Հրանտ Դինքի մարդասպանին դատապարտելու գործընթացում վերջնական կետը դեռ չի դրվել

Դինքի սպանությանն առնչություն է ունեցել «Էրգենեքոն» ծայրահեղ ազգայնական ահաբեկչական կազմակերպությունը

Հայ-թուրքական «Ակոս» թերթի գլխավոր խմբագիր Հրանտ Դինքի սպանության համար մեղադրվող 21-ամյա Օգյուն Սամասթը դատապարտվել է 22 տարվա և 10 ամսվա ազատազրկման: Ինչպես հաղորդում են թուրքական ԶԼՄ-ները, Սամասթը մեղավոր է ճանաչվել կանխամտածված սպանության և ապօրինի զենք պահելու մեջ:

PanARMENIAN.Net - Ավելի վաղ դատախազը պահանջում էր Սամասթին դատապարտել 27 տարվա ազատազրկման: Դատական քննությունը տևեց 4 տարի և բացահայտվեցին նոր մասնամասներ, որոնց արդյունքում ակնհայտ դարձավ, որ Սամաստն ընդամենը շղթայի վերջին օղակն էր, մարդ, որ ուղղակի ձգեց հրահանը։ Դատաքննության սկզբում թուրք ազգայնամոլն անչափահաս էր, սակայն երկու տարի անց նա ճանաչվեց չափահաս սպանության կատարման պահին և նրան դատեցին որպես չափահաս։ Ընդ որում դատավճիռը կայացվեց դատաբժշկական փորձագետների կողմից։ Սակայն հետագայում դատարանը կրկին որոշեց, որ Օգյուն Սամաստն անչափահաս է եղել։ Այստեղից էլ՝ բավական մեղմ դատավճիռ կանխամտածված սպանության համար։

Հիշեցնենք, որ Օգյուն Սամաստը ձերբակալվել էր սպանությունից հետո հաջորդ օրը և ի սկզբանե խոստովանել մեղքը: Առաջին իսկ հարցաքննության ժամանակ նա գրել է, որ որոշել է սպանել լրագրողին Հայոց ցեղասպանությանը նվիրված նրա հրապարակումներից հետո: Դատարանում վերջին խոսքի ժամանակ Սամաստը զղջացել է կատարված հանցագործության համար և խնդրել ներել իրեն: Նա նաև ասել է, որ չգիտեր, որ նրա զոհը եղել է լրագրող, որը գրել է Թուրքիայի համար արգելված թեմայով: Դինքի սպանությանն առնչություն է ունեցել ծայրահեղ ազգայնական «Էրգենեքոն» ահաբեկչական կազմակերպությունը, որի վերաբերյալ հետաքննությունը դեռ չի ավարտվել: Իրավապահ մարմինները, որոնք գիտեին նախապատրաստվող սպանության մասին, ոչ մի միջոց չեն ձեռնարկել Հրանտ Դինքին պաշտպանելու համար: Ավելին, ծայրահեղ ազգայնականները սպառնում էին նաև Կոնստանդնուպոլիսի պատրիարք Մեսրոպ Մութաֆյանին, որը մշտական սթրեսի արդյունքում հիվանդացավ և չկարողացավ կատարել Ստամբուլի հայ համայնքի հոգևոր առաջնորդի պարտականությունները: Այդ սպառնալիքների պատճառով ստիպված էր Թուրքիան լքել Նոբելյան մրցանակի դափնեկիր, գրող Օրհան Փամուկը: Դրա հետ կապած հարկ է փաստել, որ Թուրքիան վերջին 20 տարում բոլորովին չի փոխվել. մտավորականության նույն հետապնդումները, քաղաքական սպանությունները, ահաբեկչությունը: Եվ որքան էլ վարչապետ Էրդողանն ասի, որ նրա երկիրն ավելի շատ մոտ է Եվրոպային, քան Արևելքին, իրականում այսօրվա Թուրքիան նույն միջնադարյան իսլամական բռնապետությունն է: Ոչ մի երաշխիք չկա, որ վաղը հերթական լրագրողը կդառնա այդ նույն deep state ( խորը պետության) զոհը: Պատահական չէ, որ մինչև հիմա Թուրքիայի բանտերում գտնվում են 57 լրագրողներ: Ժամանակ առ ժամանակ նրանց ազատ են արձակում, սակայն Թուրքիայի ՔՕ 301 –րդ հոդվածը դեռևս չեղյալ չի հայտարարվել: Ըստ երևույթին, այն կլինի միշտ, որովհետև Անկարան միշտ խնդիրներ կունենա ազգային փոքրամասնությունների հետ. սկզբից նրանք հայերն էին, ասորիները և հույները, հիմա՝ քրդերը և ալեվիտները, հետո ազգայնամոլները կհորինեն ևս մեկ «ազգի թշնամի»: Այնուամենայնիվ, պետք է խոստովանել, որ Օգյուն Սամաստի դատավճիռը բավական խիստ է, եթե հաշվի առնել այն, որ նա, ըստ էության, սպանել է անհավատաի, իսկ դրա համար մահմեդականին ուղիղ ճանապարհ է ապահովված դեպի դրախտ:

Նշենք, որ Դինքի ընտանիքի փաստաբան Ֆեթիյե Չեթինը հայտարարել է, որ պաշտպանությունը բավարարված դատարանի որոշմամբ:

Այս գործընթացում վերջնական կետը դեռ չի դրվել՝ թուրքական իշխանություններն այդպես էլ արիություն չգտան խոստովանելու ողջ աշխարհի առաջ անցյալի մութ էջերը: Հայոց ցեղասպանության ճանաչումն ամենից առաջ անհրաժեշտ է թուրք ժողովրդին: Բայց այս հանցագործության ճանաչումը սարսափելի է, որովհետև սեփական հպատակների ոսկորների վրա կառուցված պետությունը գոյության իրավունք չունի: Իսկ հայերը, ցավոք սրտի, Օսմանյան կայսրության հպատակներն էին… Իսկ այն որ Հայոց ցեղասպանությունը Թուրքիայում մշտական երևույթ է, հաստատում է Դինքի սպանությունը:

Կարինե Տեր-Սահակյան
 Ամենաընթերցվողը բաժնում
Ինչ է իրենից ներկայացնելու Սաուդյան Արաբիայում կառուցվելիք աշխարհի խոշորագույն շինությունը
Իրադարձություններ, որոնք զարգացել են 1 ամսից էլ քիչ ժամանակում
 Ուշադրության կենտրոնում
Բաքուն հայտնել է զոհերի թիվը՝ 192, ընդդիմադիրները պնդում են 200–ից ավելի զոհի մասին

Բաքուն հայտնել է զոհերի թիվը՝ 192, ընդդիմադիրները պնդում են 200–ից ավելի զոհի մասին Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական

 Բաժնի այլ նյութերը
Բայրաքթարից պակաս աղմկահարույց, բայց ավելի փորձառու Իրանական ԱԹՍ-ների չբացահայտված պոտենցիալը
Հին վիրուսի նոր բռնկումը Ինչ է հայտնի կապիկի ծաղկի դեպքերի աճի մասին
---