31 հունվարի 2012 - 17:54 AMT
ՀՈԴՎԱԾ
Իրանական ուղին դեպի Ասիա և Հեռավոր Արևելք առավել շահավետ է Արևմուտքի համար
Արևմուտքը, մեր կարծիքով, հաշվի չի առնում մեկ կարևոր հանգամանք՝ Իրանն այն երկիրը չէ, որին կարելի է վախեցնել պատժամիջոցներով կամ սպառնալիքներով
Այն ամենն, ինչ պետք է Բարաք Օբամային վերտընտրվելու համար, փոքր պատերազմն է, որի արդյունքում նավթի գները կարող են նվազել: Արդյունքը պետք է լինի հենց այդպիսին, որովհետև ԱՄՆ-ը պատերազմներում վաղուց հաղթանակ չի տանում: Ամեն անգամ մարտական գործողություններ սկսելուց առաջ սկսվում են զանգվածային ոչնչացման զենքի, միջուկային ռումբի կամ էլի ինչ-որ բանի որոնումներ, որոնք կարող են սպառնալ «Ամերիկայի կենսական շահերին», բայց իրականում նավթային կորպորացիաներին: Դատելով ամերիկյան քաղաքական գործիչների արտահայտություններից՝ ԱՄՆ-ը չի ցանկանում պատերազմել, բայց համենայն դեպս պատրաստվում է և միաժամանակ հանգստացնում Իսրայելին, որը կարող է առաջինը հարվածել իրանական հրթիռներին:

Պենտագոնի ղեկավար Լեոն Պանետան համառությամբ շարունակում է աշխարհին վախեցնել Իրանի միջուկային ծրագրով համարյա նույն արտահայտություններով, ինչ և նախկին ղեկավար Դոնալդ Ռամսֆելդը, ով պատերազմ սկսեց Իրաքում: Այդ ժամանակ ԱՄՆ-ն որոնում էր զանվածային ոչնչացման զենք և Իրաքում վերականգնում ժողովրդավարությունը: Իրաքում պատերազմի արդյունքն ավելի քան կասկածելի էր. զանվածային ոչնչացման զենք չգտան, անգամ եթե այն կար, ապա շատ լավ էր թաքնված, հնարավոր է՝ ուղղակի դուրս էր բերվել, ժողովրդավարությունը նույնպես տապալվեց:Բայց Իրանի հետ դեպքում ամեն ինչ այլ կերպ է, իսկ ԱՄՆ-ը և ԵՄ-ն գնում են նույն ճանապարհով, բացարձակապես չմտածեով, որ տարբեր երկրների նմատմամբ ունիվերսալ մոտեցումներ չկան: Եվ եթե Իրաքի դեպքում Արևմուտքին հաջողվել է կոալիցիա ստեղծել, ապա Իրանի հետ չի ստացվում, չափազանց շատերն են կապված Թեհրանի հետ և ոչ միայն նավթի մատակարարումների հարցում: Հենց Իրանն է տարածաշրջանի առանցքային երկիրը, այլ ոչ թե Թուրքիան: Իրանի միջոցով Արևուտքը ելք ունի Աֆղանստան, Պակիստան և այնուհետև՝ արևելք: Աշխարհագրության պարզ իմացությունը հուշում է, որ հենց իրանական ճանապարհը բոլոր առումներով առավել շահավետ է նույն Եվրոպայի համար: Դա հասկացել Անկարան և Ահմեդ Դավութօղլու շուրթերով արդեն հայտարարել, որ Թուրքիան մտադիր չէ հաշվի նստել ԵՄ կողմից առաջարկված Իրանի դեմ նոր պատժամիջոցների հետ: «Անկարան չի մասնակցի Իրանի դեմ ցանկացած պատժամիջոցների, բացառությամբ նրանց, որոնք կհաստատի ՄԱԿ Անվտանգության խորհուրդը: Մենք կառաջարկենք Թեհրանի հետ համագործակցություն էներգետիկայի ոլորտում»,- հայտարարել է նա: Իրանը Թուրքիա է առաքում երկրի կողմից կիրառվող նավթի շուրջ 30 տոկոսը, ինչպես նաև բնական գազի զգալի ծավալներ: ԵՄ պատժամիջոցների հետ համաձայն չէ նաև Հունաստանը, որին բաժին է ընկնում իրանական նավթի և գազի արտահանման առյուծի բաժինը: Արևմուտքը, մեր կարծիքով, հաշվի չի առնում մեկ կարևոր հանգամանք՝ Իրանն այն երկիրը չէ, որին կարելի է վախեցնել պատժամիջոցներով կամ սպառնալիքներով: Ինչպես հայտնի է, իրանական խորհրդարանը կարող է առաջ անցնել և իր օրենքն ընդունել ԵՄ երկրներ նավթի մատակարարումը դադարեցնելու մասին: ԻԻՀ նավթի նախարարը հաղորդել է այն մասին, որ Իրանը մոտ ապագայում կդադարեցնի «սև ոսկու» առաքումը որոշ երկրներ:

Իրանական նավթը եվրոպական երկրներ ներկրելը բոյկոտելու որոշումը ճանաչելով որպես եվրոպական ժողովուրդների իրավունքների խախտում՝ Իրանի նավթի նախարարը հավելել է, որ իրանական նավթի արտահանումը դեպի Եվրոպա կազմում է մոտավորապես 20 տոկոս, և իրանական նավթի իրացման բազմաթիվ շուկաների առկայությունը երաշխավորում է խնդիրների բացակայություն ԵՄ երկրներ «սև ոսկու» մատակարարումը դադարեցնելու դեպքում:

Ինչ վերաբերվում է Թուրքիային, ապա Իրանի աջակցությունը պետական մակարդակով ամրապնդվում է հասարակական կազմակերպությունների կողմից: Ինչպես գրում են թուրքական ԶԼՄ-ները, մի շարք ՀԿ-ներ անվանի իրանագետ և Մերձավոր Արևելքի փորձագետ Քենան Ջամուրջուի գլխավորությամբ պատրաստվում են փետրվարի 2-ին Ստամբուլի Թաքսիմ հրապարակում ցույց կազմակերպել Իրանի վրա Արևմուտքի ճնշման դեմ: Ակցիային մասնակցելու համաձայնություն են տվել ավելի քան 40 թուրքական ՀԿ-ներ: Պատահական չէ նաև ամսաթվի ընտրությունը՝ փետրվարի 2-ը, Փարիզից այաթոլլա Ռուհոլլա Հոմեյնիի վերադարձրից հետո 1979-ին Իրանում սկսվեց իսլամական հեղափոխությունը:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Անկարան արդեն հայտարարել է այն մասին, որ ՆԱՏՕ ռադարները, որոնք տեղադրվելու են Թուրքիայի տարածքում, ոչ մի դեպքում չեն ուղորդվելու Իրանի դեմ: Պաշտոնական Անկարան արդեն հայտարարել է, որ Թուրքիան երբեք ՆԱՏՕ-ի հարվածի տակ չի դնի իր հարևաններին, մասնավորապես Իրանին, Ռուսաստանին և Սիրիային: Պատահական է, թե ոչ՝ մերձավոր հարևանների ցուցակում չի հիշատակվում Ադրբեջանը: Արդյոք դա չի նշանակում, որ Թուրքիան համաձայն չէ Բաքվի դիրքորոշման հետ Իրանի հարցում:

Կարինե Տեր-Սահակյան