17 հունվարի 2012 - 21:11 AMT
ՀՈԴՎԱԾ
Բաքուն գնում է հերթական թանկ խաղալիքը, այս անգամ՝ F-16
Բաքվի գլխավոր ցանկությունն ամենևին Լեռնային Ղարաբաղը վերադարձնելը չէ, այլ Հարավային Ադրբեջանի միանալը և այդ առումով նրան պետք է Իրանի հետ պատերազմը
Բաքուն պատրաստվում է... բայց ինքն էլ չգիտի, թե ինչի. կամ Իրանի հետ պատերազմի, որը չի լինի կամ «տարածքները վերադարձնելու», ինչը տեսանելի ապագայում իրական չէ: Նույնը կարելի է ասել նաև հեռավոր ապագայի մասին: Ադրբեջանական կատարմամբ այդ նախապատրաստությունը դրսևորվում է սպառազինություններ, այս անգամ ամերիկյան F-16 կործանարարներ գնելու մեջ:

Մեկ կործանարարի արժեքը 20-70 մլն դոլար է: Բաքուն արդեն որերորդ տարին իսկապես անհաշվելի միջոցներ է ծախսում սպառազինության վրա, նման ինքնաթիռներ գնելը նրա համար մեծ բան չէ: Սակայն կա մեկ կարևոր հանգամանք. Ադրբեջանը չի կարող ԱՄՆ-ում գնել այդ ինքնաթիռները սահմանափակումների պատճառով: ՆԱՏՕ երկրները նույնպես չեն կարող փոխանցել կամ վաճառել զենք, ռազմական տեխնիկա և ինքնաթիռներ հակամարտող երկրներին, բացառությամբ Վրաստանի: Նշանակում է՝ մնում է Թուրքիան: Կամ ևս մի երկիր, օրինակ Իսրայելը, որի հետ Ադրբեջանի հարաբերություններն ավելի լավ են, քան Թուրքիայի: Հարց է մնում՝ ինչի համար են Ադրբեջանին պետք այդ կործանարարները: Որպես Հայաստանի և ԼՂՀ վրա հոգեբանական ճնշում գործադրելու և վախեցնելու միջո՞ց: Բայց Ադրբեջանի ղեկավարությունը պետք է հասկանար, որ հայկական կողմի վրա նման «խաղալիքները» վաղուց չեն գործում: Իրանի համար նույնպես անլուրջ է, թեև ռազմական փորձագետ Ջասուր Սումերինլիի կարծիքով, ադրբեջանական կողմից արդեն ներգրավվել են ամերիկյան փորձագետներ Թագիևա գյուղում ռազմական օդանավակայանի արդիականացման համար: Նա կարծում է նաև, որ F-16 ձեռք բերելը համապատասխանում է Ադրբեջանի շահերին և այդ ինքնաթիռներն ուղղված են ոչ թե Իրանի դեմ, այլ Կասպիայում Ադրբեջանի էներգապաշարների անվտանգության ապահովմանը: Նման հայտարարությունները ոչինչ չարժեն, քանզի, ինչպես հայտնի է, F-16 հարձակողական զենք է, որը, եթե պետք լինի, հաջողությամբ կարող է կիրառվել ինչպես Իրանի, այնպես էլ Լեռնային Ղարաբաղի դեմ: Բայց կա մեկ շատ կարևոր հարց. ո՞վ է թռչելու այդ ինքնաթիռներով: Իհարկե, կարելի է նախապատրաստել ադրբեջանցի օդաչուներին, բայց դա ժամանակ կպահանջի: Բայց հաշվի առնելով Ադրբեջանի ԶՈՒ ընդհանուր պատրաստվածության մակարդակը՝ այդ ժամանակը կարող է երկար լինել: Չմոռանանք, որ միայն վերաջերս են ադրբեջանացի դիպուկահարները սովորել դիպչել թիրախին: Բայց եթե Իլհամ Ալիևը ցանկանում է փողերը ծախսել թանկարժեք սպառազինության վրա, թող ծախսի: Ուղղակի կգա պահ, երբ այդ զենքը կարող է կրակել, և այդ ժամանակ Հայաստանը, ինչպես նաև ողջ տարածաշրջանը պետք լրջորեն մտածեն:

Բաքվի գլխավոր ցանկությունն ամենևին Լեռնային Ղարաբաղը վերադարձնելը չէ, այլ Հարավային Ադրբեջանի միանալը և այդ առումով նրան պետք է Իրանի հետ պատերազմը: Ավելի քան 30 մլն բնակչությամբ նոր Ադրբեջանի ստեղծումը լրջորեն կարող է ազդել տարածաշրջանում ուժերի դասավորության վրա, և հենց այդ պատճառով Ալիևին թույլ չեն տա ի կատար ածել իր երազանքները: Սումերինլիի խոսքով, անցյալ տարվա մայիսին ամերիկյան ընկերության, որի անունը չի նշվում, և Ադրբեջանի պաշտպանական արդյունաբերության նախարարության միջև ստորագրվել է մտադրությունների արձանագրություն: «Փաստաթղթի համաձայն, այդ ընկերությունը մտադիր է ադրբեջանական գործարաններում արտադրել զենք և զինամթերք դեպի Իրաք և Աֆղանստան փոխադրելու համար: Ամերիկացիները հարկ են համարել, որ ավելի շահավետ կլինի Ադրբեջանում սպառազինություն արտադրել, քան այն ուղորդել ԱՄՆ-ից: Սակայն, համաձայնությունը խախտվել է այն պատճառով, որ պատվիրատուն դժգոհ է մնացել Ադրբեջանում արտադրվող արտադրանքի որակից»,- ասել է ադրբեջանցի փորձագետը:

ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևի միջնորդությամբ Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումից առաջ տարաբնույթ ռազմաշունչ նյութերի և հայտարարությունների հայտնվելը արդեն վաղուց ավանդույթ է դարձել, և դրանց վրա ոչ ոք ուշադրություն չի դարձնում: Ռուսաստանի, ԱՄՆ և Արևմուտքի համար գլխավորն է թույլ չտալ, որպեսզի իրագործվեն միասնական Ադրբեջանի մասին Ալիևի երազանքները և սանձել Իրանի միջուկային ծրագիրը: Կարելի է նաև հակառակ հերթականությամբ:

Կարինե Տեր-Սահակյան