19 փետրվարի 2011 - 12:20 AMT
ՀՈԴՎԱԾ
Կենսաթոշակային բարեփոխումները հայկական իշխանությունների ուշադրության կենտրոնում են
Նոր հաճախորդներ և, բնականաբար, դրամական միջոցներ ներգրավելու նպատակով Հայաստանի առևտրային բանկերը մրցավազքի մեջ են մտել՝ թոշակառուներին առաջարկելով տարաբնույթ արտոնյալ պայմաններ
Հունվարի 1-ից Հայաստանում ուժի մեջ է մտել կամավոր կուտակային կենսաթոշակային համակարգին անցում կատարելու մասին օրենքը, իսկ 2014-ին երկրի քաղաքացիները պարտավոր են լինելու միանալ պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգին: Այդ ուղղությամբ երկրի կառավարությունը գործադրում է բոլոր ջանքերը` ժամանակին բարեփոխումներն իրագործելու համար:

«Նոր կենսաթոշակային բարեփոխումներն ուղղված են նրան, որպեսզի փոխեն մարդկանց աշխարհայացքն իրենց ապագայի մասին և իրենք կառավարեն իրենց դրամական միջոցներն իրենց դիվերսիֆիկացիայի հաշվին»,- ասել է NASDAQ OMX Արմենիա ֆոնդային բորսայի փորձագետ Հայկ Ոսկանյանը: Նրա խոսքերով, այդ բարեփոխումները որոշում են տնտեսության կարևորագույն խնդիրներից մկեը` ստվերային աշխատավարձի ծավալների կրճատումը:

Իր հերթին, կենսաթոշակային հարցերի փորձագետ Աստղիկ Միրզախանյանը հավելել է, որ Հայաստանի քաղաքացիները կարող են կենսաթոշակ ստանալ, որը համեմատելի է իրենց եկամուտների հետ, այլ ոչ թե հավասար, ինչպես նախկինում: Նա համաձայնել է Հայկ Ոսկանյանի հետ, որ բարեփոխումների իրագործումը թույլ է տալու բնակչությանը փոխել վարքագիծը: «Քաղաքացիները չպետք է հույսը դնեն միայն պետության վրա և սպասեն, որ նա կապահովի նրանց բարեկեցիկ ծերությունը»,- ասել է նա:

Ներկայումս տվյալ գործընթացին մասնակցում է ՀՀ տարածքում գործող 15 առևտրային բանկ («Հայբիզնեսբանկ» ՓԲԸ, «Արարատբանկ» ԲԲԸ, «Անելիքբանկ» ՓԲԸ, «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ, «Հայէկոնոմբանկ» ԲԲԸ, «Պրոմեթեյբանկ» ՍՊԸ, «ԲՏԱ բանկ» ՓԲԸ, «Զարգացման Հայկական Բանկ» ԲԲԸ, «Կոնվերս բանկ» ՓԲԸ, «ԱԿԲԱ-Կրեդիտ-Ագրիկոլ բանկ» ՓԲԸ, «Արցախբանկ» ՓԲԸ, «Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ, «Յունիբանկ» ՓԲԸ, «Արդշինինվեստբանկ» ՓԲԸ, «Մելլաթբանկ» ՓԲԸ) և 6 ոչ բանկ վճարահաշվարկային կազմակերպություն («Ադալև Ռիա» ՍՊԸ, «Ի-դրամ» ՍՊԸ, «ԿՎԱԴՐԱԿՈՄ» ՍՊԸ, «Դեպի տուն» ՍՊԸ, «ՄԵԳԱ ՊԱՆՏԵՐԱ» ՍՊԸ, «Հայփոստ» ՓԲԸ):

Իր հերթին, «Հայէկոնոմբանկի» պլաստիկ քարտերի գործառնությունների վարչության պետ Վարդան Եղիազարյանը հաղորդել է, որ արդեն փետրվարի 21-ից թոշակառուները կարող են դիմել բանկ և կենսաթոշակային հաշվեհամար բացել: Դրա հետ կապված` նա հավելել է, որ բանկը նախատեսում է «Նատալի ֆարմ» դեղատների ցանցի հետ համատեղ թողարկել 100 000 քարտ, ինչը կազմում է թոշակառուների ընդհանուր թվի 20 տոկոսը: Նա նշել է, որ քարտերը թոշակառուներին տրամադրվում են հետևյալ նպաստավոր պայմաններով` հաշիվների անվճար բացում, պլաստիկ քարտերի անվճար տրամադրում և սպասարկում, հաշվի դրական մնացորդի վրա հաշվարկվող տոկոսադրույք` տարեկան 5 տոկոս, «Նատալի Ֆարմ» դեղատների ցանցից դեղորայքի ձեռքբերում 5 տոկոս զեղչով:

