20 ապրիլի 2011 - 17:04 AMT
ՀՈԴՎԱԾ
Ականատեսի հիշողություններ. Մանուկներին ջուրը նետեցին, նրանք մահացան, իսկ պապիս զարմիկին գնդակահարեցին ջրում
Իմ պապը, Գևորգ «Ջորջ» Խակալմազյանը կորցրել է իր ընտանիքը Ցեղասպանության ժամանակ: Նրանք յոթ հոգի էին
Հայոց ցեղասպանության 96-ամյակի կապակցությամբ PanARMENIAN.Net-ը սկսում է Հայոց ցեղասպանության ականատեսների հիշողությունների հրապարակումները, պատմած իրենց կամ նրանց ժառանգների կողմից: Վերապրածների հիշողությունները տրամադրել է ամերիկացի կոնգրեսական Ադամ Շիֆը, որը նախաձեռնել է Հայոց ցեղասպանության ականատեսների հիշողությունների հավաքագրումը՝ որպես ԱՄՆ Կոնգրեսում Հայոց ցեղասպանության մասին թիվ 252 բանաձևի ընդունման համար պայքարի մի մաս: Ադամ Շիֆը կոչ է անում 20-րդ դարի առաջին ցեղասպանության ականատեսներին ներկայացնել իրենց նախնիների հիշողությունները Հայոց ցեղասպանության մասին:

Սքոթ Թեջերյանի հիշողություններից.

«Իմ պապը, Գևորգ «Ջորջ» Խակալմազյանը կորցրել է իր ընտանիքը Ցեղասպանության ժամանակ: Նրանք յոթ հոգի էին: Նրա հայրը ստիպված էր իր քրոջը կնության տալ Փերի թուրքական քաղաքի քաղաքապետին: Իմ պապը այլևս երբեք չտեսավ իր քրոջը: Ավելի ուշ, երբ մի օր, առավոտյան մահացավ իմ պապիս հայրը, Սարգիսը Ավետարանն էր կարդում, երբ եկան թուրք զինվորներն ու տարան իրեն ու իմ պապիս մորը՝ Օղապարին: Նրանց պապս այլևս էլ երբեք չտեսավ: Իմ պապիս ու գյուղի մյուս երեխաներին, նրա ավագ եղբոր Հակոբի հետ, շրջապատեցին զինվորները: Նրանց բերեցին մոտակա գետի մոտ, որտեղ նրանց առանձնացրեցին ըստ տարիքի: Իմ պապիս զարմիկը, նրա ավագ եղբոր որդին, որը բնակվում էր ԱՄՆ-ում, փոքր երեխաների խմբում էր և նրան առանձնացրեցին իմ պապից ու նրա եղբայր Հակոբից: Փոքր երեխաներին ջուրը նետեցին, նրանք բոլորը խեղդվեցին, բացի պապիս զարմիկից, որը լողալ գիտեր: Երբ թուրքերը տեսան, որ նա լողում է, նրան գնադակահարեցին: Հաջորդ մի քանի տարիներին իմ պապը եղբոր՝ Հակոբի հետ ստիպված էր աշխատաել թուրքական մի ագարակում: Նրանք ստրուկներ էին: Ի վերջո, իմ պապին ու Հակոբին փրկեց ավագ զարմիկ Մարտիրոսը, որն օգնեց նրանց փախչել և հասնել Լիբանանի որբանոց: Հենց այնտեղ նրանց գտավ իր ավագ եղբայրը՝ Մարտինը, որն ապրում էր Չիկագոյում և օգնեց նրանց մեկնել Ամերիկա: Իմ պապը Էլիս Այլենդ ժամանեց 1923թ. հուլիսի 4-ին: Նա չգիտեր, թե երբ է իր ծննդյան օրը և միշտ հենց հուլիսի 4-ին էր նշում այն»: