Կցանկանա՞ արդյոք Ռուսաստանը, որ ղարաբաղյան հակամարտությունը կարգավորվի և ինչպիսի՞ պայմաններով

Ամենայն հավանականությամբ, մարտի 5-ին Սոչիում կողմերը «կարձանագրեն երկխոսության և ղարաբաղյան հակամարտությունը խաղաղ ճանապարհով լուծելու ցանկությունը»

Մեկ շաբաթ անց տեղի կունենա Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հերթական հանդիպումը ՌԴ նախագահի մասնակցությամբ: Եվ արդեն որերորդ անգամ հանդիպումից առաջ սկսվում են տարաբնույթ խարդավանքներ: Իսկույն նշենք, որ իրականության հետ դրանք ոչ մի ընդհանուր բան չունեն, ավելին, ապակողմնորոշում են Հայաստանի և Ադրբեջանի հասարակություններին:

PanARMENIAN.Net - Առաջնային դեր են խաղում նաև հանդիպումից առաջ երևան եկած WikiLeaks-ի «հավաստի տվյալները» Ռուսաստանի կողմից Հայաստանին զենք մատակարարելու և Ալիևների կլանի կյանքի նոր «մանրամասների» մասին: Ավելի իրատեսական է թվում Ադրբեջանի հերթական դիվերսիան Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ, թեկուզ այն պատճառով, որ դա արդեն փորձարկվել է 2010-ին: Համաշխարհային հանրությունը պետք է խոստովանի, որ Իլհամ Ալիևի վրա ոչ մի հորդոր չի գործում, նա համառորեն շարունակում է իրեն ճիշտ համարել Լեռնային Ղարաբաղի պատկանելության հարցում: Տպավորություն է ստեղծվում, որ նա այնքան համակված է սեփական պահանջված լինելու մոլուցքով, որ իր շուրջը ոչինչ չի նկատում: Բայց դա արդեն նրա անձնական գործն է, և մենք չէ, որ պետք է դատենք Ադրբեջանի նախագահի գործերի և արարքների մասին: Ուղղակի նշենք, որ արդեն նույնիսկ ԱՄՆ-ն նրան հասկացնել է տալիս, որ միշտ անփոխարինելի մարդիկ չկան: Օրինակ, Հանրապետականների միջազգային ինստիտուտի (IRI) ղեկավար Լորն Քրեյները Ադրբեջանը դասել է այն երկրների շարքին, որոնց վնաս է հասցվելու է Մերձավոր Արևելքի իրադարձությունների պատճառով: Ինչպես հաղորդում է ադրբեջանական Turan գործակալությունը, Քրեյները հայտարարել է, որ բոլոր երկրները պետք է հետևություններ անեն Մերձավոր Արևելքի դեպքերից: «Շատերը զարմացած են Թունիսի դեպքերից, որտեղ տնտեսական արդիականացումն ազդել է քաղաքների վրա, բայց ուղեկցվել է քաղաքական ճնշումներով և կոռուպցիայի ուժեղացմամբ: Այդ իրավիճակը բանալի է և հուշում այն երկրների համար, որտեղ առկա են նման խնդիրներ, ինչպիսիք են օրինակ Ղազախստանը կամ Չինաստանը, կամ ավտոկրատիկ կառավարմամբ երկրները` Ադրբեջանը և Վենեսուելան»:

IRI ղեկավարն ակնարկել է, որ Վաշինգտոնն աշխատում է «այլընտրանքների» հետ և հիշեցրել, որ ժամանակին Ուկրաինայում, Վրաստանում և Ղրղզստանում Բուշի վարչակազմը հետևողականորեն աճեցրել է առաջնորդների նոր սերունդ, որոնք պատրաստ են եղել ավտորիտար իշխանությունը փոխելուն: «Այդ պատճառով կարևոր է, որպեսզի հարաբերություններ պահպանելով ավտորիտար կառավարությունների հետ, անպայման պլանավորվի այն օրը, երբ դրանք կարող են տապալել, և օգնել նրանց, ովքեր կարող են փոխարինել դրանց»,- ասել է Քրեյները: Այնպես որ Իլհամ Ալիևն ավելի լավ է հոգ տանի իր ապագայի մասին, քան թե անիրական պայմաններ առաջադրի Ղարաբաղի հարցում և առաջարկի ադրբեջանական նավթը լիբիականի փոխարեն: Բաքվում չեն հասկանում, որ եթե ադրբեջանական նավթն իսկապես հետաքրքրություն ներկայացներ Եվրոպայի համար, ապա նա աչք չէր փակի Քադաֆիի սանձարձակությունների վրա: Ամենայն հավանականությամբ, մարտի 5-ին Սոչիում կողմերը կարձանագրեն «երկխոսության և ղարաբաղյան հակամարտությունը խաղաղ ճանապարհով լուծելու ցանկությունը», ինչն իրականում ոչինչ չի նշանակում: Իհարկե, նախագահները ինչ-որ բանի շուրջ պայմանավորվածության կհանգեն, բայց ահա ինչի՝ ոչ ոք չգիտի: Իսկ նման դեպքուն գուշակություն անելն անօգուտ զբաղմունք է:

Իսկ ահա եվրոպական կառույցների բարեկամները կրկին խոսում են «նոր հնարավորությունների» մասին: Այսպես, Հարավային Կովկասում ԵՄ նախկին հատուկ ներկայացուցիչ Պիտեր Սեմնեբին հայտարարել է, որ Եվրամիությունն առաջընթաց է ակնկալում Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումից: Հավանաբար, միակ բանը, որին կարելի է սպասել, այն է, որ Ալիևը վերջապես կլսի բանականության ձայնը և կդադարի խոսել պատերազմի մասին:

Կա ևս մեկ նրբություն: Տարածաշրջանից դուրս գտնվող բոլոր խաղացողները գրեթե համաձայնվել են, որ առանց Ռուսաստանի խնդիրը լուծել չի հաջողվի: Միգուցե նրանք ճիշտ են: Այդ մասին խոսում է Սեմնեբին, հավանաբար այդպես են մտածում նաև Պետդեպարտամենտը և Ֆրանսիայի ԱԳՆ-ն: Ողջ հարցը նրանում է՝ կցանկանա արդյոք Ռուսաստանը, որ ղարաբաղյան հակամարտությունը կարգավորվի և ինչպիսի պայմաններով:

Կարինե Տեր-Սահակյան / PanARMENIAN News
 Ամենաընթերցվողը բաժնում
Ինչ է իրենից ներկայացնելու Սաուդյան Արաբիայում կառուցվելիք աշխարհի խոշորագույն շինությունը
Իրադարձություններ, որոնք զարգացել են 1 ամսից էլ քիչ ժամանակում
 Ուշադրության կենտրոնում
 Բաժնի այլ նյութերը
Բայրաքթարից պակաս աղմկահարույց, բայց ավելի փորձառու Իրանական ԱԹՍ-ների չբացահայտված պոտենցիալը
Հին վիրուսի նոր բռնկումը Ինչ է հայտնի կապիկի ծաղկի դեպքերի աճի մասին
---