Հայաստանի կարևորագույն ներքաղաքական իրադարձությունների թեժ տասնյակը PanARMENIAN.Net-ի վարկածով

Հայաստանի կարևորագույն ներքաղաքական իրադարձությունների թեժ տասնյակը PanARMENIAN.Net-ի վարկածով

Պետք է նաև նշել, որ այս տարի սկսված քաղաքական և հասարակական գործընթացներից շատերը բավական էական ազդեցություն կունենան նաև գալիք տարում քաղաքական զարգացումների վրա

Ավարտվող տարին բավական հարուստ էր ներքաղաքական իրադարձություններով և գործընթացներով: Տարին նշանավորվեց սոցիալական լարվածության և բողոքների աճով, քաղաքական ուժերի մանևրներով, երկրում իրավիճակն իրենց վերահսկողության տակ պահելու և կայունացնելու իշխանության փորձերով, որպեսզի Հայաստանում չբռնկվի «արաբական գարուն»: Ներքաղաքական իրադարձությունների տասնյակի մեջ ներառված են նաև մի շարք հասարակական գործընթացներ, որոնք երկրի կյանքի վրա ազդող լուրջ գործոններ են դարձել:

PanARMENIAN.Net - Պետք է նաև նշել, որ այս տարի սկսված քաղաքական և հասարակական գործընթացներից շատերը բավական էական ազդեցություն կունենան նաև գալիք տարում քաղաքական զարգացումների վրա:

Ներկայացնելով տարվա կարևորագույն իրադարձությունների տասնյակը՝ ցանկանում եմ նշել, որ տասնյակում հաջորդականությունը պայմանական է:

10. Նոր Ընտրական օրենսգիրք

2011-ին ընդունվեց նոր Ընտրական օրենսգիրք, որը, ինչպես հավաստիացնում են իշխանությունները, պետք է ապահովի ամենաարդար և թափանցիկ ընտրություններն անկախ Հայաստանի պատմության մեջ: Իշխանությունների ներկայացուցիչների համաձայն նոր օրենսգիրքը ստացել է միջազգային փորձագետների հավանությունը,մասնավորապես Վենետիկյան հանձնաժողովից: Իր հերթին խորհրդարանական ընդդիմությունը՝ Դաշնակցությունը և «Ժառանգությունը», կտրուկ հանդես են գալիս նոր օրենսգրքի դեմ, ընդգծելով, որ նրանց գլխավոր առաջարկները չեն ընգդրկվել դրա մեջ: Տարեվերջին ԸՕ մասին հիշեց նաև երկրի գլխավոր ընդդիմադիր ուժը՝ Հայ ազգային կոնգրեսը (ՀԱԿ): Կոնգրեսը սկսեց խոսել միասնական պլատֆորմի մասին ԸՕ-ն փոխելու համար, թեև ժամանակին բավական հեգնաբար էր վերաբերվել դրա բարելավման համար այլ ընդդիմադիր ուժերի պայքարին: Չէ որ, ինչպես նշել է ՀՅԴ ներկայացուցիչ Վահան Հովհաննիսյանը, միայն արդար և ազնիվ ընտրությունների շուրջ համագործակցությունը կարող է միավորել հայկական ընդդիմությանը: Դրա վկայությունն էր դեկտեմբերի 27-ին «Ժառանգություն» և ՀՅԴ ընդդիմադիր կուսակցությունների համատեղ հայտարարությունը, որում նրանք կոչ էին անում իշխանություններին չեղյալ հայտարարել մաժորիտար ընտրական համակարգը և անցում կատարել ընտրությունների 100-տոկոսանոց համամասնական համակարգին: Այդ երևույթն արդեն ողջունել են մի շարք ուրիշ քաղաքական ուժեր, մասնավորապես ՀԱԿ-ը և «Բարգավաճ Հայաստանը»:

