Հայ բռնցքամարտիկները և ըմբշամարտիկները մեդալներ նվաճեցին Եվրոպայի առաջնություններում

Հունիսի 17-25-ի գլխավոր սպորտային իրադարձությունների ամփոփում

Ֆուտբոլ. Հունիսի 20-ին Նյոնում կայացավ Չեմպիոնների լիգայի առաջին և երկրորդ ընտրական փուլերի վիճակահանությունը: 2010 թվականի Հայաստանի չեմպիոն երևանյան «Փյունիկը» պայքարը կսկսի երկրորդ ընտրական փուլից, որտեղ նրա մրցակիցը կլինի «Վիկտորիան» Պլզենիից (Չեխիա): Չեմպիոնների լիգայի երկրորդ ընտրական փուլի հանդիպումները կկայանան հուլիսի 12-ին, 13-ին, 19-ին և 20-ին: Հաղթողները կմասնակցեն երրորդ ընտրական փուլի վիճակահանությանը, որտեղ նրանց կմիանան ևս 13 թիմեր:

PanARMENIAN.Net - Չեմպիոնների լիգայի երկրորդ որակավորման փուլում Հայաստանի չեմպիոն և գավաթակիր «Փյունիկը» հանդես կգա Պլզենի «Վիկտորիայի» դեմ (Չեխիա):

Երևանյան ակումբի մարզիչ Վարդան Մինասյանը PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում խոստովանել է, որ մրցակցի մասին բավականաչափ տեղեկատվություն չունի: «Չեխիայի առաջնությունն ուժեղ է, և «Վիկտորիան» երկրի նախորդ տարվա չեմպիոնն է: Առաջիկա օրերին թիմն ընկերական խաղեր կանցկացնի, այդ ժամանակ էլ ավելի շատ բան կիմանանք մեր մրցակցի մասին»,- ասել է Մինասյանը:

Նրա խոսքերով, չնայած մի քանի կորուստներին, «Փյունիկի» գալիք խաղի համար նոր ֆուտբոլիստներ ձեռք բերելու մտադրություն չկա: Թիմը հանդես է գալու երիտասարդ խաղացողների հետ: Ակումբը լքել են երկու ֆուտբոլիստներ` Գևորգ Ղազարյանը և Մարկոս Պիզելին, նրանք պայմանագիր են ստորագրել Դոնեցկի «Մետալուրգի» հետ: Էդգար Մանուչարյանն առավոտյան մարզման ժամանակ ձախ ոտքի վնասվածք է ստացել և, Մինասյանի խոսքերով, միայն հետազոտությունից հետո պարզ կլինի, թե կկարողանա նա օգնել թիմին:

«Երկրի առաջնության հերթական տուրից հետո բարեգործական նպատակով մեկնելու ենք Ղարաբաղ: Այնուհետև հավանաբար խաղալու ենք Հայաստանի մինչև 19 տարեկանների հավաքականի հետ»,- ասել է Մինասյանը:

Հայաստանի առաջնության բրոնզե մրցանակակիր «Ուլիսը» և արծաթե մեդալակիր «Բանանցը» կխաղան Եվրոպայի լիգայի -2011-12 առաջին ընտրական փուլում:

Ըստ վիճակահանության, որը տեղի ունեցավ հունիսի 20-ին Նյոնում, «Ուլիսը» ուժերը կչափի հունգարական «Ֆերենցվարոշի» հետ: «Բանանցի» մրցակիցը կլինի վրացական Ռուսթավիի «Մետալուրգ» թիմը:

Առաջին շրջանում կխաղան նաև Հայաստանի հավաքականի պաշտպան Ռոբերտ Արզումանյանի լեհական «Յագելոնիան», որի մրցակիցը կլինի ղազախական «Իրտիշը»:

Առաջին փուլում կխաղա 50 թիմ, որոնք իրենց խաղերը կանցկացնեն հունիսի 30-ին ու հուլիսի 7-ին:

Բռնցքամարտ և ազատ ոճի ըմբշամարտ. Հայաստանի բռնցքամարտի հավաքականը Եվրոպայի առաջնությունում, որն ընթանում է Անկարայում, վաստակել է նոր բրոնզե մեդալ: Երրորդ տեղը մինչև 60 կգ քաշային կարգում զբաղեցրել է Վլադիմիր Սարուխանյանը:

Կիսաեզրափակչում հայ բռնցքամարտիկը հանդիպել է թուրք Ֆաթիհ Քելեսի հետ, առաջին փուլում Քելեսը հաղթել է 10:5 հաշվով, երկրորդում` 9:5, երրորդում` 9:6: Սարուխանյանը զիջել է 28:16 հաշվով:

Հայաստանի հավաքականը Ռաֆայել Մեհրաբյանի գլխավորությամբ առաջնությունում հանդես է եկել 7 բռնցքամարտիկներով, որոնք տարբեր փուլերում լքել են առաջնությունը:

Սերբական Զրենյանին քաղաքում տեղի է ունեցել երիտասարդների շարքում Եվրոպայի ըմբշամարտի առաջնություն: Առաջին մրցաշարային օրը հանդես են եկել ազատ ոճի ըմբշամարտիկները: Հայ մարզիկներին հաջողվել է նվաճել երեք մեդալներ:

Արծաթե մեդալակիր է դարձել Վահե Թամրազյանը մինչև 84 կգ քաշային կարգում: Նա եզրափակչում զիջել է վրացի ըմբշամարտիկ Դատո Մարսագիշվիլիին: Եզրափակչի ճանապարհին հայ ըմբշամարտիկն անցկացրել է չորս մենամարտ և բոլորում հաղթանակ տարել:

Բրոնզե մեդալներ են նվաճել Մաթևոս Սարոյանը և Գրիգոր Գրիգորյանը:

Ընդհանուր թիմային հաշվարկում Հայաստանի հավաքականը 36 միավորով զբաղեցրել է 5-րդ տեղը: Հունիսի 25-ին մրցելու են հունահռոմեական ոճի ըմբշամարտիկները:

Գոհար Նալբանդյան, Հասմիկ Բաբայան / PanARMENIAN News
 Ամենաընթերցվողը բաժնում
Մասնագետը՝ առողջ ապրելակերպի մասին
Ինչու են կանայք ընտրում ֆիթնես և բոդիբիլդինգ
Լավագույն app-երը՝ առավել զգուշավորների այլընտրանք
Ինչպես են մարզասրահները և մարզվողները «ֆորմի մեջ» մնում
 Ուշադրության կենտրոնում
Նարեկ Մանասյանը՝ բռնցքամարտի ԵԱ արծաթե մեդալակիր

Նարեկ Մանասյանը՝ բռնցքամարտի ԵԱ արծաթե մեդալակիր Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը

 Բաժնի այլ նյութերը
Easy ֆուտբոլ՝ մեծ էկրանին Դարձիր «12-րդ խաղացող» Անգլիական այգում, երկրպագիր մերոնց մաքուր օդին
Ուղին անվանում է առաջնամագլցողը Հարմարավետության գոտուց դուրս, քաղաքային աղմուկից հեռու
Բրազիլական ջիու-ջիցուն Հայաստանում Գետնի վրա մենամարտել իմացողն առավելություն ունի
---