Հայաստանում կենսաթոշակային բարեփոխումների իրագործման շրջանակներում ստեղծվում են օրենսդրական հիմքեր, մասնավորապես, մշակվում են օրենքների փաթեթի ենթաօրենսդրական ակտեր, որն ընդունվել է 2010-ի դեկտեմբերին: Այդ մասին հաղորդել է Հայաստանի աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կենսաթոշակային ապահովության վարչության պետ Սմբատ Սաիյանը: Ավելին, նրա խոսքերով, ապրիլին պատրաստ են լինելու ենթաօրենսդրական ակտերը, որոնց հիման վրա Հայաստանի Կենտրոնական բանկի կողմից համապատասխան լիցենզիա ստացած իրավաբանական անձը կարող է ստեղծել կամավոր կենսաթոշակային ֆոնդեր կորպորատիվ սխեմայով:

Դրա հետ կապված` Սմբատ Սաիյանը հավելել է, որ կամավոր կենսաթոշակային կուտակումները կարող են իրականացնել առևտրային բանկերը բանկի և գործատուի միջև գործող պայմանագրի հիման վրա: Ինչ վերաբերվում է ապահովագրական ընկերություններին, որոնք նաև ֆինանսական շուկայի մասնակիցներ են և ներգրավվելու են բարեփոխումների մեջ, ապա այստեղ իրավիճակը մի փոքր ձգձգվում է: Վարչության պետը նշել է, որ Հայաստանում դեռ չեն գործում կյանքի ապահովագրման պայմանագրեր, որոնց ներմուծումը պահանջում է մի շարք նորմատիվ փոփոխություններ:

Ինչպես հայտնում է ԿԲ մամլո ծառայությունը, համաձայն նոր կարգի, յուրաքանքանչյուր կենսաթոշակառու ինքնուրույն է որոշում, թե ինչպես է ցանկանում ստանալ իր թոշակը՝ կանխիկ եղանակով փոստատարի կամ առաքիչի միջոցով, թե անկանխիկ՝ իր կողմից ընտրած բանկում հաշիվ բացելու միջոցով:

Ընդ որում, այդ նպատակով բացված բանկային հաշվի բացումը, վարումը և սպասարկումն իրականացվում են անվճար: Հաշվի առնելով, որ կենսաթոշակառուն կարող է բացել բանկում կենսաթոշակի համար նախատեսված բանկային հաշիվ, բանկերի կողմից առաջարկվում են նաև վճարային քարտեր: Բանկային հաշվին կցված վճարային քարտը նույնպես տրամադրվում և սպասարկվում է անվճար, բացառությամբ այլ բանկերին պատկանող բանկոմատներից դրամական միջոցներ ստանալու գործարքից:

Կենսաթոշակը բանկային հաշվով կամ վճարահաշվարկային կազմակերպության միջոցով ստանալու համար կենսաթոշակառուն կարող է այցելել իր բնակության վայրին մոտ գտնվող, վերը ներկայացված ցանկում ներառված որևէ բանկ, բանկի մասնաճյուղ կամ վճարահաշվարկային կազմակերպություն, լրացնի կենսաթոշակի համար նախատեսված բանկային հաշվի բացման կամ կենսաթոշակը կանխիկ եղանակով վճարման դիմում: Ընդ որում, կանխիկ եղանակով կենսաթոշակը ստանալու դեպքում, դիմումում նշում է, թե ինչպես է ցանկանում ստանալ իր թոշակը` անձամբ այցելելով տվյալ վճարահաշվարկային կազմակերպության գրասենյակ, թե առաքիչի կամ փոստատարի միջոցով տուն հասցնելու միջոցով: Միաժամանակ կենսաթոշակառուն ներկայացնում է իր անձնագիրը կամ «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքով սահմանված անձը հաստատող այլ փաստաթուղթ, կենսաթոշակային գրքույկ և սոցիալական քարտ: Ընդ որում, անձնագրի կամ անձը հաստատող այլ փաստաթղթի վավեր լինելու պայմանը պարտադիր է: Այնուհետև բանկի կողմից կենսաթոշակառուին է տրամադրվում բանկային հաշվի համարը, իսկ կանխիկ եղանակով ստանալու դեպքում՝ վճարահաշվարկային կազմակերպության կողմից լրացված տեղեկանք, որը կենսաթոշակառուն պետք է ներկայացնի ՀՀ սոցիալական հարցերի նախարարության իր բնակավայրի սպասարկումը իրականացնող կենսաթոշակների նշանակման ստորաբաժանում՝ այսուհետ կենսաթոշակը տվյալ բանկային հաշվին փոխանցելու կամ տվյալ վճարահաշվարկային կազմակերպության միջոցով ստանալու նպատակով:

Վիկտորիա Արարատյան