«Հերոսական բալլադ» համերգ-ներկայացումը 2011թ-ի մշակութային կյանքի մեխն էր

«Հերոսական բալլադ» համերգ-ներկայացումը 2011թ-ի մշակութային կյանքի մեխն էր

Ավարտվում է 2011 թվականը, բոլոր հաստատություններն ամփոփում են իրենց տարվա գործունեությունը

Փորձենք պարզել, որո՞նք էին Հայաստանում այս տարվա ամենակարևոր իրադարձությունները: Տարվա ընթացքում տեղի ունեցան մի քանի կորուստներ: Կյանքից հեռացան խմբավար Օհան Դուրյանը, պարուսույց Վանուշ Խանամիրյանը, դերասանուհի Դոնարա Մկրտչյանը, երգեհոնահար Վահագն Ստամբոլցյանը և արվեստի այլ գործիչներ:

PanARMENIAN.Net - Միջազգային փառատոների շարքում կրկին աչքի ընկան «Ոսկե ծիրան» կինոփառատոնը և «Հայֆեստ» թատերական փառատոնը: «Ոսկե ծիրան»-ի հատուկ հյուրն էր աշխարհահռչակ ֆրանսիացի դերասանուհի Ֆանի Արդանը, ով մասնակցեց ինչպես փառատոնի բացմանը, այնպես էլ հանդիպեց իր հայաստանյան երկրպագուների հետ: «Հայֆեստ»-ի շրջանակում էլ Հայաստան բերվեց նոր, եռաչափ գրաֆիկայով համակցված և մուլտիմեդիոն բեմադրություններ, որոնք ուրախացրեցին ժամանակակից տեխնոլոգիաների սիրահարներին:

Դասական երաժշտության սիրահարներին ուրախացրեց Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախումբն իր բազմաթիվ համերգներով և Երևանյան 5-րդ միջազգային փառատոնով: Աչքի ընկան նաև «Երևանյան հեռանկարներ» և «Արվեստների պատկերասրահ» հիմնադրամի կազմակերպած դասական երաժշտության փառատոները: Արամ Խաչատրյանի անվան միջազգային մրցույթին մասնակցելու համար բազմաթիվ դաշնակահարներ սովորեցին նվագել Արամ Խաչատրյանի դաշնամութային կոնցերտը, որը համարվում է բարդ ստեղծագործություն: Կայացավ նաև Սայաթ-Նովա օպերայի պրեմիերան: Ողջ տարվա ընթացքում նշվեցին մեծ կոմպոզիտորներ Ալեքսանդր Հարությունյանի, Էդվարդ Միրզոյանի և Առնո Բաբաջանյանի 90-ամյա հոբելյանները:

Այս տարի Հայաստանում համերգներ ունեցան մի շարք համաշխարհային մեծության երաժիշտներ` Յանին, ջութակահարներ Մաքսիմ Վենգերովը և Պինխաս Ցուկերմանը, ակկորդեոնահար Մարիո Ստեֆանո Պիետրոդարկին, դաշնակահար Տիգրան Համասյանը, երգիչներ Սերժ Թանկյանն ու Ալեսանդրո Սաֆինան:

Տարվա գլխավոր մշակութային իրադարձությունների թվում կարելի է դասել Մատենադարանի նոր և գեղեցիկ մասնաշենքի բացումը, որն ունի ձեռագրերի և փաստաթղթերի պահպանման բոլոր պայմանները: Աչքի է ընկնում նաև ընթերցասրահը, որը լուսավորվում է երդիկներով և այնպիսի տպավորություն է, կարծես այն լուսավորվում է էլեկտրական լույսով:

Չպետք է մոռանալ, որ այս տարի Հայաստանի ազգային պատկերասրահում բացվեց «Դալին և սյուրռեալիստները» ցուցահանդեսը, որը չափազանց մեծ հետաքրքրություն աջառացրեց արվեստասերների շրջանակում: Յուրաքանչյուր օր ցուցասրահը լեփ լեցուն էր մարդկանցով:

Ամենանշանակալիցը 2011 թ-ի ընթացքում դա սեպտեմբերի 21-ին Հանրապետության հրապարակում կայացած «Հերոսական բալլադ» համերգ-ներկայացումն էր` նվիրված ՀՀ անկախության 20-ամյա հոբելյանին: Սա այն դեպքերից է, երբ իրոք պետք է օգտագործել «ցնցող» և «ֆանտաստիկ» բառերը: Այն վստահ կարելի է անվանել մշակութային տարվա ամենամեծ իրադարձությունը:

Հայաստանը զերծ չմնաց նաև Եվրատեսիլյան «կրքերից»: Տարվա առաջին կեսին երգչուհի Էմմին չանցավ «Եվրատեսիլ 2011»-ի եզրափակիչ, ինչի պատճառով մեր հայրենակիցների մոտ դժգոհության և քննադատության արժանացավ: Կրքերն ավելի թեժացան, երբ մրցույթի հաղթող ճանաչվեց Ադրբեջանը: Այնուամենայնիվ իրավիճակն ավելի թեթևացավ, երբ Հայաստանում տարվա վերջին` դեկտեմբերի 3-ին տեղի ունեցավ «Մանկական Եվրատեսիլ 2011»-ը, որն ուրախացրեց մրցույթի հայաստանյան երկրպագուներին և Եվրոպայի մի շարք երկրների ուշադրությունը սևեռեց դեպի Հայաստան:

Բացի վերը նշվածներից, Հայաստանում կազմակերպվեցին բազմաթիվ փառատոներ, որոնց կոնկրետ հաշիվը ոչ ոք, երևի, չի հիշում: Դրանցից շատերը կոչվում էին «միջազգային», որովհետև դրանց մասնակցում էին ԱՊՀ երկրներում ապրող հայեր և մի քանի այլազգիներ: Մեկ ամիս մայրաքաղաքում և մարզերում նույնատիպ միջոցառումներով նշվեց Ֆրանկոֆոնիան, սկսեցին հայ գրատպության 500-ամյակին նիվրված միջոցառումների շարքը:

Հայաստանն այս տարի կրկին մասնակցեց մի շարք միջազգային փառատոների, բերեց մի քանի մրցանակ: Ով էլ չբերեց` նշեց, որ կարևորը մասնակցությունն է:

Գյումրուց Երևանի օդանավակայան տեղափոխվեցին Մինաս Ավետիսյանի երկու որմնանկարները, որը նույնպես մեծ կոնֆլիկտների պատճառ հանդիսացավ գյումրեցիների և ՀՀ մշակույթի նախարարության միջև:

Հարկ է շեշտել, որ Երևանում կրկին քանդվեցին հին շենքեր: Ամենացավալի և ամենամեծ կորուստը Ռաֆայել Իստրայելյանի տան ավերումն է, ով այդքան մեծ ներդրում է ունեցել Հայաստանը շենացնելու գործում:

Ընդհանուր առմամբ 2011 թ-ը մշակութային առումով կարելի է գնահատել որպես հետաքրքիր, բուռն և հագեցած տարի:

Սոնա Խաչատրյան / PanARMENIAN News
 Ամենաընթերցվողը բաժնում
Ի՞նչ է պլանավորում անել Netflix-ը՝ բաժանորդներին վերադարձնելու համար
«Երեք շիշ գինի»՝ նոր ձևաչափ առանց սահմանների
Վանդալիզմի զոհ դարձած արվեստի ամենահայտնի գործերը
Գագոսյանի ճանապարհը՝ հոլիվուդյան ֆիլմի մոտիվներով
 Ուշադրության կենտրոնում
Երևան-Լիոն գործակցության հեռանկարում Կոնդի վերակառուցումն առանցքային կլինի

Երևան-Լիոն գործակցության հեռանկարում Կոնդի վերակառուցումն առանցքային կլինի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս

 Բաժնի այլ նյութերը
Դեգան, Սարյանն ու Ուրարտուն Մշակութային յուրացում՝ մեծերի թեթև ձեռքով
Սկանդալն Օսկարի երկրորդ անունն է Կինոաշխարհի ամենաքննարկվող մրցանակաբաշխության դեպքերն ու դեմքերը
---