9. Թռչկանի ջրվեժը և բնապահպանների հաղթանակը

Տարվա ամենանշանակալից իրադարձություններից մեկը բնապահպանների պայքարն էր Թռչկանի ջրվեժի վրա ՀԷԿ կառուցման դեմ, որը, վերջ ի վերջո, ավարտվեց «կանաչների» հաղթանակով: Այդ հաղթանակը դարձավ վերջին տարիներին բնապահպանների ամենաաղմկոտ հաղթանակը: Ընդհանրապես, բնապահպանության խնդիրը Հայաստանում դառնում է հանապազօրյա խնդիրներից մեկը, հաշվի առնելով լեռնահանքային ընկերությունների կողմից երկրի բնական հարստությունների ոչնչացումը, ինչպես նաև ընդերքի և ապագա սերունդների հաշվին առկա խնդիրները լուծելու իշխանությունների ձգտումը: Ամենայն հավանակաանությամբ, «կանաչ քարտն» ակտիվ օգտագործվելու է գալիք ընտրություններում, ընդդիմադիր քաղաքական գործիչներին գրավելու է իշխանության դեմ պայքարելու պատրաստ մարդկանց ներգրավելու և բնապահպանների բողոքի ակցիաներին ակտիվորեն մասնակցելու հնարավորությունը:

8. Րաֆֆի Հովհաննիսյանի 15-օրյա հացադուլը

Գարնանն ամենաքննարկվող թեմաներից մեկը դարձել էր մարտին Երևանի Ազատության հրապարակում «Ժառանգություն» ընդդիմադիր կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի 15-օրյա հացադուլը: Մարտի 15-ին կուսակցության արտահերթ նիստում Հովհաննիսյանը պահանջեց Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանից հրաժարական տալ և ապահովել արդար ու անկախ ընտրությունների անցկացում, ինչպես նաև հայտարարեց անժամկետ հացադուլի մասին, որն անվանեց «Ծոմ ազատության»: Դիմանալով 15 օր՝ նա դադարեցրեց հացադուլը, հայտարարելով, որ դա անում է հանուն իրենց սատարող քաղաքացիների և դուստր Շուշիի, ում 18-ամյակը լրանում է մարտի 31-ին և հավելեց, նրա հացադուլը նվիրված էր Լեռնային Ղարաբաղի անկախության հռչակման 20-ամյակին: Միաժամանակ նա նշեց, որ «դրանով պայքարը չի ավարտվում: Դա ընդամենը երկար շղթայի մեկ օղակ է»: Սակայն հացադուլի հանդեպ ավելի մեծ ուշադրություն առաջացրեց ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանի վերաբերմունքը դրա նկատմամբ, որը ոչ միայն չմոտեցավ Րաֆֆի Հովհաննիսյանին հրապարակում ՀԱԿ հանրահավաքի ժամանակ, այլ նաև մեկնաբանելով հացադուլը հայտարարեց, որ այն հակասում է քրիստոնեական սկզբունքներին:

7. Հայկական բանակ

Անցնող տարում հայկական բանակն առանձնացավ ինչպես դրական կողմից, այնպես էլ բացասական: Ողջ երկիրը հիացած էր Հայաստանի անկախության 20-ամյակին նվիրված փայլուն շքերթով, որտեղ ներկայացվեց նորագույն տեխնիկա, մասնավորապես C-300 զենիթահրթիռային համալիրներ և հայրենական արտադրության անօդաչու թռչող սարքեր:

Սակայն ցավոք սրտի անցնող տարում բանակն աչքի ընկավ անձնակազմի շարքերում ոչ կանոնադրական վերաբերմունքով: Մեկը մյուսի ետևից հասարակությանը ցնցեցին այս կամ այն ողբերգական դեպքի մասին տեղեկությունները՝ հարված հասցնելով հասարակության մեջ բանակի հեղինակությանը և հարուցելով հիմնավորված վրդովմունք ու Զինված ուժերում ստեղծված իրավիճակը փոխելու պահանջ: Այդ իրադարձություններից փորձեցին օգտվել ֆինանսավորման անհայտ աղբյուրներով (երբեմն էլ հայտնի) որոշ ՀԿ-ներ: Խնդիրը չկարողացան շրջանցել նաև քաղաքական ուժերը, և ակնհայտ է, որ բանակի թեման կդառնա 2012-ի նախընտրական քարոզարշավի ամենաշրջանառվող թեմաներից մեկը:

Ի պատիվ ՊՆ ղեկավարության պետք է նշել, որ նա փորձում է լուծման ուղիներ գտնել և ի տարբերություն անցած տարիների չի թաքցնում առկա խնդիրները:

6. Ռոբերտ Քոչարյանի վերադառնալու մասին լուրերը

Ռուսաստանի նախագահի պաշտոնին վերադառնալու Վլադիմիր Պուտինի որոշումից հետո ակտիվացան խոսակցությունները Հայաստանում «ռուսական սցենարի» կրկնության հնարավորության մասին: Կրակի վրա յուղ լցրեց նաև նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը, որը պարբերաբար իր հարցազրույցներում քննադատության էր ենթարկում գործող իշխանությունների արտաքին քաղաքականությունը, այսինքն Սերժ Սարգսյանին: Իր վերջին հարցազրույցում Քոչարյանն ուղղակի հայտարարել է, որ մեծ քաղաքականություն վերադառնալու համար անհրաժեշտ են երեք պայմաններ. 1) Հայաստանի տնտեսությունում կայուն իրավիճակի և մարդկանց բարեկեցության բարելավման բացակայություն և որպես հետևանք անելանելի տրամադրությունների և արտագաղթի աճ, 2) տարբեր սոցիալական խավերի պահանջարկ մեծ քաղաքականություն վերադառնալու համար, 3) նրա ներքին համոզմունքը նրանում, որ նա ի վիճակի է արմատապես փոխել իրավիճակը: «Այդ երեք գործոնների առկայության դեպքում ակտիվ քաղաքականություն վերադառնալու ուղիները կարող են տարբեր լինել»,- ասել է Քոչարյանը: Ինչպես տեսնում ենք, առաջին նախագահի վերադառնալու առաջին պայմանն արդեն առկա է, իսկ Ռոբերտ Սեդրակովիչի մոտ «ներքին համոզմունքի» հայտնվելու դեպքում իրականություն կդառնա նաև երկրորդ պայմանը:

Քոչարյանի վերադառնալու հետ կտրականապես համաձայն չեն գործող երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը և առաջին նախագահ ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանը, որն անդադար հիշեցնում է մարտի ողբերգական դեպքերի համար երկրորդ նախագահի պատասխանատվության մասին: Պատահական է, թե ոչ, բայց այն բանից հետո, երբ Քոչարյանի վերջին հարցազրույցի շուրջ կրքերը մի քիչ հանդարտվեցին, իշխանության վերնախավերում սկսվեց աննախադեպ «հրաժարականների շքերթ», որոնք որոշ փորձագետներ գնահատեցին որպես Սերժ Սարգսյանի կողմից Քոչարյանի մարդկանցից ազատվելու ձգտում:

5. «Բարգավաճ Հայաստանի» գործոնը

2011-ի ողջ ընթացքում «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը (ԲՀԿ) փորձեց ազատվել Հայաստանի Հանրապետական կուսակցության (ՀՀԿ) կրտսեր կոալիցիոն գործընկերոջ իմիջից և ավելի ակտիվ ու անկախ դեր խաղալ երկրի քաղաքական կյանքում, ինչը բնականաբար հանգեցրեց ՀՀԿ հետ հակամարտությունների, որը չէր ցանկանում կիսվել իշխանությամբ և բացառիկությամբ: Արդեն փետրվարին այն հայտարարությունից հետո, երբ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը հայտարարեց ապագա խորհրդարանում մեծամասնություն կազմելու մտադրության մասին և հրաժարվեց հրապարակավ հայտարարել գալիք նախագահական ընտրություններում գործող նախագահի թեկնածությանն աջակցելու մասին, մամուլում լուրեր տարածվեցին ԲՀԿ և Ծառուկյանի վրա հզորագության ճնշման մասին: Դրա արդյունքը դարձավ «Քաղաքական կոալիցիայի հայտարարությունը», որում հայտարարվեց նախագահական ընտրություններում Սերժ Սարգսյանի թեկնածությանը կոալիցայի աջակցության և ապագա խորհրդարանում գործընկերների հաշվին իր մանդատների քանակն ավելացնելուց կուսակցության հրաժարվելու մասին: Այդ հայտարարությունից հետո շշուկներ տարածվեցին կոալիցիայից առանձին ընտրություններին մասնակցելու ՀՀԿ մտադրության մասին, ինչին դեմ է ԲՀԿ-ն:

ՀՀԿ և ԲՀԿ միջև հակամարտության մեջ շրջադարձ կատարվեց աշնանը, և ԶԼՄ-ներում նույնիսկ տեղեկատվություն հայտվեց, որ ՀՀԿ-ն ԲՀԿ-ին վերջնագիր է առաջադրել, քանի որ Գագիկ Ծառուկյանը կրկին հրաժարվում է հրապարակավ հայտարարել նախագահական ընտրություններում Սերժ Սարգսյանի թեկնածությանն աջակցելու մասին և հայտարարում է, որ ԲՀԿ-ն ինքնուրույն է գնալու ընտրությունների: Բանը հասավ նրան, որ վարչապետ Տիգրան Սարգսյանը հայտարարեց, որ բոլոր այն քաղաքական ուժերը, որոնք կհրաժարվեն համագործակցել ՀՀԿ հետ, կհայտնվեն «կոտրված տաշտակի մոտ»: Որոշ քաղաքական գործիչներ և փորձագետներ նաև չբացառեցին, որ խորհրդարանի խոսնակ Հովիկ Աբրահամյանի հրաժարականը կապված էր հենց ՀՀԿ-ԲՀԿ հակամարտության հետ, քանի որ Աբրահամյանի որդին ամուսնացած է Գագիկ Ծառուկյանի դստեր հետ:

Կոալիցիոն գործընկերների միջև հարաբերությունների կարգավորմանը չնպաստեց նաև Իջևանի քաղաքապետի ընտրություններում ԲՀԿ թեկնածուի հաղթանակը ՀԿ ներկայացուցչի նկատմամբ, և Լևոն Տեր-Պետրոսյանի «քաղաքական վերլուծությունը» ՀԱԿ-ի և ԲՀԿ-ի համագործակցության հնարավորության մասին կոալիցիայից դուրս գալու դեպքում:

Այդ հակամարտություններից բացի ողջ տարվա ընթացքում ՀՀԿ-ն ակտիվ գործունեություն ծավալեց իր շարքերն ավելացնելու համար՝ համագործակցություն հաստատելով ամենատարբեր ՀԿ-ների հետ, որոնք դեռ քաղաքական ուղղվածություն չունեին և դեմ չէին ՀՀԿ կողմից ֆինանսական աջակցությանը:

4. Լեռնային Ղարաբաղի շուրջ բանակցային գործընթացը և Կազանի հանդիպումը

Տարեսկզբից ակտիվացան խոսակցությունները ղարաբաղյան հիմնախնդրի բանակցային գործընթացում լուրջ առաջխաղացման մասին: Ռուսաստանը, որը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների շարքում իր վրա վերցրեց բանակցային գործընթացի լոկոմոտիվի դերը, ամեն ինչ արեց, որպեսզի տարվա ընթացքում համաձայնագիր ստորագրվի հակամարտության կարգավորման հիմնարար սկզբունքների մասին: Հատկապես ակտիվացան խսակցությունները Կազանում հունիսի 24-ին Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի նախագահների եռակողմ հանդիպումից առաջ փաստաթղթի հնարավոր ստորագրման մասին, և ռուսական կողմը համոզմունք հայտնեց, որ փաստաթուղթը ստորագրվելու է:

Պետք է նշել, որ Կազանի հանդիպմանը հաջորդեց Դովիլում համանախագահ-երկրների նախագահների հայտարարությունը, որում նրանք կոչ արեցին Ադրբեջանի և Հայաստանի առաջնորդներին «իրենց ժողովուրդներին պատրաստել խաղաղության, այլ ոչ թե պատերազմի»:

Սակայն Կազանի հանդիպումը, որի հետ միջնորդներն այդքան հույս էին կապել, ավարտվեց առանց կարգավորման հիմնարար սկզբունքների մասին պայմանավորվածության հանգելու: Ինչպես հազորդեց Հայաստանի ԱԳՆ-ն, կողմերին չհաջողվեց համաձայնության հանգել, որովհետև Ադրբեջանի նախագահը վերջին պահին ներկայացրել է 10 նոր ուղղումներ:

Կազանի հանդիպման ձախողումից հետո բանակցային գործընթացն ընթացավ ավելի դանդաղ հունով, որը հավանաբար պայմանավորված էր թե Ռուսաստանի հիասթափությամբ, թե Հայաստանում և համանախագահ-երկրներում մոտեցող ընտրություններով:

Եթե հայկական պաշտոնական օղակները որոշակի ափսոսանք էին հայտնում հանդիպման ձախողման առիթով, ապա որոշ ընդդիմադիր օղակներ բացահայտորեն հայտնում էին իրենց գոհունակությունը, մտավախություն ունենալով, որ համաձայնագրի ստորագրմանը հետևելու էր ԼՂՀ ազատագրված տարածքների վերադարձ:

3. Քաղաքական երկխոսության գործընթացը

Երկրում վատացող սոցիալական իրավիճակի, «արաբական գարնան», ՀԱԿ բազմահազարանոց հանրահավաքների, ինչպես նաև Արևմուտքի կողմից հնարավոր ճնշման ֆոնին հայկական իշխանությունները ստիպված էին իրավիճակի լիցքաթափման համար ընդառաջ գնալ արմատական ընդդիմությանը: 2008-ի մարտյան դեպքերով ձերբակալվածներին համաներումով ազտ արձակելուց հետո հուլիսի 18-ից սկսվեցին իշխող կոալիցիայի և ՀԱԿ աշխատանքային խմբերի հանդիպումները: Այդ գործընթացի ամենասկզբից բոլոր փորձագետները և այլ քաղաքական ուժերը համոզմունք էին հայտնում դրա ձախողման մեջ՝ ընդգծելով երկու կողմերի դիրքորոշումների անհամատեղելիությունը: Եթե ՀԱԿ միակ պահանջը երկրում արտահերթ ընտրությունների անցկացումն էր, ապա իշխանությունները կտրականապես հերքում էին դրանց հնարավորությունը:

Աստիճանաբար երկխոսության գործընթացը վերածվեց ֆարսի, և սկզբից ՀԱԿ-ը իշխանություններին ներկայացրեց արտահերթ ընտրությունների անցկացման անհրաժեշտությունը 85 էջով, այնուհետև իշխանությունները ներկայացրեցին իրենց պատասխանը 130 էջով: Ինչպես իրավացի նշեց Ստեփան Սաֆարյանը. «Քաղաքական երկխոսության գործընթացը վերածվել է համապետական ընթերցումների»: Գործընթացը հատկապես բացասական անդրադարձավ ՀԱԿ վրա, առաջացնելով ընդդիմադիր էլեկտորատի մի մասի հիասթափությունը և նույնիսկ ՀՀՇ-ում պառակտման, որը ՀԱԿ առաջատար ուժերից էր:

Ուստի զարմանալի չէ, որ ոստիկանության կողմից օգոստոսի 9-ին ՀԱԿ երիտասարդ ակտիվիստների ձերբակալությունից հետո ՀԱԿ-ն օգտագործեց դա որպես քաղաքական երկխոսության գործընթացից դուրս գալու առիթ և կրկին փորձեց արտահերթ ընտրությունների հասնել ոչ թե իշխանությունների հետ բանակցությունների, այլ հանրահավաքների միջոցով: Սակայն պետք է նշել, որ «քաղաքական երկխոսության գործընթացը» ազդեց ՀԱԿ հեղինակության վրա, աշնան հանրահավաքներն իրենց քանակով շատ հեռու էին գարնան հանրահավաքներից:

2. Իշխանությունում «հրաժարականների շքերթը»

Այս աշնանը Հայաստանում իշխանության վերին օղակներում տեղի ունեցավ «հրաժարականների աննախադեպ շքերթ»: Սեպտեմբերի 9-ին սեփական ցանկությամբ նախագահի աշխատակազմի ղեկավարի պաշտոնից հրաժարական տվեց Կարեն Կարապետյանը, որին փոխարինեց նրա տեղակալ Վիգեն Սարգսյանը:

Իսկ ահա հոկտեմբերի 28-ին «շքերթը» սկսվեց՝ հրաժարականի մասին դիմում ներկայացրեց Երևանի քաղաքապետ Կարեն Կարապետյանը, նոյեմբերի 1-ին՝ Հովիկ Աբրահամյանը և Ալիկ Սարգսյանը: Նրանցից բացի լուրերը սկսեցին պաշտոնաթող անել մեկ այս, մեկ այն նախարարին, ընդ որում ավելի հաճախ նշվում էր փոխվարչապետ Արմեն Գևորգյանի անունը, որը մնաց իր պաշտոնում:

Հովիկ Աբրահամյանը բացատրեց իր հրաժարականը ՀՀԿ նախընտրական շտաբը գլխավորելու նախագահի հանձնարարությամբ և այդ «կարևոր և պատասխանատու» աշխատանքի վրա կենտրոնանալու ցանկությամբ: Սակայն որոշ փորձագետներ և ԶԼՄ-ներ բացատրեցին նրա հրաժարականը Աբրահամյան-Ծառուկյան ազգակցական տանդեմը թուլացնելու նախագահի ցանկությամբ: Այդ կարծիքն ամրապնդեց նաև այն, որ նոյեմբերի 3-ին նախագահի հրամանի համաձայն Հայաստանի նախագահի աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալ Միքայել Մինասյանը սեփական ցանկությամբ ազատվեց զբաղեցրած պաշտոնից, որից հետո նա գնաց ՀՀԿ նախընտրական շտաբ և դարձավ Հովիկ Աբրահամյանի առաջին տեղակալը: Այդ քայլը շատերի կողմից գնահատվեց որպես Հովիկ Աբրահամյանի գործունեությունը վերահսկողության տակ պահելու նախագահի ցանկություն:

Երևանի նոր քաղաքապետ դարձավ փոխքաղաքապետ Տարոն Մարգարյանը, Ալիկ Սարգսյանին փոխարինեց պաշտպանության փոխնախարար Վլադիմիր Գասպարյանը, խորհրդարանի խոսնակ ընտրվեց փոխխոսնակ Սամվել Նիկոյանը, փոխխոսնակ դարձավ Էդուարդ Շարմազանովը: Աղմկոտ հրաժարականների շարքում պետք է նշել Քրեական հետախուզության գլխավոր վարչության պետ Հովիկ Թամամյանի և Ճանապարհային ոստիկանության պետ Մարգար Օհանյանի հրաժարականները, ովքեր մեղադրվեցին հանցագործությունների կատարման մեջ և ձերբակալվեցին:

1. ՀԱԿ հանրահավաքները

Փետրվարի 18-ին Մատենադարանի մոտ ՀԱԿ-ը սկսեց իր «հանրահավաքների սեզոնը»: Երկրում վատացող սոցիալ-տնտեսական իրավիճակը, իշխանությունների անարդյունավետ, երբեմն էլ անբացատրելի որոշումները բարնպաստ հիմք ստեղծեցին ՀԱԿ համար և կտրուկ ավելացրեցին երկրում բողոքող մարդկանց զանգվածը: Հատկապես պետք է նշել Երևանի նախկին քաղաքապետ Կարեն Կարապետյանին, որին իր մի քանի որոշումների համար ՀԱԿ-ը պետք է շնորհակալություն հայտնի, քանի որ նա ավելացրեց առկա սոցիալական լարվածությունը և ավելացրեց ՀԱԿ հանրահավաքների մասնակիցների թիվը:

Փետրվարի 18-ին հաջորդող յուրաքանչյուր հանրահավաք ավելի սակավամարդ էր դառնում՝ առավելագույն քանակի հասնելով մարտի 1-ի և 17-ի հանրահավաքներին, բացի դրանից, երեք տարի անց Լևոն Տեր-Պետրոսյանի կողմնակիցներին հաջողվեց կրկին վերադառնալ Ազատության հրապարակ: ՀԱԿ պնդումների համաձայն այդ հանրահավաքներին մասնակցել է 100 հազար մարդ, թեև այլ, ավելի անկախ գնահատականներով ցուցարարների թիվը կազմել է մի քանի տասնյակ հազար: Բոլոր այդ հանրահավաքները տեղի էին ունենում «արաբական գարնան» ֆոնին, երբ Աֆրիկայում ժողովրդական հուզումների արդյունքում մի ռեժիմը փոխարինում էր մյուսին: Հանրահավաքներին հավաքվող ժողովրդական զանգվածներին թվաց, որ ևս մի պայման և նրանք կարող են կրկնել Եգիպտոսում և Թունիսում ցուցարարների հաջողությունները, սակայն ՀԱԿ ղեկավարությունը կտրուկ փոխեց ընթացքը և որոշեց երկխոսության գնալ իշխանությունների հետ: ՀԱԿ-ը երկխոսության գործընթացի ձախողումից հետո չկարողացավ հրապարակ վերադարձնել մարդկանց նախկին քանակությունը: ՀԱԿ համար միակ պլյուսը դարձավ իշխանությունների կողմից համաներում հայտարարելը, որի շնորհիվ ազատ արձակվեցին 2008-ի մարտյան դեպքերով դատապարտված մարդիկ:

Արդեն աշնանը ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանը փակուղում հայտնվեց, երբ երկխոսության շարունակությունը հանգեցրեց ընդդիմադիր զանգվածի ավելի մեծ հիասթափությանը, և հանրահավաքների օգնությամբ իշխանությունների վրա ճնշում գործադրելու պոտենցիալը, ինչպես գարնանը, չկար: Ցուցարարների թվի ավելացմանը չնպաստեց նաև սեպտեմբերի 30-ին շուրջօրյա հանրահավաքներ սկսելու մասին որոշումը, որոնք նշանավորվեցին միայն հրապարակին հարակից փակ զուգարանները բացելու կոչերով և նախագահի անհապաղ հրաժարականը պահանջելու որոշմամբ:

Այս ամենը հանգեցրեց նրան, որ վերջին հանրահավաքների ժամանակ Տեր-Պետրոսյանն արդեն չէր բացառում հերթական խորհրդարանական ընտրություններին ՀԱԿ մասնակցելու հնարավորությունը, թեև մինչ այդ ՀԱԿ-ում նույնիսկ չէին ցանկանում մտածել այդ մասին և խոսում էին միայն արտահերթ ընտրությունների մասին:

Հայկ Խալաթյան / PanARMENIAN News
 Ամենաընթերցվողը բաժնում
ՀՀԿ-ն «աղքատացել է», ՔՊ-ն՝ «հարստացել»
Հայաստանի բազմաթիվ կառույցներ մնացել են առանց ղեկավարի
Ով ինչպիսի աղմուկով հեռացավ և ինչու
Հայաստանը նոյեմբերի 10-ից հետո՝ թվերով
 Ուշադրության կենտրոնում
Փաշինյան․ Մենք գնում ենք Ադրբեջանի գնած սպառազինության 15-20%-ը

Փաշինյան․ Մենք գնում ենք Ադրբեջանի գնած սպառազինության 15-20%-ը Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը

 Բաժնի այլ նյութերը
«Խաղի» մեջ վերադառնալու ցանկությամբ ՌԴ-ն փորձում է չմարգինալացվել ՀՀ-Ադրբեջան բանակցային գործընթացում
Դրագոմանների ժամանակը Դեպի արդիականացված արտաքին քաղաքականություն
---