեթե բոլոր ոլորտներ, օրեցօր ավելի շատ է թափանցում քաղաքականության մեջ: Փորձագետները և քաղաքագետները Եգիպտոսի և Թունիսի դեպքերից հետո սկսել են ակտիվ քննարկել թեման, խորհել այն մասին, թե ինչպիսին է կապի ներկա միջոցների դերը համաշխարհային քաղաքական դաշտում և ներքաղաքական կյանքում: Չէ՞ որ տեղեկատվության փոխանցման այն ազատության մասին, որը մարդկանց տալիս է ինտերնետը, ավանդական ԶԼՄ-ները կարող են միայն երազել: Եվ եթե Վլադիմիր Լենինը պլանավորեր Հոկտեմբերյան հեղափոխությունը 21-րդ դարում, ապա փոստեր, հեռագրատներ և կայարաններ գրավելու փոխարեն նա առաջին հերթին կմտածեր Twitter-ը և Facebook-ը գրավելու մասին:

Հայկ Խալաթյան / PanARMENIAN News
 Ամենաընթերցվողը բաժնում
ՀՀԿ-ն «աղքատացել է», ՔՊ-ն՝ «հարստացել»
Հայաստանի բազմաթիվ կառույցներ մնացել են առանց ղեկավարի
Ով ինչպիսի աղմուկով հեռացավ և ինչու
Հայաստանը նոյեմբերի 10-ից հետո՝ թվերով
 Ուշադրության կենտրոնում
Փաշինյան. Կոռուպցիայի դեմ պայքարից մի միլիմետր չենք նահանջել

Փաշինյան. Կոռուպցիայի դեմ պայքարից մի միլիմետր չենք նահանջել Նա նշել է, որ այժմ միայն ինստիտուցիոնալ բարեփոխումներ և բովանդակային աշխատանք պետք է արվի

 Բաժնի այլ նյութերը
«Խաղի» մեջ վերադառնալու ցանկությամբ ՌԴ-ն փորձում է չմարգինալացվել ՀՀ-Ադրբեջան բանակցային գործընթացում
Դրագոմանների ժամանակը Դեպի արդիականացված արտաքին քաղաքականություն
---