Հարկադրված «Կազան»

Հարկադրված «Կազան»

Ամենից դատելով` ամենաքիչը Կազանում սպասվող եռակողմ հանդիպման առնչությամբ անհանգստանում են հենց Ղարաբաղում:

Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների առաջիկա հանդիպումը Կազանում աննկարագրելի իրարարանցում է առաջացնում ինչպես Երևանում, այնպես էլ Բաքվում: Սակայն ինչո՞վ է տարբերվում այն նախկիններից: Ի՞նչ ակնկալել այդ հանդիպումից: Կստորագրվե՞ն արդյոք հանդիպմանը ինչ-որ փաստաթղթեր: Բոլոր այս հարցերը մի քանի շաբաթ շարունակ արդեն խանգարում են հայերի և ադրբեջանցիների հանգիստ քունը` անկախ սեռից, տարիքից մասնագիտությունից:

PanARMENIAN.Net - Նախանձելի հաճախականությամբ բոլորը փորձեր են կատարում կանխատեսելու, ավելի ճիշտ, գուշակելու Կազանի հանդիպման արդյունքները, բացատրել, ինչու հերթական սովորական հանդիպումը նման ոչ միանշանակ հուզումներ է առաջացնում հասարակությունում:

Այն, որ Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների հերթական ավանդական հանդիպումը պետք է տարբերվի նախորդներից, պարզ դարձավ դեռ մայիսի 26-ին, երբ G8 գագաթնաժողովի ժամանակ ֆրանսիական Դովիլում ԵԱՀԿ ՄԽ համանախագահ-երկրներ Ռուսաստանի, Ֆրանսիայի և ԱՄՆ-ի ղեկավարները բավական հետաքրքիր հայտարարություն ընդունեցին, որով հասկացրեցին. ժամանակն է կարգավորել ղարաբաղյան հակամարտությունը, իսկ դրա հետագա ձգձգումը «հարցականի տակ կդնի կողմերի հակվածությունը պայմանավորվածությունների ձեռքբերմանը»:

Դմիտրի Մեդվեդևը, Բարաք Օբաման և Նիկոլյա Սարկոզին Հայաստանի և Ադրբեջանի նախագահներին կոչ են արել «քաղաքական կամք դրսևորել և հունիսին կայանալիք հայ-ադրբեջանական գագաթաժողովի ընթացքում ավարտել (Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման) հիմնարար սկզբունքների շուրջ աշխատանքները»:

Ինչ վերաբերում է առեղծվածային Հիմնարար սկզբունքներին, որոնք միայն եզակի մարդկանց է բախտ վիճակվել տեսնել, ապա, Մեդվեդև-Օբամա-Սարկոզի եռյակի հայտարարության համաձայն, իրենց մշակած վերջին տարբերակը «արդար և հավասարակշռված հիմք կարող է ստեղծել համապարփակ խաղաղ համաձայնագրի համար»: Բացի այդ, Մեդվեդևը, Օբաման ու Սարկոզին նաև հստակ կոչ են արել կողմերին «բնակչությանը պատրաստել խաղաղության, ոչ թե պատերազմի»:

Ընդհանուր առմամբ, ելնելով ստեղծված իրավիճակից` այնպիսի տպավորություն է, որ ղարաբաղյան գործընթացում գլխավոր դերը կրկին ստանձնել է Մոսկվան: Դովիլի հայտարարությունից հետո հենց Մոսկվայում սկսեցին հաճախակի հնչել պնդումներ, որ Կազանում փաստաթուղթ է ստորագրվելու: Ավելին, Ռուսաստանի ԱԳՆ համաձայն, այդ հանդիպումը կոչված է «սահմանագծի դեր» խաղալ ղարաբաղյան կարգավորման գործընթացում, և Մոսկվայում, ակնկալում են, որ Բաքուն և Երևանը կառուցողականորեն կարձագանքեն Դովիլի հայտարարությանը: Հունիսի 11-ին Մոսկվայում ամեն դեպքում կայացավ Կազանի հանդիպման փորձնական տարբերակը` Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների հանդիպումը, որի ընթացքքում «հաջողվեց մերձեցնել դիրքերը Հիմնարար սկզբունքների մի շարք կարևոր կետերի շուրջ: Այդ փաստաթղթի նախագիծը կներկայացվի հունիսի վերջում սպասվող հերթական եռակողմ հանդիպմանը»:

