10 փետրվարի 2012 - 20:58 AMT
ՀՈԴՎԱԾ
1828-ին Ռուսաստանը վերջնականապես ամրապնդվեց Հարավային Կովկաում
Թուրքմենչայի հաշտության պայմանագիրը հարյուր հազարավոր հայերի փրկեց մահից և ստրկության հանձնվելուց
184 տարի առաջ Ռուսական կայսրության և Պարսկական կայսրության միջև ստորագրվեց Թուրմենչայի հաշտության պայմանագիրը, որը դարձավ 1826-1828թթ. ռուս-պարսկական պատերազմի տրամաբանական ավարտը: Պայմանագիրը հաստատում էր 1813-ի Գյուլիստանի հաշտության պայմանագրով Ռուսաստանի տարածքային ձեռքբերումները, որից հետո Ռուսական կայսրության կազմի մեջ մտավ Ղարաբաղը:

Թուրքմենչայի պայմանագրով Արևելյան Հայաստանը՝ Երևանի և Նախիջևանի խանությունները, Օրդուբադի գավառը անցան Ռուսաստանի տիրապետության տակ: Իսկ Արևմտյան Հայաստանն այդ ժամանակ մտնում էր Օսմանյան կայսրության կազմի մեջ:

Այդ բաժանումն էլ Հայոց ցեղասպանության պատճառներից մեկը դարձավ: Արևելյան Հայաստանի միացումը Ռուսաստանին փրկեց հայ բնակչությանը կովկասյան թաթարների կողմից կոտորածներից, որոնք հիմա իրենց անվանում են ադրբեջանցիներ, ինչպես նաև պարսիկների հետ լիակատար ձուլումից: Էրիվանն այդ ժամանակ ավելի շատ պարսակական քաղաք էր, քան հայկական, և եթե չլիներ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի մոտ լինելը, համարյա ոչ ոք քաղաքում չէր ասի, որ այստեղ քրիստոնյաներ են ապրում: Միգուցե մի քանի եկեղեցիները… Ճիշտ է, պետք է նշել, որ Պարսկաստանն այդքան էլ անհանդուրժող չէր այլ հավատի մարդկանց նկատմամբ, այլ ներգրավում էր նրանց կայսրության զարգացման մեջ՝ չստիպելով փոխել հավատը: Պարսիկներն ուղղակի հայերին՝ հմուտ արհետսավորներին, տանում էին իրենց գերտերության բարգավաճման համար: Օսմանյան կայսրությունում ամեն ինչ հակառակ էր:

Հիշեցնենք, որ Թուրքիայի և Պարսկաստանի միջև ռազմական գործողությունները դադարեցին միայն 1639-ին Հայաստանի բաժանման հաշվին. արևմտյան մասն անցավ Օսմանյան կայսրությանը, արևելյանը՝ Երևանի հետ միասին Պարսկաստանին: Հայաստանի արևելյան հատվածը կառավարում էր սարդարը (նահանգապետ), իսկ Երևանը՝ նրա կողմից նշանակված ոստիկանապետը:

1828-ին Ռուսաստանը վերջնականապես ամրապնդվեց Հարավային Կովկասում: Ներկա Ադրբեջանի տարածքը կազմված էր խանություններից և նահանգներից, որոնց մեծ մասն անցել էր Ռուսաստանին: Ժամանակակից ադրբեջանցի «վայ-պատմաբանները» փորձում են ապացուցել, որ Արևելյան Հայաստանի տեղում եղել է Հյուսիսային Ադրբեջան և այդ պատճառով Հայաստանի Հանրապետությունը ոչ այլ ինչ է, քան «բնիկ ադրբեջանական հողերի» մաս: Այդ ամենն այնքան ծիծաղելի է և անհեթեթ, որ նման «պատմաբաններին» նույնիսկ պատասխանելն անիմաստ է: Արևելյան Հայաստանը մինչև ներկա սահմանները փոքրացրեցին բոլշևիկները քեմալական Թուրքիայի հետ դավադրությունում: Բայց դա արդեն այլ պատմություն է: Իսկ ինչ վերաբերվում է Թուրքմենչայի պայմանագրին, ապա այն փրկեց հարյուր հազարավոր հայերի մահվանից և ստրկության հանձնվելուց: Ռուսաստանն էլ ձեռք բերեց հավատարիմ դաշնակից այդքան վտանգավոր տարածաշրջանում: Վրաստանը միշտ անհուսալի երկիր է եղել, Ադրբեջանն այդ ժամանակ չկար, մնում էր Հայաստանը: Հնարավոր է, տարիների հետ ռուսական զենքի որոշ հաղթանակներ ոչ միանշանակ են ընդունվում, բայց ցանկացած դեպքում, չնայած նույնիսկ նրան, որ հայերի համար էլ Ռուսական կայսրությունում հեշտ չէր, գործում էր այն ասացվածքը, որ ընտրում են չարյաց փոքրագույնը: Ռուսաստանն այդ ժամանակ փոքրագույն չարիքն էր սեփական պետականության բացակայության պայմաններում:

Այնուամենայնիվ պետք է խոստովանել է, որ Էրիվանի նահանգի ձևավորումից հետո կյանքը քաղաքում սկսեց զարգանալ. բացվեցին դպրոցներ, գիմնազիաներ, տպագրություն, իսկ Ալեքսանդր Գրիբոեդովի «Խելքից պատուհասը» կատակերգությունն առաջին անգամ բեմադվրվեց Երևանում: Ճիշտ է, փորձ արվեց Մոսկվայի պատրիարքությանՍինոդի իրավասությանը հանձնել ՀԱԵ ունեցվածքը, ինչը ձախողվեց: Այնպես որ վերջին հաշվով դրականն ավելի շատ էր, քան բացասականը: Եվ պետք չէ մոռանալ, որ հենց Արևելյան Հայաստան էին փախնում թուրքական յաթաղանից փրկված Արևմտյան Հայաստանի հայերը:

Կարինե Տեր-Սահակյան