16 հուլիսի 2011 - 16:20 AMT
ՀՈԴՎԱԾ
Ադրբեջանի նախագահը և ԱԳՆ ղեկավարը «բացասական և դրական հերոսներ» են խաղում
Բոլոր խոսակցություններն ինչ-որ միջանկյալ կարգավիճակի և հանրաքվեի մասին ոչ այլ ինչ են, քան շղարշ, որը թաքցնում է Ադրբեջանի ղեկավարության իրական դեմքը, որը հանուն իր շահերի պատրաստ է արյան մեջ խեղդել տարածաշրջանը
Ադրբեջանի ԱԳՆ ղեկավար Էլմար Մամեդյարովի վերջին հարցազրույցը Interfax գործակալությանը դարձել է ղարաբաղյան հակամարտությունը չկարգավորելու մեղքը Հայաստանի վրա բարդելու հերթական փորձ: Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարը ոչ մի նոր բան չի ասել, եթե հաշվի առնել այն, որ բավական երկար հարցազրույցի ընթացքում նա 5 անգամ խոսել է Արցախի անվտանգության գոտի կազմող շրջաններից հայկական զորքերը դուրս բերելու մասին: Մնացածը, ըստ Մամեդյարովի, ինքն իրենց կստացվի:

Բաքվի համար երկրորդ խոչընդոտը ԼՂ կարգավիճակն է, որը Մամեդյարովը փորձում է լուծել հրամայական միջոցով, այն է` «Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանի հողն է և երբեք չի ստանա անկախություն»: Ադրբեջանցի դիվանագետը, բնականաբար, կրկնում է իր նախագահի խոսքերը` այլ ելք չկա, բայց մյուս կողմից նա նույնպես հասկանում է, որ Ղարաբաղի անկախությունը վաղուց Բաքվի ձեռքում չէ: «Մեզ համար Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի Հանրապետության կազմում է: Այդ ընթացքում մենք կհասցնենք ներկայացնել բոլոր անհրաժեշտ փաստարկները ԼՂ հայազգի ադրբեջանական քաղաքացիներին այն մասին, որ նրանց ավելի ու հետաքրքիր ու կարևոր է ապրել Ադրբեջանի նման բարգավաճող պետությունում: Ես ենթադրում եմ, որ Ղարաբաղի հայերը կքվեարկեն Ադրբեջանի կազմում ապրելու օգտին: Մենք պետք է աշխատենք այդ ուղղությամբ, բայց երբ դա կլինի, դեռ հայտնի չէ, մենք պետք է բազմաթիվ փաստարկներ ներկայացնենք, բացատրելու համար, որ Ադրբեջանում ապրելն ավելի լավ կլինի` հաշվի առնելով երկրի տնտեսական զարգացումը»,- համոզված է Մամեդյարովը: Հետաքրքիր է, հավատում է Մամեդյարովն իր խոսքերին, և այդ երբվանից են Արցախի Հանրապետության քաղաքացիները դարձել Ադրբեջանի քաղաքացիներ: Միաժամանակ նա խուսափել է պարզաբանումից, թե ով է մասնակցելու Ղարաբաղի կարգավիճակի որոշման հանրաքվեին: «Մեծ նշանակություն ունի, թե ինչ հարցով ես դու որոշում կարգավիճակը»: Հնչում է պատասխան, որը, մեղմ ասած, տարօրինակ է…Ձևակերպումը մեկն է և այն ընդունվել է դեռ 1991-ին` ողջ Ղարաբաղը քվեարկել է անկախության համար: Այնպես որ ինչ-որ միջանկյալ կարգավիճակի և հանրաքվեի մասին բոլոր խոսակցությունները ոչ այլ ինչ են, քան շղարշ, որը թաքցնում է Ադրբեջանի ղեկավարության իրական դեմքը, որը հանուն իր շահերի պատրաստ է արյան մեջ խեղդել տարածաշրջանը:

Հենվելով նույն Մադրիդյան սկզբունքների վրա, որոնք ոչ ոք չի տեսել բացի բանակցողներից, Էլմար Մամեդյարովը մշտապես նշում է, որ հայկական կողմը չի ընդունել դրանք, իսկ ահա Բաքուն «բարի կամք» է դրսևորել և համաձայնվել: Այս ամենը ոչ մի կերպ չի տեղավորվում Իլհամ Ալիևի կողմից հռչակված լիովին ռազմականացման ընթացքին և «իրենց հողերն ազատագրելու» սպառնալիքին: Երկուսից մեկը` կամ նախագահը և նրա նախարարը չեն համաձայնեցրել իրենց խոսքերը, կամ սկսել են «խաղալ դրական և բացասական հերոսներ»: Հավաբանար, պետք է ևս մեկ անգամ հիշեցնել Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարին, որ առանց ԼՂ-ի խաղաղության համաձայնագրի շուրջ ոչ մի աշխատանք չի հաջողվի:

Ինչ վերաբերվում է Մադրիդյան սկզբունքներին, ապա ՀՀ ԱԳՆ ղեկավար Էդվարդ Նալբանդյանի խոսքով 14 կետերից 6-ը պաշտոնապես գաղտնազերծվել են ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկրների նախագահներ Բարաք Օբամայի, Նիկոլյա Սարկոզիի և Դմիտրի Մեդվեդևի հայտարարություններում: Նրանք, մասնավորապես, ենթադրում են հայ զորքերի դուրս բերում ԼՂ հարակից տարածքներից, ԼՂ-ին միջանկյալ կարգավիճակի տրամադրում, փախստականների վերադառնալու հնարավորություն, Հայաստանի և ԼՂՀ միջև անվտանգության միջանցք, ԼՂ վերջնական կարգավիճակի որոշում, ինչպես նաև անվտանգության միջազգային երաշխիքներ` ներառյալ խաղաղապահ առաքելություն:

Վերջին հաշվով, այդ վեց սկզբունքները բավական աղոտ են և 100 տոկոսանոց երաշխիք չեն տրամադրում ԼՂ բնակչությանը: Միջազգային երաշխիքները և խաղաղապահներն ուղղակի ի զորու չեն դադարեցնել սադրանքները և դիվերսիաները շփման գծում: Ցավոք սրտի, ողջ աշխարհում նման գործողությունների փորձը հիմքեր չի տալիս հույս դնել այդ խաղաղապահների վրա: Հասկանալի է, որ այդ սկզբունքները ձեռնտու են Բաքվին, ճիշտ է վերապահումներով, որոնց առկայության մասին խոստովանել է Մամեդյարովը և հավելել. «Եկեք իսկուն աշխատենք խաղաղության համաձայնագրի վրա և ցույց տանք ողջ աշխարհին մեր քաղաքական կամքը, որ մենք ավելի շատ պատրաստ ենք աշխատել իրավաբանորեն խաղաղության պարտադրող համաձայնագրի վրա, քան քաղաքական փաստաթղթի»: Մամեդյարովը նաև հայտարարել է, որ պատրաստ է աշխատել խաղաղության համաձայնագրի վրա «թեկուզ այսօր»: Ճիշտ է, հետո իսկույն բերել է Կուրիլյան կղզիների օրինակը, որոնց շուրջ համաձայնագիր չի ստորագրվել Ռուսաստանի և Ճապոնիայի միջև 1945-ից ի վեր:

Ինչ էլ որ ասի Մամեդյարովը, ոչ անհայտ Վաֆա Գուլուզադեն նախօրեին հայտարարել է հետևյալը. «Այն դեպքում, եթե հայերն իրենց տերերի հովանավորությամբ փորձեն նոր արկածախնդրություն սարքել, ապա Ադրբեջանն առանց մտածելու պետք է հզորագույն հրթիռային հարվածներ հասցնի Հայաստանին: Դա պատասխան կլինի Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հայտարարությանն այն մասին, որ «նոր պատերազմի դեպքում հայկական կողմն ավելի ուժեղ կլինի և հաղթանակ կտանի»:

Ավելին, նա հայտարարել է, որ պետք է հրթիռային հարվածներ հասցնել Երևանի, Գյումրիի և Կապանի ու այլ հայկական քաղաքների վրա: «Մենք կարող ենք Հայաստանի վրա թափել ադրբեջանական բանակի ողջ հզորությունը, որպեսզի այն այլևս ուշքի չգա: Վերջին ժամանակներն Ադրբեջանն այնքան ռազմական տեխնիկա է գնել, որ շատերը նախանձում են»,- ասել է Գուլուզադեն, հաղորդում է 1news.az-ը: Ահա և «ԼՂՀ անվտանգության և բարի կամքի հաստատում»:

Կարինե Տեր-Սահակյան