Ինչպե՞ս բացատրել քաղաքացիներին, որ պետք է ձեռք բերել որակյալ հայկական կոշիկ, այլ ոչ թե թուրքական կամ չինական

Հայաստանի ավանդական կոշիկի արդյունաբերությունը պետական աջակցության կարիք ունի

Հայաստանում կոշիկի արտադրության և իրացման ոլորտը գտնվում է պետական վերահսկողությունից դուրս: Կոշիկի շուկայում արտադրանքի մեծ մասը ներկրված է, իսկ տեղի կոշիկ արտադրողները հիմնականում աշխատում են ընդհատակյա, առանց գրանցման: Ամեն օր Հայաստան են ներկրվում կոշիկի չինական, թուրքական, կորեական արտադրության հսկայական ծավալներ, և սահմանին ոչ ոք չի ստուգում, թե ինչ կաշվից է կարված կոշիկը՝ բնական, թե արհեստական: Ներկրողները կարող են բերել թունավոր նյութերից կարված կոշիկ՝ ուղղակի չիմանալով այդ մասին և անարգել վաճառել այն Հայաստանում:

PanARMENIAN.Net - Հայաստանի էկոնոմիկայի նախարարության Սպառողների իրավունքների և շուկայի պաշտպանության պետական տեսչության տվյալների համաձայն Հայաստանի շուկայում իրացվող կոշիկի 96 տոկոսը չի համապատասխանում գործող պահանջներին և պարունակում է առողջության համար վտանգավոր տարրեր: Սա վերաբերվում է կոշիկի բոլոր տեսակներին՝ մանկական, տղամարդու, կանացի: Ցածր որակի կոշիկն ունի նաև ցածր գին, բայց չի կարելի մոռանալ, որ այդ կոշիկը կարող է լուրջ վնաս հասցնել սպառողի առողջությանը: Մեծամասամբ կոշիկների մեջ բացակայում են սուպինատորները, և հիմնական վտանգը նրանում չէ, որ դրանց բացակայության պատճառով կոշիկն արագ մաշվում է, այլ նրանում, որ դա առաջացնում է հարթաթաթություն: Հանդիպում են ամենատարածված խախտումները՝ պիտակավորման բացակայություն ինչպես ներկրվող, այնպես էլ տեղական արտադրության կոշիկների վրա, չկա տեղեկատվություն կոշիկի հիմնական բաղադրիչների մասին, նշված չէ արտադրող երկիրը, իսկ եթե նշված է, ապա դա չի համապատասխանում իրականությանը:

Կոշիկի արտադրությունը հայ վարպետների համար միշտ համարվել է ավանդական արհեստ: Հայաստանում այսօր էլ գործում են արտադրություններ, որոնք պատրաստում են շատ որակյալ կոշիկներ, դրանցից է Գյումրիում գտնվող «Տավրոս» ընկերությունը: Ընկերության ղեկավարԿարապետ Մովսիսյանը պատմել է, որ կոշիկը արտադրությունը կատարվում է ինչպես ձեռքով, այնպես էլ մեխանիզացված: Արտադրանքը ոչ մեծ քանակությամբ գնում է տեղի շուկա, մեծ մասն արտահանվում է Ռուսաստան: Արդեն պատվերներ կան եվրոպական երկրներից մանկական կոշիկի արտադրության գծով: Ընկերությունը հումքը գնում է արտասահմանից, հիմնականում Իտալիայից: «Փորձում ենք ավելի լավ կազմակերպել աշխատանքն արտահանման ծավալներն ավելացնելու համար»,- ասել է նա:

Կարապետ Մովսիսյանը գովել է իր արտադրանքի որակը, որը պատրաստվում է հիմնականում բնական նյութերից: «Ես և իմ ընտանիքը կրում ենք միայն մեր ընկերության արտադրության կոշիկները: Մեր հաճախորդների միակ բողոքն այն է, որ կոշիկը կրում են տարիներով, իսկ նորաձևությունը փոխվում է, բայց ափսոս է այն դեն նետելը»: «Տավրոս» ընկերությունում արտադրվող մեկ զույգ տղամարդու կոշիկի գինը տատանվում է 30 000-40 000 դրամի սահմաններում, ընդ որում Թուրքիայից ներկրվող տղամարդու անորակ կոշիկը շուկայում կարելի է ձեռք բերել 20 000 -25 000 դրամով:

Այնուամենայնիվ, ընկերության ղեկավարն ափսոսանքով նշել է, որ կոշակարության ավանդույթները, որով հայտնի էին Հայաստանի վարպետները, այսօր, կարելի է ասել, գրեթե չեն պահպանվում, քանի որ երիտասարդությունը չի ցանկանում սովորել այդ արհեստը:

Խոսելով ոլորտի խնդիրների մասին՝ նա ասել է, որ պահանջարկ կա, բայց կոշիկի արտադրությունը մի քիչ դուրս է եկել իշխանությունների ուշադրությունից, անհրաժեշտ են լուրջ մոտեցումներ, աջակցություն արտոնյալ պայմաններ տրամադրելու առումով: «Թեթև արդյունաբերության ոլորտում կոշիկի արտադրությունը, իմ կարծիքով, ամենաբարդ ուղղություններից է, մենք չենք կարող միայնակ լուծել դժվարությունները: Այսօրվա դրությամբ ավելի հեշտ է դուրս գալ շուկա՝ արտադրելով մեծ ծավալներ, քան փոքր»,- ասել է մասնագետը:

Ինչ վերաբերվում է տեղական որակյալ արտադրանք ձեռք բերելու համար մեր քաղաքացիների վճարունակությանը և ոչ մեծ պահաջարկին՝ Կարապետ Մովսիսյանը նշել է, որ շուկան հեղեղված է անորակ թուրքական և չինական արտադրանքով, իսկ ժողովրդին դժվար է բացատրել, որ պետք է գնել ավելի թանկ, բայց որակյալ կոշիկ:

Վիկտորիա Արարատյան / PanARMENIAN News
 Ամենաընթերցվողը բաժնում
Ինչու է աշխարհն անցնում անկանխիկ շրջանառության
Նիդերլանդների գյուղատնտեսական հեղափոխությունը
Ինչպես է մեր ախորժակը վտանգում ամբողջ մոլորակը
Էկոլոգիական ինչ գին ենք վճարում ամենամատչելի հագուստի համար
 Ուշադրության կենտրոնում
Ինչպես անհատ տաքսի վարորդները պետք է գրանցվեն MyTAX հավելվածում․ ՊԵԿ–ը 10 քայլ է նշել

Ինչպես անհատ տաքսի վարորդները պետք է գրանցվեն MyTAX հավելվածում․ ՊԵԿ–ը 10 քայլ է նշել Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները

 Բաժնի այլ նյութերը
ԱԹՍ-ով ջրված այգու բերքը Ինչ առավելություններ ունի խելացի գյուղատնտեսությունը
Դատարկ փեղկերի առասպելը Ինչու են մարդիկ խուճապային գնումներ կատարում ցնցումների ժամանակ
Զսպելով բարկությունն ու գնաճը Պատերազմն ու մեր դատարկվող գրպանը
---