13 փետրվարի 2012 - 19:51 AMT
ՀՈԴՎԱԾ
Քրիստոնյաների վտարումը Մերձավոր Արևելքից սարերի ետևում չէ
Իսլամական անհանդուրժողականությունը վերջին տարիներին աճել է մի քանի անգամ՝ այդ մասին խոսում են սպանությունները ոչ միայն Մերձավոր Արևելքում, այլ նաև Նիգերիայի, Սուդանի և այլ վայրերի եկեղեցիներում
Մերձավոր Արևելքը երբեք հանգիստ վայր չի եղել քրիստոնյաների համար՝ սկսած 2000 տարի առաջ Քրիստոսի ուսմունքի ծնունդից: Այն ամենն, ինչ տեղի է ունենում արաբական երկրների քրիստոնյա բնակչության հետ, նոր չէ և զանգվածային հեռացման, եթե չասել փախուստի, արմատները պետք է որոնել ոչ միայն «արաբական գարնան» մեջ, այլ նաև իսլամի, կրոն, որը չի ճանաչում ոչ ոքի բացի իր հետևորդներից:

Տարածաշրջանում հաշվվում են շուրջ 15 միլիոն քրիստոնյաներ և 300 միլիոն մահմեդականներ: Քրիստոնյաների հեռացումը միայն ժամանակի հարց է, և այն հիմա կլինի իսլամի օգտին: Ամենից շատ հալածվածների շարքում, ինչպես արդեն գրել ենք, ղպտերն են, նրանցից հետո՝ մարոնիտները: Հայերն առայժմ չեզոքություն են պահպանում, սակայն ռեժիմների փոփոխությունը բացասաբար է անդրադառնում նրանց դրության վրա: Որքան էլ տարօրինակ թվա առաջին հայացքից, բայց քրիստոնեական մեծամասնությունը միշտ աջակցել է տապալված «բռնապետերին», որոնք որոշ առումով նրանց համար ապահովել են կայուն և տանելի գոյություն: Բայց Եգիպտոսի, Թունիսի, Լիբիայի ներկա ղեկավարներն ամեն ինչ անում են, որպեսզի քրիստոնյա փոքրամասնությունը վերանա: Ամեն ինչ սկսվեց Իրաքից՝ Սադամ Հուսեյնի ռեժիմի տապալումից: ԱՄՆ զորքերի Իրաք ներխուժումից հետո քրիստոնյաների բնակարանները սկսեցին թալանել, մարդկանց սկսեցին սպանել կրոնական պատկանելության համար: Չնայած Իրաքում հիմա էլ ոչինչ չի փոխվել՝ քրիստոնյաները փախչում են: Եթե Բաշար ալ Ասադը կորցնի իշխանությունը, ապա սիրիացի քրիստոնյաներին սպասում է նույնպիսի ճակատագիր, եթե ոչ ավելի վատ. իսլամիստները նրանց կհիշեցնեն գործող նախագահի հանդեպ ցուցաբերած նրանց լոյալությունը, հարստությունը, կրթվածությունը. ամբոխին շատ բան պետք չէ սպանելու համար: Այս պատմության մեջ ամենատխուրն այն է, որ Արևմուտքը մատը մատին չի տա, որպեսզի փրկի քրիստոնյաներին: Այս հարցում ժողովրդավարության հանդուրժողականությունն ու նրբանկատությունը զարմանալիորեն հօդս են ցնդում: Իսլամի ազդեցության ընդլայնումը չի շրջանցի ոչ մեկին և առաջին հերթին Եվրոպայի երկրներին ու ԱՄՆ-ին, որոնք մինչև հիմա աչք են փակում իրենց կրոնակիցների սպանությունների վրա:

Հիշեցնենք. արաբական երկրները գնում են միավորման: Հնարավոր է՝ հինգ տարի անց, բայց դա կարող է տեղի ունենալ: Եվ ի՞նչ կլինի այդ դեպքում: Պարսից ծոցի նավթային միապետությունների համար, որոնք, ի դեպ, նոր խալիֆայության ստեղծման նախաձեռնողներն են, արաբական երկրների միավորումն անցավ կլինի: Իսկ ահա մնացածների, այսինքն Սիրիայի, Եգիպտոսի, Լիբանանի, Իրաքի համար դա կնշանակի էթնիկ զտում: Սկզբից հաշվեհարդար կտեսնեն քրիստոնյաների հետ, հետո՝ քրդերի: Եվ դեռ լավ կլինի, եթե բանը սահմանափակվի միայն արտաքսմամբ: Այնպիսին չէ, ինչպես 1915-ին, այլ ավելի քաղաքակիրթ՝ մարդկանց թույլ կտան հեռանալ, իսկ մնացածները կդատապարտվեն: Ցավոք սրտի դա այդպես է: Առայժմ Սիրիայում ընդդիմությունը սահմանափակվում է նրանով, որ փորձում է մարդկանց առևանգել և գումար պահանջել: Սակայն չկան երաշխիքներ, որ հարազատներին կվերադարձնեն կենդանի մարդու:

Պետք է նաև նշել, որ իսլամական անհանդուրժողականությունը վերջին տարիներին մի քանի անգամ աճել է: Այդ մասին խոսում են ոչ միայն Մերձավոր Արևելքում սպանությունները, այլ նաև Նիգերիայի, Սուդանի և այլ վայրերի եկեղեցիներում: Ճիշտ, Ղուրանի մի քանի չափավոր մեկնիչներ սկսել են խոսել, որ Գրքում կոչ չի արվում սպանել այլադավան մարդկանց: Բայց այդ խոսքերը խեղդվում են ատելության ծովում, որը ծնել են աղքատությունը և անիմանալին իմանալու անհնարինությունը: Իսլամական արմատականները ոչնչացնում են այն ամենն, ինչ անհասանելի է նրանց գիտակցությանը, իսկ քրիստոնեական քաղաքակրթությունը հենց այդպիսին է:

Կարինե Տեր-Սահակյան