Մոսկվայի նման ակտիվությանը վերջին օրերին միացել են նաև ԵԱԿՆ-ն, ԵՄ-ն, ԵԽ-ն: ԱՄՆ-ում միայն սահմանափակվեցին որոշակի մեսիջով` ուղղված Հայաստանին ու Ադրբեջանին «այսօր եղած լավ հնարավորության» վերաբերյալ, որը կողմերը միանշանակ պետք է օգտագործեն:

Օրինաչափ է, որ Դովիլի հայտարարությունը ինանքտիպ կատալիզատոր դարձավ. Երևանում և Բաքվում միայն Կազանի մասին են խոսում: Ընդ որում, Ադրբեջանում սկսել են հանրությանը նախապատրաստել հանդիպման որոշակի արդյունքների: Ադրբեջանական կողմը սպառնում է ոչ միայն Ղարաբաղին, այլ անգամ սպառնում է պաշտոնական Երևանին «պետականության կորստով»: Բնական է, Դովիլի հայտարարությունը հաշվի առնելով, Ադրբեջանի սպառնալիքները չեն ընկալվում լուրջ և ըստ էության ներքին սպառման համար են` միտված պատրաստել այդքան տարիներ պատերազմի ակնկալիքով ապրող ժողովրդին խաղաղության, համոզելով, որ Հայաստանը, «վախենալով պառնալիքից», այդուհանդերձ ինչ-որ փաստաթուղ ստորագրեց: Նույն նպատակն են հետապնդում նաև ադրբեջանական ԶԼՄ-ների մշտական հրապարակումները հայկական բանակի «աղետալի» վիճակի մասին, հայ ժողովրդի «չքավորության» վերաբերյալ, Հայաստանում ծայրահեղ ծանր սոցիալական կացության մասին: Ադրբեջանական մամուլին ձեռնտու են նաև Հայաստանի ներսում հնչող որոշ հայտարարություններ, օրինակ, ՀՀ նախկին արտգործնախարար, «Սիվիլիտաս» հիմնադրամի խորհրդի ղեկավար Վարդան Օսկանյանը հայտարարել է, որ վերջին չորս տարիներին Հայաստանի դիրքերը ղարաբաղյան գործընթացում թուլացել են, ինչը նա կապում է Հայաստանի ներսում տիրող իրադրության հետ, ինչը պայմանավորված է իշխանությունների սխալ քաղաքականությամբ, երկրում տիրող քաղաքական մոնոպոլիայով, ժողովրդավարության բացակայությամբ և այլ նման գործոններով:

Ադրբեջանական փորձագետները ընդհանուր առմամբ Կազանի հանդիպմանը «զգուշավոր օպտիմիզմով են» վերաբերվում, հայտարարելով, որ հանդիպմանը առաջընթաց առանձնապես չի գրանցվի, սակայն հնարավոր է լինի արդեն ծեծված «դիրքերի մերձեցում»: Միևնույն ժամանակ, անգամ հնարավոր մերձեցումը չի ստիպում ադրբեջանցի փորձագետներին հրաժարվել պատերազմ սկսելու գաղափարից, այդքանով անուշադրության մատնելով գերտերությունների ղեկավարների «նախազգուշացումները», ովքեր դժվար թե ընդունեն նման անհնազանդությունը:

