3 փետրվարի 2012 - 19:59 AMT
ՀՈԴՎԱԾ
Արաբական աշխարհն ընկղմվում է ցեղային թշնամության մեջ
Իսլամիզմը, հնարավոր է և լավն է, բայց ոչ արմատական խմբավորումների կատարմամբ, որոնց գլխավոր գործն ահաբեկչություններն են և անկարգությունները
Պորտ Սայիդի ֆուտբոլային դաշտում տեղի ունեցած ծեծկռտուքն այդքան զարմանալի չէր: Եգիպտոսը «արաբական գարնան» մնացած երկրների նման ներգրավված է սպասված երկապառակության մեջ, ինչը տեղի է ունենում Լիբիայում, Թունիսում և արդեն նշմարվում է Սիրիայում: «Բոլորը բոլորի դեմ» պատերազմը սկսելու համար ուղղակի պատրվակ է պետք, իսկ ֆուտբոլային խաղը դրա համար ավելի քան հիանալի առիթ է:

Կրկին Թահրիր հրապարակում հավաքվել են հազարավոր մարդիկ ի նշան փետրվարի 1-ին Պորտ Սայիդում տեղի ունեցած դեպքերի դեմ բողոքի: Նրանք, ինչպես միշտ, պահանջում էին կառավարության հրաժարականը և Եգիպտոսի Զինված ուժերի գերագույն խորհրդի նախագահի՝ մարշալ Հուսեյն Թանթաուի մահապատիժը, որը մինչև նախագահի ընտրությունները զբաղեցնում է պետության ղեկավարի պաշտոնը: Ստացվում է, որ արյունարբու բռնապետ Հոսնի Մուբարաքը, ում համար նույնպես մահապատիժ էին պահանջում, ամեն դեպքում երկիրը խստության մեջ էր պահում և սանձում էր սպանելու և թալանելու բնազդները: Կարելի է նույնիսկ մտածել, որ Եգիպտոսի ներկա խորհրդարանը, որը կազմված է հիմնականում «Մահմեդական եղբայրներից», երկրում նման քաոս ստեղծելու նպատակ ուներ ՝ հնարավորինս արագ շարիաթ ներմուծելու և քրիստոնեական բնակչության հետ հաշվեհարդար տեսնելու համար: Իսկ նրանում, որ Եգիպտոսում շուտով քրիստոնյաներ չեն մնա, կասկածելու հարկ չկա: Սկզբից ցեղերը հաշվեհարդար կտեսնեն միմյան հետ, հետո մնացածները կսկսեն սպանել ղպտերին: Թեպետ…ղպտերին արդեն սպանում են. նույն Մուբարաքի օրոք նրանց ձեռք չէին տալիս, բայց թույլ չէին տալիս նաև բարձրանալ կարիերայի աստիճանով:

Եգիպտոսի խորհրդարանի՝ Ազգային ժողովի ստորին պալատի պատգամավորները հավասարեցրել են Պորտ Սայիդի մարզադաշտում տեղի ունեցած ողբերգության ժամանակ մահացածներին և 2011-ի հունվարին հեղափոխական իրադարձությունների ժամանակ գնդակահարվածներին: Ստացվում է, որ խորհրդարանը Մուբարաքին մեղադրել է նրանում, որ ճաղերի ետևում գտնվող, անկողնուն գամված ծեր ու հիվանդ մարդը հաստատել է թե անցյալ տարվա գնդակահարությունը, թե ներկա ծեծկռտուքը: Լիովին հասկանալի է երկրի կործանման պատասխանատվությունը «բռնակալի» վրա գցելու «Մահմեդական եղբայրների» ցանկությունը: Իսլամիզմըը, հնարավոր է և լավն է, բայց ոչ արմատական խմբավորումների կատարմամբ, որոնց գլխավոր գործն ահաբեկչություններն են և անկարգությունները:

Պետք է նշել, որ «Ալ Ախլի» երկրպագուները, որոնք հայտնի են որպես «ուլտրաս», հատկապես հայտնի են իրենց վատ պահվածքով: Վերջին ժամանակները նրանք բազմիցս բախումներ են ունեցել ոստիկանության հետ: Ինչպես հաղորդում է BBC-ն, ընդդիմության ներկայացուցիչները պատահարի մեջ մեղադրում են կառավարությանը, քանի որ նա, իրենց խոսքով, չի կարողացել ապահովել քաղաքացիների անվտանգությունը: Շատերը հիշեցնում են, որ Կահիրեի «Ալ Ախլիի» երկրպագուները մասնակցել են Թահրիր հրապարակում տեղի ունեցած ցույցերին, որոնց արդյունքում գահընկեց է արվել Հոսնի Մուբարաքը: Երկրի նախագահի թեկնածու Համդին Սաբահին արդեն հայտարարել է, որ «այն, ինչ տեղի է ունեցել Պորտ Սայիդում, սարսափելի պատիժ էր «Ալ Ախլիի» երկրպագուներին հեղափոխությանը մասնակցելու համար»:

«Արաբական գարնան» մեկ այլ զոհ Լիբիայում քաղաքացիական պատերազմը թափ է առնում: Լիբիայի մայրաքաղաքում՝ Տրիպոլիում, կրկին հնչում են պայթյուններ, սկսվել է զինված ընդհարում երկու «հեղափոխական խմբերի» միջև:

Լիբիայի ՆԳՆ տվյալներով, հակամարտությանը մասնակցել են աշխարհազորայիններ Միսուրատից և ստորաբաժանում Զինտանից: Կողմերը փոխադարձ կրակ են արձակում Էս Սաադի լողափի շրջանում՝ Տրիպոլիի կենտրոնից ոչ հեռու: Մարդու իրավունքների հարցերով ՄԱԿ գերագույն հանձնակատար Նավի Պիլայի խոսքով, «Լիբիայի կառավարությունը մինչև հիմա իրական վերահսկողություն չունի հեղափոխական բրիգադների վրա», խմբավորումներ, որոնք անցյալ տարի մասնակցում էին Քադաֆիի բանակի դեմ ռազմական գործողություններին: Երկուսից մեկը՝ կամ ՄԱԿ-ը չգիտի, թե իրականում ինչ է տեղի ունենում արաբական երկրներում, կամ դիտավորյալ աչք է փակում այդ ամենի վրա: Հավանաբար երկրորդը, և ցավոք սրտի այդ ճանապարհով ՄԱԿ-ը և Արևմուտքը շատ են ցանկանում տանել Սիրիային: Առայժմ չի ստացվում՝ Ռուսաստանը և Չինաստանը դեմ են քվեարկել նախագահ Ասադի հրաժարականի պահանջին ոչ թե մեծ սիրուց ելնելով, այլ պարզ հաշվարկից. եթե Սիրիայում նույնպես սկսվի միջցեղային պատերազմ, այն կարող է տարածվել ուր ասես, թեկուզ հենց նույն Ռուսաստան: Բացահայտորեն ջիհադ հռչակած իսլամիստական խմբավորումները կտրուկ աճում են, և Բարաք Օբաման մի քիչ շտապեց, հայտարարելով, որ Օսամա բեն Լադենի սպանությամբ «Ալ Քայիդայի» սպառնալիքը վերացավ: Ցավոք, այդ սպառնալիքը դեռ երկար գոյություն կունենա, նույնիսկ այն բանից հետո, երբ ԱՄՆ-ը դուրս կբերի իր զորքերն Աֆղանստանից: Իսկ մինչ այդ արաբական երկրներում «հեղափոխությունները» կրկնվելու են նախանձելի մշտականությամբ: Եթե արաբական աշխարհը չկարողացավ միավորվել ընդհանուր թշնամու՝ Իսրայելի Պետության դեմ պայքարելու համար, ապա իրար մեջ նրանք երբեք չեն պայմանավորվի:

Եվ վերջինը: Դատելով ամեն ինչից՝ եգիպտացի «հեղափոխականներին» հանգիստ չեն տալիս Սադամ Հուսեյնի և Մուամար Քադաֆիի մարդասպանների դափնիները, նրանց ցանկանում են անպայման մահապատժի ենթարկել Մուբարաքին, իսկ հիմա էլ Թանթաուին: Արդյոք նրանք դրանից ավելի երջանիկ ու հարուստ կդառնան, մեծ հարց է: Ավելի շուտ ոչ, քան այո:

Կարինե Տեր-Սահակյան