1 մարտի 2011 - 19:16 AMT
ՀՈԴՎԱԾ
«Նոր մոգական աշխարհ» Մերձավոր Արևելքում
Որքան շատ է նավթը, այնքան դաժան է պայքարը «բռնապետերի» և «ժողովրդավարության մարտիկների» միջև
Մերձավոր Արևելքն ավելի ու ավելի է ընկղմվում քաոսի և անիշխանության մեջ, և ամենայն հավանականությամբ, անդառնալիության կետն արդեն անցել է: ԱՄՆ-ն, ըստ էության, մեղավոր է արաբական հեղափոխությունների, ինչպես նաև ավելի վաղ ԱՊՀ տարածքում ծագած «գունավոր» հեղափոխությունների մեջ: «Մեծ ամերկյան երազանքի» կործանումը հանգեցրել է նրան, որ այդ երազանքը պետք է շատ արագ ժողովրդավարության քողի տակ տարածել ողջ աշխահում:

Դրա համար ամենահարմարը նավթ ունեցող պետություններն են: Եվ որքան շատ է այդ նավթը, այնքան դաժան է պայքարը «բռնապետերի» և «ժողովրդավարության մարտիկների» միջև: Այս ամենը հիշեցրել է Պարսից ծոցում տեղի ունեցած առաջին պատերազմը, երբ Իրաքը գրավեց Քուվեյթը և ԱՄՆ-ն «սկսել փրկել Քուվեյթի ժողովրդավարությունը»: Սակայն հիմա, երբ բռնկվել է ողջ Մերձավոր Արևելքը, Ամերիկային կհիշեցնեն 2009-ին Կահիրեի համալսարանում Բարաք Օբամայի խոսքերը, երբ նա «բարեկամության ձեռք մեկնեց իսլամական աշխարհին», երբ նա արմատականներ և ահաբեկիչներ «Մահմեդական եղբայրներին» անվանեց Եգիպտոսում լուրջ ընդդիմություն և շատ այլ բաներ: Եվ կհիշեցնի առաջին հերթին Եվրոպան, ուր արդեն փախչում են մարդիկ Թունիսից և Լիբիայից: Ամերիկան հեռու է, նա կարող է ասել, ինչ խելքին փչի: Նա կարող է նաև Իրաքի օրինակով ներխուժել Լիբիա և ոչնչացնել երկիրը: Եվ այս ամենն արվում է ժողովրդավարության կոչերով, ինչը Սպիտակ տանը հասկանում են բավական յուրօրինակ: Իսկ միգուցե հասկանում են՝ մենք չէ, որ պետք է դատենք: Բայց մի բան հաստատ է՝ Օբամայի վարչակազմը նույնիսկ այն արտաքին քաղաքականությունը չունի, ինչ Բուշ-կրտսերինը: Այն ձախողված էր, երբեմն ոչ ադեկվատ, բայց այն կար: Իսկ ահա արդեն Այման Ալ Զավահիրին, որը դուրս է եկել «Մահմեդական եղբայրներից» և երկրորդ մարդն է Ալ Քայիդայում, կոչ է անում եգիպտացիների նոր հեղափոխության: Իսկ երեք բրիտանացի իսլամիստներ այս շաբաթ նախատեսում են Սպիտակ տան մոտ անցկացնել ցույց՝ պահանջելով ԱՄՆ-ում մտցնել շարիաթի օրենքները, որովհետև միայն այդ կերպ կարելի է լուծել ԱՄՆ բոլոր խնդիրները: Ինչպես հաղորդում է WorldNetDaily գործակալությունը, մահմեդական ակտիվիստներ Անժեմ Չուդարին, Աբու Իզադինը և Սայֆուլ Իսլամը կապված են Շեյխ Օմար Բաքրի Մուհամադի խմբի հետ: Սայֆուլ Իսլամի խոսքերով, իր համախոհների գաղափարը հստակ է. ամերիկյան երազանքը ֆարս է: «Մեր ուղերձը երկիմաստ է: Առաջին՝ ամերիկյան երազանքի սխալականություն: Ամերիկյան երազանքը դարձել է մղձավանջ: Ազատությունն ու ժողովրդավարությունը չօգնեցին մարդկանց: Ամերիկյան ժողովուրդը տառապում է և ճնշվածության վկա է: Նա պետք է ձերբազատվի մեր ժամանակների բռնապետերից: Մեր ժամանակների մեծագույն բռնապետը Բարաք Օբաման է՝ ԱՄՆ նախագահը»,- ասել է Սայֆուլ Իսլամը: ԱՄՆ-ում անգլիացի իսլամիստների քարոզարշավը կկոչվի Shariah-4-America: Այն խորհրդանշական բնույթ կունենա:

«Սպիտակ տան հակադրությունը Սև տունն է, որը գտնվում է Մեքքայում՝ Սաուդյան Արաբիայում: Մենք պետք է վերածենք Սև տունը համաշխարհային համակարգման կենտրոնի: Մարդիկ այլևս չպետք է ազատություն փնտրեն Սպիտակ տանը, նրանք պետք Ալլահին ծառայելու միջոցներ փնտրեն»,- համարում է Իսլամը:

Նրա խոսքերով, հեղաշրջումները Թունիսում և Եգիպտոսում և ապստամբությունը Լիբիայում դեռ միայն սկիզբն են, որոնք նշանավորում են իսլամի զարգացման պատմական շրջադարձը: Չէ որ գահընկեց են արել և գահընկեց են անում միայն այն ղեկավարներին, ովքեր չեն կատարել Ալլահի կամքը և չեն ցանկացել իրենց պետության մեջ ներմուծել շարիաթի կանոնները: Եվ այս ամենից հետո հետխորհրդային տարածքի ԱՄՆ դեսպանները, ներառյալ Հայաստանի, «քաղաքացիական զարթոնքի» կոչ են անում: Ակնհայտորեն՝ արաբական սցենարով: Եվ հերթական անգամ ցանկանում ես շնորհակալություն հայտնել Աստծուն, որ Հայաստանում նավթ չկա...

Կարինե Տեր-Սահակյան / PanARMENIAN News