Հայաստանում Կազանի հանդիպման հետ կապված ավելորդ նյարդայնություն չկա: Այստեղ նախագահների եռակողմ հանդիպումից հեղափոխական արդյունքներ չեն ակնկալում, սակայն միևնույն ժամանակ զգուշացնում են, որ ցանկացած կարգավորում, որը ստիպողաբար է լինելու, կարող է հանգեցնել պատերազմի, որը ըստ ԱԺ ազգային անվտանգության, ներքին գործերի եւ պաշտպանության մշտական հանձնաժողովի ղեկավար Հրայր Կարապետյանի, կարող է վերաճել Երրորդ համաշխարհայինի: Երևանում կա կարծիք, որ Հայաստանից այս պահին միակողմանի զիջումներ են պահանջում, որին երկիրը, բնական է, համաձայնելու իրավունք չունի: Անգամ Վարդան Օսկանյանը, ով երկար տարիներ բանակցությունների անմիջական մասնակիցն է եղել և շատ լավ ծանոթ է այդ Հիմնարար սկզբունքներին, դրանց վերամշակումն էլ հաշվի առնելով, նշել է, որ չի զարմանա որևէ անակնկալի ղարաբաղյան գործընթացում: Սակայն ավելի ուշ Օսկանյանն ինքը հայտարարեց, որ որքան էլ փոխված լինի Մադրիդյան փաստաթուղթը, Հիմնարար սկզբունքները նույնն են մնացել: Հետևաբար, Հայաստանի ԱԳՆ նախկին ղեկավարի «ոչնչի վրա չզարմանալը» ինքնին զարմանալի է:

Ընդհանուր առմամբ, հայկական քաղաքական շրջանակներում Կազանի հանդիպման հետ հատուկ հույսեր չեն կապում` այն համարելով, ավելի շուտ, հերթական, «դեկլարատիվ»:

«Նախակազանյան» տրամադրությունների որոշակի վերլուծությունից պարզ է դառնում, որ հայ և ադրբեջանցի քաղաքական գործիչները մեկ բանում համամիտ են. Կազանում կամ կստորագրվի փաստաթուղթ, կամ չի ստորագրվի:

Ի տարբերություն Հայաստանի քաղաքական գործիչների և փորձագետների, Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը հայատարարում է, որ մեկնում է Կազան Ղարաբաղյան հարցում առաջընթացի ակնկալիքով: Ելույթ ունենալով ԵԽԽՎ ամառային նստաշրջանում` Սերժ Սարգսյանը, հայտարարելով, որ վերջնական պայմանավորվածությունների հասնել հնարավոր է միայն այն դեպքում, երբ Ադրբեջանում վերանան ռասիզմի և հայատյացության դրսևորումները, հատուկ ընդգծեց, որ Ղարաբաղի ժողովրդի` իր սեփական հողի վրա ազատ ապրելու և անվտանգ գոյատևելու իրավունքը կասկածից վեր է: Դատելով ամենից, ինչ զիջումների մասին էլ խոսք գնա Կազանում, արցախցիների իրավունքը` սեփական հողի վրա, սեփական պետությունում ապրելու առումով, քննարկման ենթակա չէ:

Ամենաքիչը Կազանում սպասվող եռակողմ հանդիպման առնչությամբ անհանգստանում են հենց Ղարաբաղում: Արցախի ժողովուրդը, ով զենքը ձեռքին ապացուցել է ինքնորոշման իրավունքը, մտադիր չէ իր ճակատագիրը թողնել ուրիշների քմահաճույքին: Հայաստանի փորձագետները համաձայն են, որ ղարաբաղյան կարգավորման գործընթացում առաջընթաց չի լինի, քանի դեռ բանակցություններին չի մասնակցում Ղարաբաղը:

Ստեփանակերտում ևս հույսեր չեն կապում առաջիկա հանդիպման հետ և չեն հավատում ինչ-որ սկզբունքների համաձայնեցմանը: Ավելին, Արցախի ՀԿ-ները ԼՂՀ-ում մտադիր չեն որևէ փաստաթուղթ ընդունել, որոնք կստորագրեն Հայաստանն ու Ադրբեջանը, և վստահ են, որ խաղաղության միակ ուղին Արցախի Հանրապետության միջազգային ճանաչումն է: Ստեփանակերտում կոչ են արել հանդիպման մասնակիցներին Կազանում «քաղաքական կամք դրսևորել բանակցությունների նոր ձևաչափ կազմելու համար», որպեսզի մասնակցի նաև ԼՂՀ-ն: Սա այն եզակի դեպքերից է, երբ հասարակական կազմակերպությունները հայտնում են ինչպես ժողովրդի, այնպես էլ իշխանության կամքը:

Այդ կոչին համահունչ է նաև Հայաստանի նախագահի հայտարարությունը ԵԽԽՎ-ում, ով ասեց, որ ժամանակն է` Եվրոպայի խորհուրդը ուղղակիորեն աշխատի Ղարաբաղի հետ` իր իսկ գործառույթների կարևորագույն դաշտով` Մարդու իրավունքների պաշտպանություն, քաղաքացիական հասարակության ձևավորում, ժողովրդավարություն, հանդուրժողականություն և այլն: Եվ չի՞ լինի արդյոք շատ ավելի տրամաբանական, եթե Ղարաբաղի հետ աշխատանք սկսելուց հետո միայն Կառույցը ցանկություն հայտնի քննարկելու Ղարաբաղին առնչվող որևէ հարց, ի դեպ՝ նույն ղարաբաղցիների մասնակցությամբ:

Մինչ Կազանի հանդիպումը, որը կարող է շատ հարցերի պատասխան տալ, հաշված ժամեր են մնացել: Հնարավոր է, որ երեք երկրների նախագահները ընդունեն հերթական հայտարարությունը բանակցությունները շարունակելու պատրաստակամության մասին, հնարավոր է նաև, որ այնուամենայնիվ կստորագրվի ինչ-որ կարևոր փաստաթուղթ, որը կարող է «հեղափոխական դառնալ», բացառված չէ, որ կողմերը գնան զիջումների միջազգային հանրության ճնշման արդյունքում: Հնարավոր է անգամ, որ բանակցողները ականջ կդնեն Ստեփանակերտի կոչերին և անարդար կհամարեն Արցախի ճակատագրի որոշումը առանց Արցախի մասնակցության: Հնարավոր են ցանկացած, անգամ անսպասելի զարգացումներ: Ամեն դեպքում, շուտով ամեն բան պարզ կդառնա:

Մարինա Անանիկյան / PanARMENIAN News
Արցախի Հանրապետություն
15  Արցախյան պատերազմ
Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը

Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը սկսվեց 1988 թվականին: Ի պատասխան Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի (ԼՂԻՄ) բնակչության 80% կազմող հայերի խաղաղ պահանջներին, Ադրբեջանը ագրեսիա ծավալեց խաղաղ բնակչության դեմ: 1991-1994թթ. ազգային-ազատագրական պատերազմի արդյունքում հռչակվեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը: ԼՂՀ պաշտպանության բանակը նաեւ ԼՂՀ շուրջ անվտանգության գոտի ստեղծեց, որը 7 շրջաններ է ներառում: 1994թ. մայիսի 11-ին հրադադարի մասին համաձայնություն ձեռք բերվեց (Բիշկեկյան արձանագրություն): Ներկայումս հակամարտության կարգավորմամբ զբաղվում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները` Ֆրանսիան, ԱՄՆ-ն եւ Ռուսաստանը:

 Ամենաընթերցվողը բաժնում
ՀՀԿ-ն «աղքատացել է», ՔՊ-ն՝ «հարստացել»
Հայաստանի բազմաթիվ կառույցներ մնացել են առանց ղեկավարի
Ով ինչպիսի աղմուկով հեռացավ և ինչու
Հայաստանը նոյեմբերի 10-ից հետո՝ թվերով
 Ուշադրության կենտրոնում
Փաշինյան. Կոռուպցիայի դեմ պայքարից մի միլիմետր չենք նահանջել

Փաշինյան. Կոռուպցիայի դեմ պայքարից մի միլիմետր չենք նահանջել Նա նշել է, որ այժմ միայն ինստիտուցիոնալ բարեփոխումներ և բովանդակային աշխատանք պետք է արվի

 Բաժնի այլ նյութերը
«Խաղի» մեջ վերադառնալու ցանկությամբ ՌԴ-ն փորձում է չմարգինալացվել ՀՀ-Ադրբեջան բանակցային գործընթացում
Դրագոմանների ժամանակը Դեպի արդիականացված արտաքին քաղաքականություն
---